ՅՈՎՍԷՓ ՂԱՐԱԽԱՆԵԱՆ
Հայ-ամերիկեան տարեցների միութեան Գլենդէյլի մասնաճիւղի հերթական ճաշկերոյթը տեղի ունեցաւ Մայիս 13ին, միութեան կենտրոնատեղիում: Միեւնոյն ժամանակ նշուեց նաեւ Մայրերի օրը՝ մասնակցութեամբ 130 ներկաների, որոնց մեծամասնութիւնը մայրեր էին: Միջոցառման բացումը կատարեց միութեան նախագահը եւ բարի գալուստ յայտնեց ներկաներին: Երաժշտական գեղեցիկ կատարումով հնչուեց հայկական քայլերգը, որից յետոյ ձեռնարկը շարունակուեց երգերի, պարերի եւ արտասանութիւնների շարանով:
Ճաշի դադարի ժամին, օրուան առիթով արտայայտուեց Յովսէփ Ղարախանեանը: Նա եւս իր հերթին Մայրերի օրը շնորհաւորեց սրահում ներկայ գտնուող բոլոր մայրերին, շեշտելով, որ Մայրերի օրը աշխարհի գեղեցիկ եւ մեծ տօներից մէկն է, զոր մարդկութիւնը նշանակել է յարգելու եւ գնահատելու այն մեծ զոհաբերութիւնը, որ կատարում է մայրն իր զաւակների համար: Հայ մայրը բնորոշ է նաեւ նրանով, որ նա զոհաբերող է հանդէպ իր զաւակներին, իր ամուսնուն եւ, ինչու չէ նաեւ՝ իր հայրենիքին:
Ակնարկելով Արցախի ազատագրման պայքարին՝ նշուեց, թէ անթիւ հայուհիներ, մի կողմ թողնելով հանգստաւէտ կեանքը՝ դուրս են եկել կռիւի դաշտ ու իրենց ազատամարտիկ ամուսինների, եղբայրների ու զաւակների կողքին կանգնած՝ սխրանքներ են գոծել իրենց հերթին: Մեր քաջասիրտ հայուհիները իրենց նախնեաց լաւագոյն աւանդութնների տէրն են դարձել, եւ որպէս ազնիւ ասպետուհիներ՝ գերադասել են հայրենիքը անձնական շահերից ու հաճոյքներից:
Ձեռնարկը շարունակուեց խմբական երգերով ու պարերով, եւ այն տեւեց միչեւ երեկոյեան ժամը 4ը: Վերջում կատարուեց օրուան համար նախապատրաստուած վիճակահանութիւն, նաեւ եղան նուիրատուութիւններ:
Վերջում ներկաները գոհ եւ բաւարարուած տուն վերադարձան: