ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
2010թ.ին Ամերիկայի տարածքին աւելի քան երբեք սկսեցին խօսել կրթական բարեփոխումների անհրաժեշտութեան մասին: Փաստեր են բերում, թէ ինչպէս Միացեալ Նահանգների աշակերտութիւնը ընդհանուր առմամբ ետ է մնում զարգացած եւ որոշ զարգացող երկրների իրենց հասակակիցներից ինչ-ինչ առարկաների բնագաւառում: Առաջարկում են այս կամ այն յեղափոխական մարտավարութիւնը, ապա հրաժարւում դրանից ի օգուտ մէկ ուրիշի՝ այդ ընթացքում մոռացութեան գիրկը նետելով իրենց գուրգուրած հնարքները:
Եկէք փորձենք հնարաւորին չափ խորքային վերլուծութիւն կատարել, թէ որոնք են իրական խնդիրները, եւ որքանով են արդար ու անկեղծ դրանք յաղթահարելու համար առաջարկուած դեղամիջոցները: Արդէն մի քանի տարի է, ինչ տարածուած է այսպէս կոչուած «charter» դպրոցներ հիմնելու գաղափարը. այս դպրոցները պետական ֆինանսաւորումից են օգտւում, սակայն ազատ են այդ ֆինանսաւորումն իրենց տեսլականին ծառայեցնելու հարցում: Այսպիսի դպրոցներում սովորող աշակերտները նկատելի առաջադիմութիւն են գրանցել ակադեմիական տեսանկիւնից: Գնալով աւելանում են «charter» դպրոցներ հիմնել ցանկացողների թիւը: Սրանց մէջ կան կրթական բնագաւառի փորձառու մասնագէտներ: Սակայն քիչ չեն նաեւ արկածախնդիր ձեռներէցները, ովքեր առիթը բաց չեն թողնի կլորիկ գումար վաստակելու, իսկ մինչեւ համակարգը պարզի նրանց ով լինելն ու իրական նպատակը, մի քանի տարի կ՛անցնի:
Իւրատեսակ լարուածութիւն է նկատւում հանրակրթական համակարգում եւս. որոշ դպրոցներ, ուր աշակերտները չեն կարողացել պատշաճ առաջադիմութիւն դրսեւորել, կանգնած են լուծարման վտանգի առջեւ: Այս ցանկում գտնուող դպրոցների տնօրինութիւնը պարտաւոր է խիստ սահմանափակ ժամկէտներում զգալի արդիւնքներ ցոյց տալ, իսկ իրականում ոչ բոլորն են ի վիճակի դա անել: Այստեղ հիմնականում մատնանշում են թոյլ առաջնորդների, ապաշնորհ դասատուների եւ մի շարք այլ հանգամանքների առկայութիւնը, գնահատականներ տալիս, սակայն, հազուադէպ են յիշատակւում իրական մի շարք փաստեր, այն՝ որ ցածր ցուցանիշներ արձանագրող դպրոցները հիմնականում գտնւում են աղքատ ու անապահով բնակավայրերում, ուր սովորականից աւելի շատ են ծնողազուրկ երեխաները, ծնողների կրթուածութեան ընդհանուր մակարդակը հեռու է բաւարար լինելուց, իսկ ծնողներն իրենք կա՛մ գործազուրկ են, կա՛մ էլ չափազանց երկար ժամեր են աշխատում, հետեւաբար ի վիճակի չեն պատշաճ ձեւով հետեւել իրենց երեխաների առաջադիմութեանը: Այսպիսի շրջանում գտնուող դպրոցները բաւական բարդ խնդիրներ ունեն իրենց առջեւ ծառացած, եւ դրանցից ամենակարեւորը ծնողների՝ երեխայի կեանքում դրսեւորած մասնակցութեան ապահովումն է, որն ինքնին բաւականին բարդ խնդիր է:
Մի պահ կանգ առնելով հարկ է նշել, որ հանրակրթական եւ «charter» դպրոցների միջեւ ծաւալուած մրցակցութիւնը ոմանք անարդար են որակում, քանի որ չարտերային դպրոցները զտելու հնարաւորութիւն ունեն (նրանք կարող են ընտրել իրենց աշակերտներին), իսկ հանրակրթական դպրոցը պարտաւոր է ընդունել իր շրջանում բնակուող բոլոր աշակերտներին, նոյնիսկ նրանց, ովքեր չեն ցանկանում դպրոց յաճախել, ուր մնաց, թէ սովորել: Բնականաբար «charter» դպրոցն առաւելութիւն ունի, քանի որ վատ աշակերտը «գնդակի նման դուրս է թռչում դպրոցից», ինչպէս կ՛ասէր իմ ուսուցիչներից ընկեր Յարութիւնեանը: Ուրեմն, երբ «charter»ն ընտրելու իրաւունք է իրեն վերապահում, իսկ հանրակրթական դպրոցն այդ շռայլութիւնը չունի. բնականաբար նրանց ցուցանիշները նոյնը լինել չեն կարող, եթէ տեղակայուած են նոյն տեղամասում, նոյն սոցիալ-տնտեսական պատկանելութեան երիտասարդութեանն են սպասարկում:
Անձամբ ճանաչում եմ այժմ համակարգում աշխատող ուսուցիչների, ովքեր կարծում են, որ կրթութիւնը ոչ բոլորի համար է. «Թո՛ղ սովորեն նրանք, ովքեր կարող են եւ ցանկանում են»՝ ահա այսպիսին է նրանց նշանաբանը: Թոյլ տուէք չհամաձայնել: Դեռահասների շրջանում քիչ չեն այնպիսիք, ում մօտ դեռ բացայայտուած չէ կրթութեան պահանջը եւ դպրոցի գործառոյթներից հիմնականը այսպիսի երեխաների մօտ յաճախ նիրհի մէջ գտնուող ուսման ցանկութիւնն արթնացնելն է: Ուսման ծարաւ աշակերտների հետ աշխատելը հեշտ է, եւ աշխարհում դրանից աւելի հաճելի բան չկայ: Բայց աւելի հաճելի է դժուար, փակ երեխային բացելը, դպրոցի եւ կրթութեան նկատմամբ հաւատ ստեղծելը. գիտէ՞ք որքան ջանք, հիասթափութիւն, խրախուսանք եւ մարդկային ներուժ է հարկաւոր դրա համար, իսկ երբ 10ից մէկին կարողանում ես օգնել, դրանից աւելի աստուածահաճոյ գործ չկայ: Բաւարարուածութեան աստիճանը չափել հնարաւոր չէ:
Կրկնում եմ, այսօրուայ իրականութեան մէջ բազմաթիւ են դէպքերը, երբ դեռահասը իմաստ չի տեսնում սովորելու, դպրոց յաճախելու մէջ: Այսպիսի երեխայով զբաղւում է հանրակրթական դպրոցը. ոչ մի «էլիտար», «ընտրեալ» դպրոց նոյնիսկ մօտ չի գնայ նման երիտասարդին՝ նրան «բանալու», գուրգուրելու եւ համոզելու համար: Դէ իհարկէ, հանրակրթական դպրոցը ոչ միշտ է ի վիճակի «փրկել» այսպիսի երեխային, քանի որ հարիւրաւոր նման աշակերտներ կրթելու խնդրի դէմ է մաքառում:
Առայժմ ընդամէնը խնդիրն ենք ներկայացրել. խնդիր, որը մինչ այժմ կանգնած է եղել հանրակրթական դպրոցների առջեւ եւ նրանց մի մասին ետ է պահել պատշաճ առաջադիմութիւն ցուցաբերելուց: Տարիներ առաջ փորձառու տնօրէններից մէկը նշեց. «Այսօր մեզ վրայ դրուած են հասարակութեան ամենատարբեր բնագաւառներին յատուկ պարտաւորութիւններ. շատերի համար մենք ծնող ենք, եկեղեցի, ապահովութեան գրաւական, հոգեբանական ծառայութիւն, խոհանոց, մարզադահլիճ եւ այլն, եւ այլն»:
Դպրոցը շատ աւելի բարձր ցուցանիշներ կարող էր գրանցել, եթէ հասարակութեան առաջ ծառացած խնդիրները դպրոցի ուսերին չբարդէին: Օրինակ բերեմ. տասնվեցամեայ աղջիկը ստիպուած է փոքրիկ եղբօրը մեծացնել, հայր չունի, մայրը բանտում է, դպրոցը ստիպուած է նրան հանրակառքի տոմս տրամադրել, որպէսզի նա դպրոց յաճախի: Այս աղջիկը, ով ի դէպ չափազանց խելացի է, ամէն րոպէ դպրոցից դուրս մնալու վտանգի տակ է, քանի որ մեծահասակն անգամ նման իրավիճակում կարող է յուսահատուել: Իսկ դպրոցի աշխատակիցները նրան յոյս են տալիս, օգնում են ինչպէս հոգեբանօրէն, այնպէս էլ միջոցներով, ով ինչպէս կարող է:
Մէկ այլ օրինակ. տասնեօթամեայ աղջիկը տնից փախել էր, քանի որ մայրը հարբած վիճակում ամէն օր ծաղրում էր նրան մտաւոր յետամնաց լինելու համար (աղջիկը յատուկ դասարանի ուսանողներից էր): Եւ ի՞նչ էք կարծում, ո՞ւր էր եկել այդ երեխան յորդառատ անձրեւով ողողուած այդ օրը. իհարկէ, դպրոց, քանի որ չգիտէր, թէ ուրիշ որտեղ կարելի էր պատսպարուել ջրհեղեղ յիշեցնեղ անձրեւից, կեանքի հարուածներից: Եւ ո՞վ, եթէ ոչ ուսուցիչը, նրան տուեց իր գրպանի վերջին գումարը, տաք ուտելիք, տաք վերարկու (որ իր վրայից հանեց) եւ անմիջապէս վազեց հեռախօսի մօտ՝ այս որոգայթից ելք որոնելու ակնկալիքով: Երբ կեանքի ու մահուան, նուաստացման եւ արժանապատուութիւնը պահելու, անօթութեան եւ սնուելու հարց է դրւում, ակադեմիական առաջընթացը, ցաւօք, զիջում է իր առաջնային դիրքը:
Այսպիսի օրինակները բազմաթիւ են, պարզապէս հարցրէք ձեր ծանօթ ուսուցչին…
Այժմ նորաձեւ է դարձել դպրոցը եւ ուսուցչին լուսարձակի տակ պահելը: Իսկ ինչպէ՞ս են որոշում արդեօք այս կամ այն դպրոցը պատշաճ առաջադիմութիւն ապահովում է, թէ ոչ: Դրա համար ստեղծուած են մեխանիզմներ, որոնց համար հիմնականում ստանդարտացուած թեստերն (քննութիւնները-Խմբ.) են որոշիչ համարւում: Թեստեր անգլերենից եւ մաթեմատիկայից: Սրանք պարտադիր են նոյնիսկ նրանց համար, ովքեր ընդամէնը մի քանի տարի է, ինչ երկիր են մուտք գործել: Ակնկալում են, որ երկու տարի առաջ Լոս Անջելես եկած մեքսիկացին, հայը, կորէացին, այն թեստը պէտք է յանձնի, որը տրամադրւում է այստեղ ծնուած աշակերտին: Նոյնիսկ եթէ նորեկ երեխան ուժեղ է մաթեմատիկայից (իսկ դա հիմնականում այդպէս է), նա դժուարանում է մաթեմատիկական խնդիրը յաղթահարել, քանի որ լեզուական դժուարութեան առաջ է կանգնում, իսկ այս պարագայում նոյնիսկ մէկ բառի սխալ մեկնաբանումը սխալ պատասխանի է յանգեցնում: Էլ չեմ ասում, որ միեւնոյն խնդիրը լուծելու մի քանի տարբերակ կայ, իսկ ճիշտ է այն, ասում են, որն ընդունուած է այս երկրում, այսպիսին է պահանջը:
Ուրեմն, այնպիսի շրջանում, ուր նոր ներգաղթած աշակերտների թիւը մեծ է (իսկ այդպիսի շրջաններն այնտեղ են, ուր տան վարձերը մատչելի են), դպրոցներում նրանց թիւն էլ շատ է: Հետեւաբար դպրոցը ստիպուած է ահռելի միջոցներ տրամադրել նոր ներգաղթածների լեզուական մակարդակի բարձրացման վրայ: Իսկ այսօրուայ պայմաններում այդ միջոցներն օրհասական սանդղակի վրայ են:
Ցաւօք սրտի, այսօր կրթական համակարգը բարելաւելու գործին կցուել են ոչ միայն սրտացաւ մարդիկ, այլ անհատներ, ովքեր քաղաքական «յաղթանակներ» գրանցելուց բացի ուրիշ նպատակներ չունեն: Կրթական համակարգը կարիք ունի հիմնային ուսումնասիրութեան, այն չի կարող հասարակութեան մէջ առկայ ցաւոտ խնդիրներից անջատ ուսումնասիրուել: Ընդհանուր առմամբ ուսուցիչներին քաւութեան նոխազ սարքելը հեշտ է (խօսքս անպարտաճանաչ եզակի դասատուների մասին չէ, ովքեր ատում են իրենց գործը եւ ստիպուած են աշխատանքի գնում. այսպիսիք սովորաբար երկար չեն դիմանում), բայց սա հարցի լուծում չէ: Դպրոցի առջեւ այսօր բազմաթիւ խնդիրներ կան նախահաշուի կրճատում, դասարանում աշակերտների թուի աւելացում, սպասարկու անձնակազմի կտրուկ նուազում, գրադարանների գրեթէ իսպառ վերացում, երաժշտական, մարզական եւ այլ դասաժամերի բացակայութիւն, արտադպրոցական դասաժամերի կտրուկ նուազում, վարչական անձնակազմի խիստ կրճատում (նախկին 5 փոխտնօրէնների աշխատանքն այսօր լաւագոյն դէպքում 2ն են կատարում), անհրաժեշտ գրենական պիտոյքների կտրուկ պակաս, տնտեսական ճգնաժամի հետեւանքով կրկնապատկուած ամուսնալուծութիւնների պատճառով ձեւաւորուող ու առաջացող բազմաթիւ խնդիրների դիմակայում. այս ցանկը կարելի է աւելացնել մինչեւ անսահմանութիւն:
Այս պարագայում բարեխիղճ ուսուցիչն իր լաւագոյնն է անում աշակերտին գիտելիքներ տալու, նրան փողոցից ու բանտից ետ պահելու, հասարակութեանը պիտանի մարդ դաստիարակելու տեսանկիւնից:
Առաջադիմութեան հետ կապուած խնդիրները լուծելու համար մասնագէտների մի խումբ առաջարկում է կենտրոնացուած դասաւանդման գաղափարը: Այս մոդելը զգալի արդիւնքներ է գրանցել աշխարհի տարբեր հատուածներում: Սրա ընդդիմախօսները պնդում են, սակայն, որ կենտրոնացուած համակարգը բազմակարծութեան եւ ժողովրդավարութեան ոխերիմ թշնամին է: Բայց կարծես թէ առաջին մօտեցումը գերակայում է այս օրերին:
Կրթական ընթացքը բաւական բարդ ու դինամիկ զարգացում ունի, անընդհատ շարժման մէջ է, եւ չի կարելի այն դիտել հասարակական, տնտեսական եւ մի շարք այլ համակարգերից անջատուած: Դպ-րոցը ծնողների աջակցութեան կարիքն ունի: Աջակից եւ մասնակից ծնողի երեխան աւելի մեծ հաւանականութիւն ունի բարձր առաջադիմութիւն ցուցաբերելու: Հայ ծնողներից ոմանք կոյր վստահութեամբ են լցուած դպրոցի հանդէպ, իսկ դա մէկ այլ ծայրայեղութիւն է: Դպրոցի հետ անընդհատ կապն աւելի է մեծացնում աշակերտի յաջողակ լինելու հնարաւորութիւնը. մի զլացէք պարբերաբար դպրոց յաճախելու գաղափարից: Այս եւ այլ կրթական թեմաներին կանդրադառնանք առաջիկայում աւելի հանգամանօրէն:
Ամանորի առիթով ցանկանում եմ շնորհաւորել բոլորիդ, յատկապէս ուսուցիչներին եւ կրթութեան բնագաւառում աշխատող բոլոր անձանց (անկախ նրանից, թէ որ համակարգում են զբաղուած հանրակրթական, «charter», թէ մասնաւոր), մաղթել քաջ առողջութիւն եւ երջանկութիւն ձեզ, ձեր ընտանիքներին եւ մերձաւորներին: Օգտուելով առիթից կ՛ուզենայի յատուկ շնորհակալութիւններս եւ շնորհաւորանքներս յղել CASPS (Հանրային դպրոցների հայ աշակերտների կոմիտէ) եւ AEF (Հայկական կրթական հաստատութիւն) կազմակերպութիւնների անդամներին՝ հայ աշակերտին, հայ դպրոցին սատար կանգնելու գործում նուիրեալ լինելու համար: Ամանորեայ բարեմաղթանքներս տիկին Ալիս Պետրոսեանին՝ սփիւռքահայ իրականութեան մէջ կրթական աննախադէպ առաջնորդի յատկանիշներով օժտուած լինելու եւ իր փորձը Հայաստան աշխարհին անշահախնդիր ձեւով նուիրելու բազմաթիւ առիթների եւ պատրաստակամութեան համար: Ինչպէս նաեւ բոլոր գործընկերներիս (ծանօթ թէ անծանօթ) Նոր տարում մաղթում եմ ուժ եւ կարողութիւն Ձեր առջեւ դրուած շնորհակալ աշխատանքը բարձրագոյն ձեւով կատարելու՝ աշակերտին ու ծնողներին ծառայելու ճանապարհին:
khachigmelekyan@aol.com