ՀՐԱՆՏ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
(Պատմական Գիտութիւնների Դոկտոր, Պրոֆէսոր)
Քննարկուող հարցը կարեւոր է նրանով, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ձեւաւորումից յետոյ այն շուտով մտաւ նաեւ Արցախ-Ղարաբաղ, լայն արմատներ գցեց եւ զգալի աշխատանք կատարեց թէ՛ 19րդ դարի իննսունական թուականներին եւ թէ 1905-1906 թուականների ազգամիջեան ընդհարումների ժամանակ, իսկ 1917-1920 թուականներին կանգնած էր Արցախում տեղի ունեցած իրադարձութիւնների

գլուխ: Եւ այդ ամբողջ ժամանակաշրջանում Արցախում ՀՅԴ գործունէութեան մասին որեւէ ընդհանրացնող յօդուած կամ գիրք չի գրուել, չնայած մի շարք հեղինակներ իրենց գրքերում կամ յօդուածներում մասնակիօրէն անդրադարձել են ՀՅԴ Շուշիի կոմիտէին առնչուող այս կամ այն հարցերին:(1) Մեր խնդիրն է սոյն յօդուածում ընդհանուր գծերով ցոյց տալ 1917-1920 թուականներին Արցախ-Ղարաբաղում ՀՅԴ գործունէութիւնը: Մեր ձեռքի տակ չունենալով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ար-խիւը՝ ստիպուած էինք օգտուել նշուած աշխատութիւններից, ժամանակի մամուլից եւ Հայաստանի ազգային արխիւում (ՀԱԱՅ) պահուող նիւթերից:
1917թ. Փետրուարեան յեղափոխութիւնից յետոյ, Արցախում գործում էին հիմնականում հինգ քաղաքական կուսակցութիւններ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, բոլշեւիկներ, մենշեւիկներ, էսէոներ (սոցիալ-յեղափոխական) եւ կադետներ (սոցիալ-ժողովրդավարական):
Արցախի քաղաքական ուժերը ուշադիր հետեւում էին Ռուսաստանում եւ Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձութիւններին: Առաջին ժողովրդական ցոյցերի ժամանակ քաղաքական եւ հասարակական ուժերի ներկայացուցիչներն իրենց ելոյթներում կոչ էին անում պաշտպանել Անդրկովկասի յատուկ կոմիտէի (Կիըխկծ) ձեռնարկումները, լայնօրէն պայքարել հին կարգերը լիովին ոչնչացնելու եւ տեղերում ժողովրդավարական իշխանութիւններ հաստատելու համար: Մարտի 13ին կազմակերպուեց 39 հոգուց բաղկացած Ղարաբաղի գործերի կոմիտէ (ՂԳԿ), որը ղեկավարում էր երկրամասը:(2) Կոմիտէն ընտրեց 8 հոգուց բաղկացած նախագահութիւն: Այդ նորաստեղծ իշխանութիւնը տարածւում էր Արցախ-Ղարաբաղի դաշտային, լեռնային եւ Զանգեզուրի շրջաններում: Սակայն ժամանակի մամուլի հաղորդմամբ, գործադիր կոմիտէում մեծամասնութիւնը կազմում էին «հին ռեժիմի գործակալներ… Ժողովրդի թշնամիներ»:(3)
Արցախը խիստ վնաս էր կրել երաշտից եւ բնակչութեանը սպառնում էր սովը: Նրանց պարէնով ապահովելու հարցը դարձել էր հրատապ, որին ակտիւօրէն մասնակցում էին քաղաքական կուսակցութիւնները, մանաւանդ Դաշնակցութիւնը, որի «Ապառաժ» թերթը քարոզչական լայն աշխատանք էր տանում այդ ուղղութեամբ եւ իշխանութիւններից պահանջում հետեւողականօրէն լուծել պարէնաւորման հարցը:
1917թ. գարնանը Լեռնային Ղարաբաղում առաջ եկան աշակերտական, ուսուցչական, արհմիութենական միութիւններ, արհեստաւորների, զինուորների եւ բնակչութեան այլ խաւերի ակումբներ: Ստեղծուեցին նաեւ սպառողական եւ գիւղական «կօպերատիւ» ընկերութիւններ: Շուշիում բացւում է Ժողովրդական տուն,(4) որը ղեկավարելու համար տարբեր կուսակցութիւններից ընտրւում է մի մարմին հետեւեալ կազմով՝ Ալեքսանդր Ծատուրեան (Ռուբէնի), Հայկ Յովակիմեան, Հայրապետ Մուսայէլեան, Ռուբէն Տէր Գասպարեան եւ Ս. Զաքարեան:(5)

Հայրապետ Մուսայէլեան հանդիսացել է ՀՅԴ Ղարաբաղի «Ապառաժ» կոմիտէի նախագահը եւ խմբագրել է կուսակցութեան «Ապառաժ» թերթը:(6) Հայրապետ Մուսայէլեանը, որը Եղիշէ Իշխանեանի բնորոշմամբ, հանդիսացել է «բարձրորակ եւ լրջախոհ մտաւորականներից մէկը», ոչինչ չէր խնայում Արցախում Դաշնակցական կուսակցութեան գործունէութեան ընդլայնման եւ արցախահայութեան արդար դատը պաշտպանելու համար: Նա, մանաւանդ 1917-1919 թուականներին, մինչեւ իր մահը, օր ու գիշեր հանգիստ չունէր, անընդհատ գտնւում էր շարժման մէջ. թէ՛ բնակչութեան հետ ունեցած հանդիպումների եւ թէ Շուշիի Ժողովրդական տանը կարդացած դասախօսութիւնների ժամանակ, երկրամասի բնակչութեանը կոչ էր անում խորացնել ժողովրդավարութիւնը, պայքարել անիշխանութեան, աւազակութեան, ազգայնամոլութեան դէմ եւ երբեք չնահանջել ժողովրդի շահը պաշտպանելուց: Եղիշէ Իշխանեանը յիշում է, որ երբ 1917թ. Յուլիսին, ինքը Պետերբուրգից վերադառնում է Շուշի, տեսնում է տեղում ՀՅԴ Շուշիի ԿԿի անդամների մեծամասնութիւնը՝ Հայրապետ Մուսայէլեան, Յարութիւն Թումեան, Անուշաւան Տէր Միքայէլեան, Աստուածատուր Աւետիսեան, Գրիգոր Ղարագէօզեան եւ Արամ Բաղդասարեան:(7) ՀՅԴ Շուշիի ԿԿի այդ կորիզը Փետրուարեան յեղափոխութիւնից յետոյ նպաստեց երկրամասում վերականգնել արհեստակցական միութիւնները, որոնց անդամների թիւը հասնում էր 800ի:(8)
1917թ. ամրանը եւ աշնանը Արցախում պէտք է տեղի ունենար խորհուրդների վերընտրութիւններ, իսկ աշնանը՝ Քաղաքային ինքնավարութեան (Դումա) եւ Սահմանադիր ժողովի ընտրութիւններ: Քաղաքական բոլոր կուսակցութիւնները պայքարում էին այդ ընտրութիւններում տեղեր նուաճել: Բոլշեւիկների «Նեցուկ», Դաշնակցութեան «Ապառաժ», մենշեւիկների «Փայլակ» եւ այլն պարբերականներ առաջ քաշեցին Ղարաբաղի գործադիր կոմիտէ ընտրելու հարցը: «Նեցուկ»ը, որը Ներհակ մականունով խմբագրում էր Աշոտ Յովհաննիսեանը, պահանջում էր լիովին վերակառուցել ժողովրդական մարմիններ հանդիսացող խորհուրդները: Բոլշեւիկները միւս քաղաքական ուժերին զգուշացնում էին, որ եթէ իրենց պահանջը չկատարուի, ապա իրենք կը հեռանան խորհուրդներից: Մինչդեռ, ի հակառակ բոլշեւիկների, Դաշնակցութիւնը ոչ մի կերպ չէր «կամենում հաշտուել ՍԴների պահանջի հետ»:(9)
1917թ. Սեպտեմբերի 29ից մինչեւ Հոկտեմբերի 13ը, Թիֆլիսում տեղի է ունենում Հայոց ազգային համախորհրդակցութիւն, որին Արցախից մասնակցում է Դաշնակցութիւն կուսակցութեան անդամ Հայկ Յովհաննիսեանը: Բոլշեւիկները, այդ թւում նաեւ Ղարաբաղի, հրաժարւում են մասնակցել համախորհրդակցութեանը: Նոյնիսկ «Նեցուկը» Սեպտեմբերի 28ին Ներհակի ստորագրութեամբ տպագրած «Ազգային համախորհրդակցութիւն» վերատառութեամբ յօդուածում, Հայոց ազգային համաժողովը բնորոշել է որպէս՝ «…հայ կղերականութեան, վաճառականութեան եւ մանր բուրժուազիայի ներկայացուցչութիւն», եւ կոչ է արել «բոյկոտ»ի ենթարկել ազգային համախորհրդակցութիւնը ու «մերկացնել հայ բանուորութեան առաջ ազգային այդ խորհրդակցութեան հակաժողովրդական բովանդակութիւնը»: Հակառակ բոլշեւիկների այդ սնանկ տեսակէտի եւ պահուածքի, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը պնդում էր աներկբայ մասնակցել Հայոց համազգային համախորհրդակցութեանը եւ իր մասնակցութիւնն ունենալ նրա աշխատանքներին:

1917թ. Հոկտեմբերի 22ին եւ Նոյեմբերի 26ին տեղի են ունենում Շուշիի քաղաքային ինքնավարութեան եւ Սահմանադիր ժողովի ընտրութիւնները: Քաղաքային ինքնավարութեան ընտրութիւնների համար ներկայացուած չորս ցուցակներից չորրորդը հանդիսացել է ՀՅԴ ցուցակը: Մօտ 6000 հայ ընտրողներից, քուէարկութեանը մասնակցում է 50 տոկոսը, եւ քաղաքի ինքնավարութեան անդամներ ընտրուած 27 հայերից 12ը Դաշնակցութեան անդամներ էին: Եղիշէ Իշխանեանի բերած տուեալներով, Դաշնակցութեան օգտին հայերի եւ թուրքերի կողմից տրուել է 3700 ձայն:(10) Աբրահամ Կիսիբեկեանը յետագայում գրել է, թէ Շուշիի ինքնավարութեան ընտրութիւններում հանդէս էին գալիս բոլոր քաղաքական կուսակցութիւնները, սակայն նրանցից միայն Դաշնակցութիւնն էր, որը հանդէս եկաւ գաւառներում եւ հասաւ յաջողութիւնների:(11)
Պայքարի նոր պայմաններում անցաւ Սահմանադիր ժողովի ընտրութիւնները: Այն կազմակերպելու համար, Անդրկովկասի յատուկ կոմիտէի կողմից որպէս պատասխանատուներ էին նշանակուել Հայրապետ Մուսայէլեանը եւ թուրք Լիւֆտալի բեկ Բեհբուդովը:(12) Սահմանադրական ընտրութիւններին մասնակցած հայ ընտրողների շուրջ 90 տոկոսը քուէարկեցին Դաշնակցութեան ցուցակի օգտին, որը թուով չորրորդն էր Կովկասի բոլոր նահագներում:(13) Այս փաստերը խօսում են այն մասին, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերը զգալիօրէն բարձրացել էր Արցախում եւ վայելում էր բնակչութեան մեծամասնութեան յարգանքը:
1917թ. Հոկտեմբերեան իրադարձութիւններից յետոյ, Նոյմեբերի 15ին «Կիըխկծ»ի փոխարէն, ստեղծուեց Անդրկովկասեան կոմիսարիատ, որը պէտք է գոյութիւն ունենար մինչեւ Սահմանադիր ժողովի հրաւիրումը: Յարութիւն Թումեանը յետագայում գրել է, որ Հոկտեմբերից յետոյ Արցախում առաջ եկած նոր պայմաններում, «Սեփական ժողովրդի կենսական շահերը, ազգամիջեան համերաշխութիւնն ու խաղաղութիւնն ապահովելու հրամայական անհրաժեշտութիւնը պահանջում էին ընդհանուր գործի շուրջը համախմբել հասարակութեան բոլոր ազնիւ, կարող, ձեռներէց, անձնուէր ու գործուն ուժերը՝ անկախ նրանց քաղաքական հայեացքներից, եւ նրանց մասնակցութեամբ ստեղծել մի կոալիցիոն հեղինակաւոր մարմին՝ երկրի կառավարման համար: Իսկ երբ հանգամանքները թոյլ կը տային՝ յետագայում հրաւիրել ժողովրդական համագումար եւ նրա ընտրութեամբ կազմել օրինական կառավարութիւն»:(14)

Երկրամասը բոլոր սադրանքներից զերծ պահելու եւ ժողովրդի անդորրը պահպանելու համար, Արցախի քաղաքական ուժերը որոշում են հրաւիրել հայ կուսակցութիւնների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչների հաւաք, ու վճռել հետագայ անելիքները: Հաւաքը տեղի է ունենում Դեկտեմբերի 13ին, իրաւաբան, մենշեւիկ Լեւոն Վարդապետեանի բնակարանում: Հաւաքի մասնակիցները միաձայն յանգում են այն եզրակացութեան, որ պէտք է ստեղծել մի միասնական մարմին՝ տարբեր կուսակցութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ: Այդ մարմնի հիմնական խնդիրը պէտք է լինէր կազմակերպել երկրամասի աշխատաւորներին, վերջ տալ գլուխ բարձրացրած անիշխանութեանը, ապահովել խաղաղութիւն եւ համերաշխութիւն հայերի ու մուսուլմանների միջեւ եւ այլն: Եղիշէ Իշխանեանը, Աբրահամ Կիսիբեկեանը, Արամ Միքայէլեանը, Յարութիւն Թումեանը, Զարէ Մելիք-Շահնազարովը եւ ուրիշներ վկայում են, որ այդ հաւաքը, ելնելով երկրամասում ստեղծուած իրավիճակից՝ որոշում է ստեղծուելիք ժամանակաւոր մարմնի ձեռքում կենտրոնացնել երկրամասի օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնները: Այդ մարմինն անուանուեց Ժամանակաւոր խորհուրդ կամ՝ Միջկուսակցական բիւրօ: Եւ քանի որ քաղաքային ինքնավարութեան եւ Սահմանադիր ժողովի ընտրութիւնների ժամանակ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը փայլուն յաղթանակ էր տարել եւ երկրամասում օգտւում էր մեծ հեղինակութիւնից, մենշեւիկներն ու էսէոները առաջարկում են միւս կուսակցութիւնից երեքական ներկայացուցիչներ մտնեն Միջկուսակցական բիւրոյի մէջ, իսկ «Դաշնակցութեան կողմից՝ աւելի մեծ թւով, ընդհանուր կէսից աւելի»:(15) Յաջորդ օրը տեղի է ունենում Միջկուսակցական բիւրոյի ընտրութիւնները: Անդամներն են ընտրւում Դաշնակցութիւնից՝ Հայրապետ Մուսայէլեան, Անոյշաւան Տէր Միքայէլեան, Եղիշէ Իշխանեան, Յարութիւն Թումեան, Աստուածատուր Աւետիսեան, մենշեւիկներից՝ Լեւոն Վարդապետեան, Աշոտ Մելիք-Յովսէփեան, Նիկոլայ Իսախանեան, էսոեներից՝ Հռիփսիմէ Տէր Միքայէլեան, Արամ Միքայէլեան, Ալեքսանդր Մելքումեան, իսկ բոլշեւիկներից՝ Ալեքսանդր Ծատուրեան, Արմենակ Ղարագէօզեան (Կարակոզով) եւ Մելիքսէթ Եսայեան: Ժողովը բաց քուէարկութեամ ընտրում է բիւրոյի ղեկավարութիւն. նախագահ՝ Հայրապետ Մուսայէլեան, նախագահի տեղակալներ՝ Աշոտ Մելիք-Յովսէփեան եւ Եղիշէ Իշխանեան, քարտուղար՝ Արամ Միքայէլեան: Երկու օր անց, բոլշեւիկների ներկայացուցիչները հրաժարւում են մասնակցել բիւրոյի աշխատանքներին: Արցախում ստեղծուած այդ ծանր պայմաններում, քաղաքական կուսակցութիւնների հետ համագործակցելուց հրաժարուելը Ղարաբաղի բոլշեւիկների կողմից տհաճ քայլ էր, որը վրդովմունք առաջ բերեց միւս քաղաքական ուժերի, մտաւորականութեան եւ աշխատաւորների շրջաններում: Այդ առթիւ, Դաւիթ Անանունը գրել է. «Շուշիում լռեցին կուսակցական վէճերն ու տարաձայնութիւնները: Արտաքին վտանգը ստիպեց հայերին համագործակցութեան ուղիներ բռնել: Ընդհանուր աշխատանքներից հեռու մնացին մի քանի բոլշեւիկներ կոչուածներ, սակայն այդ հոգով ներքինները անկարող եղան խանգարել ուժերի հաւաքական գործին»:(16)

Մահմեդական բնակչութեան հետ յարաբերութիւնները խաղաղ պահելու համար, Միջկուսակցական բիւրօն նպատակայարմար գտաւ լուծարուած գաւառական գործադիր խորհրդի փոխարէն, ստեղծել նոր, աւելի գործունեայ մարմին՝ բաղկացած հայերի եւ մուսուլմանների կողմից հաւասար թուով ներկայացուցիչներից: Միջկուսակցական բիւրօն հայ-թուրքական կոմիտէի կազմի համար ընտրեց ներկայացուցիչներ՝ Հայրապետ Մուսայէլեան, Աշոտ Մելիք-Յովսէփեան, Լեւոն Վարդապետեան, Արամ Միքայէլեան, Արսէն Բակունց, Աստուածատուր Աւետիսեան եւ Եղիշէ Իշխանեան: Դեկտեմբերի 25ին Հասարակական ակումբում տեղի ունեցած հայ եւ մուսուլման ներկայացուցիչների միացեալ նիստը ստեղծեց հայ-թուրքական կոմիտէ անունով մի մարմին, որը պէտք է երկրամասը ղեկավարեր մինչեւ խորհուրդների ընտրութիւնները: Երկու կողմերի համաձայնութեամբ միացեալ կոմիտէի նախագահ է ընտրւում Շուշիի նախկին հաշտարար միջնորդ, ազգութեամբ վրացի Եօսիֆ Իլարիոնովիչ Կոբիեւը, որը յարգուած անձնաւորութիւն էր Արցախում: Նախագահի տեղակալներն են ընտրւում Հայրապետ Մուսայէլեանը եւ Լիւֆտալի բեկ Բեհբուդովը: Այսպիսով, Արցախում ստեղծւում է մի ժամանակաւոր մարմին, որն օժտուած էր օրէնսդիր եւ գործադիր իրաւունքներով:
Միջկուսակցական բիւրոյի ընդհանուր աշխատանքներին դրականօրէն նպաստեց Անդրկովկասի կոմիսարիատի կողմից Շուշիի, æիւանշիրի, Կարեագինոյի եւ Զանգեզուրի քաղաքական իշխանութիւնները վերականգնելու համար՝ Հայրապետ Մուսայէլեանին եւ Լիւֆտալի բեկ Բեհբուդովին կոմիսարիատի լիազօր ներկայացուցիչներ նշանակուելու վերաբերեալ որոշումը:(17)
Կովկասեան ռազմաճակատի ընդհանուր հրամանատարի հրամանագրի համաձայն, հայ ժողովրդի ներքին ճակատների ինքնապաշտպանութիւնը ապահովելու նպատակով հայկական գնդեր են կազմակերպւում Անդրկովկասի հայաշատ բնակավայրերում: Այդ գնդերից էր Շուշիի կամ Արցախի գունդը, որի նպատակն էր՝ Արցախը պաշտպանել մուսուլմանների ոտնձգութիւններից: Գնդի կազմակերպման աշխատանքներն արագացնելու նպատակով, Միջկուսակցական բիւրոյի յանձնարարութեամբ Հայրապետ Մուսայէլեանը 1918թ. Յունուարի սկզբին մեկնում է Թիֆլիս: Գնդի հրամանատար է նշանակւում ծննդով արցախցի, գնդապետ Միքայէլբեկ Մելիք-Շահնազարեանը, իսկ տեղակալ՝ նոյնպէս ծննդով արցախցի, ՀՅԴ անդամ Յովակ (Յովակիմ) Ստեփանեանը, որն մինչ այդ հայկական կամաւորական երկրորդ գնդի առաջին գումարտակի հրամանատարն էր: Գունդը, որի կազմակերպման եւ հանդերձաւորման ամբողջ պատասխանատուութիւնը իր վրայ էր վերցրել Թիֆլիսում կազմակերպուած Արցախ-Զանգեզուր հայրենակցական միութիւնը (նախագահ՝ Լէօ), Թիֆլիսից ճանապարհւում է Փետրուարի 18ին եւ երեք ամսուայ ընթացքում հասնում Զանգեզուր, սակայն թուրքերի կողմից Զաբուխի անցքը փակուած լինելու պատճառով, չի կարողանում անցնել Ղարաբաղ: ՀՅԴ ջանքեր է գործադրում գունդը Շուշի հասցնելու համար, սակայն չի ստացւում: Մինչդեռ այդ գունդը Արցախին շատ էր հարկաւոր: Ասենք, որ ՀՅԴ «Ապառաժ»ի ԿԿն մեծ աջակցութիւն էին ցոյց տալիս ՀՅԴ անդամներ, հայդուկային պայքարում կոփուած Ալեքսան Դային (Ալեքսան Բալասանեան), Դալի Մահրասան (Մեսրոպ Շահջանեան). Մուսան (Մուսա Խաչատրեան) եւ ուրիշներ:

Երկրամասի բնակչութեան պարէնաւորման, ֆինանսական, քոչի եւ ճանապարհներն անվնաս դարձնելու հարցերը քննարկելու համար, 1918 թուականի Ապրիլի 2ին տեղի է ունենում հայ-թուրքական համագումար՝ երկու ազգութիւններից հաւասար թուով 45ական պատգամաւորների մասնակցութեամբ, որտեղ նախագահում էին Անդրկովկասեան կոմիսարիատի ներկայացուցիչներ Հայրապետ Մուսայէլեանը եւ Լիւտֆալի բեկ Բեհբուդովը: Համագումարը որոշում է պայքարել անիշխանութեան դէմ, միասնական պայքար տանել գողերի, աւազակների, կարգազանցների նկատմամբ, նպաստել գիւղացիների արտադրած մթերքների իրացմանը եւ այլն: Քոչուորների հարցը խիստ սուր էր: Այն քննարկւում է Ապրիլի 29ին Խաչէնի Դաշբուլաղ գիւղում տեղի ունեցած Խաչէն-Վարանդայ գիւղացիական համագումարում, որին մասնակցում են Արցախի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վահան Տէր Գրիգորեանը, Հայրապետ Մուսայէլեանը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ: Թեմակալն իր ողջոյնի խօսքում կոչ է անում այնպիսի որոշումներ ընդունել, որը «չխախտի խաղաղութիւնը եւ չվնասուի մեր ժողովուրդը»: Երկար վիճաբանութիւնից յետոյ որոշւում է քոչուորներին ճամբայ տալ սարերը բարձրանալ, պայմանով, եթէ նրանք զէնք չկրեն եւ վերացնեն հայերին մթերք վաճառելու «բոյկոտ»ը:(18) Չնայած արցախցիների այս զիջումներին, Շուշիի մուսաւաթականների պարագլուխներից բժիշկ Քեարիմբեկ Մեհմանդարովը եւ նրա համախոհները մուսուլման բնակչութեանը գրգռում էին հայերի եւ երկրամասի իշխանութիւնների դէմ: Նրանց ճնշման հետեւանքով, Աղդամի եւ հարեւան շրջանների մուսուլմանները հրաժարուեցին հացահատիկ եւ այլ սննդամթերքներ վաճառել հայերին:
Այդ ժամանակ շատ հրատապ էր Գորիսի հետ ընդհատուած կապի վերականգնումը: Զանգեզուրը նոյնպէս կտրուած էր բոլոր կողմերից եւ Արցախի պէս գալարւում էր սովի ճիրաններում: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախաձեռնութեամբ շտապ Գորիս է մեկնում մի պատուիրակութիւն, որը վերադառնում է 500 արեւմտահայ գաղթականների հետ:(19) Փախստականները տեղաւորուեցին Շուշի քաղաքում եւ գաւառի միւս բնակավայրերում, որոնց նկատմամբ ցուցաբերուեց ժողովրդական հոգածութիւն:
1918թ. Մայիսի վերջին լուծարուեց Անդրկովկասի Սէյմը եւ ստեղծուեցին երեք անկախ հանրապետութիւններ: Աւելի քան 500 տարի ընդհատումից յետոյ հայոց պետականութեան վերականգնումը ցնծալի երեւոյթ էր, որը ջերմօրէն ողջունեց նաեւ արցախահութիւնը: Բայց ահա Յունիսի 4ին, Բաթումում Թուրքիայի եւ Հայաստանի հանրապետութեան միջեւ ստորագրուած պայմանագրով Արցախ-Զանգեզուրը չճանաչուեց Հայաստանի տարածք, որը մեծ բողոք առաջ բերեց թէ՛ Արցախում եւ թէ Զանգեզուրում: Արարատեան հանրապետութիւնում շուտով հասկացան Բաթումի բանակցութիւնների ժամանակ թոյլ տրուած բացթողումը: Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Աւետիս Ահարոնեանը 1918թ. Յուլիսի 8ին Կոստանդնուպոլսի կոնֆերանսի հայկական պատուիրակութեան նախագահ Համօ Օհանջանեանին ուղարկած հեռագրում պահանջում է ուղղում մտցնել Բաթումի պայմանագրի մէջ եւ Շուշիի, Կարեագինոյի, æիւանշիրի, Գանձակի, Զանգեզուրի, Դարալագեազի, Շարուրի, Սուրմալուի, Նախիջեւանի տարածքները ճանաչել որպէս Հայկական հանրապետութեան անբաժան մաս:(20) Հէնց այդ օրերին «Կովկազսկոէ սլովօ» թերթը գրել է. «Ադրբեջանը պատրաստւում էր… Թուրքական սուիններով գրաւել Ղարաբաղը եւ այնտեղ նշանակել իրենց պաշտօնեանները… Հայաստանից կտրել 250 հազար բնակչութիւն ունեցող Շուշին, Զանգեզուրը եւ Սիսիանը»: Թերթը Հայաստանի կառավարութիւնից եւ ազգային խորհրդից պահանջում էր «միջոցառումներ ձեռնարկել Ղարաբաղի բնակչութեանը պաշտ-պանելու համար» եւ «այն փրկել ահեղ վտանգից»:(21
Այս իրադարձութիւններից յետոյ Արցախի քաղաքական ուժերը, մանաւանդ Դաշնակցութիւնը, բոլոր ուժերը լարում են երկրամասը թուրքական բռնատիրութիւնից պաշտպանելու համար: Ամէնից առաջ անհրաժեշտ էր ամրապնդել երկրամասի պետական եւ քաղաքական իշխանութիւնները: Այդ նպատակով, 1918թ. Յունիսի 15-17ը տեղի է ունենում Միջկուսակցական բիւրոյի նիստ, որտեղ որոշւում է ստեղծել «Հայ Յեղափոխական կուսակցութիւնների եւ կազմակերպութիւնների կոմիսարների խորհուրդ»:(22) Պարզապէս՝ Միջկուսակցական բիւրօն վերանուանւում է՝ Կոմիսարների խորհուրդ, որն ունէր դաշնավարական կառուցուածք:(23) Կառավարութեան եօթը անդամներից չորսը Դաշնակցութիւն կուսակցութեան անդամ էին, մնացածը՝ այլ կուսակցութիւնների:(24) Արցախ-Ղարաբաղում բնակուող այլազգիների հետ կապերը պահպանելու համար, կառավարութեան յանձնարարութեամբ ստեղծւում է մի կոմիտէ՝ Հայրապետ Մուսայէլեանի գլխաւորութեամբ:(25)
Նորսատեղծ կառավարութիւնն անմիջապէս անցնելով գործունէութեան՝ ձեռնարկում է մի շարք քայլեր: Փորձում է Զանգեզուր հասած Շուշի գունդը Արցախ տեղափոխել եւ վերականգնել Շուշի-Գորիս փոստահեռագրական ընդհատուած կապը, սակայն թուրքերի ձեռնարկած հակահայկական գործողութիւնների հետեւանքով, դա չի յաջողւում: Այնուամենայնիւ, Արցախ-Ղարաբաղի վիճակը մնում էր ծանր:
«Աշխատաւորը» 1918թ. Յուլիսի 6ին այսպէս է նկարագրել երկրամասի դրութիւնը. ամէն տեղ սով է եւ անիշխանութիւն. գիւղացին դաշտային աշխատանքները կատարում է զէնքը ձեռքին: Ութ ամիս է չի գործում «փոստ»ը, դրա համար էլ քաղաքում դրամի սով է: Ուստի աշխարհի հետ հաղորդակցութեան որեւէ կապ չկայ: Շատերը վաճառում են տան իրերը, որպէսզի կարողանան ձեռք բերել կենսամթերքներ: Աղքատները մի քանի ամիս է, ինչ սնւում են բոյսերով եւ արմատներով…
Ահա այսպիսի պայմաններում էր Արցախը, երբ 1918թ. Յուլիսի 22-26ը Շուշիի թեմական դպրոցի դահլիճում տեղի է ունենում Ղարաբաղի հայութեան առաջին համագումարը:
Համագումարը քննարկելով Ադրբեջանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հարցը՝ գրում է. «Ոչ մի դէպքում Ղարաբաղը չճանաչել Ադրբեջանի Հանրապետութեան մարզ»:(26) Համագումարի ընդունած որոշումները պահանջում էին ամրապնդել երկրամասի պետական իշխանութիւնը, կանոնաւորել վարչական եւ դատական հիմնարկութիւնների գործերը եւ հոգ տանել քոչուոր անասնապահների անվտանգութեան համար: Համագումարն ընտրում է Ղարաբաղի ժողովրդական կառավարութիւն:(27) Այսպիսով, Ղարաբաղի հայութեան առաջին համագումարը, ժամանակի մամուլի բնորոշմամբ, ստեղծելով կառավարութիւն՝ դրանով իսկ հռչակեց իր «անկախութեան իրաւունքը», որը, սակայն, մեծ տհաճութիւն պատճառեց «թուրք-մուսաւաթականներին»:(28) Համագումարը նորընտիր կառավարութեանը իրաւունք է վերապահում անհրաժեշտութեան դէպքում կօպտացիոն կարգով թարմացնել եւ ուժեղացնել իր կազմը: Մի քանի օր անց, Օգոստոսի 2ին, ընդառաջելով Հիւսիսային Արցախի բնակչութեան ցանկութեանը՝ կառավարութիւնը որոշում է ընդունում Գանձակի գաւառի հայկական շրջանները վերամիաւորել Ղարաբաղի հետ:(29)
Թուրք բարբարոսների հայաջինջ քաղաքականութիւնը չսահմանափակուեց 1915թ. Եղեռնով: Այն շարունակուեց նաեւ յետագայում, առանձնապէս 1918-1920 թուականներին: Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում տասնեակ հազարաւոր հայեր զոհուեցին նուաճողների սուիններից:(30) Հայոց դահիճ Էնվէր փաշայի եղբայր Նուրի փաշան թուրքական զօրամասերով ժամանեց Անդրկովկաս, որի, Լէօյի բնորոշմամբ, հիմնական նպատակն էր՝ «որեւէ կերպ անվտանգ դարձնել Լեռնային Ղարաբաղը՝ դիւրացնելու իր ուժերի առաջխաղացումը Բաքու»:(31) Դահիճ Նուրի փաշան հասնելով Ադրբեջանի հանրապետութեան նստավայր՝ Գանձակ (Գեանջա), շտապում էր որքան հնարաւոր էր շուտ հնազանդեցնել Ղարաբաղն ու Զանգեզուրը: Թուրքական այդ ձգտումը չէզոքացնելու համար, մեծագոյն ծանրութիւն էր ընկած Արցախի Դաշնակցութեան վրայ: Նուրի փաշան Օգոստոսի 18ին ցինիկաբար յայտարարում է, որ «Ղարաբաղը կազմում է Ադրբեջանի Հանրապետութեան անքակտելի մասը, սպառնալով զէնքի դիմել, եթէ հայերը չդադարեցնեն դիմադրութիւնը»:(32) Թուրքական այդ սպառնալիքին դիմակայելու համար, Սեպտեմբերի 8-10ը եւ 18-22ը հրաւիրում են Ղարաբաղի հայութեան 2րդ եւ 3րդ համագումարները: Թուրք դահիճները Սեպտեմբերի 15ին ներխուժելով Բաքու՝ սրի են մատնում 30 հազար հայերի:(33) Ապա թուրքական ուժերը ուղղւում են Ղարաբաղ-Զանգեզուր: Աղդամ ժամանելով թուրքական առաջին դիվիզիայի հրամանատար æամիլ æահիդ բէյը, Նուրի փաշայի անունից արցախահայութիւնից պահանջում էր անձնատուր լինել եւ ճանապարհները բացել թուրքական բանակի առջեւ: Թուրքական վերջնագրին պատասխանելու համար, Ղարաբաղի հայութեան երկրորդ արտահերթ համագումարը նախ՝ կառավարութիւնը վերանուանում է Ղարաբաղի ազգային խորհուրդ, եւ ընտրում նոր կազմ,(34) ապա՝ որոշւում է պատուիրակութիւն ուղարկել Աղդամ՝ բանակցելու թուրք հրամանատարութեան հետ: Պատուիրակութիւնը ղեկավարում էր Ապառաժի ԿԿի նախագահ Հայրապետ Մուսայէլեանը:(35) Թուրքերի հետ համաձայնութեան չգալու եւ թուրքական նոր պահանջի առնչութեամբ հրաւիրուած երրորդ համագումարը, որին մասնակցում էին աւելի քան 300 հոգի, պահանջում է մերժել թուրքական պահանջը եւ դիմադրել: Համագումարին մասնակցող բոլոր պատգամաւորները զինուած էին եւ պատրաստ էին դիմակայել թուրք-բարբարոսներին: Թուրքերը չսպասելով Ղարաբաղի հայութեան երրորդ համագումարի պատասխանին՝ ներխուժում են Ղարաբաղ եւ աջ ու ձախ մահ սփռելով մտնում Շուշի: Բնակչութեան կեանքը փրկելու եւ երկրամասը պաշտպանելու համար, Դաշնակցութեան կոչով գաւառներում կազմակերպւում են ժողովրդական աշխարհազօրներ: Աշխարհազօրային ջոկատներ կազմակերպուեցին բոլոր գաւառներում եւ բնակավայրերում: Այդ ջոկատների դրօշի վրայ ասեղնագործւում էր՝ «Մահ կամ ազատութիւն»:(36) Արցախի ժողովրդական աշխարհազօրին յաջողւում է Հոկտեմբերի սկզբին Մարտակերտի (Աղդարա) մատոյցներում, իսկ Հոկտեմբերի 18ին Վարանդայի Մսմնա գիւղի մօտ լիովին ջախջախել թուրքական զօրամասերին:(37) Քանի որ ճակատագրի բերումով 1918թ. օգոստոսի սկզբից զօրավար Անդրանիկը գտնւում էր Զանգեզուրում, արցախցիները, մանաւանդ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, սերտ կապի մէջ էին նրա հետ: Զօրավարը ուժ ու կորով էր ներշնչում արցախցիներին: Վերջիններիս հրաւէրով նա պէտք է մտնէր Արցախ, սակայն Բաքւում ծուարած անգլիական հրամանատարութեան պահանջով, զօրավարը ստիպուած էր ընդհատել արշավանքը ու կէս ճանապարհից ետ վերադառնալ Գորիս, որը աններելի բացթողում էր զօրավար Անդրանիկի կողմից:(38) Եւ չնայած արցախցիները 1918թ. ամրանը եւ աշնանը բազմիցս հարց էին դրել Հայաստանի հանրապետութեան կառավարութեան առաջ՝ ուղարկել իր պաշտօնական ներկայացուցիչը եւ յայտարարել Ղարաբաղը Հայաստանի հետ միաւորուած, սակայն, ելնելով ստեղծուած արտաքին անկանոն վիճակից, մանաւանդ, որ բարդացել էին յարաբերութիւնները Վրաստանի ու Թուրքիայի հետ, եւ Հայաստանի կառավարութիւնը դա չարեց՝ իբր զգուշութիւն էր ցուցաբերում: Ի վերջոյ, «Զուր էին Ղարաբաղի ազգային խորհրդի աղերսանքները. կառավարութիւնը հաստատ մնաց իր որոշման վրայ եւ ո՛չ զիջեց, ո՛չ պաշտպանեց Ղարաբաղի գիւղացիութեան արդար պահանջը», եւ եթէ «Ղարաբաղ ներկայացուցիչ ուղարկուէր», ապա «մէկ տարի յետոյ տեղի չէր ունենար արիւնոտ անցքերը եւ Շուշին չէր աւերուի»:(39) Եւ ահա, օգտուելով Հայաստանի կառավարութեան այդ դիրքորոշումից եւ կատարելով մուսաւաթական Ադրբեջանի խնդրանքը՝ անգլիական գեներալ Վ. Թոմսոնի երաշխաւորութեամբ, 1919թ. Յունուարի 15ին ստեղծւում է Ղարաբաղ-Զանգեզուր նահանգապետութիւն եւ նահանգապետ է նշանակւում ազգութեամբ՝ քուրդ, մասնագիտութեամբ՝ բժիշկ, հայոց դահիճ, մուսաւաթ Խոսրովբեկ Սուլթանովը: Դրանից մի քանի օր անց միայն, Յունուարի 21ին քնից արթնացած Հայաստանի կառավարութիւնը որոշում է ստեղծել «Զանգեզուր-Արցախի շրջանային խորհուրդ», որը խիստ ուշացած քայլ էր եւ Արցախին ցանկալի ոչինչ չբերեց:
Ինչպէս տեսանք, թուրքերի ներխուժումից յետոյ Արցախում տիրում էր անիշխանութիւն: Այդ անորոշութիւնից դուրս գալու միակ ելքը երկրամասի բոլոր ուժերի՝ քաղաքական թէ հասարակական, միաւորումն էր, ժամանակաւոր իշխանութեան ստեղծումը եւ Ղարաբաղի հայութեան նոր համագումարի հրաւիրումը: Այդ նախաձեռնութիւնը իր վրայ վերցրեց ընդյատակում գտնուող Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը: Եղիշէ Իշխանեանը բացատրում է, որ 1918թ. Նոյեմբեր-Դեկտեմբերին հնարաւոր չէր հրաւիրել Ղարաբաղի հայութեան համագումար եւ վճռել երկրամասի առաջ կանգնած կենսական հարցերը: Քաղաքական ուժերի ղեկավարները, մանաւանդ Դաշնակցութիւնը, նպատակայարմար գտան մինչեւ համագումարի հրաւիրումը, ստեղծել ժամանակաւոր ազգային խորհուրդ: Թուրքերի արշաւանքի օրերին գաւառներում նշանակուած զօրահրամանատարների կողմից առաջադրուած ներկայացուցիչները, Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարեանը եւ Միջկուսակցական բիւրոյի նախագահ Հայրապետ Մուսայէլեանը, Դեկտեմբերի 15ին հաւաքուելով Արցախի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վահան Տէր Գրիգորեանի մօտ, որոշում են ստեղծել Ժամանակաւոր ազգային խորհուրդ, որը պէտք է նպաստէր «հոսանքների միջեւ եղած համերաշխութեանը»:(40) Ամենակարեւորը՝ խորհուրդը պէտք է նախապատրաստէր Ղարաբաղի հայութեան չորրորդ համագումարի հրաւիրումը: Դա ՀՅԴ կարծիքն էր՝ «նախ՝ մի հեղինակաւոր մարմին ընտրուի եւ երկրորդ՝ անգլիական միսիայի ներկայութեամբ, բովանդակ Ղարաբաղի հայ ժողովրդի կամքը եւ ցանկութիւնը հանդէս բերի իր քաղաքական դատի պաշտպանութեան համար»:(41) Դաշնակցութեան այդ կարծիքը կիսում էին Արցախի քաղաքական ուժերի մեծամասնութիւնը:
Ղարաբաղի հայութեան համագումարին նախապատրաստուելու ընթացքում, 1919թ. Յունուարի 19ին մահանում է ՀՅԴ «Ապառաժ»ի ԿԿի ղեկավար Հայրապետ Մուսայէլեանը: Եղիշէ Իշխանեանը գրել է. «Հայրապետ Մուսայէլեանի մահով շատ մեծ, անդառնալի կորուստ ունեցաւ Ղարաբաղի հայութիւնը»:(42)
Ղարաբաղի հայութեան չորրոդ համագումարը, որը տեղի է ունեցել 1919թ. Փետրուարի 10-20ը, մերժեց Արցախի նկատմամբ մուսաւաթական Ադրբեջանի ոտնձգութիւնները եւ յայտարարեց, որ Ղարաբաղը «երբեք չի ընդունել եւ չի ընդունում իր վրայ Ադրբեջանի իշխանութիւնը»:(43) Համագումարը Փետրուարի 20ին ընտրում է Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդ, որի նախագահ է ընտրւում Ասլան Շահնազարեանը, փոխնախագահներ՝ Եղիշէ Իշխանեան եւ Հրանտ Բահաթրեան: Ազգային խորհուրդն իր վրայ վերցնելով երկրամասը կառավարելու բոլոր ֆունկցիաները՝ այն ե՛ւ ազգային խորհուրդ էր, ե՛ւ օրէնսդիր ու գործադիր մարմին: Այն համարձակօրէն պայքարում էր թէ՛ անգլիական եւ թէ ադրբեջանական նկրտումների դէմ: Մերժելով արդէն Շուշի ժամանած Խսրովբեկ Սուլթանովի բոլոր պահանջները՝ արցախահայութիւնը վճռում է երկրամասը պաշտպանել պայքարի ճանապարհով:
Ղարաբաղի հայութեան չորրորդ համագումարից յետոյ մուսաւաթական Ադրբեջանի իշխանութիւնները եւ անգլիական հրամանատարութիւնը ամէն կերպ փորձում էին խոչընդոտել համագումարի ընդունած որոշումները կեանքում կենսագործելուն:
Անգլիական հրամանատարութեան ներկայացուցիչ Մոնկ Մեսսենը նորընտիր Հայոց ազգային խորհրդին յորդորում էր ենթարկուել Ադրբեջանի իշխանութիւններին, մինչեւ Ղարաբաղի հարցը կը լուծուի Փարիզի վեհաժողովում:(44) Հակառակ դէպքում, սպառնում էր նա, ուժ կը գործադրուի եւ հայերի դիմադրութիւնը «արմատախիլ կ՛արուի ամենավճռական միջոցներով»:(45) Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը կտրուկ մերժում է անգլիական հրամանատարութեան պահանջը՝ պատասխանելով. «Հայկական Ղարաբաղը փաստօրէն իրազեկ է պահել ամբողջ աշխարհին, որ նա չի ընդունում իր տարածքում ադրբեջանական կառավարութիւն, ինչպէս դա որոշել է վերջերս տեղի ունեցած Ղարաբաղի ամբողջ հայութեան համագումարը»:(46) Կատաղած անգլիական հրամանատարութիւնը Ազգային ժողովից պահանջում է հրաւիրել Ղարաբաղի հայութեան նոր համագումար եւ իրենց ներկայութեամբ քննարկել այդ հարցը: Համագումարը հրաւիրւում է 1919 թուականի Ապրիլի 23-25ը Շուշիի թեմական դպրոցի դահլիճում, որին ներկայ էին Բաքւում անգլիական ուժերի նոր հրամանատար Շատելուորտը եւ նահանգապետ Խոսրովբեկ Սուլթանովը: Համագումարն անտեսելով Շատելուորտի սպառնալիքները՝ «միանգամայն անհնարին է գտնում փոխելու իր ժխտական որոշումը, որը թելադրուած է Ղարաբաղի հայութեան անյողդողդ կամքով»: Ապրիլի 24ին, Շատելուորտի երկրորդ ելոյթից յետոյ, դիւանի ամբողջ կազմի եւ 48 պատգամաւորների ստորագրութեամբ «համագումարը անընդունելի է համարում Ադրբեջանի հետ առնչութիւն ունեցող որեւէ վարչական ծրագիր»:(47) Գեներալ Շատելուորտը այդ օրը հանդիպում ունենալով Ղարաբաղի ազգային խորհրդի նախագահի պաշտօնակատար(48) Եղիշէ Իշպանեանի հետ, նրան մեղադրում է անգլիական հրամանատարութեան առաջարկութիւնը համագումարի կողմից միաձայն մերժուելու համար: Եղիշէ Իշխանեանը Շատելուորտին համարձակ պատասխանում է, որ Ղարաբաղի հայութեան համագումարը կատարել է իր ժողովրդի կամքը: Նա նաեւ շեշտում է, որ արցախցիները ատելով ատում են ադրբեջանա-թուրքական յանցագործներին, որոնք հազարաւոր հայերի արիւն են թափել Բաքւում, Ղարաբաղում եւ այլ վայրերում: Եւ եթէ ազգային խորհուրդը մերժել է ճանաչել Ադրբեջանի իշխանութիւնը, ապա կատարել է իր ժողովրդի կամքը եւ ցանկութիւնը, ինչն արտայայտել են իր ներկայացուցիչները համագումարում:(49) Արդէն ակնյայտ էր անգլիական հրամանատարութեան վերջնական վճիռը՝ «ընկճել Լեռնային Ղարաբաղն ու Զանգեզուրը» եւ նոյնիսկ յայտարարում են, թէ արցախահայութիւնը պէտք է Ղարաբաղը թողնի Ադրբեջանին եւ տեղափոխուի Ալաշկերտ, Վան, Բասէն:(50) 1919թ. այդ սարսափելի օրերին, Յունիսի 4ին եւ 5ին, Սուլթանովի հրոսակները անգլիական հրամանատարութեան աչքի առաջ սպանդ կազմակերպեցին քաղաքամերձ Ղայբալիշէն, Կրկ-ժան, Փահլուր, æամիլու, Խնածախ, Դաշուշէն եւ այլ հայաբնակ գիւղերում: Արխիւային նիւթերում եւ մամուլում հաղորդումներ կան այն մասին, որ Ղայբալիշէնի 700 բնակիչներից կենդանի են մնացել 11 տղամարդ եւ 87 կին ու երեխայ:(51)
Արցախ-Ղարաբաղում իրադարձութիւններն աւելի ծանրացան 1919ի ամրանը: Երկրամասը գտնուելով քաղաքական բարդ պայմաններում եւ զրկուած լինելով որեւէ օգնութիւնից, նոյնիսկ Հայաստանի հանրապետութիւնից, ստիպուած էր մեն-մենակ պայքարել մուսաւաթական Ադրբեջանի եւ անգլիական ճնշումների դէմ: Ադրբեջանը կտրուկ պահանջում էր Լեռնային Ղարաբաղն ընդունի իր իշխանութիւնը: Ուրիշ ելք չկար, մնում էր բանակցութիւններ սկսել մուսաւաթական Ադրբեջանի հետ: Այն տեղի ունեցաւ Յուլիսին, Բաքւում: Հայկական կողմը գլխաւորում էր ծննդով արցախցի, Հ#Դ անդամ, գրող-հրապարակախօս Արամայիսը (Միսակ Տէր Դանիէլեան):(52)
Բանակցութիւնների ընթացքում մշակուած սկզբունքները քննարկման է դրւում 1919թ. Օգոստոսի 13-20ը Վարանդայի Շօշ գիւղում տեղի ունեցած Ղարաբաղի հայութեան 7րդ համագումարում, եւ ընդունւում է 26 կէտից բաղկացած համաձայնութիւն: Ըստ օգոստոսեան համաձայնութեան առաջին կէտի, Ղարաբաղի հայկական Դիզակ, Վարանդայ, Խաչէն, æրաբերդ գաւառները եւ Շուշի քաղաքը մինչեւ Փարիզի վեհաժողովի որոշումը, «Ժամանակաւոր իրենց համարում են Ադրբեջանի հանրապետութեան սահմաններում» եւ «լեռնային հայկական շրջաններում վարչութիւնը նշանակւում է հայերից»: Յետագայում, Ադրբեջանի կողմից կոպտօրէն խախտւում է օգոստոսեան համաձայնութեան հիմնական սկզբունքները եւ 1920թ. Փետրուարի վերջին ու Մարտի սկզբին տեղի ունեցած Ղարաբաղի հայութեան 8րդ համագումարը մերժում է օգոստոսեան ժամանակաւոր համաձայնութիւնը: Այնուհետեւ մուսաւաթական Ադրբեջանը որոշում է բռնի ուժով Ղարաբաղը ենթարկել իրեն:
Արցախի հարցը անհանգստացնում էր նաեւ ՀՀ նախարարների խորհրդի նախագահ եւ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսեանին: Երկու հանրապետութիւնների միջեւ յարաբերութիւնները խիստ լարուել էին: Մուսաւաթական պարագլուխները չէին ցանկանում հրաժարուել Արցախից եւ Զանգեզուրից: Գործելով աւագ եղբայր Թուրքիայի թելադրանքով, ադրբեջանական կողմը դիմում է ահաբեկչութիւնների եւ ջարդերի: Զանգեզուրից փախուստի ճանապարհին մուսաւաթական հրոսակները մի քանի օրուայ ընթացքում Վարարակում, Ասկերանում եւ Շուշի-Եւլախ խճուղու վրայ սրի են մատնում 400ից աւելի անմեղ հայերի:(53) Ինչպէս նշել է Աբրահամ Կիսիբեկեանը, 1919թ. աշնանը վերջին «Ադրբեջանի զօրքերի պարտութեան պատճառներից մէկը համարւում էր Լեռնային Ղարաբաղը,(54) ահա թէ ինչո՛ւ այդքան անմեղ հայեր սրի մատնուեցին»:
1919թ, Նոյեմբերի վերջին Հայաստանի հանրապետութեան կառավարութեան հրահանգով Զանգեզուրում ստեղծւում է «Վարիչների խորհուրդ» մարմինը, իսկ Դեկտեմբերի 20ին, 600 հոգուց բաղկացած մի զօրամաս Գորիս է ուղարկւում Դրոյի (Դրաստամատ Կանայեան) հրամանատարութեամբ, որի «գլխաւոր նպատակն էր՝ զէնքի ուժով վերջնականապէս վճռելու Ղարաբաղի հարցը»:(55) Իսկ դրա համար հարկաւոր էր կազմակերպել Զանգեզուրի մարտական ուժերը՝ ապահովելով թիկունքի անվտանգութիւնը, Զանգեզուրը դարձնել ռազմական բազա, յուսալի կապ հաստատել Զանգեզուրի եւ Ղարաբաղի միջեւ, քայլեր ձեռնարկել Ղարաբաղի ինքնապաշտպանութիւնը ամրապնդելու համար: Ղարաբաղ ուղարկուեց Կոստեա Աթայեանը, Սասունցի Մուշեղը եւ Տէր Մարտիրոսեանը, տեղում կազմակերպելու ժողովրդի ինքնապաշտպանութեան գործը «մինչեւ որ կը ստեղծուէին քաղաքական նպաստաւոր պայմաններ, որից յետոյ վերջնականապէս զէնքի ուժով Ղարաբաղը կը միացուի Հայաստանին»:(56) Ապա Ղարաբաղ են ժամանում Հայաստանի լիազօր ներկայացուցիչ Արսէն Միքայէլեանը (Տէր Յովհաննիսեան)(57), գնդապետ Զախար Մեսեանը, Խաչատուր Մելքումեանը, Արտէմ Թումեանը եւ ուրիշներ: Հայաստանից ուղարկուած այդ ներկայացուցիչները լայն աշխատանքներ էին ծաւալում Վարանդայի, Դիզակի, Խաչէնի եւ æրաբերդի շրջաններում: Ղարաբաղում ստեղծւում է ինքնապաշտպանութեան մարմին (ՂԻՄ), որի նստավայրը Տօնավարզ (Կարմիր գիւղ) գիւղն էր: 1920թ. Յունուարի 3-4ը տեղի ունեցաւ ՂԻՄ նիստ, որը ստեղծում է նոր մարմին՝ Ղարաբաղի ինքնապաշտպանութեան կենտրոնական մարմին (ՂԻԿՄ) եւ հաստատում նրա կանոնադրութիւնը: ՂԻԿՄ հիմնական խնդիրն էր կազմակերպել եւ զինել արցախահայութեանը, օգնել Հայաստանի հանրապետութեան կառավարութեանը Ղարաբաղի նկատմամբ դիւրին իրագործելու իր քաղաքականութիւնը, երկրամասի հասուն բնակչութիւնն ընդգրկել ինքնապաշտպանութեան ջոկատներում:
1919ի վերջին Ղարաբաղ եկաւ նաեւ յայտնի ֆիդայի Դալի Ղազարը (Միքայէլ Բադալքեօխեան): Դիզակի զօրահրամանատար Արտէմ Լալայեանը պատմում է, որ 1919թ. Դեկտեմբերի վերջին, իրեն է այցելել Արսէն Միքայէլեանը եւ տեղեկացրել, որ պատրաստւում են ապստամբել Ադրբեջանի բռնարարքների դէմ: Լալայեանը Միքայէլեանին ասել է, որ դրա համար նախ՝ սեփական զօրքերին պէտք է ապահովել սեփական հացով, ապա՝ զինել Շուշիի հայերին եւ ապստամբութիւնը սկսել այն ժամանակ, երբ Հայաստանի զօրամասերը կը հասնեն Շուշիից երկու վերստի վրայ գտնուող Տօնավաճառ կոչուած վայրը:(58) Սակայն անտեսուեց Արտէմ Լալայեանի այդ զգուշացումը:
Ահա նման պայմաններում, 1920թ. Փետրուարի վերջին եւ Մարտի սկզբին, Վարանդայի Շօշ գիւղում տեղի ունեցած Ղարաբաղի հայութեան 8րդ համագումարը, մերկացնելով մուսաւաթական Ադրբեջանի նկրտումները Արցախ-Ղարաբաղի նկատմամբ՝ մի անգամ եւս մերժեց երկրամասը Ադրբեջանին ենթարկելու մուսաւաթականների պահանջը, եւ դրանով իսկ աւելի խորացուեց հակամարտութիւնը Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ: Մուսաւաթական Ադրբեջանը իր արիւնոտ ձեռքերը արձակած համարելով՝ սկսեց տենդագին նախապատրաստուել արցախահայութեանը նոր սպանդի ենթարկելու համար: Եւ դա չուշացաւ. Գանձակի լեռնային շրջաններից մինչեւ Թարթառ, այնտեղից մինչեւ Աղդամ-Կարեագինօ-æեբրայիլ, շուրջ 300 կմ երկարութեամբ, մուսաւաթական ազգայնամոլները կուտակեցին մեծ քանակութեամբ զօրամասեր եւ ռազմական միջոցներ: Արդէն 1920թ. Մարտի կէսերին հակառակորդը Արցախի սահմանամերձ շրջաններում ունէր մինչեւ 10 հազար ասկեար:(59) Թուրքերը նոր զօրամասեր տեղափոխեցին Շուշի եւ Վարարակն: Նրանք իրենց հսկողութեան տակ վերցնելով Ասկերան-Շուշի-Զաբուղ գիծը՝ փաստօրէն Արցախը բաժանեցին երկու մասի՝ Գիւլիստան, æրաբերդ, Խաչէն եւ Վարանդայ, Դիզակ: Արցախի այդ լարուած վիճակի մասին լաւ գիտէին թէ՛ Հայաստանի կառավարութիւնը եւ թէ քաղաքական ուժերը: Մարտի 20ին Զանգեզուր-Ղարաբաղի գեներալ-կոմիսար Ս. Մելիք-Եօլչեանը կոչով դիմելով Զանգեզուրի քաջարի զօրքերին եւ գիւղացիութեանը՝ նշել է. «Տաճկա-ադրբեջանական միութիւնը… այսօր զինուորական եռուն գործողութիւնների է դիմում մեր Գողթանի ճակատում, եւ օղակելով Ղարաբաղի սահմանները՝ ընդհանուր զինաթափութեան պահանջ է առաջադրել Ղարաբաղի հայութեանը: Ադրբեջանը… վերջին անգամ փորձում է ճնշել Ղարաբաղը, ոչնչացնել Զանգեզուրը եւ մեր երկրի փլատակների վրայով միանալ Տաճկաստանի հետ:
«Զանգեզուրի հերոսներ, ձեզ եմ դիմում վերջին անգամ եւ կոչում՝ ի զէն, պաշտպանելու մեր պատմական Զանգեզուր-Ղարաբաղը, որը ծածկուած է հայութեան դարաւոր կոթողներով, ցօղուած է մեր փառապանծ նախնիների արիւնով եւ ոռոգուած ձեր ամէնօրեայ աշխատանքի քրտինքով… Քաջարի մարտիկներ, վերջին անգամ կոչում եմ ձեզ՝ յառաջ, մինչեւ որ ազատ Հայաստանի հանրապետութեան դրօշակը կը ծածանի Ղարաբաղի բոլոր ամրոցների եւ մարտկոցների վրայ: Առանց Զանգեզուր-Ղարաբաղի՝ չկայ Հայաստան»:(60)
Մուսաւաթական Ադրբեջանը Մարտի 22ի լոյս 23ի գիշերը, մուսուլմանական Նովրուզ-Բայրամի (Ամանոր) օրը հրամայեց վառել Շուշիի հայկական թաղամասը եւ սրի մատնել բոլոր հայերին: Ահա այսպէս. Արցախ-Ղարաբաղում սկսուեց ցեղասպանութիւն, որի հետեւանքով ոչնչացաւ 59 գիւղ, անօթեւան մնաց 37 հազար բնակիչ, փոշիացուեց 7000 տնտեսութիւն, սպանուեց 25 հազար մարդ (երկրամասի բնակչութեան 20.1 տոկոսը), այրուեց Ղարաբաղի տնտեսական եւ մշակութեաին կենտրոն Շուշի քաղաքի հայկական մասը, փակուեց կամ ոչնչացուեց ֆաբրիկաների եւ արհեստանոցների 90 տոկոսը:(61)
Ահա այս հոգեվարքի վիճակում էր Արցախ-Ղարաբաղը, երբ 1920ի Ապրիլի 14ին, Զանգեզուրի կողմից այնտեղ մտաւ Դրոյի էքսպեդիցիոն զօրամասը, իսկ Կապանի կողմից՝ Նժդեհի ուժերը: Լեռնային Ղարաբաղը յայտարարուեց Հայաստանի հանրապետութեան հետ վերամիաւորուած: Դրանում վճռական դեր է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը:
1. Աշոտ Յովհաննիսեան, Յուշեր եւ բնութագրեր, Երեւան, 1969, Գ.ԱՅ.Յովհաննիսեան, Սովետական իշխանութեան հաստատումը Լեռնային Ղարաբաղում, Երեւան, 1971, Ռուբէն, Հայ Յեղափոխականի մը յիշատակներ, Է. հատոր, Թեհրան, 1982, Յարութիւն Թումեան, Դէպքերը Լեռնայն Ղարաբաղում 1917-1920, Երեւան, 2008, Սիմոն Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Երեւան, 1998, Եղիշէ Իշխանեան, Լեռնային Ղարաբաղ 1917-1920, Երեւան, 1999, Արամայիս, Մի գլուխ հայ-թուրքական ընդհարումներից, մասն առաջին, Թիֆլիս, 1907, նոյնը՝ Ղարաբաղի տագնապը, Երեւան, 1993, Արցախը կանչում էր Անդրանիկին, Երեւան, 1995, Դաւիթ Անանուն, Ռուսահայերի հասարակական զարգացումը (1901-1918), հատոր երրորդ, Վենետիկ, 1926, ԱՅ-ԴՕ, Հայ-թուրքական ընդհարումները Կովկասում (1905-1906թթ), Երեւան, 1907, ԼԷՕ, Անցեալից, Թիֆլիս, 1925, Վարանդեան Միքայէլ, ՀՅ Դաշնակցութեան պատմութինը, Երեւան, 1992, Հրանտ Աբրահամեան, Մարտնչող Արցախը, գիրք ԱՅ., Երեւան, 2003, նոյնի՝ Արցախահայութեան հասարակական-քաղաքական կեանքը եւ Արցախի թեմը (1901-1933), Ս. Էջմիածին, 2009, Յարութիւնեան Հ.ԱՅ, Լեռնային Ղարաբաղը 1918-1920թթ., Երեւան, 1996, Սիմոնեան Հրաչիկ, Ազատագրական պայքարի ուղիներում, գիրք 1 եւ 2, Երեւան, 2003, Ուլուբաբեան Բագրատ, Արցախի պատմութիւնը սկզբից մինչեւ մեր օրերը, Երեւան, 1994 եւ այլն:
2. «Փայլակ» (Շուշի), 16.03.1917:
3. «Պայքար» (Թիֆլիս), 30.04.1917:
4. Ժողովրդական տան համար վարձակալւում է Մարիամ-Ղուկասեան օրիորդաց միջնակարգ դպրոցի 280-300 տեղանոց դահլիճը: Յետոյ Ժողովրդական տան մասնակիցների թիւը մեծանալու կապակցութեամբ վարձւում է ռէալական ուսումնարանի 500 տեղանոց ակումբը:
5. «Փայլակ», 30.04.1917:
6. Եղիշէ Իշխանեան, Լեռնային Ղարաբաղ 1917-1920 (այսուհետեւ՝ Է. Իշխանեան…), Երեւան, 1999, էջ 326-327, Հրանտ Աբրահամեան, Մարտնչող Արցախը, գիրք ԱՅ, Երեւան, 2003, էջ 301:
7. Է. Իշխանեան…, էջ 18:
8. Նոյնը:
9. «Նեցուկ», (Շուշի), 24.08.1917:
10. Է. Իշխանեան…, էջ 42:
11. ՀԱԱՅ, Ֆ.314, ց.1, գ.34, թ.45:
12. Ժամանակակիցների վկայութեամբ՝ Լիւֆտալի բեկ Բեհբուդովը ազնիւ մարդ էր եւ քարոզում էր հայ ու թուրք ժողովուրդների բարեկամութեան օգտին: Դրա համար էլ 1918թ. նա սպանուեց մուսաւաթականների կողմից:
13. Է. Իշխանեան…, էջ 51:
14. Յարութիւն Թումեան, Դէպքերը Լեռնային Ղարաբաղում 1917-1920, Երեւան, 2008, էջ 49-50:
15. Է. Իշխանեան…, էջ 81:
16. «Մշակ» (Թիֆլիս), 22.02.1919:
17. Հրանտ Աբրահամեան, նշվ. աշխ., էջ 37:
18. Է. Իշխանեան…, էջ 141:
19. ՀԱԱՅ, ֆ.221, ց.1, գ.30, թ.25:
20. Նոյնը, ֆ.200, ց.1, գ.656, թ.25:
21. «Խոչսոջրստպ րստչտ» (Թիֆլիս), 27,07,1918:
22. «Հայրենիք» (Բոստոն), 1933, N11, էջ 85:
23. Կառավարութեան կազմը. Հայրապետ Մուսայէլեան (կոմիսարների խորհրդի նախագահ), Աշոտ Մելիք-Յովսէփեան (արդարադատութեան կոմիսար), Յարութիւն Թումեան (զինուորական կոմիսար), Արսէն Բակունց (արտաքին գործերի կոմիսար), Արամ Միքայէլեան (ֆինանսների կոմիսար), Ասուածատուր Աւետիսեան (պարէնաւորման կոմիսար), Արտաշէս Պետրոսեան (ներքին գործերի կոմիսար):
24. ՀԱԱՅ, ֆ.221, ց.1, գ.30, թ.26:
25. Նոյնը:
26. ՀԱԱՅ, ֆ.221, ց.1. գ.30, թ.26:
27. Կառավարութեան կազմը. Եղիշէ Իշխանեան (դաշնակցական), կառավարութեան նախագահ, ներքին եւ արտաքին գործերի կառավարիչ, Յարութիւն Թումեան (դաշնակցական), զինուորական գործերի վարիչ, Քամալեան Արշաւիր (սոցիալ-դեմոկրատ, մենշեւիկ), ֆինանսների վարիչ, Արսէն Յովհաննիսեան (սոցիալիստ յեղափոխական, էսէոյ), պարէնաւորման գործերի վարիչ, Տէր Աստուածատրեան Մարկոս բեկ (անկուսակցական), արդարադատութեան գործերի վարիչ, Մարիտրոս Այվազեան (դաշնակցական), հողագործութեան եւ ճանապարհների վարիչ, Մելիքսէթ Եսայեան (անկուսակցական), կառավարութեան քարտուղար եւ շրջանների հետ կապի վարիչ: Ստեղծւում են նաեւ բժշկասանիտարական եւ ժողովրդական կրթութեան յանձնաժողովներ:
28. «Մշակ», 29.02.1919:
29. ՀԱԱՅ, ֆ.314, ց.1, գ.34, թ.60:
30. Նոյնը, ֆ.221, ց.1, գ.255, թ.5:
31. Լէօ, Անցեալից, Թիֆլիս, 1925, էջ 425:
32. «Մշակ», 18.02.1919, «Աշխատաւոր» (Թիֆլիս), 18.09.1918:
33. Բ. Իշխանեան, Բաքուի մեծ սարսափները, Թիֆլիս, 1920, էջ 187:
34. Նորընտիր ազգային խորհրդի կազմը. Մելիքսէթ Եսայեան (անկուսակցական), Մուշեղ Զաքարեան (դաշնակցական), Յարութիւն Թումեան (դաշնակցական), Հայրապետ Մուսայէլեան (դաշնակցական), Եղիշէ Իշխանեան (դաշնակցական), Արսէն Յովհաննիսեան (էսէոյ), Ռուբէն Շահնազարեան (կաղէտ), Լեւոն Վարդապետեան (մենշեւիկ), Տէր Միքայէլեան Անուշաւան (դաշնակցական), Արշաւիր Քամալեան (մենշեւիկ), (Է. Իշխանեան…, էջ 203-204):
35. «Յուսաբեր» (Գահիրէ), 12.01.1929, (Մշակ), 22.10.1918:
36. «Մշակ», 16.11.1918:
37. Այդ մասին հանգամանօրէն՝ Հրանտ Աբրահամեան, Արցախի հերոսամարտը (1918), Երեւան, 1998:
38. Տես՝ Արցախը կանչում է Անդրանիկին, փաստաթղթեր, Երեւան, 1995:
39. «Հայրենիք», 1923, N9, էջ 104-105:
40. Է. Իշխանեան…, էջ 302:
41. «Հայրենիք», 1929, N8, էջ 133:
42. Է. Իշխանեան…, էջ 326: Հ. Մուսայէլեանը մահացել է իր տնօրինած դպրոցի դասատու, համակուսակից Կարապետ Նարինեանի հետ չքաւոր հայ ընտանիքներին նպաստ բաժանելու ժամանակ՝ վարակուելով բծաւոր տիֆից: Այսպիսով, Արցախի հասարակութիւնը զրկուեց «իր երկու վաստակաւոր գործիչներից, որոնք դեռ լեցուն էին եռանդով եւ պատրաստ իրենց ուժերը ի սպաս դնելու իրենց հարազատ ժողովրդին« (Է. Իշխանեան…, էջ 328):
43. «Արեւ», 1919, N 17:
44. ՀԱԱՅ, ֆ.252, ց.1, գ.1, թ.4-5:
45. Նոյնը, ֆ.201, ց.1, գ.41, թ.12:
46. Նոյնը:
47. Նոյնը, ֆ.199, ց.1, գ.38, թ.27, նաեւ՝ Արամայիս, Ղարաբաղի տագնապը, Երեւան, 1993, էջ 18:
48. Ազգային խորհրդի նախագահ Ասլան Շահնազարեանը Ղարաբաղի հայութեան 4րդ համագումարից յետոյ անգլիական հրամանատարութեան կողմից կանչուել է Բաքու եւ արգելուել վերադառնալ Ղարաբաղ: Փոխնախագահ Եղիշէ Իշխանեանը վարում էր նախագահի պաշտօնը:
49. Է. Իշխանեան…, էջ 397-398:
50. «Հայրենիք», 1923, N9, էջ 100:
51. ՀԱԱՅ, ֆ.1, ց1. գ.309, թ.165:
52. Տես՝ Արամայիս, Ղարաբաղի տագնապը, Երեւան, 1993:
53. ՀԱԱՅ, ֆ.200, ց.1, գ.424, թ.238:
54. Նոյնը, ֆ.314, ց.1. գ.34, թ.163:
55. Դրօ, Երեւան, 1991, էջ 138:
56. Նոյնը, էջ 139:
57. «Հայրենիք», 1929, N7, էջ 168. N8, էջ 110: Արսէն Միքայէլեանը ծննդով Արցախի Վարանդայի շրջանից էր: Այդ վերջին տարիներին նա ապրել էր ԱՄՆում եւ լաւ պատկերացում չունէր Արցախում ստեղծուած իրավիճակի մասին, առանձնապէս լաւ չէր պատկերացնում ռազմական գործը: Ժամանակակիցներից շատերը գտնում էին, որ նրան որպէս լիազօր-ներկայացուցիչ ուղարկելը Լեռնային Ղարաբաղ կոպիտ սխալ էր եւ երկրամասի հայութեան համար ճակատագրական: Սիմոն Վրացեանը Արսէն Միքայէլեանի բնորոշել է «անփորձ» մարդ (Սիմոն Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Երեւան, 1998, էջ 386):
58. «Արցախ» (Ստեփանակերտ), 1990, N1, էջ 36:
59. ՀԱԱՅ, ֆ.200, ց.1, գ.581, թ.173-174, նաեւ՝ Ս. Վրացեան, նշվ. աշխ., էջ 394:
60. «Սիւնիք» (Գորիս), 21.03.1920:
61. «Խորհրդային Ղարաբաղ», 1930, N31:
Աբրահամեան Հ.Բ.
Երեւան, Նոր Նորքի 5րդ զանգուած, Գալշոյեան 18, բն.26. հեռ. 64-47-41, (094) 39-80-39