
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Մենք պէտք է հասկանանք, որ մեծ ուժ ենք եւ պէտք է միաւորուենք հայրենիքի, Հայաստանի ու Արցախի շուրջ:
«Պէտք է աշխատենք մէկ նպատակի համար, այն է՝ շէնացնենք մեր ընդհանուր տունը:
«Թատրոնն արուեստի այն ժանրն է, որ մարդկային կենդանի շփում է ապահովում, ինչի կարիքը միշտ կայ ու կը լինի, անկախ դարին բնորոշ տեխնիկական զարգացումներից»:
Թատրոնի նշանակութեան ու ապագայի մասին իր խոհերն է կիսում թատերական, հասարակական յայտնի գործիչ Հրանտ Թոխատեանը:
Սիրուած դերասանը ամերիկահայ հանդիսատեսին կը ներկայանայ նոր՝ «Դոն Ժուան Avia» ներկայացմամբ: Գարնանային հիւրախաղերը, որ հովանաւորում է «Լեւոն Թրաւել» ընկերութիւնը, նախատեսուած են Միացեալ Նահանգների մի շարք քաղաքներում, այդ թւում՝ Լոս Անջելեսում, Ալեքս թատրոնում Մարտի 18ին, Մարտի 26ին՝ Սան Ֆրանցիսկոյում, Մարտի 27ին՝ Ֆրեզնոյում:
«Դոն Ժուան Avia» հայկական կատակերգութիւն, որտեղ դերասանները արեւելահայերէնի արեւ-մտահայերէնի ու Արցախի բարբառի միախառնումով լիաթոք ծիծաղի անմոռանալի պահեր են պարգեւում:
«Թէեւ գործողութիւնն, ըստ պիեսի, տեղի է ունենում Փարիզում, սակայն այն հայկական ոգով է: Գաղափարը նրանում է, որ նոյն վայրում հաւաքւում են տարբեր երկրներից, տարբեր մշակոյթներ կրող հայեր եւ նրանց միաւորում է Սէրը՝ արտայայտուած նաեւ մայրենիով», ներկայացնում է թատերախաղի համահեղինակ Հրանտ Թոխատեանը:
«Դոն Ժուան Avia»ն կատակերգութիւն է, հիմնուած ֆրանսիացի դրամատուրգ Մարկ Կանոլետի «Բոինգ, Բոնինգ» համանուն պիեսի վրայ, որ հայկականացրել է Ֆրանսիայում երկար տարիներ ապրած թատերական գործիչ Նարեկ Դուրեանը: «Ժամանակին հայ հանդիսատեսը սիրով էր այցելում Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն՝ դիտելու կատակերգութիւններ, սակայն վերջերս այս ժանրում յատկապէս մեծ բաց կար եւ որոշեցինք լրացնել այն ու հասկացանք, թէ որչափ կարօտ կար», պատմում է Հրանտ Թոխատեանը:

Անսալով թատերախաղի մանրամասները ներկայացնելու ցանկութեանս, նշեմ, որ երկու սիրուած դերասաններ՝ Հրանտ Թոխատեանն ու Ֆրանսիայից Նարեկ Դուրեանը ստեղծագործական խմբի հետ միասին կարողացել են բեմում ներկայացնել Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների ողջ ներկապնակը՝ վառ կերպով մատուցելով հերոսների սովորութիւնները, արժէքային համակարգը:
Բեմադրութեան պրեմիերան կայացել է 2009 թ.ին Հայաստանում եւ շարունակում է ներկայացուել լեցուն դահլիճներում: «Պատրաստւում ենք հիւրախաղերով հանդէս գալ տարբեր երկրներում, սակայն մինչ այդ, առաւել պահանջկոտ հայաստանեան հանդիսատեսի միջոցով զտեցինք բեմադրութիւնը եւ գարնանը կը ներկայանանք նաեւ Հայաստանից դուրս բնակուող մեր հայրենակիցներին: Առաջինը, իհարկէ, հանդէս կը գանք Կալիֆորնիայում», տեղեկացնում է Թոխատեանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Դոն Ժուան Avia»ի հերոսները ժամանակակից կերպարներ են՝ Ժիլը Փարիզում բնակուող յաջողակ սփիւռքահայ է, Արտաշէսը՝ կանացի բժիշկ, որ Ֆրանսիա է ժամանում հայաստանեան հիւանդանոցին նուիրաբերուած բժշկական սարքաւորումները տանելու Հայաստան: Սա առ պատմական հայրենիք իւրաքանչիւր հայի հոգում ամբարուած սէրն ու նուիրումն իրական, շօշափելի արժէքի վերածելու միջոցներից մէկն է անկախ այն բանից, թէ որտեղ է այդ հայը ծնուել ու մեծացել: Իրադարձութիւնները ծաւալւում են Արտաշէսի, Ժիլի եւ տարբեր աւիաընկերութիւններում աշխատող երեք հայ ուղեկցորդուհիների միջեւ, ովքեր ճակատագրի բերումով յայտնւում են միաժամանակ Ժիլի փարիզեան բնակարանում:
Հրանտ Թոխատեանին սփիւռքահայ հանդիսատեսը ծանօթ է «Խաթաբալադա», «Մեա Կուլպա» ներկայացումներում իր դերերից, մանուկների համար՝ «Մեր Այբբենարանը» եւ այլ ֆիլմերից: Յաւելենք միայն, որ Հրանտ Թոխատեանը մեծ ներդրում ունի ժամանակակից հայ թատրոնի կեանքում. նա Երեւանի Պետական Կամերային թատրոնի համահիմնադիրներից է, Շարմ ընկերութեան տնօրէնը, որ առաջին անգամ Հայաստանում ներկայացրել է անտիպրիզային թատրոնը:
ԱՐԴԻ ԹԱՏՐՈՆԸ

1996 թուականին Հրանտ Թոխատեանը գործընկերների հետ առաջին անգամ Հայաստանում ներկայացրեց անտիպրիզային թատրոն, ինչը համաշխարհային ժամանակակից ուղղութիւն էր: Սկզբունքը հետեւեալն է՝ չկայ թատերախումբ, չկայ թատրոնի շէնք եւ դերասանները, ռեժիսորը, միւս անդամները հաւաքւում են նախագծի շուրջ: Այսպէս մի խումբ թատերական գործիչներ ստեղծեցին «Խաթաբալադա», «Մեա Կուլպա», «Ժանգոտ Բանալի» ներկայացումները, անտիպրիզային ժանրի առաջին եռապատումը՝ հասարակական-քաղաքական մոտիվներով ներկայացումներ, որ մեծ յաջողութիւն ունեցան Հայաստանում եւ Սփիւռքում: «Այսօրուայ հանդիսատեսի հետ պէտք է խօսել ժամանակի լեզուով, ներկայացնել ժամանակակից թեմաներ: Այդ նպատակով, փորձում ենք մեր թատերախաղերում ներկայացնել թեմաներ, որոնք յուզում են ինձ, ընկերոջս, համերկրացուս, համաքաղաքացուս, հայրենակցիս, արտացոլել իրականութիւնը, խորհելու առիթ տալ: Միաժամանակ, թատրոնը երբեք չպէտք է դեղատոմս պարտադրի, այլ՝ պէտք է արծարծի խնդիրը, խօսի դրա շուրջ եւ հանդիսատեսի հետ միասին լուծումներ գտնի», ժամանակակից թատրոնն այսպէս է տեսնում Հրանտ Թոխատեանը, միաժամանակ նշելով, որ իրենց ներկայացումները թոյլ են տալիս, որ հանդիսատեսը մասնակցի բեմադրութեանը եւ յաճախ յուշի նաեւ հանգուցալուծումը:
Թոխատեանը կարեւորում է նաեւ լիարժէք անկեղծութիւնը բեմում. «Փոքր իսկ կեղծիքի դէպքում կորում է հանդիսատեսի հաւատը, եւ երկխօսութիւնը չի ստացւում», անկեղծանում է դերասանը:
Այսօր, տեխնիկական անսահման հնարաւորութիւնների պարագայում, երբ ամէն ինչ հասանելի է նաեւ առցանց, պետութեան հոգածութեան ներքոյ գտնուող թատրոնները պէտք է վերանայեն իրենց մօտեցումը գործունէութեան ձեւերին:
«Այսօր մեծ թատերախմբերն այլեւս ակտուալ չեն, պէտք է լինեն թատերական շարժունակ խմբեր: Հայերը չէին ընկալում անհամատեղելի երկու հասկացութիւն՝ արուեստ եւ բիզնես, այսինքն, շոու բիզնես հասկացողութիւնը բացակայում էր Հայաստանում: Մենք փորձեցինք ապացուցել հակառակը, որ թատերարուեստը այլ մօտեցման դէպքում նաեւ բիզնես կարող է լինել: Քանի որ ներդրումների սպասելիս, հնարաւոր է շատ երկար սպասել ու ձեռնունայն մնալ», ինքնաֆինանսաւորումը թատրոնների գործունէութեան համար լաւագոյն լուծում է համարում Թոխատեանը: Նա այդուհանդերձ, առաջնային է համարում դասական թատրոնի դերը եւ ըստ այդմ կարեւորում է պետութեան կողմից Ազգային Ակադեմիական Թատրոնի, տիկնիկայինի, եւ մի շարք այլ ժանրերի, օրինակ մնջախաղի թատրոնի հովանաւորումը:
ՈՎ Է ՀԱՅԸ

«Կարծում եմ, պէտք է հրաժարուենք խեղճ, փոքրաքանակ, տուժուած հայի կերպարից: Այսօր, թէ` Հայաստանում, թէ՛ Արցախում, թէ` Սփիւռքում մեր հայրենակիցների մեծամասնութիւնը բարձրագոյն կրթութիւն ունեն, առաջատար պաշտօններ են զբաղեցնում նաեւ այլ երկրներում, գնահատուած ու արժեւորուած են: Այսօր աշխարհը Հային այդպիսին պիտի ճանաչի, քանզի մենք ունենք հզօր մշակութային արժէքներ: Ցաւօք, այսօր մենք լիարժէք չենք ինքնարտայայտւում, օրինակ, մեր մշակոյթը նման է ատոմակայանի, որի միայն մի լապտերն է վառւում: Մենք պէտք է հաւախմբուենք ու աշխարհին ներկայանաք մեր ողջ ներուժով», նշում է Հրանտ Թոխատեանը:
ՄԵՆՔ ՄԵԶ ՈՉ ՄԷԿԻՑ ՉԵՆՔ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ, ԲԱՅՑ ՄԵԶ ԷԼ, ԳԻՏԵՆՔ, ՄԵԶ ՀԱՅ ԵՆ ԱՍՈՒՄ
Հրանտ Թոխատեանը համոզուած է, որ աշխարհասփիւռ հայերը հիմնականում հաւատարիմ են մնում ինքնութեանը` լեզուին, եկեղեցուն ու մշակոյթին եւ պէտք է սահմանել համախմբուելու նպատակներ. «Մենք պէտք է հասկանանք, որ մեծ ուժ ենք եւ միաւորուենք միակ փարոսի՝ հայրենիքի Հայաստանի ու Արցախի շուրջ: Պէտք է աշխատենք մէկ նպատակի համար, այն է՝ շէնացնենք մեր ընդհանուր տունը: Ապրելով, կրթուելով նոյնիսկ հայրենիքից դուրս, ծանօթանանք այլ ազգերի մշակոյթներին, եւ վերադառնանք՝ մեր փորձը ներդնելու եւ զարգացնելու մեր հայրենիքը, ինչի համար կան բոլոր նախադրեալները՝ եւ առաջին հերթին մտաւոր ներուժը», նշում է Թոխատեանը:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ
Թոխատեանի կարծիքով Սփիւռքի նախարարութիւնը դեռ չի կարողանում իրականացնել իր հիմնական գործառոյթը՝ համախմբել հայութեանը:
«Պէտք է ամէն ինչ հիմնուած լինի, ոչ թէ խնդրելու, այլ հաւասար գործընկերութեան սկզբունքի վրայ: Այս դէպքում ամէն ինչ կը ստացուի», համոզուած է արուեստագէտը: Խնդիրների շարքում նա նշում է նաեւ սփիւռքում բնակուող նոր սերուդների՝ հայոց պատմութեանը, մշակոյթին, արժէքներին, հայրենիքի մասին թերի տեղեկացուածութիւնը: Իրեն մտահոգող այս եւ այլ հարցերի լուծումը Հրանտ Թոխատեանը փորձում է գտնել իր գործին անկեղծ նուիրուածութեամբ:
«Ես՝ փորձում եմ անել այն, ինչը կարծում եմ այսօր անհրաժեշտ է», խոստովանում է նաեւ հասարակական ակտիւ գործիչ Հրանտ Թոխատեանը:
«Դոն Ժուան Avia» ներկայացումն էլ հայերին համախմբելու իւրայատուկ ձեւ է, որի Ամերիկայում ցուցադրութիւնը հնարաւոր է դարձել «Լեւոն Թրաւըլ» ընկերութեան հովանաւորութեամբ:
«Դոն Ժուան Avia»ի ներկայացումները՝
Լոս Անջելես, Ալեքս թատրոն, Մարտի 18, ժամը՝ 20.00, հեռ.՝ 818.265.0506
Սան Ֆրանցիսկօ, Խաչատուրեան հայկական համայնքային կենտրոն, Մարտ 26, ժամը՝ 7.30, հեռ. 415-586-8686
Ֆրեզնօ, Մարտի 27, ժամը՝ 4, հեռ. 559 298 0445
Տոմսեր կարելի է ձեռք բերել նաեւ այցելելով՝ www.Ticketmicket.com