ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ

Ամէն մի ազգի լեզուն աւելին է քան թէ պարզ հաղորդակցուելու միջոց: Նա ամփոփում է իր մէջ այդ ազգի համար իւրայատուկ լեզուամտածելակերպ ու կերտում է իւրայատուկ հոգեբանութիւն, երեւոյթները ընկալելու եւ արտայայտելու յատուկ ձեւ: Այս պատճառով է, որ բառացի թարգմանութիւնը կամ ընդհանրապէս թարգմանութիւնը երբեմն չի յաջողում տրուած լեզուի իմաստը փոխանցելու մէջ:
Հետեւեալ պատմութիւնը մի փոքր օրինակ է որ միեւնոյն ժամանակ ծիծաղաշարժ է:
Մի հայ քամանչիստ պատմեց հետեւեալ պատմութիւնը:
«Մի անգամ Ռուսաստանում հայկական համերգից յետոյ մի ռուս երաժիշտ մօտեցաւ ինձ ու զարմացած ցոյց տալով ձեռքիս քամանչան հարցրեց, «Սա ինչի՞ց է պատրաստուած»:
Ես բնականաբար մտածելով հայերէն, պատասխանեցի՝ «ընկոյզից»:
Նրա աւելի զարմացած արտայայտութիւնից ոգեւորուած շարունակեցի. ցոյց տալով քամանչայի բուն մասը, ասացի՝ որ «Այս մասն էլ է ընկոյզից պատրաստուած: Շատ ընտիր ընկոյզ պիտի լինի ու վարպետութիւն է պահանջում»: Ռուս զրուցակցիս ապշած աչքերը ինձ ասում էին թէ, «դա որքան մեծ ընկոյզ է որ այսպիսի մեծ փորիկ է դարձել»:
Ես յանկարծ գլխի ընկայ, որ նա ռուսերէնով է մտածում ու ըմբռնում ինձ, իսկ ես հայերէնով, որովհետեւ պարզ է իմ համար, որ եթէ ինձ լսողը հայ լինէր անսխալ կը հասկանար որ երբ ես ասում եմ ընկոյզից, միտքս է ընկոյզի փայտից ոչ թէ պտուղից: Ես իմ պատասխանը շտկեցի ու երկուսով սկսեցինք ծիծաղել: Փոխադարձաբար հասկացանք, թէ ինչպիսի շփոթութիւններ կարող են առաջանալ տարբեր լեզուների մտածելակերպի բախումից: Ամէն մի ազգի նկարագիրը եւ աշխարհաընկալումը ենթարկւում է այդ ազգի լեզուի իւրայատկութեանը:
ԵՐԵՒԱՆ