ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Պարը հայկական մշակութային ինքնութեան բաղադրիչներից է: Ժողովրդական, «էթնօ» պարը արտայայտում է մեր ազգային ծէսերը, աւանդոյթները, ազատագրական պայքարը, արտացոլում է հայ ժողովրդի հոգին ու պատմութիւնը: Պարի իւրաքանչիւր շարժում իմաստաւորուած է, հայկական իւրաքանչիւր պահ իր խորհուրդն ունի, որ դարեդար փոխանցուել է սերունդներին’ իւրատեսակ կապ ստեղծելով պատմութեան տարբեր ժամանակահատուածների միջեւ:
Համամարդկային արժէք հանդիսացող արուեստի այս արտայայտչամիջոցը ոչ միայն ազգայինը ներկայացնելու ձեւ է, նաեւ’ այդ ազգայինն արթուն պահելու միջոց: Հայկական պարախմբերը, մասնաւորապէս սփիւռքում նոր սերունդներին հայկական շունչն ու ոգին փոխանցելու, հայեցի դաստիարակելու լաւագոյն ճանապարհներից է: Այս առաքելութիւնը լաւագոյնս իրականացնողների շարքում է Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւնը՝ իր մասնաճիւղերի միջոցով: Համազգայինի հովանաւորութեամբ գործում են բազմաթիւ պարախմբեր ամերիկեան տարբեր քաղաքներում:
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան միջոցառումների շարքում իւրատեսակ հաշուետուութիւն կը լինի Յունիս 13ին՝ երբ Միութեան երեք՝ Սան Ֆերնանտօ Հովիտի «Պարոյր Սեւակ», Գլենդէյլի «Յովհաննէս Թումանեան» եւ Փասադենայի «Շահան Շահնուր» մասնճիւղերի նախաձեռնութեամբ տեղի է ունենալու «Իրիկնային մեղեդիներ» խորագրուած ձեռնարկը, որին կը մասնակցի նաեւ Համազգայինի Փասադենայի «Շահան Շահնուր» Մասնաճիւղի «Լոռի» պարախումբը: Սոյն ձեռնարկին իրենց մասնակցութիւնն են բերելու նաեւ Համազգային Սան Ֆերնանտօ Հովիտի «Նայիրի» պարախումբն ու «Սայաթ Նովա» երգչախումբը, ինչպէս նաեւ ելոյթ պիտի ունենայ երիտասարդ արուսետագիտուհի՝ քանոնահար Ալա Տէր Վարդանեան:
Փասադենայի բազմաշատ հայ գաղութի մշակութային կեանքում իր ուրոյն տեղն ունեցող այս պարախումբն իր ազգանուէր գործունէութիւնը սկսել է 2007 թ.ից՝ պարուսոյց Լիլիա Մարգարեանի գլխաւորութեամբ: Հարկ է նկատել, որ սերունդների հայեցի դաստիարակման գործում մեծ դեր ունեն իրապէս հայ կրթողները, այս դէպքում՝ պարուսոյցները, ում միջոցով էլ փոխանցւում է համապարփակ տեղեկատուութիւնը՝ հայկական պարը համակցուած հայկական երգով ու երաժշտութեամբ:
«Լոռի» պարախումբը բազմիցս մասնակցել է համայնքային, ինչպէս նաեւ ամերիկեան բազմաբնոյթ ձեռնարկների ու փառատօնների՝ լաւագոյնս ներկայացնելով հայկական ժողովրդականը:
«Լոռի» պարախմբի յաջողութիւնները արդիւնք են պարուսոյց Լիլիա Մարգարեանի սիրոյն ու նուիրուածութեան:
Լիլիան իւրատեսակ մօտեցում է ցուցաբերում սաներին՝ պարի դասերը վերածելով մշակութային փոքրիկ միջոցառումների՝ համեմուած հայկական երաժշտութեամբ ու գրականութեամբ:
«Պարը հեքիաթային աշխարհ է, որտեղ անցկացնում եմ օրուայ մեծ մասը, պարի միջոցով արտայայտելով տարբեր տրամադրութիւններ», նշում է նա:
Շաբաթը երկու անգամ հայ պատանիները լցւում են ազգայինով՝ ակամայից վերապրելով նաեւ հայ ժողովրդի անցեալն ու ներկան:
«Սկզբում տեխնիկական մասն եմ ուսուցանում, այնուհետեւ փորձում եմ զգայական պահը, տրամադրութիւնը հաղորդել», ստեղծագործական ընթացքի մասին պատմում է Լիլիա Մարգարեանը:
Պարախմբում 30 պարողներ եւ պարուհիներ են, որ գալիս են տարբեր քաղաքներից՝ Նորթրիջ, Փասադենա, Հոլիվուդ, Օրենջ Քաունթի: Մասնակիցները 16-26 տարեկան երիտասարդներ են:
Լիլիա Մարգարեանն իր բեմադրութիւններում ժողովրդականը մատուցում է նորովի՝ այն յաւելելով իր երեւակայութեան արգասիքներով: «Լսում եմ երաժշտութիւնը, զգում եմ, որ ցանկանում եմ բեմադրել որեւէ պար եւ մտովի ստեղծում եմ պարային շարժումներ: Հոգիս պէտք է ուրախ լինի այդ ստեղծագործութիւնից, որ կարողանամ բեմադրել այն», ստեղծագործական ակնթարթների մասին անկեղծանում է Լիլիան: Միայն սիրելով է այդ ամէնը հնարաւոր փոխանցել երիտասարդներին ու նրանց միջոցով՝ հանդիսատեսին, նշում է պարուսոյցը:
«Լոռի» պարախումբը իր ուրոյն ոճն ունի, որը պարուսոյցը բնութագրում է որպէս հայկական դասական, որ միաժամանակ լի է աշխոյժ երանգներով, ուրախութեամբ ու սիրով:
«Լոռի»ի բեմադրութիւնները յագեցած են յուզականութեամբ, նազանքով ու միաժամանակ խրոխտութեամբ ու պայքարի ոգով, ինչը մեր ազգային հիմնական բնորոշիչներից է:
«Լոռի» պարախումբը, որ Համազգայինի մշակութային գործունէութեան լաւագոյն օրինակներից է, հայ հանդիսատեսին նորից կը ներկայանայ՝ Յունիսի 13ին՝ Համազգայինի երեք մասնաճիւղերի կազմակերպած երեկոյթին, որ խոստանում է դառնալ մշակութային իսկական խրախճանք մը: