ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Մի քանի տարի առաջ (ի դէպ, «անզիջում» Ռոբերտ Քոչարեանի եւ Վարդան Օսկանեանի օրօք) սկսելով հայ-թուրքական բանակցային գործընթացը՝ հայկական կողմը վստահ էր, քանի որ այդ գործընթացի «հովանաւորը» գերտէրութիւններն են, նախեւառաջ՝ Միացեալ Նահանգները, ուրեմն Թուրքիան չի կարողանայ դիմանալ նրանց ճնշմանը եւ հրաժարուել այդ գործը տրամաբանական որեւէ հանգոյցի հասցնելուց: Այդ հաշուարկը, պարզուեց, սխալ է. Թուրքիան բաւականաչափ ներուժ ունի՝ իր շահերից ելնելով ԱՄՆին «ո»չ ասելու համար, եւ այդ հարցում ամերիկացիները մեր հարեւաններին ճնշելու հզօր լծակներ, կարծես թէ, չունեն:
Բայց դառնալով գործընթացի ձախողման իրական պատճառը՝ թուրքական դիւանագիտութիւնը, այնուամենայնիւ, չի ցանկանում պատասխանատուութիւնը վերցնել իր վրայ եւ շարունակում է ձեւ անել, թէ ինչ-որ տեղ ինչ-որ քննարկումներ, այնուամենայնիւ, գնում են: Այդ նպատակով նրանք ուղարկում են տարբեր տեսակի «թէյ խմողների». Թուրքիան այն պետութիւնը չէ, որտեղ նման առաքելութիւն կարելի է իրականացնել ինքնուրոյն՝ առանց համապատասխան ծառայութիւնների հետ համաձայնեցնելու: Այս փոքրիկ խորամանկութիւններով մեր հարեւանները փորձում են պատրանք ստեղծել, որ հայ-թուրքական պրոցեսը (գործընթացը-Խմբ.) փակուղում չէ՝ չնայած հէնց նրանք էլ այդ փակուղին ստեղծեցին՝ կապելով մեր յարաբերութիւնները մէկ այլ երկրի խնդիրների հետ:
Այս պայմաններում մեր կողմից իդէալական կը լինէր ոչ թէ սառեցնել, այլ ընդհանրապէս յետ վերցնել ստորագրութիւնը արձանագրութիւններից: Բայց Հայաստանը Թուրքիա չէ եւ որեւէ գերտէրութեանը կտրուկ «ո»չ ասել, ցաւօք սրտի, չի կարող: Ստացւում է, որ թուրքերին շատ ձեռնտու՝ խնդրի օդից կախուած այս վիճակը պէտք է շարունակուի:
Կանխատեսելի է նաեւ, որ Ղարաբաղի հարցը նոյնպէս կը մնայ անորոշ վիճակում՝ յուրախութիւն status quoի ջատագովների: Կարծում եմ, որ Աստանայում ոչ մի լուրջ փաստաթուղթ չի ստորագրուի: Բայց ի տարբերութիւն մեր քաղաքական գործիչների եւ մեկնաբանների, դրա պատճառը ես տեսնում եմ ոչ թէ մեր, այլ ադրբեջանական կողմի դիմադրութեան մէջ: Մադրիդեան սկզբունքները, որոնք պէտք է կանխորոշեն հարցի լուծման մեթոդաբանութիւնը, նախատեսում են, ինչպէս յայտնի է՝ 6 կէտ: Ադրբեջանը, ըստ էութեան, համաձայն է այդ կէտերից միայն մէկուկէսին՝ տարածքների յանձնմանը եւ միայն ադրբեջանցի փախստականների՝ իրենց տները վերադարձին: Մնացած չորսուկէս կէտերը՝ այդ թւում Ղարաբաղին տրուող ժամանակաւոր կարգավիճակը միջազգային երաշխիքներով, Ադրբեջանը «դիւանագիտօրէն» շրջանցում է՝ նոյն թուրքական տրամաբանութեամբ «ոչ կոնստրուկտիւ կառուցողական-Խմբ.) դիրքորոշման» մեղքը գցելով Հայաստանի վրայ: Այդպիսով, Աստանայում կարող է ստորագրուել ինչ-որ հերթական հռչակագիր, բայց յիշեալ սկզբունքների շուրջ համաձայնութիւն ձեռք չի բերուելու: Մեր վերնախաւի մեծ մասի տեսանկիւնից դա լաւ է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ Երեւան հրա-տարակուող «Առաւօտ» օրաթերթի խմբագիրն է: