ՖԻՐԱ ԶԵՖԱ ԱԿԵԱՆ
2010թ. Մայիս 2ին, նշուեց բանաստեղծ Վահրամ Հաճեանի ծննդեան 75ամեակը: Միջոցառումը հովանաւորել էր Հայաստանի հանրապետութեան Լոս Անճելըսի գլխաւոր հիւպատոսը, եւ այն կազմակերպել էր Քալիֆորնիայի հայ գրողների միութիւնը:
Ձեռնարկի հանդիսավարն էր Արշալոյս Դարբինեանը, իսկ համադրողը՝ Անահիտ Իշխանեանը: Ներկայ էր հիւպատոսարանի ներկայացուցիչը՝ Դիանա Ամիրեանը. հրաւիրեալների շարքումն էին գտնւում նաեւ բանաստեղծի եղբայրը, քոյրը եւ նրա զաւակները:
Բանաստեղծն իր մասին գրել է.
Ես բանաստեղծ եմ ու չեմ
մեռնելու,
Թէկուզ մարմինս էլ վերածուի
հողի,
Իմ շիրմի տակից վեր եմ
ելնելու,
Եւ նուաճելու՝ փառքը
յաղթողի:
Ներկաների համար հետաքրքրական եւ յուզիչ էր այն պահը, երբ ցուցադրուեց «Աշուն» տեսահոլովակը, որտեղ, բնութեան գրկում, գեղեցիկ արահետով ճեմում էին ու զրուցում բանաստեղծն ու իր բարեկամ, անուանի երգիչ ու դերասան Ռազմիկ Մանսուրեանը: Նա բանաստեղծի «Աշուն» ստեղծագործութիւնը, երաժշտական կատարումով երգել եւ այն անմահացրել էր: Տպաւորիչ էր նաեւ ասմունքող, դերասան Շաքէ Թախմանեանի ելոյթը, իսկ Անահիտ Ներսիսեանը իր գեղեցիկ երգով բուռն ծափահարութեան արժանացաւ: Իրենց ելոյթներով ծափահարութիւնների արժանացան շուիի վարպետ Նորայր Մանուկեանը, տեսահոլովակում հանդէս եկած Լեւոն Սեւանին եւ Արտաշէս Սեմիրջեանը:
Հանդէսում ելոյթ ունեցաւ Կոլիա Ստեփանեանը, որ պատմեց իր եւ բանաստեղծի մտերմիկ հանդիպումներից: «Ինչպիսին է Վահրամ Հաճեանը իր գրչակից ընկերների աչքով» թեմայով գրել էին Գրիշ Դաւթեանը, Գեւորգ Քրիստինեանը, Պողօս Գուբէլեանը, Գարուշ Հարեանցը եւ ուրիշները: Սրահում տիրում էր այնպիսի մի տպաւորութիւն, կարծես ինքը՝ բանաստեղծը, ներկայ էր սրահում:
Ստորեւ՝ Գրողների միութեան անունից հանդէս եկող բանաստեղծուհի Ֆիրա Ակեանի խօսքը.
«Ես անչափ ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ խօսելու մի տաղանդաւոր բանաստեղծի, լուսեղ մի մարդու, Վահրամ Հաճեանի մասին: Նա գնահատուել է հայ համայնքում, հայրենիքում եւ այլուր: Հայ արուեստասէր հասարակութիւնը հիացած է նրա գունեղ բանաստեղծութիւններով, որոնք թեւեր առած՝ դարձել են սիրուած երգեր մեզ համար: Հաճեան ազգանունը մեծ հպարտութեամբ են կրում նրա զաւակները: Ահա Հաճեանի պատգամը. «Սիրել պոէզիան, ասմունքել անկեղծօրէն, օգնել երիտասարդ ստեղծագործներին՝ հոգով ու սիրով արտայայտելու իրենց պոէտիկ մտքերը, որոնք կը դառնան ապագայում կեանքի հարուստ էջեր»: Ես համոզուած եմ, որ պոէզիան եւ սէրը կ՛օգնեն հայ ազգին օտար ափերում արարելու ամենագեղեցիկը: Կարծում եմ հաղորդուելով աշխարհի տարբեր երկրներում բնակուող հայերի հետ, որոնք նոյնպէս ժառանգել են Տիրոջից մի պատառիկ սէր՝ միասնաբար կ՛ասենք. «Քելէ՛ լաօ, քելէ՛ երթանք մեր երկիր»: Յոյսով եմ, յաջորդ տարի Հաճեանական այս տօնը բոլորս միասին կը տօնենք հայրենիքում:
«Ահա եւ մի յուշ՝ կապուած Հաճեանի հետ: Երբ իմ բանաստեղծութիւնները տպագրւում էին «Մոլորակ» թերթում, առաւօտեան վաղ գնացի խմբագրատուն, առաջինը՝ տեսնելու տպագրուած բանաստեղծութիւններիս էջը: Ուրախ բարեւեցի բոլորին, մուտքի մօտ թերթը ձեռքին հանդիպեցի Վահրամ Հաճեանին: Նա թերթը իջեցրեց եւ բարեւս առնելու փոխարէն՝ ասաց. «Օրիո՛րդ, դուք սիրահարուած էք»: Ներկաները ծիծաղեցին ճանաչելով նրան: Ես շփոթուած կարմրեցի, փորձեցի արդարանալ. «Պարո՛ն Հաճեան, ես երկու երեխաների մայր եմ, եւ ո՞վ կարող է սիրոյ մասին գրել, եթէ գէթ մի անգամ նա չի սիրահարուել»: Հաճեանը գոհ մնաց իմ անկեղծ պատասխանից»: