ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան «Wall Street Journal»ի հետ հարցազրոյցի մը ընթացքին, անդրադառնալով հայ-թրքական յարաբերութիւններուն՝ նշած է, որ անցեալ տարի, Հոկտեմբեր 10ին Ցիւրիխի մէջ լարուած բանակցութիւններէն ետք Հայաստան եւ Թուրքիա համաձայնած էին դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել ու սահմանները բանալ՝ յարաբերութիւնները բնականոնացնելու գործընթացին ծիրէն ներս: Ան աւելցուցած է, թէ յարաբերութիւնները փակուղիի մէջ էին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան նախաձեռնեց յարաբերութիւնները կարգաւորելու գործընթացին:
«Հայաստանում մենք առաջնորդւում էինք այնպիսի ապագայի տեսլականով, որում սերունդները կ՛ապրեն խաղաղութեան եւ անվտանգութեան պայմաններում: Հայկական կողմի այս նախաձեռնութիւնը դրական արձագանգ գտաւ Թուրքիայի նախագահի կողմից, եւ դա մեզ թոյլ տուեց վստահ ներդրում կատարել հաշտեցման երկարատեւ գործընթացի մէջ: Մեր դիրքորոշումը արտացոլուած էր յարաբերութիւնների կարգաւորում առանց նախապայմանների յայտնի մօտեցման մէջ: Դա էր Թուրքիայի հետ բանակցութիւնները սկսելու հիմնական սկզբունքը: Այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք գործընթացը եւ եկանք պայմանաւորուածութիւնների: Դժբախտաբար, Թուրքիան յետ կանգնեց պայմանաւորուածութիւններից: Ան ոչ միայն խուսափեց արձանագրութիւնները վաւերացնելուց, այլեւ վերադարձաւ այն նախապայմանների լեզուին, որը նա օգտագործում էր մինչեւ գործընթացի մեկնարկը: Թւում է՝ մենք խօսում ենք տարբեր լեզուներով: Նրանք պնդում են, թէ չունեն նախապայմաններ, պարզապէս պահանջում են, որ մենք կատարենք այս կամ այն բանը, նախքան նրանք կը կարողանան առաջ գնալ վաւերացման գործընթացում: Արդեօ՞ք սա նշանակում է, թէ նրանք նախապայմաններ չունեն», նշած է նախարարը:
Ըստ Նալբանդեանի, Թուրքիա կը փորձէ հայ-թրքական կարգաւորման գործընթացը կապել ղարաբաղեան հիմնախնդիրին հետ:
«Ղարաբաղեան գործընթացին միջամտելու կամ Հայաստանի հետ իր յարաբերութիւնների կարգաւորումը ղարաբաղեան բանակցութիւններում առաջընթացի սեփական ընկալման հետ կապելու թուրքական կողմի ցանկացած փորձ վնասում է երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը քանիցս ընդգծել են Հայաստան-Թուրքիա կարգաւորման եւ ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցութիւնների մէջ ներգրաւուած բոլոր հիմնական դերակատարները, ողջ միջազգային հանրութիւնը: Միջազգային հանրութիւնը խօսում է մէկ լեզուով, իսկ թուրքական կողմը՝ մէկ ուրիշ», ըսած է ան:
«Թուրքիան նաեւ երեսպաշտօրէն օգտագործում է կարգաւորման գործընթացը՝ որպէս ծխածածկոյթ այն անհիմն պնդման համար, թէ՝ տարբեր երկրներում Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւերի ընդունումը կարող է վնասել կարգաւորման գործընթացին: Մինչդեռ, մենք գործընթացի սկզբից թէ՛ թուրք գործընկերների հետ շփումներում, թէ՛ հրապարակաւ պարզ ասել ենք, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց Ցեղասպանութեան փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարեւորութիւնը», աւելցուցած է Նալբանդեան, որուն համաձայն, իսկական հաշտեցում չի նշանակեր մոռնալ անցեալը եւ երիտասարդ սերունդներուն հրամցնել «ժխտումի հեքիաթներ»:
«Չնայած այն փաստին, որ Թուրքիան 95 տարի շարունակ ժխտում է Հայոց Ցեղասպանութիւնը, հայկական կողմը չպահանջեց դրա ճանաչումը՝ իբրեւ յարաբերութիւնների կարգաւորման նախապայման: Սակայն Թուրքիան է փորձում ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն շահարկել այս հարցը՝ դարձնելով այն նախապայման», յայտնեց Նալբանդեան:
«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցութիւններն աւարտուել են արձանագրութիւնների ստորագրմամբ: Չկայ ո՛չ «լուռ դիւանագիտութիւն», ո՛չ Ցիւրիխի «երկրորդ շրջան», ո՛չ բանակցութիւնների որեւէ նոր փուլ, ինչպէս դա վերջերս փորձում է յաճախ ներկայացնել թուրքական մամուլը: Այս երկարատեւ գործընթացում առկախուած միակ քայլը հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացումն ու իրագործումն է՝ առանց յետագայ ձգձգման: Հայաստանը պատրաստ կը լինի շարժուել առաջ, եթէ Թուրքիան վերստին պատրաստ լինի կարգաւորման գործընթացում առաջ գնալ առանց նախապայմանների: Այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներ յիշեցնում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանն իր բաժինն արել է, եւ որ Թուրքիան պէտք է ձեռնարկի այն քայլերը, որ նա խոստացել էր կատարել», եզրակացուցած է նախարարը: