ԱՐԾՐՈՒՆ ԱԼԷՔՍԱՆԵԱՆ
Երկրորդ համաշխարհային պատերազմի հարաւային Կալիֆորնիայի հայ-ամերիկեան վետերանների, Լոս Անճելեսի կազմակերպութիւնը «Moonlight» շքեղ սրահում նշեց ֆաշիզմի դէմ տարած պատմական յաղթանակի 65 եւ Շուշիի ազատագրման 18րդ տարին: Այդ հրաշալի միջոցառման հովանաւորն էր «Վիկտոր» առողջապահական կենտրոնի տնօրէն Յովհաննէս Մենենջեանը: Նա ամէն տարի աւանդաբար նշում է մեր վետերանների յաղթանակի պատմական օրը:
Այս տարի նա ձեռնարկը կազմակերպեց աւելի շքեղ ու աւելի ճոխ: Շուրջ 70 վետերաններ եկել էին, կրծքները զարդարուած մեդալներով ու շքանշաններով: Ներս մտնողներին նուիրում էին կանանց՝ վարդեր իսկ տղամարդկանց՝ յուշանուէրներ եւ առաջնորդում նրանց զբաղեցնելու իրենց յատկացուած սեղանները:
Երեկոյին հրաւիրուած էին նկարահանողներ ու բարձրարուեստ երգիչներ: Հիւրերի թւում էին Հայաստանի հանրապետութեան Լոս Անջելեսում փոխհիւպատոս Դիանա Ամիրխանեանը, գրող հրապարակագիր, «Կանտակտ» ամսագրի խմբագիր Ֆելիքս Մելիքսեթեան, բազմավաստակ գիտնական, պետական մրցանակների դափնեկիր ակադեմիկոս Աշոտ Կարապետեանը եւ ուրիշներ:
Ձեռնարկի հանդիսավար՝ Ռուզաննան, յարգանքով նշեց զոհուած ու կեանքից հեռացած վետերանների յիշատակը:
Ելոյթ ունեցաւ հարաւային Կալիֆորնիայի հայ ամերիկեան վետերանների միութեան նախագահ Թորգոմ Փահլեւանեանը: Կոմիտէի աշխատանքների ու փոփոխութիւնների շուրջ արտայայտուեց Յակոբ Զաքարեանը: Նա երգեց ռուսական սքանչելի մի երգ, որը լսուեց խորին զգացմունքով ու յուզմունքով:
«Հայ ժողովուրդը մեծ հայրենականում» թեմայով համառօտակի ներկայացրեց Կալիֆորնիայի վետերանների միութեան նախագահ՝ Արծրուն Ալեքսանեանը.-
Չենք տայ թշնամուն եւ ոչ մի թիզ հող,
Չենք տայ հատիկը մեր ցորեն հացի,
Մեր բազուկները աշխարհ կառուցող
Խնդութիւնն անչափ՝
Մեր մանուկների
Աշխարհի առաջ երդում ենք տալիս,
Որ թշնամին մեզ՝
Ծնկի չի բերի
Այս երդումով էլ ոտքի ելան հայ ժողովրդի զաուակները: Փոքր մի ազգ թշնամու դէմ հանեց հայկական 76, 390, 89, 408, 409, 261 դիւիզեաները, որոնք մարտնչեցին մի քանի անգամ հզօր թշնամու դէմ: Նրանք զաւթիչներին կանգնեցրին Թերեքի ափին, Գրոզնու տակ, ջարդեցին նրա ողնաշարը Վոլգա-Դոնի ափերին՝ Ստալինգրադում, Մոսկուայի ու Լենինգրադի մատոյցներում՝ Նեւայի ափին, Բելգորոդում-Կուրսկի աղեղում: Ազատագրեցին Կրասնոդարը, Ղրիմը, Քերջը, Նովորոսիյսկը, Օդեսան Սկալտապօլը, Բելոռուսիան, Ուկրաինան, Մերձբալտեան ու եւրոպական երկրները, թշնամուն ծունկի բերին Բեռլինի երկաթակուռ դարպասների տակ ու մեր հնադարեան յաղթական քոչարին թնդաց հայ ամերիկեան դաշնակից զօրքերի ծիծաղկոտ ու շռնդալի ծափերի տակ:
Այդ պատերազմում իրենց փառքով պսակեցին 600 հազար հայորդիներ, որոնցից 260 հազարը չդարձան տուն: Նրանք դարձան յայտնի ու անյայտ շիրիմներ ռուսական, ուկրաինական, բելոռուսական, եւրոպական քաղաքների ու գիւղերի եղբայրական գերեզմաններում, ընկան Ֆրանսիայի եւ հարիւրաւոր ճնշուած երկրների ազատութեան համար: Մենք երջանիկ ենք, որ այսօր մեզ հետ են հայ-ամերիկեան փառաբանուած վետերաններից՝ Միհրան Աբովեանը, Սերգէյ Քալաջեանը, Մաքսիմ Յակոբեանը, Եւգենի Սիմոնեանը, Մովսէս Արզումանեանը, Վլադիմիր Կարապետեանը, Հմայեակ Չլինգարեանը, Թորգոմ Փահլեւանեանը, Հրաչեայ Բաղրամեանը, Մարգար Գէորգեանը, Հայկազ Ղուկասեանը եւ շատ ուրիշներ, որոնք հարաւային Կալիֆորնիայի երկրորդ համաշխարհային պատերազմի հայ-ամերիկեան վետերանների անդամներից են: Միջոցառման ժամանակ եղաւ յուզմունքով լի մի անակնկալ եւս՝ ամերիկահայ նշաշաւոր երգչուհի Անահիտ Ներսիսեանն առաջին անգամ հանդիպեց գնդապետ Մաքսիմ Հայրապետեանին, իմացաւ որ մօտիկ հարազատներ են, մերձաւոր ազգականներ: Մինչեւ ուշ երեկոյ շարունակուեց տօնական երգերն ու պարերը: Փառք մեր վետերաններին, նրանց հերոսական ճամփաներով անցած որդիներին ու թոռներին, որոնք ազատագրեցին 250 տարի օտար լծի տակ տառապած Շուշին ու Արցախը:
(Նկարները հեղինակից)