ԵՐԵՒԱՆ, ՀՅԴ Մամլոյ Դիւան.- Հայաստանի Ազգային արխիւում տեղի ունեցաւ «Հայաստանը եւ խորհրդա-թուրքական յարաբերութիւնները 1945-1946 թուականների դիւանագիտական փաստաթղթերում» գրքի շնորհահանդէսը: Գիրքը «Հայ Դատ» հիմնադրամի մեկենասութեամբ հրատարակել է Ազգային արխիւը: Փաստաթղթերի ժողովածուի կազմող, խմբագիր, նախաբանի հեղինակն է պատմական գիտութիւնների դոկտոր, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսեանը. փաստաթղթերի արխիւային ձեւակերպումը կատարել է պատմական գիտութիւնների դոկտոր, Ազգային արխիւի տնօրէն Ամատունի Վիրաբեանը:
Գիրքը կազմուել է 1945-1946 թուականներին Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարար Սահակ Կարապետեանի պատրաստած թղթածրարի նիւթերից, որոնք միտում էին հիմնաւորել 1945ի մարտին Թուրքիայի հետ նոր պայմանագրի կնքման պայմաններից մէկը, խորհրդային կառավարութեան առաջարկով, Կարսի եւ Արտահանի մարզերը համապատասխանաբար Հայաստանին եւ Վրաստանին վերադարձնելը:
Ամատունի Վիրաբեանը պատմեց, որ գրքի հիմնական բաժինը կազմող թղթածրարը գտնուել է գրքի խմբագրի հօր՝ 1975-1985 թուականներին Հայաստանի արտաքին գործերի նախարար æոն Կիրակոսեանի տանը: Արման Կիրակոսեանը այն յանձնել է Հայաստանի Ազգային արխիւին:
Արման Կիրակոսեանը յայտնեց, որ թղթածրարը միշտ մնացել է արտաքին գործերի նախարարների մօտ եւ չի յանձնուել արխիւ: Նա նաեւ ասաց, որ գիրքը կազմելու եւ վերջնական տեսքի բերելու համար մեծ խումբով եւ մեծ նուիրումով են աշխատել. նա շնորհակալութիւն յայտնեց աշխատանքի բոլոր մասնակիցներին:
«Հայ Դատ» հիմնադրամի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Լեւոն Մկրտչեանը կարեւորելով ժողովածուի կազմութիւնը, յատկապէս գնահատեց խմբագրի կողմից գիտական ծաւալուն նախաբանը, որը համարեց Հայկական հարցի պատմութիւնը ռուս-թուրքական եւ խորհրդա-թուրքական յարաբերութիւնների համաթեքսթում՝ մինչ օրս ստեղծուած առաջին ամբողջական մենագրութիւնը: Լեւոն Մկրտչեանը յատկապէս կարեւորեց այս օրերին նման ուսումնասիրութեան հրատարակութեան քաղաքական նշանակութիւնը՝ շեշտելով, որ այդ թղթածրարի հիմքը կազմող քաղաքական գիծը եղել է Հայաստանի առաջին Հանրապետութիւնից ժառանգած քաղաքական գիծը, ինչին պէտք է հաւատարիմ մնալ նաեւ այսօր:
Գնահատանքի խօսքեր ասացին նաեւ Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի արեւելագիտութեան հիմնարկի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը, Երեւանի պետական համալսարանի պատմութեան բաժանմունքի վարիչ Էդիկ Մինասեանը, պատմական գիտութիւնների դոկտոր Մհեր Կարապետեանը, Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւնում մեր երկրի առաջին ներկայացուցիչ, պատմական գիտութիւնների դոկտոր Արսէն Աւագեանը: Նրանք շեշտեցին ռուսերէն բնագրով գիրքը անգլերէնի թարգմանելու եւ հրատարակելու կարեւորութիւնը:
Շնորհահանդէսին ներկայ էին նաեւ Ազգային ժողովի պատգամաւորներ Գալուստ Սահակեանը եւ Վահան Յովհաննիսեանը:
Շնորհահանդէսը աւարտուեց Ամատունի Վիրաբեանի խոստումով, որ առաջիկայում, Ազգային ժողովի նորոգուած դահլիճում կը կայանայ Ազգային արխիւի հրատարակած «Հայաստանի Հանրապետութեան պարլամենտի նիստերի արձանագրութիւններ. «1918-1920 թուականներ» փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածուի շնորհահանդէսը: Ազգային արխիւի տնօրէնը յայտնեց նաեւ, որ հրատարակութեան են պատրաստւում Հայաստանի առաջին Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան վերաբերեալ փաստաթղթերի եւ կառավարութեան 1918-1920 թուականների որոշումների հաւաքածուները: