
Հոկտեմբերի 3ին, Գլենդէյլի Գարամանուկեան Երիտասարդական Կենտրոնում տեղի ունեցաւ հոգեպարար մի հանդիսութիւն որի նպատակն էր մեծարել եւ ոգեկոչել Իրանահայ վաստակաշատ ուսուցչուհի եւ տեսչուհի, ազգային-հասարակական գործիչ՝ Նադիա Մելքոնեան-Գրիգորեանի յիշատակը։ Գլենդէյլի հեռաւոր այս ափերում ի մի էին հաւաքուել Նադիայի երբեմնի աշակերտները, գործակիցները, ընկերներն ու հարազատները։ Մթնոլորտը կարօտախառն էր եւ յուզիչ։ Տարիներով իրար չհանդիպած աշակերտները որոնք այսօր հասուն մարդիկ էին, մանկական նոյն խանդավառութեամբ ողջունում ու փարւում էին իրար ու նրանց բոլորին այս յարկի տակ հաւաքողը իրենց սիրեցեալ դաստիարակի յիշատակն էր։
Կազմակերպիչ յանձնախումբը, որն ամիսներից ի վեր մեկնարկել էր կազմակերպչական աշխատանքները, յաջողեց լաւագոյն եւ շահեկան կերպով իրականացնել այս ձեռնարկը, վերապրումի, ոգեշնչման ու միասնականութեան ոգու ամրապնդման մթնոլորտ ստեղծելով բոլոր ներկաների մօտ։
Երեկոյի բացումը կատարուեց կազմակերպիչ յանձնախմբի խօսքով, որը ներկայացրեց տիկին Այիդա Չամրազը։ Այնուհետեւ ներկաները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին 2010ի Մարտի 26ին իր մահկանացուն կնքած Նադիա Մելքոնեան-Գրիգորեանի յիշատակը։
Բացման խօսքից յետոյ դասախօսական շարքն սկսեց տիկին Սեդա Գրիգորեանը, ներկայացնելով Նադիայի կենսագրականը որպէս տասնեակ տարիների պաշտօնակից եւ ընկերուհի։
Երկրորդ նիւթը ներկայացուեց վիդէոյի ցուցադրութեամբ ուր նախապէս ձայնագրուած ելոյթով տիկին Լիլի Ասատրեանը վեր հանեց Նադիայի կերպարը որպէս ուսուցչուհի եւ տեսչուհի։
Այնուհետեւ աշակերտութեան անունից խօսք առաւ դոկտոր Խուդամ Ռոստոմեանը յատկապէս կենտրոնանալով Նադիայի հոգատար եւ կարգապահ դաստիարակի յատկանիշների վրայ։
Վերրջին դասախօս՝ դոկտոր Ռուբինա Փիրումեանը ներկայացրեց Նադիա Մելքոնեան-Գրիգորեան՝ կրթական, ազգային եւ հասարակական գործիչը, վեր հանելով Նադիայի անմնացորդ նուիրումը իր սկզբունքներին, գաղափարներին եւ հայ համայնքի շահերին։
Դասախօսութիւնների կողին գեղարուեստական ելոյթներ ունեցան Րաֆֆի Դաւթեանը՝ «Երկու Ընկեր» երգով, Էդնա Քարիմեանը «Հով Արէք» երգով, Էդնա եւ Էլէնա Քարիմեանները «Ուսուցի»չ Երգով, Րէնաթէ Գրիգորեանը æ.Ս.Բախի «Սարաբանդ»ի կատարումով եւ Անի Այվազեանը «Գարուն ա»ի կատարումով։ Երգերին դաշնամուրով ընկերակցում էր Անի Այվազեանը։ «Մեր Բակը» արտասանութեամբ ելոյթ ունեցաւ Մաթիլդա Թաւանեանը։ Վերոնշեալ արուեստագէտները բոլորն էլ Քուշեշ Ուղեցոյց դպրոցի նախկին աշակերտներ էին։ Ցուցադրուեց նաեւ մի վիդէօերիզ Նադիայի կեանքի զանազան շրջաններից եւ Թեհրանում տեղի ունեցած ազգային թաղման արարողութիւնից։
Ձեռնարկի աւարտին Ժիզէլ Չամրազը ընթերցեց Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Բարձր. Արք. Սեպուհ Սարգսեանի ուղերձը։ Նաեւ ընթերցուեց ուղերձներ յղած հայրենակիցների անուանացանկը։
Ապա Մելքոնեան եւ Գրիգորեան ընտանիքների անունից շնորհակալական խօսք ասաց Միգանուշ Մելքոնեան-Աճեմեանը։
—————————————————————————————————————-
Նադիա Մելքոնեան- Գրիգորեանի Կենսագրութիւնը
ՍԵԴԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Նադիա Մելքոնեան-Գրիգորեանը կրտսեր զաւակն է Դոկտ. Հայկ եւ Ռութ Մելքոնեանների, հայրը մասնագիտութեամբ բժիշկ, 1918թ. Հայաստանի հանրապետութեան դժուարին օրերին իր ուսերին էր վերցրել նորանկախ հանրապետութեան առողջապահութեան հոգսերը: Նոյն շրջանին եղել է Ալեքսանդրապոլի քաղաքապետ։
Հայաստանի խորհրդայնացումից յետոյ, դոկտ. Մելքոնեանը փոխադրւում է Իրան եւ հաստատւում մայրաղաքաղաքում, ուր եւ ծնւում է Նադիան 1938 թուին:
Թեհրանի Քուշեշ Դաւթեան ազգային դպրոցի 4րդ դասարանում էինք, որ մեզ միացաւ մի վտիտ եւ շէկ աղջիկ Նադիա Մելքոնեան անունով։ Շատ շուտ մտերմացաւ բոլորիս հետ եւ սիրուեց բոլորիս կողմից։
Նադիան արտակարգ ընդունակ էր եւ ուշիմ, այնքան ուշիմ, որ երբեմն նոյնիսկ նկատում էր ուսուցիչների վրիպումները եւ ուղղում։ Հակառակ այն իրողութեան, որ երբեք չէիր տեսնի դասագիրքը ձեռքին կամ տնային յանձրարարութիւնները կատարած, բայց միշտ էլ դասարանի գերազանց աշակերտների թւում էր եւ սիրուած տեսչութեան եւ ուսուցչութեան կողմից։
Պարմանուհի էր, որ սկսում է մասնակցել ՀՄԱԿի սկակուտական շարքերին, լինելով հաւատաւոր սկաուտ եւ նուիրեալ Արարատական:
1950ական թուականներին էր, որ մտաւորական, հայոց ազգային դպրոցների վերատեսուչ դոկտ. Յ. Հախնազարեանի մտայղացմամբ ու ջանքերով հիմնուեց Թեհրանի առաջին ազգ. միջ. դպրոցները այն հեռանկարով, որ դպրոցների շրջանաւարտ աշակերտները պիտի դառնան իրանահայ համայնքի ապագայ ուսուցիչները, ազգային գործիչները եւ մտաւորականները։
Այդ դպրոցների առաջին հունձքը դպրոցն աւարտեց 1957 թուին, որի ծոցից ուսուցչական ասպարէզ նետուեցին երիտասարդ ուսուցիչներ։ Ուսուցիչների այդ փաղանգին էր պատկանում Նադիան, որ հազիւ դպրոցն աւարտած այս անգամ վերադարձաւ իր սիրեցեալ դպրոցը ուսուցիչի պաշտօնով։
Սկզբնական տարիներին պաշտօնավարեց որպէս մատեմատիկայի ուսուցչուհի, իսկ 1972 թուից Նադիան նշանակուեց որպէս Քուշեշ Ուղեցոյց երկսեռ դպրոցի տեսչուհի։
Նա լինելով ՅԱՆՁՆԱՌՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ, ԱԶԳԱՆՈՒԷՐ ԳՈՐԾԻՉ եւ ՀԵՏԵՒՈՂԱԿԱՆ ՄԱՐԴ իր առաքելութիւնը լաւագոյնս կատարեց։
Սուր քննադատող էր եւ նրա աչքից չէր վրիպում ոչ մի բան, արդար դատող էր, ճգնաժամային պահերին ճիշտ որոշում տուող եւ խստապահանջ բոլորի եւ ինքն իր նկատմամբ։
Սիրում էր աշակերտներին անխտիր եւ մտահոգւում նրանց ընտանեկան դժուարութիւններով։
Նրան երբեք չէր գրաւում դիրքը կամ աթոռը եւ դրա փաստացի վկան այն է, որ1984 թուին երբ միւս հայ տեսուչների շարքին իրեն հեռացրեցին պաշտօնից, ոչ միայն չընկրկեց, նսեմացած չզգաց ու չխորտակուեց, այլ նոյն ոգեւորութեամբ եւ նուիրումով հենց միւս օրուանից զբաղեցրեց դպրոցի մատեմատիկայի ուսուցչի պաշտօնը ու իր օժանդակութիւնը չխնայեց պարսկուհի տեսչուհուն դպրոցի տնօրինութեան մէջ։
Այս ասպարէզից նա չէր կարող հեռանալ ինքնակամ կերպով:
1990 թուին նրան հարուածում է քաղցկեղը, որից թէեւ ապաքինւում է, սակայն երբեք չի վերականգնում նախկին առողջութիւնը։
Քայլ առ քայլ ու հետզհետէ գալիք 20 տարիների ընթացքում նա կորցնում է իր ֆիզիկական կարողութիւններն ու գամւում աթոռին։
Նրա մօտ մինչեւ վերջ արթուն եւ զգաստ է մնում բանականութիւնը, դատողութիւնն ու հզօր կամքը, որով շարունակում է մնալ իր շրջապատի սիրելին ու խորհրդատուն։