ՌԻՄԱ ՊՕՂՈՍԵԱՆ

Որեւէ ազգի կնոջ դերը քննարկելիս, երեւի պիտի սկսել ընտանիքից ու պիտի ասել, որ ընտանիքի կազմաւորման արմատները, որպէս սոցիալական կայուն միաւոր, սկիզբ է առել հազարամեակներ առաջ, գրեթէ Նոր Քարի դարի վերջերը:
Այդ կայուն միաւորի առաջացումից յետոյ, մայր իշխանութեան ժամանակահատուածում, կինն է հանդիսացել ընտանիքում իշխող դեր ստանձնողը, եւ դա խօսուն փաստն է, որ կինը, ի սկզբանէ, ի վիճակի է եղել իր փխրուն ուսերի վրայ տանել ծանր պարտականութիւններ, այն էլ՝ պատւով:
Խօսելով հայ կնոջ, եւ ընտանիքում ու հասարակական կեանքում նրա ունեցած դերի մասին, նաեւ իր ձեռքբերումների մասին՝ մինչեւ 21րդ դար, պիտի խոստովանել որ դժուար է եղել այդ. հայ կնոջը հէնց սկզբից վիճակուել է այնպիսի ճակատագիր, ինչպիսին եղել է մեր պայքարով լի պատմութիւնը, այդու հանդերձ բարձր է եղել կնոջ նկատմամբ յարգանքն ու սէրը՝ մեր ժողովրդի կողմից:
Փաստը՝ մեր հին կրօնի, հեթանոսական շրջանի աստուածուհիներին տրուած փաղաքշական անուններն ու նրանց համար սահմանուած դերերն են: Օրինակ՝ Անահիտը կրել է «սնուցող մայր», «ոսկի մայր», «ոսկեմատն» ածականները ու հանդիսացել է պտղաբերութեան, արգասաւորութեան գլխաւոր աստուածուհին: Հետագայում քրիստոնէութեան հաստատումից յետոյ, Անահիտի պաշտամունքը վերածուել է Մարիամ Աստուածածնի պաշտամունքի տիպար:
Մեր պատմութեան ամբողջ տեւողութեան ընթացքում, հայ կինը հայ ընտանիքի հիմնասիւնն է հանդիսացել. բաւական է նոյնիսկ մեր բանաստեղծների տողերը վկայակոչելով հաւատալ, որ այդպիսին է եղել, եւ կարեւոր է, որ այդպիսին լինի նաեւ այսուհետ:
Խօսքը տանք Յովհաննէս Շիրազին, որ այսպէս է բնութագրել հայ մօրը, հայ կնոջը:
Մեր յոյսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրօրոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մայրս՝ մեր հացն է մայրս,
Մեր տան Աստուածն է մայրս…
Ազգը կազմուած է ընտանիքներից. եւ որքա՛ն առողջ լինեն ընտանիքները, նո՛յնքան եւս առողջ կը լինի ազգը եւ մարդկային մեծ ընտանիքը:

Հայ կինը ի սկզբանէ, եւ երեւի բնազդաբար, աւելի շատ հակուած է եղել իր մայրական դերը լի ու լի կատարելու, իր կեանքը ինքնամոռաց նուիրաբերելու իր զաւակներին ու նաեւ իր ժողովրդին, քանզի պատմութեան մութ ու դժնդակ ժամանակահատուածներում, երբ ընտանիքի հայրը ստիպուած է եղել հայրենի հողը պաշտպանելու, հայ մայրն է տիրութիւն արել իր ընտանիքին, ցուցաբերելով գերմարդկային զոհողութիւններ:
Մեր պատմութեան ընթացքում հանդիպում ենք հայ թագուհիների, իշխանուհիների, որոնք գերուած կամ թշնամու կողմից նենգաբար սպաննուած ամուսինների սուգը սրտում, նրանց բացակայութեան ժամանակ հայրենիք ու պատիւ են պաշտպանել. չմոռանանք Փառանձեմներին, Մամիկոնեան տոհմի Շուշանիկներին, երբ հաւատքի պատերազմի բախտորոշ օրերին, իրենց ամուսինների դաւաճանութիւնն իսկ չընկճեց նրանց եւ ի սէր քրիստոնէական հաւատքի, ընտրեցին նահատակութեան ճամբան, պայծառ յիշատակ թողնելով պատմութեան էջերում։ Միթէ կը մոռացուեն Սօսէ Մայրիկների պէս հայ կանայք, որոնք իրենց ամուսինների եւ զաւակների կողքին պայքար էին մղում չարի դէմ…
Իսկ ինչպէ՞ս չպաշտել այն հայ մայրերի յիշատակը, որ եղեռնի ահազարհուր օրերին, կիսամեռ վիճակում, անապատի շիկացած աւազների վրայ հայոց այբուբեն էին դաջում եւ մայրենի լեզու ուսուցանում իրենց տարաբախտ մանուկներին:
Զուր չէ, որ Պարոյր Սեւակը այսպէս է բնութագրել հայ մօրը՝.
Այս ձեռքերը, մօր ձեռքերը՝
Հինաւուրց ու նոր ձեռքերը…
Ինչե՞ր, ասես որ չեն արել այս ձեռքերը,
Երկինք պարզած սիւն են դառել այս ձեռքերը,
Որ չփլի իր տան սիւնը՝
Որդին կռուից դառնայ տունը:
Քար են քաշել, սար են շրջել այս ձեռքերը՝
Նուրբ ձեռքերը, սուրբ ձեռքերը…

Հայ կնոջ, հայ մօր նոր ու անզուգական չափանիշեր սահմանեցին հայ կանայք, յատկապէս ետ-եղեռնեան տարիներին, երբ հայրենի հողից զրկուելով, ստիպուած եղան ապաստանել անծանօթ ու խորթ երկրներ եւ նրանց անչափելի զողոհութիւնների, նուիրումի ու հաւատքի յոյսով էր, որ հայ ազգը յառնեց մոխիրներից, ոտքի կանգնեց եւ իր երթը շարունակեց դէպի լուսաւոր գալիքներ: Այդ ժամանակ էր, որ հայրենի բնօրրանի յուշն ու յիշատակը իր զաւակներին փոխանցելը դարձաւ հայ կնոջ նոր դաւանանքը, որպէսզի ազգը դիմանայ եւ ազգի ապագայ սերունդները իրենց իրաւունքների տէրը դառնալու բախտին արժանանան:
19րդ դարու վերջին քառորդում եւ 20րդ դարու ամբողջ տեւողութեան ընթացքում, ընդհուպ 21րդ դար՝ հայ կինը դժուարին, բայց արգասալից ճամբայ է կտրել թէ՛ հայրենիքում եւ թէ հայրենի սահմաններից դուրս, սփիւռքում, հայ կինը կեանքի բոլոր բնագաւառներում, իր բնածին շնորհների ու տոկունութեան պատճառով բարձրունքների է հասել. բաւական է թուել անուններ, համոզելու համար, որ դա այդպիսին է եղել:
Յիշենք Շուշանիկ Կուրղինեանին, որ իր բանաստեղծութիւնների ընդմիջից պայքարի շեփոր է հնչեցրել բռնապետների ու բռնութիւնների դէմ: Ռուբինաները, Եղիսաբէթ Զօրեանները, որոնք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերը մտնելով, ուս ուսի իրենց պաշտելի ռահվիրաների կողքին, ազատութեան ճամբան էին հարթում: Սիրանուշները հայ բեմին են ծառայել, այն էլ այնպիսի ժամանակաշրջանում, երբ աշխարհի շատ ու շատ երկրներում կինը թաղուած էր յետամնացութեան թանձր խաւարում: Սովետական կարգերի օրով, ոչ ազատ պայմաններում, մեր հայրենիքի նուիրեալ կանայք արուեստի գագաթնակէտին հասան: Բաւական է յիշել բանաստեղծութեան երկնակամարում շողշողացող Սիլվա Կապուտիկեանի թանկ անունը, Լուսինէ Զաքարեանի՝ որը հայ սրբասուրբ շարականները յաւերժացնող եզակի երեւոյթ էր: Անուանի հայ կանանց ցանկը, կարելի է ասել, որ շատ երկար է, բայց կ՛ուզէի այստեղ յիշել մի ուրիշ հայուհու անունը, որը 1920 թուականին, Հայաստանի հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցիչ էր նշանակուել ծայրագոյն արեւելքում, դառնալով նման պաշտօն ունեցած առաջին կինը՝ աշխարհում եւ դա անգլիագիր գրող, դիւանագէտ եւ բարերարուհի Դիանա Աբգարն էր:

Հայ կինը 21րդ դար է թեւակոխում բաց ճակատ. 21րդ դար է թեւակոխում ՝ տօնելով 100 տարի առաջ Ակնունու միջոցով հիմնադրուած եւ իրեն՝ հայ կնոջ վստահուած ՀՕՄի 100 ամեակի տօնակատարութեամբ, մի կառոյց՝ որը իր հիմնադրութեան առաջին իսկ օրից ուխտեալների հաւաքատեղի դարձաւ, որպէսզի հայ կինը ազգի կարօտեալ զաւակներին նեցուկ դառնայ եւ ամոքի հայ որբի ու կարօտեալի ցաւը: Այս մարդասիրական եզակի կազմակերպութիւնը, որն այժմ ունի 15,000 նուիրեալների ստուար մի բանակ եւ գործունէութիւն է ծաւալում 26 երկրներում, հայ կնոջ փայլուն վկայականը կարելի է համարել, որը միշտ եղաւ ժողովրդի համար եւ ժողովրդի հետ:
2010 թուականը, բարեբաստիկ թուական է հայ կնոջ համար, այն առումով նաեւ, որ ՆՍՕՏՏ Արամ Ա. վեհափառը «Հայ Կնոջ» տարի հռչակեց, հաւատացած լինելով, որ հայ կինը արժանի էր այդ պատուին, իսկ վեհափառի յորդորն է, որ այսուհետ ո՛չ մի դուռ փակ չպիտի լինի հայ կնոջ առջեւ, քանզի բոլոր պաշտօններին էլ արժանի է 21րդ դար թեւակոխած յառաջադէմ հայ կինը, եւ՝ այր մարդուն համահաւասար դիրք ու պարտաւորութիւններ ստանձնելու ատակ անձ:
Ըստ երեւոյթին մեր հայրենիքում, Հայաստանի հանրապետութիւնում փակ դռներ չկան հայ կնոջ առջեւ, քանզի նորաստեղծ սփիւռքի նախարարութեան գլխաւոր պաշտօնը զբաղեցնում է տիկին Հրանուշ Յակոբեանը, որը հայրենասէր ու համարձակ նախարարուհի է. այդուհանդերձ, կարեւոր է կանանց յաւելեալ ներգրաւումը պետական կառոյցների մէջ, եւ կանանց ու տղամարդկանց իրաւունքները փաստացի կերպով պիտի որ հաւասար լինեն, քանզի, ինչպէս դաշնակցական պատգամաւոր Լիլիթ Գալստեանն է արտայայտուել վերջերս, իր հարցազրոյցներից մէկում. «միշտ էլ կանացի իրողութիւններն օգտագործող հասարակութիւնները միայն շահում են, եւ պէտք է որ մեր երկրում եւս այդ հնարաւորութիւններն ստեղծուեն հայ կանանց համար», ասել է նա։
21րդ դարում, հայաստանաբնակ հայ կնոջ բոլոր իրաւունքները պիտի որ պաշտպանուած լինեն, որպէսզի հայ կինը, հայ մայրը հարեւան երկրներ գալով, ստիպուած չլինի զարտուղի ճամբէքով հաց վաստակելու պարտադրանքի տակ գտնուի:
Հայ կինը, աշխարհի որ երկրում էլ որ ապրում է, եթէ իր ապրած օրէնքները նպաստած են կանանց յառաջադիմութեան համար եւ կանանց զարգացումը ընդունում է առանց լուրջ խոչընդոտների. հայ կինը առաւելագոյնս է օգտագործում, բոլոր հնարաւորութիւնները, որպէսզի քայլ պահի ժամանակի հետ եւ դրա խօսուն վկան՝ հէնց մեր ապրած երկրում այն բոլոր հայ կանայք են, որոնք տիրապետում են:
21րդ դարու պատշաճ բոլոր կրթութիւններին եւ զբաղեցնում են ցանկացած պաշտօն ու դիրք, եւ յաճախ գնահատւում են այս երկրի կառոյցների կողմից, որպէս իրական փայլուն մշակներ, գործարարներ եւ այլ բնագաւառների մէջ աշխատող օրինակելի արհեստավարժ անհատներ։ Հէնց այս տարի էր, որ մեր սիրելի հայուհիներից մէկը Քալիֆորնիայի ծերակոյտի անդամ Քարոլ Լուի կողմից արժանացաւ «Տարուայ Կին» մրցանակին, հայկական կազմակերպութիւններից ներս իր տարած կամաւոր աշխատանքի համար, իսկ նման եւ այլ մրցանակների արժանացած հայ կանանց թիւը մեր գաղութիւց ներս եւս քիչ չէ:
«Հայ կնոջ տարի» լինելով, այս տարի հայկական որոշ կազմակերպութիւններ եւ միութիւններ եւս մեծարանքի իրենց տուրքը մատուցեցին այն հայ կանանց, որոնք ազգային եւ մշակութային գետնի վրայ, աչքի էին ընկնում իրենց նուիրուածութեամբ եւ հայ գաղութիւն լաւագոյնս ծառայած լինելու բերումով:
«Հայ կնոջ տարի» լինելու բերումով, սփիւռքի որոշ գաղթօջախներում տեղի ունեցան դասախօսութիւններ, մեծարման երեկոներ եւ այլ միջոցառումներ, որոնցում քննարկուեցին հայ կնոջ դերը, առաքելութիւնը եւ հայ կնոջ անուրանալի նպաստը իր հայրենիքին ու ժողովրդին:
Այդուամենայնիւ յիշենք, որ հայ կինը նախ եւ առաջ մայր է եւ մայր կոչումը սրբազանագոյճ կոչումն է:
Յովհաննէս Շիրազը այսպէս է բնութագրում մօրը.
Երբ աշխարհ եկաւ մայրիկս բարի՝
Աստուած շշնջաց՝ աւելնորդ եմ ես,
Այն օրից ահա այս ողջ աշխարհի
Միակ Աստուածը մայրերն են մեր հեզ:
Քանզի առաջին հերթին մայրն է, որ կերտում է նորածին մանուկի կերպարը, որպէս մարդ, այդ կերպարը սկզբից պիտի որ կերտուի անսահման հոգատարութեամբ, նուիրումով ու համբերութեամբ, եւ որքան փափաքելի է, որ հայ մայրը այդ կերպարը կերտելիս չմոռանայ իր ազգային առաքելութիւնը եւ հայ մանուկին սնանի մարդկային արժանիքներով:
Իսկ 21րդ դարու հայ կինը իր կողքին պիտի ունենայ գիտակից ամուսին, կեանքի ընկեր, որը հաւասարապէս կիսի իր զաւակին կրթելու այն հսկայական եւ պարտաւորացուցիչ բեռը, որը յաճախ հայ մայրը առանձին է տանում: Կարեւոր է, որ ընտանիքի հայրը ամէն քայլափոխի, ընտանիքի մօր կողքին լինի եւ սատարի հայ մօրը՝ իր առաքելութեան դժուարին ճանապարհին, որպէսզի հայ ընտանիքում մեծացած հայ անհատը դառնայ այն մարդը, որին այսօր ու վաղը ամենից շատ պէտք ունեն հայ գաղթօջախները, Հայաստան աշխարհը, հերոսական Արցախը, քանզի եթէ մեր սերունդներին իրապէս հայեցի դաստիարակութիւն ջամբել յաջողենք, կարելի է նաեւ յոյս փայփայել, որ մեր երազանքները եւ արդար դատը կ՛ունենան իրենց նուիրեալները եւ վաղ կամ ուշ կը գայ մեր փայփայած երազանքների իրականացման օրը՝ արդար իրաւունքների հատուցման օրը:
Ի վերջոյ ի՞նչ է մեզանից սպասուում. հայ կինը պէտք է մնայ, բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքների ճառագայթող ներկայութիւն, հետեւաբար պատասխանատուութեան խոր գիտակցութեամբ ու լրջութեամբ տէր կանգնենք մեր մատաղ սերնդին ու մեր հայրենիքին:
Իր ժողովուրդին ծառայող անձը, ծառայում է նաեւ ողջ մարդկութեանը (. Քենեդի):
Փառք ու պատիւ ձեզ, սիրելի մայրեր, քոյրեր եւ ընկերուհիներ: