ԹԵՀՐԱՆ, «Ալիք».- Թեհրանի թեմական 14րդ պատգամաւորական ժողովի պատգամաւոր Արմէն Բեգլարեանը լուսաբանում է.
Հիմնական խնդիրը այն ենթագլուխն է, որ օպտիմալացումը (լաւագոյն լուծումի հասնելու մարտավարութիւն-Խմբ.) առարկայական պայմանների հրամայականն է, սկսենք այս խորագրից:
Եթէ այստեղից սկսենք, որ ասում ենք՝ օպտիմալացումը առարկայական պայմանների հրամայականն է, այսինքն ի՞նչ, այսինքն՝ մեր առարկայական պայմանները հիմնովին փոխուել են: Այսինքն՝ ի՞նչ է պատահել. իրականութեան մէջ, մեր համայնքը համեմատ անցեալի, ասենք՝ 10-15 տարիների հետ, մի քանի բնագաւառներում փոփոխութիւններ է կրել: Դրանցից ամենակարեւորը թուաքանակի խնդիրն է. մեր ժողովրդի թուաքանակն անցեալում 120.000ից մինչեւ 130.000 էր կազմում. այսօր ունենք դրա կէսից աւելի պակասը, բայց կառոյցները մնացել են անցեալի կառոյցները եւ դեռ աւելացել են: Հետեւաբար՝ մեր ազգային ղեկավարութեան համար պարտադիր մի վիճակ է առաջ եկել, նաեւ՝ մեր մտաւորական խաւի համար, որ պէտք է գանք այս կառոյցները համապատասխանեցնենք ներկայ իրավիճակին: Այս իրավիճակը կարելի է բնութագրել եւ, հիմա ազգային կառոյցների մէջ շատ է օգտագործւում, օպտիմալացում: Օպտիմալացում այսինքն ի՞նչ, այսինքն՝ գանք ամենաբարենպաստ ձեւը կամ ամենայարմար ձեւն ընտրենք, որպէսզի կարողանանք այս համայնքը ղեկավարել արդի ժամանակի պայմաններին համապատասխան: Հետեւաբար՝ այստեղ այն խնդիրն է առաջանում, որ մենք կարողանանք համայնքը այնպէս դասաւորել, վերակազմակերպել, որ յաւելեալ ծախս չունենանք եւ այն, ինչ որ գոյութիւն ունի որպէս ազգային կառոյց, լինի՝ դպրոց, եկեղեցի, միութիւն եւ այլն, դրանք լաւապէս աշխատեն. ընդհանուր բանաձեւը սա է: Այս բանաձեւը ես կարծում եմ, որ տարիներ է ազգային կեանքի մէջ արծարծւում է, այսինքն՝ նորութիւն չէ, բայց գործնականի մէջ համարեա կարելի է ասել՝ ինչ-որ չափով նորութիւն է: Այսինքն՝ այսօր մեր թեմական խորհուրդը կամ պատգամաւորական ժողովը մտածում են, որ հասել են այն կէտին, որ պարտաւոր են նաեւ յաւելեալ ծախսերի կրճատման համար նոր ծրագրաւորում մշակել, համայնքը ղեկավարելու համար նոր ծրագրաւորում է անհրաժեշտ:
Այս խնդիրը, օրինակ, սկսուել է դպրոցներից, որովհետեւ դպրոցները աւելի բացայայտ կերպով են ցոյց տուել իրենց առաջնահերթութիւնը: Մենք անցեալում, այժմ յստակ թիւը ես չեմ յիշում, ունեցել ենք, օրինակի համար, տասներկու հազար հինգհարիւրի շուրջ աշակերտութիւն, հիմա ունենք շուրջ 3000:
Հետեւաբար՝ կրկին պէտք է վերանայել այս խնդիրը. եթէ անհրաժեշտ է մի քանի դպրոց միացնել, պէտք է դա արուի, եթէ նպատակայարմար է, որ մի դպրոց փակուի, պէտք է փակուի, այսինքն՝ մենք չպէտք է իրականութիւնից փախչենք, հնարաւոր չէ, իրականութիւնը սա է, որ կայ: Եթէ այսօր ենթադրենք, Աստուած մի արասցէ, ազգաբնակչութեան թիւը կիսուեց, կրկին պարտաւոր ենք նորից վերադասաւորումն իրականացնել: Մենք սկսել ենք դպրոցներից, յետոյ կարող է հասնենք միութիւններին, նաեւ ուրիշ շատ բնագաւառների: Եթէ մեր որոշ միութիւններ իրենց գոյութիւնը չեն արդարացնում, մի շէնք է եւ մի քանի մարդ, որ գնում նստում են այնտեղ, սա արժէք չի ներկայացնում, սրանք յաւելեալ ծախս են, յաւելեալ բեռ են այս համայնքի վրայ, որ այս բեռի համար վճարում է, վերջին հաշուով, ինքը ժողովուրդը:
