ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
2010թ. բաւականին բուռն ընթացք ունեցաւ, իսկ ի՞նչ է պատրաստել 2011թ. մեզ համար: Կարելի է ակնկալել, որ յաջորդ տարին մի շարք լաւ եւ վատ փոփոխութիւններ կը բերի իր հետ: Ներկայումս զարգացող երկրների, մասնաւորապէս՝ Չինաստանի արդիւնաբերութիւնը հսկայական ծաւալի խմելու ջուր է օգտագործում: Միեւնոյն ժամանակ գլոբալ տաքացման պատճառով հալչում եւ ովկիանոսի աղի ջրին են խառնւում սառցալեռները՝ խմելու ջրի հնարաւոր աղբիւրը:
Լաւ նորութիւն կարելի է համարել այն փաստը, որ համաշխարհային տնտեսութիւնը դիմակայում է ճգնաժամին՝ ապացուցելով, որ իր հիմքերն առողջ են: Մինչդեռ համընդհանուր քաղաքական իրավիճակի վրայ բացասական ազդեցութիւն կարող է ունենալ Իրանի վրայ յարձակումը: Սա իրավիճակի զարգացման հնարաւոր սակայն ոչ ռացիոնալ տարբերակ է: Աւելի խելամիտ կը լինի խրախուսել երկրի ներքին ժողովրդավարական շարժումները:
Միացեալ Նահանգների քաղաքական զարգացումները նոյնպէս յոյս են ներշնչում, քանի որ ներկայիս նախագահ Բարաք Օբաման առաջնութիւն է տալիս Հանրապետական կուսակցութեան հետ համագործակցելուն: Իսկ աշխարհի հակառակ ծայրում Չինաստանը եւ Հնդկաստանը ստիպուած են լուծել հսկայական բնակչութեան եւ ներքին լարուածութեան խնդիրները: Չնայած Արեւմտեան մամուլը Չինաստանը դիտարկում է որպէս անխափան շարժուող հսկայ, իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ: Մի շարք երկրներ մեծ ազգային պարտք ունեն, այնուհանդերձ նրանց ղեկավարները մտահոգուած չեն այդ խնդրով: «Լիմըն Պրադըրզ»ի անկումը կանխատեսողը՝ Դեւիդ Եյնհորնը, զգուշացնում է, որ ազգային պարտքի խնդիրն աւելի վաղ ի յայտ կը գայ, քան որեւէ մէկը ենթադրում է:
Այնուամենայնիւ, էլեկտրականութեան արտադրութեան ոլորտում աւելի արդիւնաւէտ եւ քիչ ծախսատար միջոցներ են առաջարկւում, ինչը շրջադարձային փոփոխութիւն կարող է լինել յաջորդ տարում:
*****
Չինաստանը կրկին անգամ անակնկալ մատուցեց աշխարհին: Երբ գրեթէ բոլոր տնտեսագէտները սպասում էին, որ երկրի տնտեսութիւնը անկում կ՛ապրի, չինացիները խախտեցին բոլոր կանոնները եւ ՀՆԱի աճ գրանցեցին: Մօտաւոր գնահատականներով 2010թ.ին երկրի ՀՆԱն աճել է 10 տոկոսով, մինչդեռ սպառողական գնաճը Նոյեմբերին կազմել է 5.1 տոկոս (սա վերջին 28 ամիսների ամենաբարձր ցուցանիշն է): Տնտեսական աճը դրականապէս է ազդել բնակչութեան եկամուտների վրայ՝ խթանելով սպառումը: Աշխատավարձերի բարձրացումը, որն արդիւնք էր անցեալ ամառ արտասահմանեան ընկերութիւնների գործարաններում տեղի ունեցած գործադուլների, իր դրական ազդեցութիւնն է ունեցել Չինաստանի բնակչութեան վրայ: Այնուամենայնիւ, սա զգալիօրէն չի վնասել բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպութիւններին, քանի որ աշխատուժին ուղղուած ծախսերը կազմում են պատրաստի արտադրանքի 2-3 տոկոսըը: Ոլորտի ընկերութիւնները չեն անհանգստանում նաեւ հումքի գնի բարձրացման պատճառով, քանի որ այսպիսի խնդիրների լուծման փորձ ունեն: Նրանք համարում են, որ այս երեւոյթը փուլային բնոյթ է կրում եւ թանկացմանը կը հետեւի էժանացումը: Դելլ (DELL) ընկերութիւնը մէկ այլ քաղաքականութիւն է վարում. այն ձգտում է ծախսերը կրճատել: Տարբերակներից մէկը արտադրական մասերի տեղափոխումն է սպառողներին մօտ, որպէսզի տեղափոխման ծախսերը ցածր լինեն: Միեւնոյն ժամանակ նրանք տեղափոխում են տեղեկատուական տեխնոլոգիաների կենտրոնները երկրի խորքը. սա հնարաւորութիւն է ընձեռում զարգացնել նաեւ երկրի տնտեսապէս թերզարգացած մասերը:
*****
Տնտեսութեան մէջ եւս մէկ զարմանալի եւ անսպասելի զարգացում է գրանցել Իսլանդիան: Վերջին եռամսեակում այն արձանագրել է 1.2 տոկոսի տնտեսական աճ, իրականում երկրի վերջին երկու տարիների առաջին նման աճն է: Այս յաջողութեան պատճառը Իսլանդիայի ղեկավարութեան վարած քաղաքականութիւնն է, համաձայն որի պետութիւնը պատասխանատուութիւն չստանձնեց ձախողուած բանկերի համար, թոյլ տուեց, որ նրանք սնանկ յայտարարուեն, իսկ երկրի արժոյթը՝ արժէզրկուի: Երկրին դա յաջողուեց, քանզի այն սահմանափակուած չէր եւրոյի միասնականութեան կապանքներով: Նոյն կերպ չի կարող վարուել Իռլանդիան, որը ստիպուած է միջոցներ ներարկել բանկերի մէջ, որպէսզի նրանք շարունակեն աշխատել: Իսլանդիան թոյլ է տուել, որ բանկերն իրենք պատասխանատուութիւն կրեն իրենց սխալ քաղաքականութեան համար, ինչի արդիւնքում արտաքին ներդրողները ոչինչ չեն կարող պահանջել պետութիւնից, միեւնոյն ժամանակ ներքին աւանդատուների համար ստեղծուել են նոր բանկեր: Իսլանդիայի նախահաշուի պակասարդը ներկայումս կազմում է 6.3 տոկոսը, եւ նման աճի դէպքում նոյնիսկ կարող է շուտով 0 տոկոսի հասնել: Մինչդեռ Իռլանդիան այս տարի 32 տոկոս պակասուրդ է գրանցել (եթէ բանկերի պարքի գնման գումարն էլ հաշուարկենք): Ինչ վերաբերում է գործազրկութեան տոկոսին, Իսլանդիայում այն նուազել է մինչեւ 7.3 տոկոս, իսկ Իռլանդիայում կազմում է 14 տոկոս:
Այս իրավիճակը յիշեցնում է 1998թ.-ի Մալազիայի փորձը, երբ երկրի առաջնորդ
Մահատիր Մուհամադը հրաժարուեց Արժոյթի միջազգային հիմնադրամի օգնութիւնից՝ երկրի արժոյթի փոխարժէքը դոլլարի համեմատ հաստատուն դարձնելով եւ կապիտալի լուրջ վերահսկողութիւն սահմանելով: Այդ փուլում երկիրը պարսաւանքի արժանացաւ, սակայն իրականում շահեց եւ արագ վերականգնուեց:
Այս դէպքն ապացուցեց, որ միջազգային օգնութիւնը ոչ միշտ է դրական արդիւնք ունենում:
Դժուար է ասել ինչ տեղի կ՛ունենար, եթէ Իռլանդիան հետեւեր Իսլանդիայի օրինակին. որոշ տնտեսագէտների կարծիքով, դա համաշխարհային բանկային ճգնաժամի պատճառ կը դառնար: Սակայն Իսլանդիան մէկ հարցում արդարութեան հասաւ. ստիպեց, որպէսզի պատասխանատուութիւնը հաւասարապէս բաշխուի բոլորի միջեւ, իսկ Իռլանդիան եւ Յունաստանը ստիպուած են այդ բեռը միայնակ կրել: