
ՍԱՌԱ ԽՈՋՈՅԵԱՆ
«Արմէնիանաուի» թղթակից
Facebook սոցիալական ցանցից օգտուող հայաստանցիների թիւը Նոյեմբերից աճել է 20.000ով՝ հասնելով 120.000ի:
Դեռեւս Նոյեմբերին աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցում գրանցուած հայաստանցի օգտատէրերը 100.000 էին, այսօր արդէն նրանց թիւը հասել է 120.000ի: Տեղեկատուական տեխնոլոգիաների մասնագէտ եւ բլոգեր Արթուր Պապեանն ասում է, որ Facebook-ում գրանցուած հայերի թիւը 6 ամսում կրկնապատկուել է:
Նրա գնահատմամբ՝ համաշխարհային ինտերնետային ցանցում եղանակ ստեղծող եւ ուղղութիւն նշագծող Facebook-ում հայաստանցիների թուի նման աճը դրական երեւոյթ է:
«Facebook-ն բացառիկ հարթակ է, որը հնարաւորութիւն է ստեղծում ե՛ւ շփուել, ե՛ւ տեղեկանալ քեզ, անձամբ քեզ հետաքրքրող վերջին նորութիւններին, իրացնել քո մարդկային եւ քաղաքացիական ակտիւութիւնը եւ անգամ բիզնես անել, իրական եկամուտներ ստանալ, եւ դա անել՝ գտնուելով մի երկրում, որը, մեղմ ասած, աշխարհի կենտրոնը չէ», ասում է նա:
Տեղեկատուական անվտանգութեան հարցերով փորձագէտ, բլոգեր Սամուէլ Մարտիրոսեանը սոցիալական ցանցի հայաստանցի օգտուողների թուի աճը մի քանի գործօնով է պայմանաւորում:
«Նախ՝ Facebook-ը տարածուած ու նորաձեւ է ողջ աշխարհում, իսկ մոդայիկ բաների հետեւից մարդիկ գնում են: Նաեւ՝ օգտագործողների ինչ-որ թիւ կայ, որը լրանալուց յետոյ շղթայական ռէակցիա է սկսւում (դէպի սոցիալական ցանց), ինչը հիմա տեսնում ենք այս դէպքում», ասում է Մարտիրոսեանը:
Մարտիրոսեանը նաեւ հայաստանցի Facebook-ցիների քաղաքացիական ակտիւութիւնն է առանձնացնում:
«Մարդկանց մեծ խմբի համար Facebook-ը դարձել է սոցիալական, քաղաքացիական ակտիւութեան գործիք, ինչպէս նաեւ թարմ տեղեկատուութեան աղբիւր: Ու կարեւորը՝ շոու-բիզնեսի շատ աստղեր, ինչպէս նաեւ քաղաքականութեան մէջ ներգրաւուած մարդիկ գրանցուել են այստեղ ու իրենց հետեւից այստեղ են բերում մեծ զանգուածներ», յաւելում է նա:
Սակայն Պապեանն ասում է, որ «Ֆեյսբուք»ից օգտուող հայերի թուի աճը կարող է նաեւ բացասական հետեւանքներ ունենալ: Նրա խօսքով՝ եթէ շփուելով, տեղեկանալով նորութիւններին, իրացնելով մարդկային եւ քաղաքացիական ակտիւութիւնը, անգամ բիզնես անելով ու եկամուտներ ստանալով մարդը կարող է շահել ցանցում գրանցուած լինելով, ապա չափից շատ անձնական տեղեկութիւններ ցանցում բացայայտելով՝ կարող է անախորժութիւնների մէջ ընկնել:
«Տեխնիկապէս գրագէտ բնակարանային գողը կարող է տեսնել, որ դուք, ասենք, ապրում էք մենակ ու Երկուշաբթի երեկոյեան ընկերներով գնալու էք դիսկոտեկ, ու տանը մարդ չի լինելու», բացատրում է Պապեանը
