
«Շամլեան» Ազգային վարժարանի 2009ի շրջանաւարտ Մեթիու Տիրատուրեանը, Դեկտեմբերի 12ին աւարտեց վարժարանի առաջին դասարանի խաղադաշտի որմնանկարը, որը նաեւ նրա սկաուտական միութեան ծրագիրն էր համարւում: Որմնանկարը մեծապէս սիրուեց ու գնահատուեց աշակերտների կողմից:
Իր որմնանկարի աշխատանքն սկսելու համար, Մեթիուն, որը ՀՄԸՄի Գլենդէյլի «Արարատ» մասնաճիւղի սկաուտական միութեան անդամներից է, վարժարանի տնօրէնութեան կողմից արտօնութիւն ստանալուց յետոյ, խորհրդակցեց վարժարանի յարմարանքների հարցերով պատասխանատու Անոյշ Մանգասարեանի հետ՝ որմնանկարի յարմարագոյն վայրի եւ նկարչական այլ մանրամասնութիւնների ճշտորոշման վերաբերեալ: Մեթիուի համար նկարչական սոյն ծրագիրը պատեհ առիթ հանդիսացաւ նաեւ վերադառնալու իր նախկին վարժարանը եւ իր նպաստի բաժինը բերելու դպրոցի բարեզարդման գործին: Նա ասում է, թէ որմնանկարը իրագործուել է երեք փուլով: Նախ ծրագրաւորել է, ապա հայթայթել է համապատասխան ծախսերը եւ այնուհետեւ սկսել է նկարչական աշխատանքը, որն ամբողջացրել է երեք շաբաթավերջի ընթացքում:
Մեթիուի գնահատելի աշխատանքի արդիւնքն այժմ կարելի է դիտել առաջին դասարանների խաղադաշտի պատին, ուր գեղեցիկ գոյներով գծագրուել է հայոց Այբուբենը, ինչն անշուշտ, խթան է հանդիսանալու, որ մեր մանուկները ամէն օր բակում խաղալիս՝ դիտեն ու աւելի տպաւորուեն հայոց տառերի գեղեցկութեամբ:
(Թղթակցութիւնը վարժարանէն)