Հետեւաբար՝ օպտիմալացման խնդիրը, ես կարող եմ մի քանի բառով ինչպէս արդէն նշեցի, վերակազմակերպենք, վերանայենք, վերաձեւաւորենք, այսինքն՝ մի խօսքով՝ մեր համայնքի կառուցուածքին եարմար ձեւակերպում ունենանք: Սա՝ ընդհանուր կէտերի մէջ:
«Ալիք».- (Ներկայացրէք) Համայնքում օպտիմալացման բացերը եւ դրական ու բացասական կէտերը:
Ա.Բ.- Տեսէք, տնտեսական բնագաւառում մենք տնտեսութիւն չենք առաջացնում, հնարաւորին չափ մինչեւ այն մակարդակի աշխատանք է տարւում, որպէսզի մեր ազգային դրուածքը, մեր ազգային կառոյցը կարողանանք պահպանել, ապահովել: Հիմնական մօտեցումը դա է, այսինքն՝ եթէ կան նիւթական ինչ-որ խնդիրներ, գումարներ, եթէ կան փոքրաթիւ կալուածներ, որոնք ազգային առաջնորդարանի հսկողութեան ներքոյ պէտք է շահագործուեն կամ օգտագործուեն ճիշտ ձեւի տակ, դրանք են մեր տնտեսական հարցերը եւ դրանց կողքին նաեւ նուիրատուութիւնները, որ մեր ժողովուրդը կատարում է եւ որը վերջում կազմում է մեր ազգային բիւջէն եւ այդ բիւջէից մենք պէտք է օգտուենք թէ՛ մշակութային, թէ՛ մարզական բնագաւառներում, եւ թէ՛ կրթական ու շատ ուրիշ բնագաւառներում:
Մեր դպրոցները տարեկան մի քանի հարիւր միլիոն բաց են բերում եւ այս բացը պէտք է փակի ո՞վ. վերջին հաշուով՝ ժողովուրդն է փակում իր կամ նուիրատուութեամբ, կամ կալուածներով, որ նուիրում է, կամ կտակներով, որ ունենում է. այս միջոցներով. մենք ուրիշ տնտեսական որեւէ մուտք չունենք այդ իմաստով, այսինքն՝ տնտեսական կառոյց որպէս այդպիսին՝ չունենք: Բայց, բացը, որ շեշտում էք, ի՞նչ բնագաւառում մենք բաց ունենք, ես կարծում եմ, կրթական մակարդակի իմաստով, որտեղ մենք նահանջ ենք ապրում: Եթէ մենք կարողանանք այս օպտիմալացման ծրագիրը առաջ տանել, կրթական մակարդակը կարող ենք բարձրացնել, ինչու՞, որովհետեւ յաւելեալ ծախսերը, որ այսօր անկազմակերպ ձեւով դնում ենք որոշ դպրոցների վրայ, որոնք ունեն, օրինակի համար, 80ից 100 աշակերտ, յաւելեալ ծախսերի առաջն առնելով՝ կարող ենք օգնել, որպէսզի մնացած դպրոցների մակարդակը բարձրանայ կրթական մակարդակի իմաստով: Իսկ մշակութային բնագաւառում մենք կարող ենք հրաւիրել Հայաստանից լաւ մշակութային գործիչներ, պարուսոյցներ, թատրոնի մասնագէտներ բերել, մարզական ոլորտում մարզիչներ եւ միասնաբար աշխատել, որովհետեւ այսօրուայ մեր միութիւններից ամէն մէկը միայնակ այս գործը չեն կարողանում անել, քանի որ չունեն նիւթական այդ կարողութիւնը: Հետեւաբար՝ այս աշխատանքի մի մասը, իմ կարծիքով, պէտք է դրուի Թեմական խորհրդի ուսերին, թէկուզ եւ ես համաձայն չեմ, որ Թեմական խորհուրդը բոլոր միութիւնների, դպրոցների մէջ եւ այլն, եւ այլն մուտք գործի միջամտելու իմաստով ու այդպիսով՝ խախտի նրանց անկախութիւնը, բայց կարելի է մշակել այնպիսի ծրագիր, որ միասնական աշխատանք տարուի կամ հովանաւորուի նիւթական իմաստով թեմական խորհրդի միջոցով եւ լրացուի այն բացը, որ միութիւններում գոյութիւն ունի, որովհետեւ միութիւնները հիմա, փաստօրէն, անցեալի մակարդակը չունեն, անցեալի թատերախմբերը չունենք, որոշ միութիւններ մինչեւ իսկ երգչախումբ էլ չունեն եւ իրենց կեանքը քարշ են տալիս՝ իրականութեան մէջ: Անցեալից եղել են եւ հէնց այսպէս շարունակում են մնալ: Միութիւնների հարցը նաեւ, ես կարծում եմ, թեմական խորհուրդը պէտք է վերանայի, դնի իր օրակարգի վրայ, վերանայի, տեսնի, եթէ կան միութիւններ կամ կառոյցներ, որոնք չեն արդարացնում իրենց գոյութիւնը, դրանք էլ փակի, ինչ կարիք կայ, որ մնան:
Իմ խնդիրն այս է, որ մենք անցեալի կառոյցները ամբողջութեամբ պէտք է վերանայենք, որովհետեւ մեր ողջ պայմանները վերափոխուած են, թէ՛ արտագաղթի պատճառով, թէ՛ ծնելիութեան պակասի բերումով՝ մեր համայնքը չափազանց փոքրացել է, ընդամէնը մի քանի տասնեակ հազար եւ պէտք է կարողանանք այս համայնքը թէ՛ կենտրոնացնենք, թէ՛ որակաւորենք, եւ թէ՛ արժեւորենք ճիշտ ձեւով, որպէսզի տեսնենք՝ ինչ պէտք է անենք. հիմնական խնդիրը սա է եւ այս խնդրի մէջ, ես կարծում եմ, մեր ժողովուրդը եւ ազգային ղեկավարութիւնը պէտք է միասնաբար աշխատեն, այսինքն՝ մտահոգութիւնները միայն ազգային մարմիններինը չեն եւ ժողովուրդը գիտակցաբար բաժանում է նաեւ այս մտահոգութիւնները, այսինքն՝ ժողովուրդը ինքը գիտակցում է՝ ինչ խնդիրներ կան ու պատրաստ է համագործակցելու. պարագաներ էլ եղել են, որ ժողովուրդը ինքն է դիմել եւ ինքն է առաջարկել, թէ ինչ պէտք է անենք, այս մտահոգութիւնները բոլորի մօտ էլ առկայ են: Նաեւ կան չափազանց փոքրաթիւ մարդիկ, որ իրենց անձնական շահից մեկնելով՝ խոչընդոտներ են առաջացնում եւ շեշտեմ, որ նրանք չեն յաջողի ու շատ կարեւոր էլ չեն, կարեւորը պայմաններն են, որ մեզ կը պարտադրեն եւ արդիւնքը:
Իսկ եթէ մենք մի փոքր վարանենք կամ ուշանանք, կը վնասուենք: Ես միշտ ասել եմ ղեկավարութիւնը նրա համար է, որ գիտակցութիւնն ունենայ՝ ճիշտ ժամանակին փոփոխութիւնների զանգը հնչեցնելու:
Եթէ ղեկավարութիւնը ժամանակին քայլեր չձեռնարկի, ժողովուրդը կը ձեռնարկի, այսինքն՝ ղեկավարութիւնը ժողովրդից յետ կընկնի, յետոյ աւեր կը գործուի, մեծ վնասների դիմաց կը կանգնենք մենք, յատկապէս՝ նիւթական առումով, նաեւ՝ յուսահատութիւն եւ հասարակական դժւարութիւններ եւ այլն, որովհետեւ մենք խնդիրներ շատ ունենք, բայց տեսէք, տեսակէտների հարց է, օրինակ՝ ես մի ուրիշ խնդիր նշեմ. այս երկրում կայ մոլութեան խնդիր. այս մոլութիւններին մաս է կազմում նաեւ մեր համայնքը, հարիւրաւոր երիտասարդ մոլի ունենք մենք, այս բնագաւառում ի՞նչ ենք անում մենք. ոչինչ: Երկրում կայ անգործութիւն, հայութեան մէջ նաեւ՝ որպէս այս երկրում ապրող փոքրամասնութիւն, որը պատճառ է դառնում թէ՛ շեղումների, թէ՛ ուշ ամուսնութեան, թէ՛ հասարակական սխալ ընթացքների, որ ստեղծում են այդ մարդիկ իրենց կեցուածքով: Մենք ի՞նչ ենք անում, էլի ոչինչ, այսինքն՝ մենք ուղղակի ոչինչ չենք անում. տեսէք, սրանք այն բնագաւառներն են, որտեղ բացեր ունենք: Սրանց համար հասարակութեան կողմից երկու մօտեցում կայ. մէկը նրանք են, որ ասում են՝ եթէ երկրում տնտեսական իրավիճակը լաւանայ, մերն էլ կը լաւանայ, եթէ մոլիների թիւը երկրում պակասի, մերն էլ կը պակասի. սա ճիշտ է, բայց հարցը դա չէ, հարցն այն է, որ մենք որպէս ազգային կեանքի ղեկավարներ՝ ի՞նչ ենք կարող անել պարապ, անգործ մարդկանց համար՝ մէկ, իհարկէ մեր կանոնագրութեան մէջ չկայ այդ կէտը, բայց, վերջիվերջոյ, մենք ենք, որ պէտք է ելքեր փնտռենք: Մոլի երիտասարդների համար ի՞նչ ենք կարող անել՝ երկու, դեռ ոչինչ չենք անում: Մեծահասակների համար ի՞նչ կարող ենք անել. լաւ, հիմա ծերանոց ունենք, կարելի է դրանք նորոգել, նոր մօտեցումներ որդեգրել. սրանք բոլորը քննարկուելիք նիւթեր են, որոնց համար պէտք է, իմ կարծիքով, մասնագիտական յանձնախմբեր կեանքի կոչուեն, որ այս խնդիրները քննութեան նիւթ դարձնեն եւ լուծումներ առաջարկեն ազգային ղեկավարութեանը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.