ԱՇՈՏ ՎԱՎԵԱՆ
Տնտեսագէտ
ԻԲՐԵՒ ՆԱԽԱԲԱՆ

«Նայեց՛էք երկնքի թռչուններին. ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում եւ ո՛չ էլ շտեմարանների մէջ ամբարում, եւ սակայն ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց: Չէ՞ որ դուք Աստծու աչքին թռչուններից գերազանց էք»,- գրուած է Աւետարանում: «Երբ երեխան ծնւում է, նրա «ղսմաթն» էլ հետն է գալիս»,- ասում է ժողովուրդը: Եթէ խորհենք, ապա իւրաքանչիւրս մեր օրինակով կարող ենք համոզուել Տիրոջ ու ժողովրդական խօսքերի ճշմարտացիութեան մէջ. Արարիչը հոգում է արարածներիս մասին՝ որեւէ կերպ ապահովելով մեր գոյութեան միջոցները:
Նմանապէս, Արարիչը հոգում է արարածներիս հաւաքական խմբերի՝ ազգերի մասին, որեւէ ձեւով իւրաքանչիւրին շնորհելով գոյութեան համար անհրաժեշտ միջոցներ: Նրանցից ոմանք այսօր օժտուած են իրենց երկրների բնական հարստութիւններով, միւսները՝ բարձր աշխատասիրութեան ու կազմակերպուածութեան ունակութեամբ… Ինչպիսի՞ միջոցներով է օժտուած հայ ժողովուրդն իր գոյութիւնն ապահովելու համար, եւ կա՞ն արդեօք մեր գոյութիւնն ամրապնդող թաքնուած հնարաւորութիւններ ու մինչ օրս չօգտագործուած ռեսուրսներ:
ՀԱՅԻ ԳՈՅՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑԸ
Հայութիւնը սփռուած է աշխարհով մէկ՝ Հայաստանում, Արցախում, արտերկրի պետութիւններում, որոշ մասն էլ ծպտուած է իր հայրենիքի կորուսեալ հատուածում:
Հայաստանի Հանրապետութիւնը, ինչպէս եւ իր անդրկովկասեան երկու հարեւան պետութիւնները, վերջին հարիւրամեակում թիւով երրորդն է: Դրանք երեքն էլ միեւնոյն կարգավիճակով միաժամանակ ստեղծւում եւ միաժամանակ էլ դադարում են գոյութիւն ունենալուց, ինչն աւելորդ անգամ փաստում է, որ տարածաշրջանն իր կարեւորութեան պատճառով գտնւում է հզօր ուժերի մշտական ազդեցութեան ներքոյ, եւ որ այս երկրների ճակատագրերի կայացման խնդրում նրանց ժողովուրդներից մինչ օրս այնքան էլ շատ բան կախուած չի եղել: Հայաստանը, ինչպէս երբեւէ, գտնուելով մեծ տէրութիւնների խաչմերուկում, շարունակում է օգտագործուել որպէս բախարգելիչ պետութիւն. ունի լուրջ խնդիրներ իր չորս հարեւաններից առնուազն երկուսի հետ, եւ որպէսզի կարողանայ լուծել այդ խնդիրները, երրորդ ուժին բաժիններ է յատկացնում իր ինքնուրոյնութիւնից ու ազգային հարստութիւնից:

Մեր երկիրը հարուստ չէ բնական պաշարներով, իսկ այնտեղ ապրող ժողովուրդը աչքի չի ընկնում աշխատասիրութեան, չափաւորութեան, կազմակերպելու, օրինապահութեան, հանդուրժողականութեան բարձր ունակութիւններով: Այստեղ առկայ են սոցիալական բարձրագոյն բեւեռուածութիւն, արդարութեան նկատմամբ հաւատի սակաւութիւն: Այս բոլորը եւս կարելի է պայմանաւորել նոյն ուժի ազդեցութեան գօտում երկարատեւ գտնուելու հանգամանքով, որի շահերից նաեւ չի բխում ուժեղ Հայաստանի հեռանկարը: Մտածելու տեղիք տուող մի խնդիր. Կալիֆորնիա գաղթում են հայեր աշխարհի տարբեր ծագերից, սակայն ճաղավանդակների ետեւում յայտնւում են հէնց հայաստանցիները:
Եւ այսպէս, հարիւր հազարաւոր հայեր գնում են համալրելու արտերկրի հայութեան (այն, ըստ իս, անընդունելիօրէն դասակարգւում է իբրեւ սփիւռքահայութիւն) շարքերը: Գնում են, քանի որ, բոլոր հանգամանքները հաշուի առնելով հանդերձ, նրանց համար ի վերջոյ այստեղ փակ են դռները: Իսկ եթէ մնային, ապա միայն կը բարձրացնէին սոցիալական լարուածութիւնը հանրապետութիւնում: Մինչդեռ յայտնուելով արտերկրում՝ նրանք օգնում են իրենց հարազատներին, պետութեանը: Այդուհանդերձ, Հայաստանի ժողովուրդը մնում է կառչած իր հայրենի հողին, իսկ մեր հայրենիքն արտերկրներում ապրող հայութեան մարդկային, դրամական ու քաղաքական օժանդակութեան պայմաններում շարունակում է դիմակայել նետուած մարտահրաւէրներին: Եթէ մի պահ պատկերացնենք, որ աշխարհի չորս ծագերից հայ ժողովրդի զաւակները վերադառնան Հայաստան, ապա դժուար չի լինի կանխագուշակել նաեւ, թէ ինչ է սպասում մեզ:
Աշխարհաքաղաքական ազդակներով պայմանաւորուած՝ գաղթելու ու սփռուելու յատկութիւնը մշտապէս, իր ամբողջ պատմութեան ընթացքում է ուղեկցել մեր ժողովրդին. այն միայն պայմանաւորուած չէ Ցեղասպանութեան հետեւանքներով: Այն ներթափանցել է մեր էութեան մէջ, խառնուել արեանը՝ հայ ժողովրդին իր բնոյթով դարձնելով աշխարհասփիւռ: Սա է պատճառը, որ մենք համարւում ենք մոլորակի՝ օտարութեան մէջ գտնուող ամենակազմակերպուած ազգերից մէկը: Եւ չնայած այլոց ձուլման հանգամանքին, դատելով պատմական փորձից՝ աշխարհասփիւռ ապրելաձեւն արդէն գրուած է մեր ճակատին ու մշտապէս էլ ուղեկցելու է մեզ:
Ուստի, աշխարհասփռուածութիւնը պէտք է համարել ոչ թէ պատիժ, այլ ազգային գոյատեւման նախապայման ու երաշխիք: Այսպիսով, հայ ժողովրդի գոյութեան միջոցը ազգային գիտակցութեան առկայութեան պայմաններում նրա զաւակների աշխարհասփռուած ապրելաեղանակն է:
Աշխարհում կան տասնեակ ժողովուրդներ, ովքեր չունեն թէկուզ մի թիզ հողակտոր ու երազում են հայրենիք ունենալ: Եւ որքա՞ն երջանիկ ենք, որ ունենք մեր երկիրը, պէտք է կարողանալ մեծապէս գնահատել Աստծու այս պարգեւն ու պահել զայն աչքի լոյսի պէս: Սակայն դա պէտք չէ մեզ մոլորութեան մէջ գցի, որպէսզի կարեւորենք միայն նրա նշանակութիւնը եւ գերագնահատենք մեր հայրենիքի հնարաւորութիւնները համահայկական խնդիրներում: Մենք վերջապէս հասկացել ենք, որ Հայաստանն ու արտերկրի հայութիւնը մէկ ամբողջութիւն են, 10 միլիոնանոց մէկ ընտանիք, եւ որ մէկն առանց միւսի չեն կարող լինել լիարժէք:
ԹԱՔՆՈՒԱԾ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՈՒ ՉՕԳՏԱԳՈՐԾՈՒՈՂ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՓՆՏՌՏՈՒՔ
ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ

Հայ ժողովրդի ազգային գիտակցութիւնը սնուցող բաղադրիչներ կարող են հանդիսանալ եկեղեցին, հայրենիքը, լեզուն, գիրը, պատմութիւնը, սովորոյթները, մշակոյթը, Ցեղասպանութիւնը, պահանջատիրութիւնը, Արարատ լեռը… Այդպիսի բաղադրիչ կարելի է համարել նաեւ հայ լինելու ենթագիտակցական էլեմենտը (տարրը-Խմբ.). դա գիտակցութեան խորքում գտնուող այն զգացողութիւնն է, թէ հայերս ինչ-որ առանձին տեսակ ենք, այլոց չնմանող, որ մեր ակունքը կարծես կրում է ինչ-որ խորհուրդ, եւ աշխարհում ունենք կարեւոր դերակատարութիւն: Ահա այս բաղադրիչների, դրանց մի մասի կամ դրանցից նոյնիսկ մէկի շնորհիւ է, որ տարասփիւռ մեր հայրենակիցները մնում են հաւատարիմ իրենց ազգային ինքնութեանը, յիշում են իրենց ծագումը: Իսկ ազգային ինքնութեան գիտակցման կամ յիշողութեան անշահախնդիր զգացողութիւնն անպայմանօրէն ծնում է ազգային պարտաւորութիւն, որն անխուսափելիօրէն վերածւում է հայանպաստ փոքր կամ մեծ գործի: Այնպէս որ ազգային գիտակցութիւնը հայութեան ամենակարեւոր ներուժն է, սակայն այն արթուն պահելու համար հարկաւոր է գրգռել վերը թուարկուած բաղադրիչների օգնութեամբ:
Վերջին տասնամեակներում ազգապահպանման համար բարենպաստ երկրներից, ինչպիսիք են Հայաստանը, Մերձաւոր արեւելեան եւ Փոքր Ասիայի պետութիւնները, տեղի է ունենում մեր ազգակիցների շարունակական բնոյթ կրող արտահոսք դէպի ազգապահպանման համար անբարենպաստ, սակայն զարգացած ու ազդեցիկ երկրներ: Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում մի կողմից սպասւում է արտերկրի հայութեան համաշխարհային ազդեցութեան ուժգնացում, միւս կողմից ծառանում է ուծացման ահագնացող վտանգը: Արեւմտեան քաղաքակրթութեան լարուած ապրելակերպի պայմաններում առանձնապէս կարեւորւում են ազգային գիտակցութեան այնպիսի բաղադրիչները, որոնց պահպանումը մեր հայրենակիցներից չեն պահանջում լրացուցիչ ջանքեր կամ ժամանակ: Այստեղ կարեւոր դերակատարութիւն կարող է խաղալ հայ լինելու ենթագիտակցական էլեմենտ-բաղադրիչը, ինչին դեռ կը փորձենք անդրադառնալ այս նիւթի շրջանակներում:
Ազգային գիտակցութեան որոշ բաղադրիչների հասանելի քարոզչութիւնը նպատակայարմար է նաեւ խառնամուսնութիւնների ծնունդ, իրենց հայ չհամարողների նկատմամբ: Այդպիսիք, լինեն հասարակ մարդիկ թէ քաղաքական ազդեցիկ գործիչներ, հայութեանը վերաբերող հարցերում կարող են հաշուի առնել իրենց երակներում հոսող հայի արեան հանգամանքը, եթէ, ի հարկէ, չկայ որեւէ հակասութիւն նրանց հիմնական շահերի հետ: Աշխարհասփիւռ մեր ազգի մի մասի շարունակական ձուլման պայմաններում հայի արեան գործօնը նոյնպէս պէտք է համարել հայօգուտ ներուժ:
ՄԻԱՍՆՈՒԹԻՒՆ
Փորձենք հասկանալ, թէ ինչն է ի զօրու նպաստելու աշխարհասփիւռ հայութեան միասնականութեան ամրապնդմանը: Մի գուցէ մի նոր կեդրոնի ստեղծո՞ւմը Հայաստանում կամ արտերկրներից մէկում, սակայն օտար ուժերի միջամտութեան կամ երկրի որեւէ իշխանութեան մարդկային հնարաւոր գայթակղութեան հանգամանքները կասկածի տակ են դնում այդպիսի կեդրոն ունենալու նպատակայարմարութիւնը: Նման կեդրոնը չի կարող լինել յուսալի, հեռանկարային եւ ի յայտ է բերում այն վտանգը, որ կարող է ծառայեցուել ազգի շահերին չհամապատասխանող նպատակների: Պարզւում է, որ համակեդրոնացումը, յատկապէս ոչ մեծ ազգերի պարագաներում, միշտ չէ, որ կարող է բխել ազգային շահերից:
Յիշենք խորհրդային վարչակարգի՝ միասնականութեան պատրուակով արտերկրի կաթողիկոսութեանն իր կցորդը դարձնելու անյաջող փորձերը. երկուսի փոխարէն մէկ կառոյցի ստեղծումը տուեալ փուլում բնաւ էլ չէր կարող շահեկան լինել հոգեւոր կամ ազգային տեսակէտից: Համանման կարծիքներ շարունակում են հնչել նաեւ այսօր, որպէս օրինակ բերւում են ռուսական եկեղեցում տեղի ունեցող միաւորման երեւոյթները՝ մոռանալով այն մասին, որ ռուս ժողովրդի ամբողջ ուժն ու զօրութիւնը կեդրոնացուած է իրենց հզօր պետութեան մէջ, մինչդեռ մեր ժողովրդի պարագայում այդ ուժն ու զօրութիւնը աշխարհասփիւռ են: Եւ մի՞թէ միասնական կամ միաբան չեն վարչականօրէն միմեանցից անկախ առաքելական միադաւան զոյգ կաթողիկոսութիւնները, ազգային ո՞ր խնդիրների ու նպատակների շուրջ են տարաձայն ու չեն գործել կամ գործում ի շահ դրանց իրագործման, հայութեան այդ ո՞ր ցաւին են եղել անտարբեր, ո՞ր կանչին՝ անպատասխան: Ու եթէ ինչ-որ բան փոթորկում է այս միաբանութիւնը, ապա դա առաջին հերթին հէնց յաճախակի խօսակցութիւններն են, ըստ իս, իրականում գոյութիւն չունեցող անմիաբանութեան մասին: Ուստի համաձայնենք, որ երկուսն էլ միաւորուած են ազգային ճշմարիտ արժէքների շուրջ: Եւ իւրաքանչիւրիս թող առաջնորդի շատերին հարազատ ու երջանկացնող այն զգացողութիւնը, որ զոյգ կաթողիկոսութիւնները, պատրիարքութիւնները կամ կաթոլիկ միաբանութեան հրաշալի եկեղեցիներն ու հաստատութիւնները հաւասարապէս մեզանից իւրաքանչիւրինն են, մեր ազգի հարստութիւնը:
Հայ եկեղեցին համարւում է ազգային ինքնութեան պահպանման ամենայուսալի միջոցը, քանի որ, ինչպէս ցոյց է տալիս կեանքը, իրենց մայրենի լեզուն ի սպառ մոռացած արտերկրում ապրող մեր բազում հայրենակիցները շարունակում են իբրեւ հայ համախմբուել նրա շուրջ: Ահա թէ ինչու միասնութեան հարցը շօշափուեց հէնց այս պարագայում:
Եւ այսպէս, ո՞րն է այն կարող ուժը, որը կոչուած է համախմբելու եւ միաւորելու համայն հայութիւնը: Մտորումների արդիւնքում կարելի է եզրայանգել, որ այդ ուժը ձեւաւորւում է ազգային գերակայ երկու արժէքների ազդեցութեամբ: Առաջինը Հայ եկեղեցին է, որին է պարտական մեր ժողովուրդն իր ազգային դիմագծի կերտման ու մինչ օրս նրա գոյութեան համար: Երկրորդ գերակայ ազգային արժէքն այսօրուայ ու վաղուայ մեր հայրենիքն է: Թերեւս այս երկու արժէքներին կարելի է աւելացնել նաեւ երրորդը, որը քօղարկուած է մեզանից եւ բացայայտման կարիք ունի, թէեւ բնակւում է հայի գիտակցութեան մի անկիւնում ու առնչւում նոյն երկու արժէքներին: Սա կարող է վերաբերել հայութեանը վերապահուած առաքելութեանը աշխարհում նրա գալիք դերակատարութեանը…
Ահա այս երեք արժէքների միաձոյլը կարող է հանդիսանալ չշօշափուող ու հոգեղէն գերագոյն այն հրամանատարը, որը կոչուած է առաջնորդելու հայ ժողովրդի սփռուած հատուածները, եւ նշուած արժէքների հաղորդած ազդակների ուժգնութեամբ է պայմանաւորուած ազգի համախմբման ու զօրացման աստիճանը:
Այսպիսով, մեր ժողովրդի միասնութեան կատարելաձեւը նրա աշխարհասփիւռ զաւակների եւ զանազան կառոյցների ապակեդրոն գոյութիւնն է ազգային գերակայ արժէքների շուրջ: Այստեղ, ի հարկէ, խօսքը չի կարող վերաբերել հայրենի պետական կառոյցներին:
ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆ ԵՒ ԵԿԵՂԵՑԻ

Արդեօք այսօր գոյութիւն կ՛ունենա՞ր հայ ժողովուրդը, եթէ չընդունէր քրիստոնէական կրօնը, եկեղեցու ծոցում չստեղծուէր հայոց այբուբենը, չգրուէին հայալեզու առաջին պատմագրքերն ու ազգային ինքնութեան խորհրդանիշ հայատառ Աստուածաշունչերը: Կը գոյատեւէի՞նք արդեօք, եթէ եկեղեցին դարերի ընթացքում չհամախմբէր ու չառաջնորդէր իր ցաքուցրիւ զաւակներին: Դեռ աւելին, յետ նայելով մեր պատմական անցեալին, կարելի է նկատել, որ հայ ժողովրդի ձեւաւորման աւարտը պայմանաւորուած է հէնց այս կրօնով: Կարելի է ասել նաեւ, որ հայութիւնը վերածնուել, վերստեղծուել է քրիստոնէութեամբ: Ազգային մշակութային ամբողջ անցեալը նոյնպէս հայ եկեղեցու շնորհիւ միախառնուած է Յիսուս Քրիստոսի հաւատքին:
Ուրեմն կարելի է անել այն հետեւութիւնը, որ այս կրօնի արժէհամակարգից հեռացումը կը նշանակի ազգային դիմագծի ձեւախեղում, հայութիւնից աստիճանական հեռացում: Եւ, ընդհակառակը, այդ արժէհամակարգին մերձենալը կը զօրացնի մեր ազգային ինքնութիւնը:
Քրիստոնէական արժէհամակարգն ունի կարեւոր նշանակութիւն նաեւ հայկական պետութեան համար. չսպանելու, չբռնանալու, չգողանալու քարոզչութիւնը կարող է միայն սատարել առողջ եւ ամուր հասարակութիւն կերտելու գործը: Բաւական է մարդը հաւատայ Աստծու գոյութեանը, ով պատուիրել է յանցանք չկատարել, որպէսզի հեշտութեամբ չբռնի յանցագործ ուղին: Ասածիս օգտին է փաստում խորհրդային անաստուածութեան պայմաններում այդ երկրի տարածքում ձեւաւորուած եւ նաեւ մեր կենցաղից մինչ օրս անբաժան՝ աշխարհում իր նախադէպը չունեցող «գողական գաղափարախօսութեան» ֆենոմենը:
Հայաստանում չի գտնուի մի հայ, ով իրեն քրիստոնեայ չհամարի, սակայն պէտք է խոստովանել, որ լայն հասարակութիւնը պարզապէս անտեղեակ է այս կրօնի բովանդակութեանը եւ սահմանափակւում է խաչ կրելով ու եկեղեցում մոմավառութեամբ ինչ-որ բան խնդրելով: Իսկ Տէրունական աղօթք ասողներին կամ սուրբ պատուիրաններով առաջնորդւողներին հասարակութիւնը փաստօրէն մերժում է՝ այդպիսիներին որակելով իբրեւ աղանդաւոր կամ հաւատացեալ, քանի որ վերջինը, փաստօրէն, այսօր ձեռք է բերել բացասական իմաստ: Այսպիսով, մենք կարող ենք յայտնուել ինքներս մեզ քրիստոնեայ համարող հեթանոսների դերում: Հայաստանում հոգեւորականութիւնը նոյնպէս կարծես թէ մոռանում է իր հիմնական դերակատարութիւնը եւ կեդրոնանում միայն անդրանցական նպատակների, ծիսական արարողութիւնների կամ եկեղեցական տօնակատարութիւնների վրայ:
Յայտնի է, որ քրիստոնէութիւնն աշխարհը դարձրել է մարդասէր ու աւելի բարի, նրա ազդեցութեամբ է դարերի ընթացքում ձեւաւորուել մարդու իրաւունքների պաշտպանութեանն ուղղորդուած միջազգային օրէնսդրութիւնը: Այն առաւել եւս կոչուած է գործնականօրէն նպաստելու հայ ժողովրդի զօրացման, օրինապահ եւ բարոյապէս առողջ հասարակութիւն կառուցելու գործին: Հետեւաբար կարելի է պնդել, որ այս կրօնի ներգործութեամբ միայն եկեղեցին չէ, որ պէտք է շահագրգռուած լինի:
ԵՐԵՒԱԿԱՅՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ՝ ԴԱՐՁԵԱԼ ՄՏՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Շատերի համար գաղտնիք չէ, որ հայերիս հոգեհարազատ են պարսկական, արաբական ու հրէական քաղաքակրթութիւնները, եւ պատճառը սա է, որ հայերը բնաւորուել են հէնց նրանց երկրներում, այնտեղ ստեղծել իրենց ազգային-կրօնական հաստատութիւնները: Ընդունելի է նաեւ այն միտքը, որ այս տարածաշրջանում թշնամանքն ու հակամարտութիւնները մեղմելու գործում կարող է մեծ դերակատարութիւն ցուցաբերել կրօնական գործօնը, քանի որ Փոքր Ասիայում եւ Մերձաւոր Արեւելքում ամբողջ բնակչութիւնը պատկանում է Աբրահամական կրօնական խմբին, որի երեք կրօններն ունեն գաղափարա-բարոյամարդասիրական ընդհանրութիւններ: Կրօնական գետնի վրայ երկխօսութեան ծաւալումը կարող է ստանձնել կարծես թէ նաեւ այդ առաքելութեան համար ներկայ Երուսաղէմի հայոց պատրիարքութիւնը:
Խորհրդանշական չէ՞ արդեօք կրօնների համաշխարհային մայրաքաղաքի չորս թաղամասերից մէկի հայկական անուանուելն ու մեր ազգային հարստութիւն հանդիսանալն այն պարագայում, երբ միւսները (հրէական, քրիստոնէական, մուսուլմանական) ներկայացնում են հէնց նոյն Աբրահամական երեք կրօնները:
Գուցէ նաեւ երկխօսութիւնը կը յաւակնի հետագայում վերածուելու եռախօսութեա՞ն…
* * *
Որոշ սրբակենցաղ մարդիկ կանխատեսել են, որ ներկայ դարում աշխարհում տեղի է ունենալու կրօնական ու հոգեւոր արժէքների զարթօնք: Տրամաբանօրէն սա իրականանալու է նիւթական արժէքների գերյագեցուածութեան հետեւանքով: Թւում է՝ մոլորակի վրայ կան ազդեցիկ ուժեր, որոնք սկսում են մտածել այս ուղղութեամբ, սակայն հաւանաբար ապագայի անորոշութիւնից ելնելով՝ վճռական չեն գտնւում իրենց երկրներում կրօնական հասարակութիւն կառուցելու գործում: Հնարաւոր է, որ նշուած ուժերը շահագրգիռ լինեն որեւէ երկրում քրիստոնէական հասարակութեան կայացման համար, որպէսզի այնուհետեւ հետեւեն այդ օրինակին, իսկ մեր երկիրը յայտնի հանգամանքների առումով կարող է ամենայարմարը հանդիսանալ՝ ստանալով մոլորակի մեծակարող ուժերի աջակցութիւնը: Կարծում եմ, որ արդիւնքում միայն կը շահի հասարակութիւնը. Կը վերագտնի իր բարոյական նկարագիրը, կը զօրանայ ու կը համախմբուի աշխարհասփիւռ ամբողջ հայութիւնը: Հայաստանի Քրիստոնէական Հանրապետութեան կայացումը կարող է հանդիսանալ օրինակ աշխարհի այլ երկրների համար: Պէտք չէ նաեւ վախենալ իսլամադաւան երկրների հակազդեցութիւնից, ընդհակառակը, ինչպէս պարզւում է, այդ կրօնի գաղափարախօսութիւնը շատ աւելի մօտ է քրիստոնէական արժէքներին, քան Աստծու գոյութիւնն անտեսող արեւմտեան կենցաղավարութիւնը: Տուեալ պարագայում պէտք է միայն մտավախել մեր կողմից նշուած արժէքների աղաւաղման կամ շահարկման սարսափելի հետեւանքներից:
ՀԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԵԱՆ ԵՆԹԱԶԳԱՑՈՂՈՒԹԵԱՆ ԿԱՄ ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ ԳԻՏԱԿՑՄԱՆ ՓՈՐՁ
Ինչո՞ւ է մեր գիտակցութեան մի անկիւնում բնակւում այնպիսի զգացողութիւն, որ այն ազգութիւնը, որին պատկանում ենք, իւրայատուկ է ու կարեւոր իր նշանակութեամբ: Դրա արտայայտաձեւերից չէ՞ արդեօք հանրաճանաչ անձնաւորութիւններից ընդհուպ մինչեւ փարաւոնական դինաստիաներին հայացնելու մեր վարքագիծը: Գենետիկօրէն ժառանգուող այս ենթազգացողութիւնը հասկանալու համար պէտք է ինքներս մեզ լաւ ճանաչենք եւ կարողանանք ժամանակի միջով կատարել յետընթաց ուղեւորութիւն դէպի մեր ժողովրդի ծագման ակունքները: Պատմագրութիւնն իր վրայ որեւէ ժամանակաշրջանի քաղաքական ազդեցութեան հետքը միշտ է կրել, պէտք է հաշուի առնել այս հանգամանքը, եւ կարծում եմ՝ ժամանակն է, որ անաչառ ու բարձրակարգ մասնագէտները զբաղուեն մեր վաղ շրջանի պատմութեան նորովի ուսումնասիրութեամբ: Մտորելու համար միայն ասեմ, որ Պատմահայրը Հայոց երկրի գոյացումը պայմանաւորում էր Արծրունիների ու Բագրատունիների տներով, որոնցից առաջինը սերւում էր Ասորեստանի թագաւորական տոհմից, իսկ երկրորդի կապակցութեամբ յիշատակում է Աբրահամին, որին Տէրը, Աստուածաշնչի համաձայն, խոստացել էր, որ նրանից թագաւորներ պիտի ծնուեն: Իսկ պարթեւների մասին, որոնցից սերւում են հայոց Արշակունիները, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը, Սահակ Պարթեւը եւ այլք, պատմիչը գրում է, որ նրանք ծագում են դարձեալ Աբրահամի երրորդ կնոջից (համարւում է, որ առաջին երկուսից սերուել են հրեաներն ու արաբները): Մի գուցէ հէնց Սուրբ Գրքի հետ է առնչւում մեր այդ ենթազգացողութիւնը: Գուցէ, իրօք, հայութեանն ի վերուստ մի առաքելութիւն է վերապահուած, օրինակ, այսպիսին. իբրեւ առաջին քրիստոնեայ՝ վերադառնալով քրիստոնէական արժէքներին՝ լինել մարդկութեան հոգեւոր փրկագործութեան առաջնեկը, ինչպէս որ բնօրրան Արարատը խորհրդանշեց մարդկութեան ֆիզիքական փրկագործութիւնը…
Հաւատք՝ Աստծու երկրային գործերին մասնակցելու համար ընտրուած լինելուն՝ ահա թէ ինչը կարող է հանդիսանալ միաբանող, ազգապահպան, ոգեշնչող ու զօրացնող ամենակարող ուժը: Այն ունակ կը լինի նաեւ ստիպելու մարդկանց վերագտնելու եւ մինչեւ իսկ կերտելու իրենց հայութիւնը:
ՎԵՐՋԻՆ ԽՕՍՔ

Կարդալով գրուածը՝ ի հարկէ կարող են գտնուել այնպիսիք, որոնց համար ընդունելի կը լինեն վերն արտայայտուած մտքերը, կը լինեն նաեւ հայրենակիցներ, ովքեր դրանք կ՛ընդունեն միայն մասամբ: Իսկ յարգարժան այն ընթերցողներին, ովքեր արդէն կայացրել են սոյն յօդուածը դատապարտող որոշում, կը խնդրէի, այնուամենայնիւ, փորձելու այնտեղ փնտռել խորհելու թէկուզ մի փոքր նիւթ. հէնց միայն այդ նպատակն է հետապնդում ամբողջ շարադրուածը:
Թէեւ արծարծուած մօտեցումները, միտուած լինելով ընդամէնը լրացնելու հայապահպանութեան, ազգի միասնականութեան, հայի ինքնութեան զօրացման ուղղութեամբ իրականացուող շնորհակալ նախաձեռնութիւնները, կարող են միայն օգտակար գտնուել ինչպէս օտարութեան պայմաններում ապրող իւրաքանչիւր հայի, այնպէս էլ անկախ խաւի պատկանելիութիւնից հայրենիքի ցանկացած քաղաքացու համար:
Երեւան
very usefull for our nation