Պաշտօնական տուեալներով՝ վերջին տարում աւելացել է նաեւ ինտերնետից օգտուողների թիւը: Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի անդամ Սամուէլ Արաբաջեանի հրապարակած տուեալներով՝ անցեալ տարուայ Հոկտեմբերի դրութեամբ լայնաշերտ ինտերնետ օգտագործողների (ինտերնետի անմիջական բաժանորդների) թիւը 2010ի սկզբի համեմատութեամբ աւելացել է աւելի քան 2 անգամ՝ գերազանցելով 160.000ը:
Արաբաջեանը նշում է նաեւ, որ GPRS (բջջային ինտերնետ) կապի բաժանորդներին, ֆիզիկական ու իրաւաբանական անձանց հաշուելու դէպքում ինտերնետից օգտուողների թիւը Հայաստանում հասնում է 1.5 միլիոնի:
Մինչդեռ անցեալ տարի Internet World Stats կազմակերպութեան աշխարհի շուրջ 233 երկրներում եւ տարածաշրջաններում ինտերնետի տարածուածութեան վերաբերեալ հրապարակած տուեալներով՝ Հայաստանում 2010ի Յունիսին ինտերնետ-օգտատէրերի (Internet users) ընդհանուր թուաքանակը կազմել է 208.200 (թիւը վերաբերում է ինտերնետի անմիջական բաժանորդներին եւ կազմում է Հայաստանի բնակչութեան 7 տոկոսը):
Internet World Stats-ի հաշուարկներով՝ 2000-2010 թուականներին Հայաստանում գրանցուել է ինտերնետի բաժանորդների ընդհանուր թուաքանակի 594 տոկոս աճ:
Վերջին շրջանում միգրացիա է սկսուել Հայաստանում դեռեւս ամենամեծ թուով օգտատէրեր ունեցող Odnoklassniki (համադասարանցիներ-Խմբ.) սոցիալական ցանցից (ընկերութեան վերջին տուեալներով՝ այստեղ գրանցուած են 800.000 հայաստանցիներ) դէպի Facebook.
Սոնա Խաչատուրեանը, Face-book-ում գրանցուած լինելով արդէն երկու տարի, վերջին մի քանի ամսում է սկսել ակտիւօրէն շփուել այս ցանցում: Նրա կարծիքով՝ այս ցանցն աւելի չէզոք է, քան Odnoklassniki-ը, թէեւ Սոնայի ընկերներից շատերը դեռ այնտեղ են գրանցուած:
«Ստեղ աւելի լաւ ա, Facebook-ն աւելի մակարդակով տեղ ա, ստեղ ուշադրութիւնդ չի շեղւում էն բանի վրայ, թէ ով քեզ հիւր եկաւ, ինչ նայեց, ինչ ասեց: Facebook-ը հետաքրքիր ափլիքեյշըններ (գործառոյթներ-Խմբ.) ունի, անձամբ ինձ համար օգտակար այ նրանով, որ արտասահմանցիների հետ կարող եմ անգլերէն խօսել: Էստեղ շփումն աւելի ազատ ա, ու երկրորդ բառից յետոյ մարդիկ քեզ հանդիպման չեն հրաւիրում», ասում է Խաչատուրեանը:
Զառա Ղազարեանին Facebook-ում գրանցուած առաջին հայաստանցիներից կարելի է համարել: Նա ցանցում է 2006 թուականից:
«Ընկերներիս մեծ մասը դրսում է ապրում, ու սա նրանց հետ շփուելու ամենաէժան, ամենաարագ ու, ինչու չէ, նաեւ հետաքրքիր ձեւն է, բացի այդ, Facebook-ը մի հարթակ է, որտեղ քեզ հետաքրքրող թեմաները կենտրոնացուած են ինչ-որ խմբերում, ու դու հեշտութեամբ կարող ես օգտուել դրանցից», ասում է Ղազարեանը:
Facebook-ն աշխարհի ամենամեծ ու արագ աճող սոցիալական ցանցն է, որի օգտատէրերի թիւն անցնում է 600 միլիոնը: Facebook-ում գրանցուած մարդկանց թուով Հայաստանը 124րդն է ցանցում ներկայ 213 երկրներից: