Ալիեւ Միշտ Աղաւաղում Է Բանակցային Գործընթացը
«ԻՐԱՒՈՒՆՔ».- Երեք երկրների նախագահների համատեղ յայտարարութիւնը տարբեր մեկնաբանութիւններ է ստացել: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք, ի՞նչ կապ ունի դա, այսպէս կոչուած, «պետերբուրգեան առաջարկների» հետ, եւ ի վերջոյ, կոնկրէտ (շօշափելի-Խմբ.) ի՞նչ կայ այդ «պետերբուրգեան առաջարկներում»:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Երեք նախագահների յայտարարութիւնը գրեթէ կրկնութիւն էր նախորդ՝ Լ՛ակուիլայում արած յայտարարութեան եւ իր մէջ պարունակում է Մադրիդեան փաստաթղթի առանձին սկզբունքների ամրագրում: Մադրիդեան փաստաթղթի հիման վրայ առաջարկութիւններ են ներկայացուել Պետերբուրգում, Ռուսաստանի նախագահի կողմից կազմակերպած հանդիպման ժամանակ: Այնպէս որ, սկզբունքային առումով գործնականում նոյնն են Մադրիդեան սկզբունքները, երեք նախագահների յայտարարութիւնները եւ այն, ինչը Պետերբուրգում ներկայացուել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին:
«ԻՐԱՒՈՒՆՔ».- Ո՞ր պահը յատկապէս յանգեցրեց նրան, որ Ալիեւը Պետերբուրգից խռոված գնաց:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Նախ պէտք է արձանագրել, որ Ալիեւը տուել է իր համաձայնութիւնը այդ հանդիպման ժամանակ: Եւ տարօրինակ էր նրա պահուածքը, երբ համաձայնութիւն տալուց յետոյ, հիմա փորձում է այլ բան ներկայացնել, ինչպէս նաեւ զարհուրելի է այն սադրանքը, որը նա կազմակերպեց, որովեհտեւ անհնար է նման գործողութիւն կազմակերպուի առանց բարձրաստիճան ղեկավարութեան իմացութեան: Պարզ է, որ Ալիեւը դժգոհ էր, իսկ թէ ինչից՝ կարելի է դատել նրա պահուածքից: Նա միշտ աղաւաղուած է ներկայացնում բանակցային գործընթացը, փաստաթղթերը, պայմանաւորուածութիւնները: Հայկական կողմը երբեք չի գնում աղաւաղումների ճանապարհով: Մեր խօսքը համընկնում է գործի հետ:
«ԻՐԱՒՈՒՆՔ».- Ըստ Ձեզ, ինչու՞ երեք նախագահները անտեսեցին Յունիսի 18ի սադրանքը:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Շատ ցանկալի կը լինէր, որ անդրադառնային, սակայն նախագահների յայտարարութեան կառուցուածքը կարգաւորման հիմնական սկզբունքներին է վերաբերւում: Իսկ միջադէպեր եղել են եւ ցաւօք, յետագայում էլ չեն բացառւում հաշուի առնելով, թէ ում հետ գործ ունենք: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կառոյցների ներկայացուցիչների յայտարարութիւններում դատապարտումը եւ ուժի կիրառումից ձեռնպահ լինելու յորդորը հասցէագրուած է կողմերին, մինչդեռ՝ ինքնին հասկանալի է, որ այդ սադրանքը իրականացնողը Ադրբեջանն է: Իհարկէ, այդպիսի «չէզոք» կեցուածքը կարող է նպաստել ադրբեջանական նոր սադրանքների:
«ԻՐԱՒՈՒՆՔ».- Նախագահների յայտարարութիւնում մատնանշւում են էական զիջումներ հայկական կողմից: Ինչքանո՞վ է մեզ համար ընդունելի, որ ռազմական առումով շատ շահեկան ձեւով տեղաբաշխուած հայկական զինուժը փոխարինուի անհասկանալի տեղերում գտնուող խաղաղապահներով ու թղթային միջազգային երաշխիքներով:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Հնարաւոր փոխզիջումների մասին կարելի է խօսել, եթէ համաձայնութիւն ձեռք բերուի երկու խնդիրների շուրջ: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի սուվերենութեան (գերիշխանութեան-Խմբ.) աստիճանը պէտք է լինի աւելի բարձր, քան այսօր:
«ԻՐԱՒՈՒՆՔ».- Բայց միթէ՞ անկախութիւնից բարձր կարգավիճակ կարող է լինել:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- ԼՂՀն դեֆակտո (իրողականօրէն-Խմբ.) անկախ է, սակայն միջազգայնօրէն ճանաչուած չէ: Չճանաչուած լինելով սահմանափակուած է իր արտաքին գործունէութեան մէջ: Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ նրա բնակչութեան անվտանգութեան երաշխքիները չպէտք է լինեն աւելի պակաս, քան այսօր: Այսօր ԼՂՀ անվտանգութեան էական բաղադրիչը նրա դիրքերն են, որոնք ապահովում են ռազմական հաւասարակշռութիւն եւ զսպում Ադրբեջանի ռազմական նկրտումները:
«ԻՐԱՒՈՒՆՔ».- Երաշխիքների տեսակէտից, եթէ տեղաշարժուի շփման գիծը, ապա կը ստացուի, որ խաղաղապահ կոնտինգենտը (զօրամիաւորումները-Խմբ.) պէտք է լինի 3-4 անգամ աւելին, քան Արցախի զինուժը: Աբսուրդ (անհեթեթ-Խմբ.) չի՞ ստացւում:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Խաղաղապահների, նրանց տեղաբաշխման վայրերի ու քանակի, այլ հարցերի մասին կարելի է խօսել միայն այն ժամանակ, երբ համաձայնեցուած լինեն կարգավիճակի եւ անվտանգութեան երաշխիքների խնդիրները: Դրանից յետոյ տարածքների շուրջ կարող են բանակցել Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Չէ՞ որ ԼՂՀ Մարտունու եւ Մարտակերտի շրջանների որոշ հատուածներ, ինչպէս նաեւ Շահումեանի շրջանը առ այսօր գտնւում են Ադրբեջանի օկուպացիայի (ռազմակալութեան-Խմբ.) տակ:
«ԻՐԱՒՈՒՆՔ».- Թէ՛ Երեւանում, թէ՛ Ստեփանակերտում աւելի ու աւելի յաճախ խօսում են բանակցութիւնների ձեւաչափի փոփոխման մասին եւ նշում, որ Լեռնային Ղարաբաղը պէտք է ներգրաւուի, որպէս բանակցութիւնների սուբյեկտ (լիիրաւ կողմ-Խմբ.):
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Ակնյայտ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիիրաւ մասնակցութեան անհնարին է որեւէ առաջընթաց: Հայաստանը չի կարող իրենով փոխարինել ԼՂՀին: Թէ՛ փաստաթղթերի ձեւաւորումը, թէ՛ դրանց ստորագրումը, թէ՛ իրագործումը, անհնարին է առանց ԼՂՀի: Այն պահից, երբ Ադրբեջանը դադարի յամառօրէն մերժել ԼՂՀի մասնակցութիւնը բանակցութիւններին, դա կը լինի ազդանշան, որ Բաքուն իրօք գնում է կարգաւորման: Սակայն Ադրբեջանը դա մերժում է եւ բանակցային գործընթացը օգտագործում է զուտ որպէս սեփական քարոզչութեան միջոց եւ առիթ:
«ԻՐԱՒՈՒՆՔ».- Ըստ Ձեզ՝ այժմ պատերազմի հաւանականութիւնն աճե՞լ է, նուազե՞լ է, թէ՞ մնացել է նոյնը:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Այն քաղաքականութիւնը, որը Ադրբեջանը ի սկզբանէ որդեգրել էր ինքնորոշուած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, մնացել է անփոփոխ: Լիովին իրաւական պահանջին, որը այն ժամանակ տեղաւորւում էր նաեւ ԽՍՀՄ օրէնսդրութեան շրջանակներում, Ադրբեջանը պատասխանեց ուժով՝ ջարդեր Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքւում, այնուհետ էթնիկական զտումներ Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ բուն Լեռնային Ղարաբաղում, այնուհետ՝ լայնածաւալ ռազմական ագրեսիայ: Այդ քաղաքականութեան էութիւնը չի փոխուել, եւ միայն պարտուելով պատերազում, Ադրբեջանը խնդրեց զինադադար: Իհարկէ, ե՛ւ ՀՀն, ե՝ւ ԼՂՀն քաջ գիտակցում են, որ Ադրբեջանը միշտ էլ կը փորձի առաջին իսկ հնարաւորութեան դէպքում հարցը ուժով կարգաւորելու քաղաքականութիւն իրագործել:
Ինչ վերաբերում է հաւանականութեանը: Ադրբեջանը յոյսը դրել է նաւթադոլարների հոսքի վրայ, հսկայական ռազմական բիւջէի եւ իր բնակչութեան թուաքանակի աւելացման վրայ, իր միջազգային հեղինակութեան աճի վրայ: Սակայն ես յաճախ բերում եմ հետեւեալ օրինակը. ենթադրենք, Ադրբեջանի այդ բոլոր տեսակի ռեսուրսների (միջոցներու, պաշարներու-Խմբ.)աճը համապատասխանում է նրանց քարոզչամեքենայի յայտարարութեանը: Արդեօ՞ք Ադրբեջանը կ՛ունենայ այն ռազմական հզօրութիւնը, ինչ Չինաստանը, արդեօ՞ք նա կ՛ունենայ այն տնտեսական ներուժն ու միջազգային հեղինակութիւնը, ինչ Չինաստանը, արդեօ՞ք նա կ՛ունենայ այն բնակչութիւնը, ինչ Չինաստանը: Ակնյայտ է, որ ոչ:
«ԻՐԱՒՈՒՆՔ».- Ին՞չ կապ ունի Չինաստանը:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Հարց է ծագում, թէ ինչու՞ ունենալով այդ ամէնը՝ Չինաստանի ղեկավարութիւնը ուժով չի լուծում Թայուանի հարցը: Եւ դա այն պարագայում, երբ Թայուանը չինական պատմական հող է եւ բնակեցուած է չինացիներով: Մինչդեռ Արցախը հայկական պատմական հող է եւ բնակեցուած է հայերով: Այնպէս որ, խնդիրը սոսկ թուաբանութիւնը չէ, կան բազում գործօններ, որոնք էապէս խոչընդոտում են ուժային լուծմանը: Եւ վստահ եմ, որ Ադրբեջանի հնարաւոր սադրանքները միայն կը մօտեցնեն մեր հիմնական նպատակի իրականացմանը՝ ԼՂՀ միջազգային ճանաչում: Եւ վերջապէս, մեր իսկ փորձը ցոյց տուեց, որ քանակական առաւելութեան պայմաններում Ադրբեջանը ջախջախիչ պարտութիւն կրեց պատերազմում: Խօսքը հէնց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին է, որից յետոյ, նա փորձում է հանդէս գալ տուժողի կեցուածքով ու հայկական կողմին անհեթեթ մեղադրանքներ ներկայացնել:
Ի վերջոյ, պատերազմի գնացողը դրա մասին նախօրօք չի յայտարարում: Եթէ Ադրբեջանը համոզուած լինէր, որ կարող է ուժով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, վաղուց կը փորձէր լուծել այն:
«ԻՐԱՒՈՒՆՔ».- Անդրադառնանք Հիլարի ՔլինթՈնի՝ տարատեսակ մեկնաբանութիւնների արժանացած այցին: Այդ այցով Արցախի հարցում ստատուս-քուոն (ներկայ իրավիճակը-Խմբ.) ամրապնդուե՞ց, թէ՞ խարխլուեց:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Այս ամբողջ գործընթացների տրամաբանութիւնը հետեւեալն է: Համանախագահող երկրները, ըստ էութեան, ասում են՝ կողմեր, դուք եկէք համաձայնութեան, իսկ մենք կը դառնանք այդ համաձայնութեան երաշխաւորը: Այդպիսին է Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆի մօտեցումը՝ ինչպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպէս էլ այդ երկրների ղեկավարների մակարդակով:
Ստատուս-քուոյի ամրապնդումը կամ փոփոխումը պէտք է պայմանաւորել ոչ այնքան օտարերկրեայ պետութիւնների նոյնիսկ ամենաբարձրաստիճան ղեկավարների այցերով, որքան՝ հէնց կողմերով:
Այդ տեսանկիւնից Ադրբեջանի կեցուածքը հակասում է բանակցային ամբողջ գործընթացի տրամաբանութեանը, ու յաճախ նոյն Ալիեւը կամ Ադրբեջանի այլ պաշտօնեաներ այնպիսի իրար հակասող բաներ են ասում, որ դուրս է ցանկացած տրամաբանութիւնից: Օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարարութեան կեցուածքը. մէկ յայտարարում է, թէ Ադրբեջանը համաձայն է Մադրիդեան սկզբունքներին ու հարց բարձրացնում, թէ արդեօք Հայաստանը համաձայն է, իսկ յետոյ ասում, թէ Մադրիդեան սկզբունքները դնենք մի կողմ ու միանգամից անցնենք խաղաղութեան համաձայնագրի մշակմանը: Այդ վարքագիծը դիտարկելով կարող ենք ասել, որ առաջինը հէնց Ադրբեջանը անում է ամէն ինչ, ինչը փաստացի նպաստում է ստատուս-քուոյի պահպանմանը: Դէ, իսկ Ադրբեջանի կողմից ինքնորոշման, ուժի չկիրառման եւ տարածքային ամբողջականութեան մեկնաբանութիւնները այն աստիճանի իւրօրինակ են, որ չեն տեղաւորւում ոչ միայն միջազգային չափանիշների, այլեւ տարրական տրամաբանութեան մէջ: