ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Մուստաֆա Քեմալի դեօնմէ (հետաքրքրական է, որ հրեաները դեօնմեներին, կամ աւելի ճիշդ սաբաթայցիներին կոչում են աղանդաւորներ՝ մինիմ (minim): Այսինքն՝ նրանց չեն համարում գոյիմ՝ ոչ հրեաներ, այլակրօններ, այլ միայն յուդայականութեան աղճատուած ուսմունքի հետեւորդներ) լինելու մասին տեղեկութիւնները միշտ էլ եղել են շրջանառութեան մէջ:
Քեմալի մասին սկզբնական հրապարակումների մէջ այդ փաստը մշտապէս յիշատակուել է: Օրինակ՝ Առաջին համաշխարհային պատերազմի մասին առաջին իսկ լուրջ աշխատութիւնը՝ բրիտանական հեղինակաւոր «Դը Թայմս» [The Times] օրաթերթի 1915-1922թթ. հրատարակած 22 հատորանոց Պատերազմի պատմութիւնը (History of the War) կոթողային երկասիրութիւնը զանց չի առել այդ փաստը: Այն մասնաւորապէս գրում է. «Մուստաֆա Քեմալը, ինչպէս արդէն հաղորդել են ոմանք, ծագումով սալոնիկցի հրեայ է, ազգայնական շարժմանը բացայայտօրէն միացել է միայն 1919թ. Յունիսին» (The Break-up of Turkey, The Times History of the War, vol. XXI, London, 1920, p. 433) (Musrafa Kemal, reported by some to be of Salonika Jewish descent, only joined the Nationalist movement openly in June, 1919): Արեւմտեան մէկ այլ հեղինակաւոր հրատարակութիւն՝ այս անգամ ամերիկեան Դը Լիթերարի Դայջեսթը (The Literary Digest), 1922թ. Մուստաֆա Քեմալին բնութագրում է որպէս «ծագումով իսպանական հրեայ, ծնունդով եւ դաստիարակութեամբ ուղղահաւատ մուսուլման» (The Sort of Man Mustafa Kemal is, The Literary Digest, October 14, 1922, vol. 75, no. 2, pp. 50-53) ([a] Spanish Jew by ancestry, an orthodox Moslem by birth and breeding):
Ըստ էութեան, նշեալ աշխատութիւնները նոր բան չեն բացայայտել, այլ պարզապէս արտացոլել են այդ տարիներին մամուլում բազմիցս տպագրուած վկայութիւնները Մուստաֆա Քեմալի դեօնմէ ծագման մասին: Բերենք այդ վկայութիւններից մէկ-երկուսը:
«Դը Ասոշեյտըդ Փռեսս» (The Associated Press) գործակալութիւնը, վկայակոչելով Թուրքիայի մեծ վէզիրին, 1920թ. Յուլիսի 3ի իր հաղորդագրութեան մէջ գրում է. «Մուստաֆա Քեմալը (թուրքական ազգայնական առաջնորդը), որին մեծ վէզիրը ներկայացնում է որպէս հրեայ, ծնուել է թուրք, եւ նրա ծնողները սալոնիկից էին ու դէոնմէ, այսինքն՝ հաւատափոխներ էին, ինչպիսիք էին Թալէաթի (Թալէաթի դեօնմէ լինելու մասին մի ուշագրաւ վկայութիւն է պահպանուած յայտնի լրագրող Զեքերիա Սերտելի (Zekeriya Sertel, 1890-1980) ամուսնական յուշերի մէջ: Նկարագրելով, թէ ինքը ինչքան դժուարութիւններ է յաղթահարել, որպէսզի ամուսնանայ դեօնմէ Սաբիհա Դերուիշի հետ, նա գրում է. «Մեր նշանադրութեան ժամանակ աղջկայ կողմի ներկայացուցիչն էր այդ ժամանակուայ վարչապետ Թալէաթ փաշան» [Rifat N. Bali, A Scapegoat for All Seasons: The Donmes of Crypto-Jews of Turkey, Istanbul, 2008, p. 161.]) եւ æաւիդի ծնողները» (Takes Issue with Turk՛s Statement about Armenians, by the Associated Press, The Evening Progress, Saturday, July 3, 1920, p. 5):
Մէկ այլ իրազեկ աղբիւր՝ օսմանեան բարձրաստիճան սպայ (Pasha), իսկ յետագայում յայտնի արձակագիր Ահմեդ Աբդուլլան եւ յայտնի գործարար Լէօ Անաւին (երկուսն էլ թուրքական հետախոյզներ Բրիտանական բանակում, որոնք առիթներ էին ունեցել Քեմալին հանդիպելու եւ խիստ քեմալամէտ էին) գրում էին, որ Քեմալի նախնիները իսպանական հրէաներ էին եւ նա ծագումով, ինչպէս իրենք էին գրում, «նոյնիսկ արեամբ, օսմանցի [տուեալ դէպքում՝ թուրք] չէ» (Achmed Abdullah, Leo Anavi, The Rise of Mustapha Kemal Pasha from Obscurity, The Bridgeport Telegram, September 28, 1922, p. 4):
Այս փաստը անցեալ դարի 20ական թուականներին այնքան տարածուած էր, որ երբեւէ կասկածի տեղիք չի տուել: Պատահական չէ, որ 20րդ դարի մեծագոյն պատմաբաններից մէկը՝ Արնոլդ Թոյնբին նոյնպէս կարծում էր՝ Մուստաֆա Քեմալը հրէական (դեօնմէ) ծագում ունի (John Gunther, Procession, New York, 1965, p. 98; John Gunther, Inside Europe, New York, 1938, p. 417):
Մուստաֆա Քեմալի դեօնմէ ծագման մասին է վկայում նաեւ ծպտեալ հրեաների (crypto-Jews) կեանքի մի այնպիսի իրազեկ անձնաւորութիւն, ինչպիսին էր Ամերիկայի հրէական կոնգրեսի (American Jewish Congress) երկարամեայ նախագահ (1958-1966) æոակիմ Պրինցը (Joachim Prinz, 1902-1988): Ահա թէ ինչ է նա գրում. «Այն յեղափոխութեան առաջնորդների մէջ, որի արդիւնքում Թուրքիայում ի յայտ եկաւ աւելի ժամանակակից կառավարում, կային æաւիդ բէյը եւ Մուստաֆա Քեմալը: Երկուսն էլ կարծրահաւատ դեօնմէ էին: æաւիդ բէյը դարձաւ ֆինանսների նախարար; Մուստաֆա Քեմալը դարձաւ նոր վարչախմբի ղեկավարը եւ ընդունեց Աթաթուրք անունը: Նրա հակառակորդները, շահարկելով նրա դեօնմէ լինելը, փորձում էին նրան պաշտօնանկ անել, բայց առանց յաջողութեան: Չափից աւելի շատ երիտթուրքեր կային նոր կազմաւորուած յեղափոխական Կաբինետի մէջ, որոնք աղօթում էին Ալլահին, սակայն որպէս իրենց իսկական մարգարէ ունէին Զմիւռնիայի մեսիայ Շաբտայ Ցուիին» (Joachim Prinz, The Secret Jews, New York, 1973, p. 122):
Այն, որ Մուստաֆա Քեմալը հրէական ծագում ունի, լայնօրէն տարածուած համոզում էր նաեւ Թուրքիայի բնակչութեան մէջ: Սալոնիկցի հրեաները միշտ էլ համոզուած էին, որ Մուստաֆա Քեմալը դեօնմէ է (http://www.jewishvirtuallibrary.org/jsource/judaica/ejud_0002_0005_0_05294.html): Առ այսօր հրեաներն այդ կարծիքին են: Մուստաֆա Քեմալի անունը կարելի է գտնել Հրէական առցանց գրադարանի (Jewish Virtual Library) ցանկերում, որտեղ ի մի են բերուած տեղեկութիւններ հրեայ կամ հրէական ծագումով յայտնի մարդկանց մասին:
Նոյն համոզումն ունէր եւ ունի նաեւ թուրք բնակչութիւնը: Պահպանուել է Անկարայում ԱՄՆի դեսպանութեան 1933թ. մի հետաքրքիր զեկուցագիր: Բնակչութեան հարցումները ցոյց են տուել, որ հարցուածներից շատերը կարծել են, որ երկիրը պատուհասող բնական աղէտների պատճառը երկրի նախագահի հրեայ լինելն է: Մասնաւորապէս մէկն ասել է. «Սաղ էդ հրեան ա (նկատի ունի նախագահին), որ մեզ բրդում ա անդունդը» (US Diplomatic Documents on Turkey, Family life in the Turkish Republic of the 1930s, [ed. Rifat N. Bali], Istanbul, 2007, p. 57):
Ակնյայտ է, որ նման խօսակցութիւնները գնալով այնքան են շատացել Թուրքիայում, որ իշխանութիւնները # 5816 օրէնքով (31 Յուլիսի 1951թ.) քրէական պատիժ են նախատեսել Աթաթուրքի յիշատակը հրապարակայնօրէն անարգելու կամ նրան անպատուելու համար (Law # 5816 Law on Crimes Committed Against Ataturk, July 31, 1951) (Rifat N. Bali, A Scapegoat for All Seasons: The Donmes of Crypto-Jews of Turkey, Istanbul, 2008, p. 227): Ըստ այդմ` սոյն «յանցանքի» համար նախատեսուել է 1ից 3 տարի ազատազրկում, իսկ որոշ դէպքերում՝ մինչեւ 5 տարի (նոյն տեղում): Յիշենք, որ առ այսօր Թուրքիայում իշխում է ռասիստական (ցեղապաշտական-Խմբ.) մտայնութիւն. հայերն ու հրեաները համարւում են երկրորդ կարգի արարածներ: Այդ երկրում մարդիկ մինչեւ իսկ պատժւում են որեւէ մէկին հայ կամ հրեայ ասելու համար, քանի որ դա համարւում է անարգանք:
Վերոշարադրեալից կարելի է եզրակացնել, որ թուրքերի հօր՝ Աթաթուրքի, ոչ թուրք լինելու մասին տեղեկութիւնները միշտ էլ լայնօրէն յայտնի են եղել, թէեւ մշտապէս սքօղուել են: Հիմա տեսնենք՝ ի՞նչ հիմքեր կան Մուստաֆա Քեմալին դեօնմէ համարելու համար: Նախ, փաստարկների, այսինքն՝ անուղղակի փաստերի մասին, որոնք հաւանական են դարձնում Մուստաֆա Քեմալի դեօնմէ ծագումը:
Նախ, բոլոր հետազօտողները ուշադրութիւն են դարձրել այն հանգամանքին, որ Մուստաֆան ծնուել եւ մեծացել է մի քաղաքում՝ Սալոնիկում, որի բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը 19րդ դարի կէսերին հրեայ էր: Ըստ էութեան, Սալոնիկն այդ ժամանակ (եւ մինչեւ Թել-Աւիւի հիմնումը 1909թ.ին) աշխարհի միակ քաղաքն էր բնակչութեան հրեայ մեծամասնութեամբ: Եթէ հրեաներին գումարում ենք նաեւ քաղաքի դեօնմէ բնակչութիւնը, որոնք աւանդաբար հաշուառւում էին մուսուլմանների խմբում, ապա հրեաները եւ հաւատափոխ հրեաները (դեօնմէ) միասին բացարձակ մեծամասնութիւն էին: Պատահական չէ, որ Սալոնիկն այդ ժամանակ կոչւում էր «Բալկանների Երուսաղէմ» (Jerusalem of the Balkans) (նոյն տեղում, էջ 250):
Կ. Պոլսում 1908-1913թթ. Բրիտանիայի դեսպան սըր æերար Լոութերը (Sir Gerard Lowther, 1858-1916) արտգործնախարարութեանը հասցէագրած իր 29 Մայիսի 1910թ. թուակիր նամակում բերում է հետեւեալ տուեալները. Սալոնիկի բնակչութիւնը «մօտաւորապէս 140.000 է, որից 80.000 հրեայ է, եւ 20.000 Սաբաթայ Լեւիի [Զեւի] (Shavatai Tzvi or Shabtai Zvi; the Geyik is simply the Turkish equivalent of Zvi, meaning deer or stag [ Rifat N. Bali, նշվ. աշխ., էջ 39:]) աղանդից է կամ կրիպտօ-հրեայ, որոնք առերես իսլամ են դաւանում» (Elie Kedurie, Young Turks, Freemasons and Jews, Middle Easter Studies, v. 7, no. 1 (Jan. 1971), p. 94):
Քաղաքում մեծ թիւ են կազմել յոյները, բուլղարները, վալախները (ռումինները): Քրիստոնեաները եղել են առնուազն 13.000 հոգի (Marc Baer, Globalization, Cosmopolitanism, and the Donme on Ottoman and Turkish Istanbul, Journal of World History, vol. 18, # 2 (Jan. 2007), p. 150): Հայերը շատ քիչ են եղել, ընդամէնը՝ 45 հոգի (Kazim Nami Duru (1876-1967), Arnavutluk ve Makedonya Hatiralarim (1959). In:Rifat N. նշ. աշխ., էջ 119): Այսինքն՝ Մուստաֆայի ծննդեան տարիներին մուսուլման (ոչ միայն թուրք) է եղել Սալոնիկի եօթ բնակչից միայն մէկը, իսկ հրեայ կամ դեօնմէ՝ չորսից երեքը: Թուրքերը, ինչպէս բնորոշել է այդ տարիներին Սալոնիկում ապրած թուրք քաղաքական գործիչը, շատ չէին. ընդամէնը «աւել էին մի քանիսից» (նոյն տեղում):
Խիստ կարեւոր հանգամանք է նաեւ այն իրողութիւնը, որ Մուստաֆայի ընտանիքն ապրել է Սալոնիկի ոչ մուսուլմանական թաղամասում (նոյն տեղում, էջ 244): Հաշուի առնելով օսմանեան հասարակութեան համայնքային կառուցուածքը (millet system), երբ ամէն համայնքի ներկայացուցիչ ապրում էր իր հաւատակիցների եւ ազգակիցների շրջապատում, ապա այս հանգամանքը խիստ կարեւոր է դառնում:
Յաջորդ իրողութիւնը, որին պէտք է ուշադրութիւն դարձնել, դարձեալ կապ ունի օսմանեան հասարակութեան համայնքային բնոյթի հետ: Կայսրութեան մէջ ամէն մի համայնք ունէր սեփական միջոցներով պահուող իր դպրոցներն ու կրթարանները: Բացառութիւն էր կազմում միայն իշխող թուրք տարրը, որի համար կային պետութեան կողմից հովանաւորուող դպրոցներ: Յայտնի փաստ է, որ Մուստաֆային նախ շատ կարճ ժամանակ ուղարկել են Հաֆեզ Մեհմետի (Hafiz Mehmet) թուրքական դպրոց (Barbara K. Walker, Filiz Erol, and Mine Erol, To Set Them Free, The Early Years of Mustafa Kemal Ataturk, New Hampshire, 1981, p. 26), ապա տեղափոխել են Շեմսի էֆենդու (Semsi Efendi, Chemsi Effendi) դպրոցը (H. C. Armstrong, Gray Wolf, An Intimate Study of a Dictator, New York, 1933, p. 5):
Շեմսի էֆենդու (բուն անունով Շիմոն Ցըւի կամ Զըւի, Shimon Zwi) (Rifat N. Bali, նշ. աշխ., էջ 36-37) դպրոցը Սալոնիկի դեօնմէ համայնքի դպրոցներից մէկն էր: Օսմանեան հասարակութեան մէջ դպրոցները ոչ միայն ըստ համայնքների էին, այլեւ շատ յաճախ ըստ ներհամայնքային բաժանումների: Որովհետեւ Սալոնիկի դեօնմէ համայնքը, Սաբաթայի տեղապահի հարցի շուրջ (The Donmes in the Memoirs of Fuat Andic, in: Rifat N. Bali, նշ. աշխ., էջ 126) իր հերթին բաժանուած էր երեք խմբի՝ Եակուբիներ, Կարակաշներ եւ Կապանչիներ (Yakubilar, Karakasler, Kapanciler) (Cengiz Sisman, The History of naming the Ottoman / Turkish Sabbatians, p. 50; in: Studies on Istanbul and Beyond, The Freely Papers, v. I, 2007, pp. 37-53), ապա նրանցից իւրաքանչիւրն ունէր իր դպրոցը՝ Ֆրիզ-ի Ատի (Fryz-I Ati) Եակուբիների համար, Ֆեյզիյէ (Feyzie) կարակաշների համար, հիմնուած 1883-84թթ., եւ Եադիգար-է Թերակի (Yadigari Terakki) կապանչիների համար, հիմնուած 1879թ. (Rifat N. Bali, նշ. աշխ., էջ 126: Marc Baer, նշվ. աշխ., էջ 154):
Քանի որ մենք վստահաբար գիտենք, որ Մուսատֆա Քեմալը յաճախել է Ֆէյզիյէ դպրոցը, որի մասին ինքն է վկայել դեռեւս 1922թ. մի հարցազրոյցի ժամանակ (Reported by A. Emin (Yalman), [An Interview with Mustafa Kemal Pasha, President of the Grand National Assembly and Commander-in-Chief, in Turkish], Vakit (Turkish Daily), 10 January, 1922), ապա կարող ենք մեծ հաւանականութեամբ ենթադրել, որ նա դեօնմեների կարակաշ խմբից էր: Ի դէպ, կարակաշ խմբից էր նաեւ Մեհմեդ æաւիդ բէյը, ով մինչեւ 1908թ. Օսմանեան կայսրութեան ֆինանսների նախարար դառնալը Ֆէյզիյէ դպրոցի տնօրէնն էր (Rifat N. Bali, նշ. աշխ., էջ 120):
Խիստ անհաւանական է, որ Մուստաֆան [յետագայում Քեմալ եւ Աթաթուրք], թուրք լինելով հանդերձ, յաճախեր դեօնմեների դպրոց: Օսմանեան հասարակութիւնը, ինչպէս արդէն նշել ենք, համայնքային կառուցուածք ունէր եւ այդ տարանջատումը բծախնդրօրէն պահպանւում էր: Ուստի, ամէն համայնքի ընտանիք իր զաւակներին ուղարկում էր միայն իր համայնքի դպրոցը: Օրինակ՝ չնայած Օսմանեան կասրութիւնում գործող հարիւրաւոր դպրոցների մէջ կար առնուազն մի քանի բարձր կրթութիւն ապահովող հայկական դպրոց՝ մենք չունենք անգամ մի եզակի վկայութիւն, որ որեւէ թուրքական ընտանիքի զաւակ երբեւէ յաճախել է այդ հայկական դպրոցներից մէկը: Եթէ մինչեւ իսկ ընդունենք, որ Ալի Ռիզան՝ Մուստաֆայի հայրը, խիստ առաջադէմ էր (իսկ նման եզրակացութեան համար մենք որեւէ հիմք չունենք), եւ սաստիկ ուզում էր իր զաւակին եւրոպական կրթութիւն տալ, ինչպէս հիմա փորձում են ներկայացնել ոմանք, ապա Սալոնիկում այդ ժամանակ արդէն կային աւելի յարմար ֆրանսիական եւ իտալական դպրոցներ (նոյն տեղում, էջ 126):
Միեւնոյն ժամանակ հարկ է ընդգծել, որ դեօնմէ համայնքը խիստ ինքնամփոփ էր: Որեւէ օտարի մուտք այդ համայնք բացառուած էր: Դեօնմեների վարքականոնը պահանջում էր, որ նրանք խուսափեն այլ մուսուլմանների հետ յարաբերութիւններից (Marc Baer, նշ. աշխ., էջ 143) (not to have any relations with other Muslims): Այսինքն՝ եթէ Մուստաֆան դեօնմէ չէր, ապա նրա յաճախելը դեօնմեների դպրոց անընդունելի կը լինէր ե՛ւ ուղղահաւատ մուսուլմանների, ե՛ւ դեօնմեների համար:
Պէտք է նաեւ յիշել, որ Օսմանեան կայսրութեան դպրոցները չունէին մէկ միասնական կրթական ծրագիր եւ երեխաներն իրենց համայնքային դպրոցներում ոչ միայն կրթութիւն էին ստանում, այլեւ ազգային/կրօնական դաստիարակութիւն: Պէտք է նշել, որ Օսմանեան կայսրութիւնում, ինչպէս նաեւ այլուր այդ տարիներին ժամանակակից առումով աշխահիկ դպրոցներ չկային: Բոլոր դպրոցներն էլ, ինչքան էլ առաջադիմական համարուէին, ներառում էին կրօնական կրթութեան տարրեր:
Դասերը մեծ մասամբ սկսում էին տուեալ կրօնի կամ յարանուանութեան հիմնական աղօթքով: Ինչպէս նշում են հարցի լաւագոյն ուսումնասիրողները, «Շամսի Էֆենդու դպրոցում շարունակում էին սովորեցնել եւ կիրառել դեօնմեների կրօնական ծէսերը» (նոյն տեղում, էջ 153): Միեւնոյն ժամանակ դպրոցի նպատակներից էր դեօնմեների միջեւ յարաբերութիւնների հաստատումը (նոյն տեղում): «Ի տարբերութիւն միւս մուսուլմանների՝ դեօնմեները պահպանել էին հաւատն առ այն, որ Շաբթայ Ցուին մեսիա է, կատարում էին կաբալիստական ծէսեր, աղօթում էին լաթինօ (հրէայ-իսպանական)՝ օսմանեան հրեաների լեզուով» (նոյն տեղում, էջ 143):
Ի դէպ, Մուստաֆա Քեմալի հաւատը կաբալիստական նշանների՝ գաղտնագրերի ուժի հանդէպ մնացել է ողջ կեանքում: Մի վկայութեամբ՝ նրա սեղանի վրայ փակցուած է եղել կանաչ գոյնի քառակուսի կտոր, որի վրայ պատկերուած են եղել գաղտնագրեր: Նոյն վկայութեամբ իսլամի տեսանկիւնից անհաւատ Քեմալը հաւատում էր այդ նշանների զօրութեանը (H. C. Armstrong, նշ. աշխ., էջ 143): Ի վերջոյ, մարդ հաւատում է այն բաներին, ինչին փոքրուց սովորեցնում են հաւատալ:
Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ Շամսի Էֆենդու դպրոցում Մուստաֆա Քեմալը ստացել է ոչ միայն ընդհանուր կրթութիւն, այլեւ կրօնական դաստիարակութիւն: Այս դաստիարակութիւնն այնքան խորն է եղել, որ անգամ տասնամեակներ յետոյ էլ նա դեռ յիշում էր իր սովորած աղօթքները:
Պատահական չէ, որ Մուստաֆայի ուսուցչապետ Շեմսի էֆենդու տապանագրի վրայ գրուած է հետեւեալը. «Muallim Semsi Ef.(endi) Ataturkun hocasi» «Ուսուցիչ Շեմսի էֆ.(ենդի) Աթաթուրքի դաստիարակ»: Յատկանշական է, որ Շեմսի Էֆենդին (Շիմոն Ցըւի կամ Զըւի, Shimon Zwi) անուանւում է ոչ թէ պարզապէս Աթաթուրքի ուսուցիչ (muallim), այլ հոջա (hoca)՝ դաստիարակ, առաջին հերթին կրօնական դաստիարակ:
Անտարակոյս, վերոյիշեալ բոլոր իրողութիւնները Մուստաֆա Քեմալի դեօնմէ լինելու օգտին խօսող լուրջ փաստարկներ են: Հիմա տեսնենք՝ ի լրումն նշուած փաստարկների՝ պահպանուե՞լ են արդեօք ուղղակի վկայութիւններ նրա դեօնմէ լինելու մասին: Ինչքան էլ տարօրինակ է, պահպանուել են:
Նշեալ վկայութիւնների մէջ, անշուշտ, ամենակարեւորը Իթամար Բեն-Աւիի (Itamar Ben-Avi) յուշագրութեան մէջ վկայուած հանդիպման (1911թ.) նկարագրութիւնն է Մուստաֆա Քեմալի հետ Երուսաղէմի Կամենից հիւրանոցում, երբ վերջինս ճամբորդում էր Լիբիա՝ մասնակցելու իտալաթուրքական պատերազմին: Իթամար Բեն-Աւին (1882-1943) «արդի եբրայերէնի հայր» Էլիզեր Բեն-Եահուդայի (Eliezer Ben-Yahuda) որդին էր, նոր ժամանակներում եբրայերէնով խօսել սկսած առաջին երեխան: Նա հետեւեալ մէջբերումն է անում Մուստաֆա Քեմալի խօսքերից. «Տանը ես Վենետիկում տպագրուած մի շատ հին Թանախ (Թանախ (Tenakh կամ Tanakh), հրէական աստուածաշնչի անուանումը: Յապաւում է՝ TaNaKh: Առաջացել է երեք բառերի՝ Թորահ, Նեւի՛իմ, Կխետուվիմ, առաջին տառերի անուանումներից) ունեմ, եւ եթէ ես ճիշդ եմ յիշում, իմ հայրն ինձ ուղարկեց կարայիտ (կարայիտ-ղրիմցի թուրք-հրեայ) ուսուցչի մօտ, որն էլ ինձ սովորեցրեց այն կարդալ. որոշ բառեր դեռ մէջս են մնացել: Այդ պահին նա մի պահ լռեց, եւ նրա աչքերը [այնպիսի արտայայտութիւն ստացան կարծես] ինչ-որ բան էր որոնում օդի մէջ: Յետոյ, նոյնքան անսպասելիօրէն, յիշեց. «Շըմայ Իսրայէլ, ադոնայի էլոհէյնու, ադոնայի էչադ» (Լուր, Իսրայէլ, Տէր Աստուած մեր՝ Տէր մի է: (Երկրորդումն օրինաց, 6:4)): «Դա մեր մեծագոյն աղօթքն է»,- պարոն կապիտան: «Նաեւ իմ գաղտնի աղօթքն է, սիրելի պարոն», պատասխանեց նա եւ երկուսիս էլ խմիչք լցրեց»: (Itamar Ben-Avi, Im Shahar Atzmautenu: Zichronoto shel HaYeled Ha՛lvri HaRishon (At the Dawn of Our Independence : the Memoirs of the First Hebrew Child), 1961, pp. 213-218):
Ոմանք, առաւելաբար առաջնորդուելով քաղաքական նկատառումներով, կասկածի են ենթարկել սոյն վկայութիւնը: Որպէս հիմնական կռուան՝ նրանք նշում են, որ կապիտան Մուստաֆա Քեմալը իտալաթուրքական պատերազմին (18 Դեկտեմբերի 1911թ.-24 Հոկտեմբերի 1912թ.) մասնակցելու համար ծովով է Ստամբուլից հասել Ալեքսանդրիա (Եգիպտոս), հետեւաբար այդ ժամանակ չի եղել Երուսաղէմում (Andrew Mango, Ataturk, London, 1999, p. 452): Սա փաստերի աղաւաղում է, եթէ ոչ նենգափոխում: Փաստերն անհերքելիօրէն վկայում են, որ Մուստաֆա Քեմալը ցամաքային ճանապարհով է գնացել Լիբիա եւ անցել է Սիրիայի եւ Պաղեստինի միջով:
Ահա թէ ինչ է գրում բրիտանացի հետախոյզ եւ միջինարեւելեան հարցերին լաւատեղեակ Հարըլդ Արմսթրոնգը. «Բացի Սիրիայի եւ Եգիպտոսի վրայով անցնող երկար ճանապարհից՝ Թուրքիան կտրուած էր Հիւսիսային Աֆրիկայից: Իտալացիները վերահսկում էին ծովը եւ փակել էին Դարդանելը: (…) Երկու ընկերների հետ Մուստաֆա Քեմալը բռնեց ցամաքային ճանապարհը: Նրանք ճանապարհորդեցին Փոքր Ասիայի վրայով, ապա Սիրիայով եւ Պաղեստինով ներքեւ՝ օգտուելով երկաթուղուց, որտեղ այն կար, իսկ մնացածը անցնելով ձի հեծած կամ սայլով» (Harold Armstrong, նշվ. աշխ., էջ 31):
Միանգամայն անտրամաբանական է կարծել, որ Իթամար Բեն-Աւին իր յուշերում սուտ պատմութիւն է յօրինել, քանի որ անհասկանալի է մնում դրդապատճառը: Բեն-Աւին իր յուշերը գրելիս մինչեւիսկ չգիտէր՝ իր յուշագրութիւնը կը տպագրի՞ երբեւէ, թէ՞ ոչ: Նա մահացել է 1943թ. իսկ յուշագրութիւնը տպագրուել է 1961թ., եւ երկար ժամանակ վերոյիշեալ հատուածն աննկատ է մնացել:
Ինքը՝ Մուստաֆա Քեմալը, շատ հետաքրքիր պատասխան է տուել իր մօտ ընկերներից մէկի՝ Նուրի Չոնքերի (Nuri Conker) գրեթէ ուղղակի հարցին իր ծագման մասին: Քեմալը պատասխանել է. «Իմ մասին ոմանք ասում են, որ ես հրեայ եմ, որովհետեւ ծնուել եմ Սալոնիկում: Բայց պէտք չէ մոռանալ, որ Նապոլէոնն էլ իտալացի էր Կորսիկայից, բայց մահացաւ որպէս ֆրանսիացի եւ որպէս այդպիսին էլ մտաւ պատմութեան մէջ» (Rifat N. Bali, A Scapegoat for All Seasons: The Donmes of Crypto-Jews of Turkey, Istanbul, 2008, p. 248):
Վստահաբար կարելի է ասել, որ անկախ իր ծագումից՝ Մուստաֆա Քեմալն ապրել եւ մեռել է որպէս թուրք, իսկական թուրք, բառի հայերէն իմաստով՝ թուրք: Այս դէպքում հարց կարող է առաջանալ. ուրեմն ի՞նչ տարբերութիւն, թէ ինչ ծագում է ունեցել Մուստաֆա Քեմալը: Ինձ համար՝ ոչ մի: Բայց, քանի որ թուրքական ռասիստական հասարակութեան համար դա կարեւոր է, ուստի եւ նրանց համար ենք ի մի բերել բոլոր այս տեղեկութիւնները: Բարի վայելումն:
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ «Մոդուս Վիվենդի» կեդրոնի ղեկավարն է
8 Փետրուարի 2011թ.
Comments 1