ՆԱԻՐԱ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ

Նա ճանաչուած է, ճանաչուած է Հայաստանում ու Սփիւռքում: Ստեղծագործում է աւելի քան հինգ տասնամեակ, ստեղծագործութիւններից շատերը մշտապէս ցուցադրւում են Միացեալ Նահանգների շուրջ 10 հեղինակաւոր պատկերասրահներում: Նրա գործերը զարդարում են աշխարհի մեծ ու փոքր ցուցասրահները: Երեք նկարիչների հայր է, երեք նկարիչների՝ պապ, սկիզբն է նկարչական գերդաստանի: Նրա անունը հարիւրաւոր թելերով կապուած է քաղաքամայր Երեւանի հետ, քանզի քաղաքի հիմքը դրել է դարաւոր պատմութիւնը, բայց բանուորի ու շինարարի, քարտաշի, ճարտարապետի ու բազում արուեստագէտների հետ Երեւանի դէմքը կերտել ու յղկել, հայի շունչ ու հայի ոգի է հաղորդել նաեւ՝ նա: Որպէս քանդակագործ նրա արուեստի բացառիկութիւնը հետաքրքրում է օտարներին:
Այսօր ճանաչուած արուեստագէտը, Արուեստի վաստակաւոր գործիչը, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիրը, Քալիֆորնիայի «Lifetime Achievement»ի մրցանակակիրը, պրոֆեսէօր, գեղանկարիչն ու քանդակագործը, Ֆրանսիայի եւ Իտալիայի միջազգային բիենալիեների դիպլոմակիրը, յիսունամեայ ստեղծագործական ու մանկավարժական ծանրակշիռ բեռը ուսերին՝ Վլադիմիր Աթանեանը, 70 տարեկան է: 1992ից բնակւում է Լոս Անջելըսում, եւ որպէս մանկավարժ՝ կրթում է երրորդ սերունդը: 1993 թ. որդու՝ Գոռի հետ, հիմնադրած «Աթանեան» արուեստի կենտրոնում՝ նկարչութեան ու դիզայնի դպրոցում, ամերիկեան այս բազմազգ, բազմախառն ու խայտաբղէտ կուլտուրաների ազդեցութեան մթնոլորտում հարիւրաւոր հայորդիներ փրկւում են ձուլման վտանգից ու ստանում հայեցի դաստիարակութիւն: Աթանեանի նպատակը թղթի վրայ առաջին խզբզանքներն անող, մի քանի գոյն իրար խառնող երեխաներին միայն նկարիչ դարձնելը չէ, նա այստեղ աւելի մեծ առաքելութիւն է կատարում: Աթանեան արուեստի կենտրոնն ունեցել է աւելի քան 1000 շրջանաւարտ, որոնցից 120ը ընդունուել են արուեստի ամերիկեան բարձրագոյն քոլեջներ ու համալսարաններ: Միացեալ Նահանգների «Ով ով է» մատենաշարում, Վլադիմիր Աթանեանի անունը նշուել է որպէս ԱՄՆի լաւագոյն ուսուցիչ:
Եօթանասունամեայ եռանդուն արուեստագէտի ստեղծագործական միտքը միշտ որոնումների մէջ է, նա շարունակում է ստեղծագործել: Մոնումենտալ եւ դեկորատիւ արուեստում նշանակալից են Գլենդէյլի «Փասիֆիկ» համայնքային կեդրոնի «Կոլորաման», Բուրբանկ քաղաքի նկարիչների շէնքի ճակատային մասում՝ «Մուսա» խեցեգործական խճանկարները:
Թերթենք արուեստագէտի կեանքի ու ստեղծագործութեան էջերը յետընթաց ու մօտենանք ծննդեանն ու մանկութեան հետաքրքիր յուշերին:
Եօթանասուն տարի առաջ, 1940 թուականի Մայիսի 4ին, Երեւանում տպագրիչներ Գուրգէն Աթանեանի եւ Գոհար Սարոյեանի ընտանիքում ծնւում է Վլադիմիր Աթանեանը: Մանկութիւնն անցել է պատերազմի ու յետպատերազմեան շրջանի դժուարութիւնների միջով: Նկարել սկսել է ութ տարեկանից:
«Նկարիչ հարեւան ունէինք, պատշգամում միշտ նկարում էր, ես էլ ուշադիր նայում էի: Էդպէս սկսեցի նկարել: Տաս-տասներկու տարեկան տղայ էի, ընկերներով գնացինք Զանգուի ձորում լողանալու. ափին մի խումբ աշակերտներ ուսուցչի հետ նկարում էին: Բուռն ցանկութիւն ունեցայ վրձին վերցնելու: Ոսուցիչն ինձ ստուարաթուղթ ու ներկ տուեց: Սկսեցի նկարել: Այդ օրուանից կեանքս պատկանում է արուեստին»:
Դպրոցական տարիներին յաճախում է Երեւանի Ղուկաս Ղուկասեանի անուան քաղաքային «պիոներ պալատ», որտեղ ուսանում է Գագիկ Ղազարեանի նկարչութեան դասարանում: Դպրոցն աւարտելուց յետոյ ընդունւում է Գեղարուեստաթատերական ինստիտուտ: Ստեղծագործական յաջողութիւններ ունեցել է դեռ ուսանողական տարիներին: 1964ին «Սայաթ Նովա» խճանկարի համար արժանանում է հանրապետական ուսանողական ցուցահանդէսի ոսկէ մեդալին: Ինստիտուտն աւարտելուց յետոյ, որպէս դիզայներ՝ աշխատանքի է ընդունւում Երեւանի Գեղարուեստա-կոնստրուկտորական բիւրոյում: Այստեղ արտադրութեան մէջ են դրւում Աթանեանի դիզայներական նախագծերից շատերը:
Վլադիմիր Աթանեանի մանկավարժական գործունէութիւնն սկսւում է 1969ից: Նա հրաւիրւում է դասախօսելու Գեղարուեստաթատերական ինստիտուտի դիզայնի ամբիոնում, որտեղ դասաւանդում է շուրջ երեսուն տարի: Աթանեանն իր կեանքով, իր ստեղծագործութեամբ ու գործունէութեամբ ապացուցեց, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը մարդկութեան արժէքներից են: Տարիներ շարունակ նրա ջանքերով կազմակերպւում եւ իրականացւում են հայ կերպարուեստի ցուցահանդէսներ Հունգարիայում, Գերմանիայում, Թունիսում, Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆում: 1975թ. Գերմանիայում Լայպցիգի միջազգային տօնավաճառում, Վլադիմիր Աթանեանի եւ գործընկեր Ռուդոլֆ Գարգալոյեանի շնորհիւ ձեւաւորուած հայկական տաղաւարն արժանացաւ տարբեր ազգերի հազարաւոր այցելուների ուշադրութեանն ու հիացմունքին: Նշանակալից են ֆրանսիական Վալորիսի եւ իտալական Ֆայենցոյի համաշխարհային բիենալիեների մասնակցութիւնը 70ականներին, որտեղ Աթանեանն արժանացել է պատուաւոր դիպլոմների:
Թուերն ու փաստերը յաջորդում են մէկը միւսին, խմբակային ու անհատական ցուցահանդէսների թիւը հայրենիքում ու նրա սահմաններից դուրս անցնում է 300ից: Իսկ այս ամէնից զատ եւ նախեւառաջ Աթանեանն իր արուեստով ծառայել է հայրենիքին: Երեւանը զարդարող նրա մի շարք մոնումենտալ գործերում, շինութիւնների ներքին ու արտաքին ձեւաւորումներում արուեստագէտը կարողացել է ներկայացնել դարերի խորքից եկող մեր պատմութիւնը, ազգային ոգին, ուժը, աւանդոյթներն ու պատմութեան խորքից եկող հայ ժողովրդի մաքրամաքուր կենցաղը: Երեւանը զարդարում է հայկական տոմարի՝ աղթարքի նշաններով, բրոնզէ քանդակներով զարդարուած շատրուանախումբը, իրագործուած ճարտարապետ Արսէն Մելիքեանի եւ քանդակագործ Արարատ Յովսէփեանի համահեղինակութեամբ, որ գտնւում է «Մոսկուա» կինոթատրոնի շրջակայքում, Շարլ Ազնաւուրի հրապարակում: Աթանեանի աշխատանքներից են Նորքի Զանգուածի «Վարդ» շատրուանը, Զէյթուն թաղամասի հանգստեան գօտու «Զէյթունցիներ» տուֆէ քանդակները: Քաղաքի կենտրոնում է գտնւում «Էրեբունի Երեւան» հարթաքանդակ խճանկարը՝ նուիրուած Երեւանի հիմնադրման 2750 ամեակին: Իւրաքանչիւր այցելուի հիացմունքն է շարժում «Մոսկուա» կինոթատրոնի ճեմասրահի պատը զարդարող «Գորանի» բարձրաքանդակը, «Դուին» եւ «Անի» հիւրանոցների ներքին եւ արտաքին ձեւաւորումները, «Առողջութիւնը կեանք է» հարթաքանդակը՝ բժիշկների կատարելագործման ինստիտուտում: 1979ին, ստեղծագործական խմբի հետ «Դուին» հիւրանոցի ձեւաւորման համար Վլադիմիր Աթանեանն արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի: Այսօր Երեւանում, մեզ ծնող ու սնող մայրաքաղաքում ի յայտ են եկել ճարտարապետական նոր մօտեցումներ՝ նոր ձեւերով ու լուծումներով: Քաղաքն օր օրի կորցնում է իր իւրօրինակ գեղեցիկ դէմքն ու օրէցօր այն մի տեսակ խորթանում է, խորթանում է երեւանցուն՝ երեւանցու աչքի առաջ: Յայտնի չէ, թէ վաղն այն ինչ տեսք կ՛ունենայ: Իսկ անուանի նկարչի բազմաթիւ ստեղծագործութիւններ թանգարանային նմուշներ են դարձել ու պահպանւում են Երեւանի ժամանակակից արուեստի եւ Սարդարապատի թանգարաններում:
1982-1987 թուականներին, Վլադիմիր Աթանեանին վստահւում է Հայաստանի նկարիչների միութեան քարտուղարի, այնուհետեւ՝ գեղարուեստական խորհրդի նախագահի պաշտօնները: Աթանեանը հանդիսացել է նաեւ մշակոյթի հայկական ֆոնդի նախագահութեան անդամ, կազմակերպել եւ մասնակցել է մի շարք բարեգործական ցուցահանդէսների:
Ձեռքբերումներն ու ստեղծագործական բուռն վերելքի տարբեր շրջաններն այնպէս են յաջորդում մէկը միւսին, որ հնարաւորութիւն չեն տալիս խօսելու Աթանեան արուեստագէտի խառնուածքի, նրա արուեստի ու նկարչական ոճի մասին: Ստեղծագործելուց Աթանեան արուեստագէտին քիչ է յուզում ոճը, նրա կենտրոնական նիւթն ու մեկնակէտը կեանքի ու աշխարհի ներքին գաղտնիքը բացայայտելն է: Նրա հիմնական հերոսը մարդն է, իսկ ստեղծագործութիւնները մարդկային փոխյարաբերութիւնների ու դրանց արանքում թաքնուած մարդկային էութեան բացայայտման ճիչերն են: Աթանեանի քանդակներն ասես հայելիներ են, որտեղ ամէնքս կարող ենք գտնել մեզ ու բացայայտել մեր հոգու գաղտնի անկիւններում թաքնուած մեր իսկ եսը, որ արդէն գոյն ու երանգ է ստացել: Իսկական երջանկութիւն է հաղորդակցուել բարձր զգայական աշխարհի հետ եւ այն ներկայացնել գոյնով, գծով ու քանդակով:
Կէս կատակ, կէս լուրջ, որոշ քննադատների կարծիքով, Աթանեանն ստեղծել է նոր ոճ՝ կախարդական ռէալիզմ: Ոմանք գտնում են, որ նա «ֆիգուրատիւ էքսպրեսիոնիստ» է: Նրա մասին յօդուածներ են գրել արուեստաբան քննադատներ Անտուանետ Սուլեւանը, Պիտեր Ֆրանկը, Ռիչարդ Նաթանը: Նրանցից առաջինը զմայլուել է Աթանեանի զգացական աշխարհով, գոյների շրջապտոյտով, բեկորների ինքնաբուխ շարժումով, բարու եւ չարի յաւերժական պայքարով պարուրուած հեղինակային լուծումներով. երկրորդին՝ վիրտուոզ վարպետը գրաւել է էսթետիկ ու տռփագին նրբագծերով պարուրուած քանդակներով ու «կուբիստական» կտաւներով. երրորդի աչքից չի վրիպել հայազգի հեղինակութեան նրբագեղ ու ճարտարամիտ ոճը. չորրորդը նկատում է Աթանեանի հայրենասիրութիւնն ու նուիրումն իր ազգին, բայց եւ հպարտօրէն ասում է, որ Աթանեանը նաեւ իրենցն է: Վերջինս՝ ամերիկացի ճանաչուած արուեստաբան Ռիչարդ Նաթանն իր յօդուածում գրում է. «Աթանեանն առաջինն է իր տեսակի մէջ, եւ ինչպէս Բայրոնին՝ նրան էլ կարելի է համարել աշխարհի քաղաքացի»:
Իսկ մեզ՝ Երեւանի ներկայ ու նախկին քաղաքացիներին, մնում է գնահատել մեր մեծերին ու պահպանել նրանց թողած արժէքները, այլապէս՝ աշխարհը սպասում է նրանց: