ԵՐԵՒԱՆ, «ՓանԱրմինիըն».- WBA/WBC վարկածներով գերթեթեւ քաշային կարգին մէջ աշխարհի ախոյեան Վիգ Դարչինեան կոշտ պատասխան մը տուած է թեթեւագոյն քաշային կարգի մէջ WBC/WBO ախոյեան Ֆերնանտօ Մոնտիէլին, որ վերջերս յայտարարած էր, թէ Դարչինեան կը վախնայ հանդիպիլէ իր հետ:
«Ես պատրաստ եմ կռուել Մոնտիէլի հետ թէկուզ հէնց այսօր»,- ըստ box-club.ruի ըսած է Դարչինեան եւ աւելցուցած, «Այդ տղան պոմժերի (դատարկապորտներու-Խմբ.) հետ է մենամարտում եւ ամէն անգամ, երբ նրան լուրջ մրցակից է հանդիպում, նա խուսափում է այդ մենամարտերից: Նա կռուել է միայն մէկ իսկական մարտիկի հետ՝ Ճոննի Կոնսալեսի հետ, որը յաղթել է նրան»:
Հայ բռնցքամարտիկը յայտնած է, որ կը կարենայ յաղթել Մոնտիէլին, ինչպէս յաղթած է անոր աւագ եղբօր՝ Ալեխանտրօ Ֆելիքս Մոնտիէլին:
«Նա կարող էր մասնակցել չորսի մրցաշարին թեթեւագոյն քաշային կարգում, տեսնելու համար, թէ ով է լաւագոյնը, սակայն ոչինչ չարեց դրա համար: Գիտէք, ինչո՞ւ: Որովհետեւ այդ մրցաշարում յայտագրուած չորս մարզիկները ուղղակի կը ջախջախէին նրան: Վերադարձիր անուն չունեցող քո մրցակիցների մօտ, Ֆերնանտօ, որովհետեւ դու, ինչպէս եւ Տոնէյրը, ինքնակոչ ես», աւելցուցած է Դարչինեան: