«…Տէր-Պետրոսեանը Բարոյականութեան Հետ Խնդիր Ունի», Կ՛ըսէ Բոզոյեան
«ԱՍՊԱՐԷԶ».- «7օր» գործակալութիւնը սպառիչ հարացզրոյց մը ունեցած է քաղաքագէտ Երուանդ Բոզոյեանի հետ՝ կեդրոնանալով ՀՀՇի եւ անոր առաջնորդ Լեւոն Տէր Պետրոսեանի քաղաքական հայացքներուն վրայ:
Ստորեւ սոյն հարցազրոյցը՝ որոշ յապաւումներով.
«7օր».- Ինչպէ՞ս կը մեկնաբանէք ՀՀՇ 16րդ համագումարում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տէր-Պետրոսեանի «Սերգոջանային» հայեցակարգի եւս մէկ անգամ բարձրաձայնումը: Յայտարարուեց, որ Արցախի հարցի գոյութիւնը Հայաստանի անվտանգութեան սպառնալիք է: Նրա սպասելիքները չարդարացան իշխանափոխութեան մասով եւ հիմա ձեւականութիւնների (աւազակապետութեան դէմ պայքար, աւգեան ախոռների սանիտարական օրուայ յայտարարում եւ այլն) ժամանակն անցե՞լ է: Անգամ իր թիմակիցներն են փաստում, որ նոյնիսկ մարտավարական տեսանկիւնից ելոյթը սխալ էր: Ի՞նչ կ՛ասէք:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Լեւոն Տէր-Պետրոսեանի այդ միտքը նորութիւն չէ: Նա միշտ էլ դա արտայայտել է՝ սկսած 1992թ., երբ Ղարաբաղում պատերազմ էր ընթանում: Նոյնը կրկնեց 1997թ., 2007թ., եւ ասեց վերջերս: Լեւոն Տէր-Պետրոսեանի վերջին ելոյթը ես կը դիտարկէի 3 հարթութեամբ՝
1. բարոյական,
2. բովանդակային եւ
3. մոտիվացիոն (դրդապատճառ-Խմբ.) (թէ ինչո՞ւ այդպիսի միտք արտայայտեց):
Բարոյականութեան տեսանկիւնից ինձ համար շատ ծանր է գնահատել ՏէրՊետրոսեանի այս միտքը, որովհետեւ, իմ կարծիքով, նա բարոյականութեան հետ խնդիր ունի: Ինչո՞ւ. որովհետեւ «Ղարաբաղ» կոմիտէի նախկին անդամ Լեւոն Տէր-Պետրոսեանը քաղաքական դաշտ մտաւ «միացում» կարգախօսով՝ այսինքն Ղարաբաղը Հայաստանին միացնելու կարգախօսով, որպէս առաջին նախագահ ընտրուեց «միացում» կարգախօսով ու ղարաբաղեան շարժման ալիքի վրայ, եւ հիմա բարոյական իրաւունք չունի Ղարաբաղի հարցը Հայաստանի զարգացման խոչընդոտ համարել ու յայտարարել, թէ պէտք գնալ խնդրի շութափոյթ կարգաւորման: Իսկ այսօր գնալ շուտափոյթ կարգաւորման նշանակում է գնալ շուտափոյթ պարտութեան: Դա պարզ է անգամ դպրոցականին:
Ես ուզում եմ թուարկել, թէ ի՞նչ հետեւանքներ ունեցանք մենք Ղարաբաղի խնդրի հետ կապուած. 500 հազար հայ փախստական եկաւ Ադրբեջանից, 6 հազար մարդ զոհուեց ղարաբաղեան պատերազմի ժամանակ, մօտաւորապէս 1 միլիոն մարդ այդ տարիներին արտագաղթեց Հայաստանից, եւ Հայաստանի բնակչութիւնն ապրեց 1990ականների սարսափելի սոցիալական վիճակը: Հիմա Տէր-Պետրոսեանի՝ Ղարաբաղը խոչընդոտ տեսնելու մտքի բարոյական կողմը մօտաւորապէս նոյնն է, որ ասենք այսօր Պարոյր Հայրիկեանը ԱԻՄի համագումարում յայտարարի, թէ յանուն գոյատեւման եւ փրկութեան Հայաստանը պէտք է միանայ Ռուսաստան-Բելառուս Դաշինքին կամ նպաստի ՍՍՀՄի վերականգնմանը: Կամ Խաչիկ Ստամբոլցեանը յայտարարի, թէ Հայաստանը պէտք է դարձնել քիմիական արդիւնաբերութեան կենտրոն: Անբարոյականութիւնը երկրում առաջանում է հէնց այդպիսի երեւոյթներից: Եւ եթէ այն չի դատապարտւում հասարակութեան կողմից, ստեղծւում են գեղամեաններ եւ արթուրբաղդասարեաններ:
«7օր».- Անցնենք ելոյթի՝ ձեր մատնանշած միւս հարթութիւնների դիտարկմանը:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Տէր-Պետրոսեանը, անընդհատ յայտարարելով, թէ առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման եւ հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւման՝ Հայաստանը ապագայ չի կարող ունենալ, Հայաստանի ապագայի բանալին, ըստ էութեան, յանձնում է Ադրբեջանին եւ Թուրքիային: Բնականաբար, բարիդրացիական յարաբերութիւններ ունենալը շատ նորմալ ու ցանկալի վիճակ է: Հասկանալի է, որ եթէ հայ-թուրքական սահմանները բաց լինէին, Հայաստանը շատ աւելի լաւ կը զարգանար, այստեղ վիճելու հարց չկայ: Սակայն երբ դու շաղկապում ես այդ խնդիրը եւ արտայայտում ես մի այնպիսի իմպերատիւ (ստիպողական-Խմբ.) միտք, թէ առանց հայ-թուրքական սահմանների բացման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման (փաստացի՝ միակողմանի զիջման)՝ Հայաստանը ապագայ չունի, ի սկզբանէ քեզ դնում ես մուրացկանի կարգավիճակում ու ոչ մի յաջողութեան չես կարող հասնել: Խնդրեմ՝ Սերժ Սարգսեանի վարած արտաքին «նախաձեռնողական» քաղաքականութիւնն ասուածի վառ ապացոյց է: Դա ես անուանում եմ թրքալիբերալիզմ, որը բացարձակապէս կապ չունի լիբերալ (ազատական-Խմբ.) արժէքների հետ: Կարելի է ասել, որ եթէ թուրքերն ու ադրբեջանցիները պէտք է մեր զարգացման միակ գրաւականը հանդիսանան ու թելադրեն, ապա նրանք կը թելադրեն մինչեւ վերջ, եւ, ինչու՞ չէ, եթէ դու յանձնում ես ազատագրուած տարածքները, ապա նրանք պահանջելու են ամբողջ Ղարաբաղը: Տալիս ես Ղարաբաղը, կը պահանջեն ամբողջական Զանգեզուրը: Յանձնեցիր Զանգեզուրը, գալու են Երեւան: Սա տրամաբանական շղթայ է, որն աշխատել է: Յիշենք 1920թ. իրադարձութիւնները, որին շատ է սիրում անդրադառնալ Տէր-Պետրոսեանը: Յիշեցնեմ, որ Աթաթուրքի ծրագրով Իգդիրը երբեւիցէ չպէտք է Թուրքիայի տարածքում լինէր, բայց այդպէս ստացուեց: Իսկ Կարսի մարզում, նոյնիսկ Աթաթուրքի կոնցեպցիայով (պատկերացումով, ծրագրով-Խմբ.), պէտք է հանրաքուէ անցկացուէր: Բայց չեղաւ: Այսինքն, իրադարձութիւնները բերեցին նրան, որ Թուրքիայի ախորժակը յընթացս բացուեց:
«7օր».- Ինչպէ՞ս էք տեսնում Ղարաբաղեան խնդրի լուծումը:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Ղարաբաղեան խնդիրը կարող է ունենալ լուծման երկու տարբերակ:
1. Խնդիրը լուծւում է որեւէ ձեւով.
2. Ներկայիս ստատուս քուոյի պահպանում:
Առաջին տարբերակում այսօր, ցաւօք սրտի փոխզիջումային տարբերակ չի նշմարւում, քանի որ Ադրբեջանը որեւէ զիջման չի պատրաստւում գնալ: Եթէ Տէր-Պետրոսեանն ուզում է այս խնդիրը շուտափոյթ լուծել, ապա, բնականաբար, նա պէտք է բաւարարի Ադրբեջանի պահանջները, քանի որ, ինչպէս նշեցինք, Ադրբեջանը որեւէ կոմպրոմիսի (զիջում-Խմբ.) պատրաստ չէ: Սակայն մտածել, որ այդ պահանջները բաւարարելով մենք կը խուսափենք պատերազմից եւ կը փրկենք Հայաստանը, ուղղակի քաղաքական անմեղսունակութիւն է: 20րդ դարի սկզբին նմանատիպ գործիչները փորձում էին սիրաշահել թուրքերին, որպէսզի հեռացնեն ցեղասպանութեան վտանգը: Սակայն նրանք ոչ թէ հեռացրին, այլ մօտեցրին ցեղասպանութիւնը: Իսկ յոյսը դնել, որ Ադրբեջանի ամբիցիաները (փառատենչութիւնը-Խմբ.) կարող է զսպել երրորդ ուժը՝ Արեւմուտքը, Ռուսաստանը, սա նոյնպէս քաղաքական անմեղսունակութիւն է: Ինչպէս որ քաղաքականապէս անմեղսունակ էին այն գործիչներն ու ուժերը, ովքեր 1915-20 թթ. հայ ժողովրդի եւ հայոց պետականութեան անվտանգութեան երաշխիքները փնտռում էին դրսում:
Այսպիսով, Ղարաբաղեան խնդրում ստատուս քուոյի (ներկայ իրավիճակի-Շմբ.) պահպանումը ոչ թէ լաւագոյն տարբերակ է, այլ չարեաց փոքրագոյնն է՝ եղածների մէջ: Ստատուս քուոն մեր համար շանս «առիթ-Խմբ.) է, որպէսզի մենք իսկապէս կարողանանք զարգանալ, դառնալ ժամանակակից պետութիւն եւ կարողանանք ապահովել մեր ժողովրդի անվտանգութիւնը: Կրկնեմ, ստատուս քուոյի այլընտրանք զիջումները պատերազմն ու ստորացուցիչ եւ անխուսափելի պարտութիւն կը լինի մեր համար:
Իսկ ի՞նչ հեռանկար կարող է բացել ստատուս քուոյի պահպանումը: Ըստ էութեան մենք ժամանակ ենք շահում, որպէսզի կարողանանք այս դժուարին պայմաններում կայացնենք ժամանակակից պետութիւն: Կը կարողանա՞նք այն իրագործել, ուրեմն կը փրկուենք, կապահովենք Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդի անվտանգութիւնը: Չե՞նք կարողանայ, ուրեմն ստատուս քուոյի պահպանումն էլ մեզ չի փրկի: Սակայն չօգտուել այս հնարաւորութիւնից, նշանակում է նախապէս չհաւատալ մեր ապագային, մեր պետականութեանը, մեր անվտանգութեանը: Սա՛ է այն դառը իրականութիւնը, որի առջեւ կանգնած է հայ ժողովուրդը: Տէր-Պետրոսեանի առաջարկած շուտափոյթ լուծման սցենարը (դէպքերու ընթացքի պատկերացումը-Խմբ.) արագ կապիտուլեացիայի (անձնատուութեան-Խմբ.) է բերում, իսկ այսօրուայ հայաստանեան համակարգով ստատուս քուոյի պահպանումը կը բերի դանդաղ մահուան: Բայց ես ոչ արագ, ոչ էլ դանդաղ մահուան կողմնակից եմ ու ստատուս քուոյի ընթացքում նորմալ երկիր դառնալը համարում եմ միակ հնարաւոր լուծումը, որը կեանքի գաղափար է պարունակում իր մէջ: Ստատուս քուոն շանս է, իսկ Տէր-Պետրոսեանի մօտեցումը զրկում է շանսից ի սկզբանէ: Սրանք են մեր ու տէրպետրոսեանականների աշխարհընկալման եւ փիլիսոփայական տարբերութիւնները:
«7օր».- Իսկ նրա ելոյթի մոտիվը ո՞րն էր: Ի՞նչ շահեց:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Անցնեմ ելոյթի երրորդ հարթութեանը: Ինչո՞ւ նա կրկնեց իր հին գաղափարները հէնց այս պահին: Այդ մարդը, փաստացի, խոստովանեց, որ յետագայ քայլերի հնարաւորութիւն չի տեսնում, քանի որ դրսի աջակցութիւն չկայ: Ինձ զարմացրեցին Լեւոն Տէր-Պետրոսեանի որոշ ձեւակերպումները, որտեղ նա նշում էր, թէ Արեւմուտքը փաստացիօրէն առաջնահերթութեան մէջ չի դնում Ղարաբաղի խնդիրը, որովհետեւ չի ուզում լուծել: Այսինքն Տէր-Պետրոսեանը համոզուած է, որ Արեւմուտքը կարող է, բայց ինչ-ինչ պատճառներով չի ուզում լուծել Արցախի հարցը: Ստացւում է, որ իր համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, Հայաստանի ժողովրդի կարծիքը, Ադրբեջանի ժողովրդի կարծիքը վեցերորդական նշանակութեան են, եւ իր արժեհամակարգի մէջ կայ մի վերացական Արեւմուտք, որը, եթէ ուզենայ, կը լուծի, ու այդ մարդը խօսում է ժողովրդավարութիւնի՞ց:
Նա նշում էր Արեւմուտքի համար առաջնահերթ դարձած խնդիրների մասին՝ Աֆղանստան, Իրաք, տնտեսական ճգնաժամ եւ այլն, որով զբաղուած է Արեւմուտքը եւ ժամանակ չունի մտնել Կովկաս: Տէր-Պետրոսեանի այդ թեզը պարզապէս չի դիմանում որեւէ քննադատութեան: Եթէ նոյնիսկ պատկերացնենք, որ Արեւմուտք կոչուածը մի պահ ցանկանայ լուծել Արցախի հարցը, ապա դա այդքան հեշտ նրան չի տրուի, ինչպէս որ պատկերացնում է Տէր-Պետրոսեանը: Ինքը մատնանշում է խնդիրներ, որով այժմ զբաղուած է Արեւմուտքը, բայց չէ՞ որ այդ բոլոր խնդիրները Արեւմուտքը չի կարողանում լուծել: Ո՛չ Իրաքի խնդիրն է լուծուած, ո՛չ Աֆղանստանի խնդիրն է լուծուած, ո՛չ Պաղեստինի խնդիրը: Չկայ այդպիսի մի վերացական Արեւմուտք, որն ուզում է խնդիրը լուծում է, չի ուզում չի լուծում: Այդ պատկերացումները քաղաքական անգրագիտութեան ու դիլետանտիզմի (ոչ-մասնագիտական մօտեցումի-Խմբ.) դրսեւորում են: Ես ցաւով եմ դա ասում:
«7օր».- Բայց տարածուած կարծիք կայ, թէ Լեւոն Տէր-Պետրոսեանը լուրջ մակարդակի գիտնական է, բարձր որակի քաղաքակն գործիչ:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Դա իրականում միֆ է, եւ կեանքն ամէն օր ապացուցում է Տէր-Պետրոսեանի շուրջ ստեղծուած միֆի դատարկութիւնը: Մեր երկիրը 20 տարեկան է, իսկ մեր ժողովուրդը հարիւրամեակներ պետականութիւն չի ունեցել, եւ մեզ մօտ կան պատկերացումներ, որոնք իրականութեանը չեն համապատասխանում: Օրինակ, տեսակէտ կայ, որը բաւական տարածուած է, թէ անբարոյականութիւնը քաղաքականութեան բաղկացուցիչ մասն է, թէ մարդը անբարոյական քայլեր է անում ուրեմն խելօք քաղաքական գործիչ է:
«7օր».- Տեսակէտ հնչեց, թէ Լեւոն Տէր-Պետրոսեանն իր այս վերջին ելոյթով ընդդիմադիր դաշտին հրաժեշտ տուեց եւ իշխանութեանն ու իր պատկերացրած միջազգային հանրութեանը հասկացրեց, որ քաղաքականութիւն կը վերադառնայ կամ հերթական անգամ կը մտնի քաղաքական գործընթացի մէջ, երբ «ֆուտբոլային» դիւանագիտութիւնը մինչեւ վերջ տանելու, այն է՝ Ղարաբաղի հարցում Հայաստանից զիջումներ կորզելու կարիք կը զգացուի: Ի՞նչ կ՛ասէք սրա մասին:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Շատ հետաքրքիր հարց էք տալիս: Երբ Լեւոն Տէր-Պետրոսեանը յայտարարեց, թէ, իր պատկերացմամբ, առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման՝ Հայաստանը ապագայ չունի, ես կարծում եմ, որ նա այդ իմաստով անկեղծ էր: Նա այդպէս է մտածել միշտ: Երբ նա 2007թ. յայտ ներկայացրեց վերադառնալու քաղաքական դաշտ, իր մէջ կար այդ տատանումը նախագահի թեկնածու առաջադրուելու մասով: Նա անընդհատ իր թիմակիցներին եւ կողմնակիցներին, թերեւս նշել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ի՞նչ իմաստ ունի մտնել քաղաքական դաշտ: Սակայն հանգամանքների բերումով նա ի վերջոյ մտաւ ընտրապայքար եւ քանի որ առանց դրսի օժանդակութեան չէր պատկերացնում յաղթանակի ապահովումը, ուստի փորձեց աջակցութիւն ստանալ արեւմտեան շրջանակներից՝ այն բանի հիման վրայ, որ ունէր բաւական զիջողական դիրքորոշում Ղարաբաղի եւ Թուրքիայի հետ կապուած հարցերում: Տէր-Պետրոսեանը յոյս ունէր, որ եթէ զանգուածային շարժում սարքի, ապա կը ստանայ այդ աջակցութիւնն Արեւմուտքից այնպէս, ինչպէս աջակցութիւն ստացան Վրաստանն ու Ուկրաինան: Այդ զանգուածային շարժումը սարքելու նպատակով քօղածածկուեցին Արցախին ու Թուրքիային վերաբերող հարցերը եւ հանրութեանն աւելի շատ մատուցուեց աւգեան ախոռների, աւազակապետութեան կազմաքանդման թեմաները, որը որոշակի կոնսոլիդացիա (ամրապնդուեցաւ-Խմբ.) ապահովեց: Տէր-Պետրոսեանն իրեն առաջարկեց որպէս գործիք, բայց ինքն էլ իր հերթին որպէս գործիք էր դիտարկում զանգուածներին:
«7օր».- Այսինքն Տէր-Պետրոսեանը ժողովրդին օգտագործում էր, որպէսզի աջակցութիւն ստանայ դրսից՝ «Տեսէք, թէ որքան մարդ է գալիս իմ հանրահաւաքին» թեմայո՞վ:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Մեծ հաշուով՝ այո՛: Այս իմաստով նա աջակցութիւնը փորձում էր ստանալ Արեւմուտքից: Այդ ամէնը ֆիքսելով (յստակեցնելով-Խմբ.) Արեւմուտքն իրեն օգտագործեց որպէս գործիք՝ ճնշելու համար Հայաստանի իշխանութիւններին, որպէսզի Հայաստանի իշխանութիւնները գնան զիջումների Արցախի ու Թուրքիայի մասով:
«7օր».- Խօսքը 2008թ.ի ընտրութիւններից յետոյի մասին է՞:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- 2008թ. եւ 2008թ.ից յետոյ ընկած ժամանակահատուածի մասին է: Այսինքն, Լեւոն Տէր-Պետրոյեանին չյաջողուեց այդ աջակցութիւնը ստանալ Արեւմուտքից նախընտրական ու յետընտրական «տաք» փուլերում, սակայն դրսի ուժերի կողմից որպէս գործիք օգտագործուեց Հայաստանի իշխանութիւնների վրայ՝ ճնշում գործադրելու համար: Բայց որպէսզի Տէր-Պետրոսեանը կարողանար յայտ ներկայացնել Արեւմուտքի համար, ինքը պէտք է ունենար զանգուած: Որպէսզի ունենար զանգուած, նա, շատ լաւ հասկանալով, թէ ինչ մթնոլորտ էր տիրում Հայաստանում եւ հասկանալով, որ մի զգալի զանգուած կայ, որը փոփոխութիւն է ուզում, նա յայտ ներկայացրեց, որ իր գալու պարագայում այս երկիրը կը մաքրի աւազակապետական համակարգից: Նա տարբեր շերտերին տարբեր բաներ էր խոստացել: Իր շրջապատին՝ իշխանափոխութիւն, լայն զանգուածներին՝ ազատական մթնոլորտ, Արեւմուտքին՝ ռադիկալ (արմատական-Խմբ.) զիջումներ՝ Լեռնային Ղարաբաղի ու Թուրքիայի հարցերում:
«7օր».- Այսինքն Տէր-Պետրոսեանը որպէս գործի՞ք էր օգտագործում լայն զանգուածներին:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Այո՛, սակայն միաժամանակ այն զանգուածը, որը համակերպուեց Տէր-Պետրոսեանի հետ մասնակցել այդ շարժմանը, նոյնպէս յոյս ունէր, թէ Տէր-Պետրոսեանին կ՛օգտագործի որպէս գործիք՝ իշխանափոխութեան համար: Այս առումով «գործիքաւորման» շղթայի հետ գործ ունենք: Ակտիւ հասարակական զանգուածը Տէր-Պետրոսեանին տեսնում էր որպէս գործիք իշխանութիւնը փոխելու համար, Տէր-Պետրոսեանը այդ զանգուածին էր տեսնում որպէս գործիք, որպէսզի Արեւմուտքին ցոյց տայ, թէ ինչ հզօր ուժ է իրենց ներկայացնում, որը յայտ է ներկայացնում՝ Հայաստանի վեկտորը (արեւելումը-Խմբ.) փոխել ու կտրուկ որոշումների գնալ նաեւ Ղարաբաղի հարցում:
«7օր».- Իսկ Արեւմուտքը արդեօք չօգտուե՞ց Տէր-Պետրոսեանի՝ գործիք դառնալու պատրաստակամութիւնից:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Արեւմուտքը գնաց իր շահերի տեսակէտից աւելի ռացիոնալ (տրամաբանուած-Խմբ.) տարբերակով: Նրանք օգտագործեցին Լեւոն Տէր-Պետրոսեանին որպէս գործիք, եւ իշխանութիւններին պարտադրեցին որոշակի զիջումների գնալ:
«7օր».- Այսինքն, «ֆուտբոլային» դիւանագիտութիւնը Սերժ Սարգսեանի՞ նախաձեռնութիւնը չէ:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Նախաձեռնութիւնը եւ դրա հետեւանքների պատասխանատուութիւնը բնականաբար Սերժ Սարգսեանինն են, բայց «ֆուտբոլային» դիւանագիտութեան մէջ անուղղակիօրէն կայ նաեւ Տէր-Պետրոսեանի եւ նրա թիմակիցների գործօնը: Գործնականում Տէր-Պետրոսեանն այդ ընթացքում գնաց տուն եւ զբաղուած էր զանգուածներին պասի-ւացնելով (կրաւորական դարձնելով-Խմբ.):
«7օր».- Ով ինչ շահեց «ֆուտբոլից», եթէ, իհարկէ, շահեց: Խօսքս Սարգսեանի ու Տէր-Պետրոսեանի մասին է:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Սերժ Սարգսեանը, նախաձեռնելով այս «ֆուտբոլային» քաղաքականութիւնը, փորձեց որոշակիօրէն լեգիտիմութեան (օրինականութեան-Խմբ.) աստիճան ստանալ միջազգային հանրութեան կողմից: Այն, ինչ որ ստացաւ ինքը, դրանով թուլացրեց Տէր-Պետրոսեանին: Եթէ յիշում էք, 2008թ. Սեպտեմբերին, երբ որ Գիւլը եկաւ Հայաստան, Տէր-Պետրոսեանը հրաժարուեց մի շարք միտինգներից (հաւաքներէն-Խմբ.)՝ նշելով, թէ չի ուզում խանգարել հայ-թուրքական յարաբերութիւնների զարգացմանը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի արագ կարգաւորմանը: Իրականում Տէր-Պետրոսեանը, չխանգարելով, փորձում էր մի քանի խնդիրներ լուծել: Իր կողմնակից լայն շրջանակներին նա հիմնաւորում էր, թէ ի վիճակի չէ խանգարելու ու պէտք է ընտրել սպասելու մարտավարութիւն, որովհետեւ միջազգային հանրութիւնն այսօրուայ դրութեամբ աջակցում է Սերժ Սարգսեանին: Հասարակութեան լայն զանգուածներին ասւում էր, թէ չի ուզում խանգարել իշխանութեանը, որպէսզի իբր ուժեղացնի նրանց Ղարաբաղի բանակցութիւններում: Իսկ իրականում, ճիշտ հակառակը, Արեւմուտքին խոստանում էր, թէ չի խանգարելու, որպէսզի նրանք Սերժ Սարգսեանին ստիպեն գնալ զիջումների Ղարաբաղի հարցում, իսկ իր անմիջական նեղ շրջապատին հաւաստիացնում, թէ, ա՛յ, էսա՛ Սերժ Սարգսեանը կը գնայ, կը յանձնի ԼՂի մի քանի տարածքներ, եւ իրենք հեշտութեամբ կը վերցնեն իշխանութիւնը՝ ժողովրդական դժգոհութեան ալիքի վրայ: Ահա այսպիսի չէի ասի՝ խորամանկ, բաւական պարզունակ քայլերով նա փորձում էր տարբեր շրջանակներին տարբեր ձեւակերպումներ տալով՝ ներքին կեանքի որոշակի «ստատուս քուո» պահպանել ու սպասել, որ իշխանութիւնը կարող է ԼՂի հարցում ձախողուել, եւ այդ ձախողման ֆօնի վրայ կարող է իշխանութիւնը վերցնել: Սակայն, բնականաբար, իշխանութիւնը չէր կարող գնալ զիջումների ԼՂի հարցում, որովհետեւ կը զրկուէր իշխանութիւնից (1998ի դէպքերը դեռ ոչ ոք չի մոռացել): Տէր-Պետրոսեանի սպասումներն, ըստ այդմ, չարդարացան ու հիմա նա քանդուած հոգեվիճակում է:
«7օր».- Այսինքն Տէր-Պետրոսեանի պարզունակ քայլերի ու սպասումների տապալմա՞նն ենք մենք հիմա ականատես լինում:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Այո՛, Լեւոն Տէր-Պետրոսեանի այս ծրագիրը փաստացի տապալուեց: Բնականաբար, երբ որ տապալուեց, առաջացաւ դժգոհութիւն: Այ՛ն զանգուածի շրջանում առաջացաւ դժգոհութիւն, որին Տէր-Պետրոսեանը, փաստօրէն, ուղարկել էր տուն: Առաջացաւ մասնակիօրէն դժգութիւն նաեւ իր թիմակիցների շրջանում, որովհետեւ նրանց մօտ կասկած առաջացաւ, թէ Տէր-Պետրոսեանն ի վիճակի՞ է, արդեօք, ընդհանրապէս իշխանափոխութիւն իրականացնել: Այստեղ Տէր-Պետրոսեանն արդէն պէտք է պատասխաններ տար իր թիմակիցներին ու զանգուածներին: Եւ վերջին այս ՀՀՇ 16րդ համագումարում նա փաստացիօրէն հրապարակաւ խոստովանեց, որ գլոբալ պարտուել է:
Նրան մնում էր միայն մի քանի մեսիջ (պատգամ-Խմբ.) ուղարկել տարբեր շրջանակների ու էլի սպասել: Մեսիջ համար մէկ՝ նա հիասթափուած է Արեւմուտքից, որովհետեւ Արեւմուտքը ոչ թէ իրեն աջակցեց, այլ որպէս գործիք օգտագործեց ԼՂի հարցում՝ ճնշումներ գործադրելու իշխանութիւնների վրայ, բայց չկարողացաւ շուտափոյթ տարբերակով գնալ խնդրի լուծման: Այսինքն, այն, որ ինքը յայտարարում էր, թէ չի խանգարելու իշխանութեանը, որպէսզի վերջինս անհարկի զիջումների չգնայ ԼՂՀ հարցում, իրականում Տէր-Պետրոսեանը ոչ թէ չէր խանգարում, այլ ճիշտ հակառակը ինքը բոլոր հնարաւոր մեթոդներով նպաստում էր, որպէսզի Արեւմուտքը ճնշեր Սերժ Սարգսեանին, որպէսզի վերջինս զիջումների գնար, որպէսզի այդ զիջումների արդիւնքում ինքը կարողանար շանս ունենալ իշխանութեան գալու: Ինձ համար դա ակնյայտ է:
(Շար. 1)