ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

ՀՅԴ հիմնադիրները կեանքով եւ գործով օրինակ պիտի ծառայեցնեն ժողովուրդին: Նրանք թիկունքում չմնացին հանգստաւէտ դիրքի վրայ, այլ անձնազոհութեամբ նետուեցին վտանգաւոր կեանքի ասպարէզ, յեղափոխական փոթորիկների մէջ՝ յաճախ կուրծք տալով անխուսափելի մահուան, եւ ժողովուրդը հետեւեց նրանց հաւատով ու վստահութէամբ, արտադրելով իր ծոցից անհաշիւ հերոսներ ու հերոսական գործեր: ՀՅԴ ուժն ու մեծութիւնը, անսահման ժողովրդականութիւնն ու հմայքը հաստատուած են նրա գաղափարական եւ անձնուէր հիմնադիրների ուժի եւ մեծութեան վրայ: Եւ քանի այդ ոգին կենդանի է, կենդանի կը մնայ եւ Դաշնակցութիւնը:
***
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մի եզակի ընտանիք է, մի բարոյական մեծ եղբայրակցութիւն, մի գաղափարական վեհ ուխտ, հայ ժողովրդի ծոցից դուրս եկած, հայկական միջավայրում սնուած մի հզօր կուսակցութիւն: Այս իմաստով նա ինքը հայ ժողովուրդն է, հայութեան կազմակերպուած կամքը, նրա ստեղծագործող հանճարի մարմնացումը:
Նա ուրիշ կուսակցութիւնների նման չէ: Իր խորքով ու ձեւով՝ նա հայկական է, պտուղը հայ հողի, հայ ջրի, հայ սրտի, միսը մսից եւ արիւնը արիւնից հայ ժողովրդի, բնական ծնունդը հայկական միջավայրի, մինչեւ այժմ չկրկնուած ու դեռ երկար ժամանակ չկրկնուելիք:
ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆ
Եւ այժմ ո՜վ հոյակապ, ուխտուած հսկաներ, Ազատութեան խորանի առաջ ծնրադիր՝ Ձեզ եմ նուիրում Ձեր արիւնով ցօղուած այս կարմիր երազները:
Եւ Ձեզ, ո՜վ անանուն ու կորած մարտիկներ, լուռ անտառում եւ մռայլ ձորերում ընկած հերոսներ, որոնց վերջին հառաչանքները մրրիկների հետ են տարւում, որոնց ոսկորները հողմերն են լիզում հեծեծալով:
Ձեզ բոլորիդ, պաշտամունքի եւ հիացմունքի արցունքով եւ Ձեզմով այն արիւնաներկ Գաղափարին, որին այնքան սերունդներ փարել են խանդաղատանքով եւ որ ահա Ձեր շնորհիւ՝ փայլփլում է մեր մռայլ հորիզոնի վրայ:
Փա՛ռք Ձեզ:
ԱՒԵՏԻՍ ԱՀԱՐՈՆԵԱՆ