ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հայաստանին անմիջական հարեւան եւ Հարաւային Կովկասի տարածաշրջանում կենսական շահեր ունեցող երկրների միջեւ երկկողմ յարաբերութիւնների մակարդակը կարող է իր ազդեցութիւնը թողնել ղարաբաղեան հարցի վերջնական կարգաւորման վրայ: Խօսքն առաջին հերթին Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-Ատրպէյճան, Միացեալ Նահանգներ-Թուրքիա եւ Միացեալ Նահանգներ-Ատրպէյճան յարաբերութիւնների մակարդակի մասին է:

Հայաստանն ու Արցախը մտահոգուելու պատճառներ պիտի ունենան յատկապէս ռուս-թուրքական եւ ռուս-ատրպէյճանական յարաբերութիւնների փոփոխութիւններից: Առաջին հայեացքից կարող է թուալ, թէ խօսքն ընդամէնը երկու երկրների միջեւ երկկողմ յարաբերութիւնների մասին է: Սակայն իրականութեան մէջ պատկերն այլ է: Հայաստանը, համարուելով Ռուսաստանի ռազմավարական եւ ռազմական գործընկերը տարածաշրջանում, բոլորովին էլ ապահովագրուած չէ տհաճ անակնկալներից: Հայաստանում ունենալով ռազմական, տնտեսական ու քաղաքական լրջագոյն դերակատարութիւն՝ Մոսկուան վերջին տարիներին աննախադէպ բարելաւել եւ խորացնում է համագործակցութիւնը մեր երկու անմիջական հարեւանների՝ Թուրքիայի ու Ատրպէյճանի հետ, որոնցից առաջինը Հայաստանի սահմանները շրջափակման տակ է պահում տակաւին 1993 թուականից, իսկ երկրորդն ամէն առիթով յայտարարում, թէ պատերազմ կը սկսի Լեռնային Ղարաբաղի դէմ:
Երբ մօտ երկու տարի առաջ Հայաստանը նախաձեռնեց «ֆութպոլային դիւանագիտութիւնը», իշխանական եւ միջազգային շատ փորձագէտներ ու քաղաքագէտներ շտապեցին յայտարարել, թէ այդ քայլով Երեւանը նաեւ որոշ չափով չէզոքացնում է թուրքական, հետեւաբար նաեւ՝ ատրպէյճանական ռազմական սպառնալիքը: Սակայն անտեսուեց հիմնական վտանգը, այն է՝ Թուրքիայի առաւել ներգրաւումը (կարեւոր չէ՝ Թուրքիան մանտատ ունի՞, թէ՞ չունի) ղարաբաղեան կարգաւորման գործում: Այսօր ոեւէ մէկը չի կարող հերքել, եթէ, անշուշտ, զբաղուած չէ դատարկ ու ձանձրալի ամբոխավարութեամբ, որ Թուրքիան, օգտագործելով հէնց «ֆութպոլային դիւանագիտութիւնը», ղարաբաղեան հակամարտութեան հարցը քննարկում է բոլոր այն երկրների հետ, որոնք շահեր են հետապնդում կովկասեան տարածաշրջանում:
Այլ կերպ, Հայաստանը, անկախ իր ցանկութիւնից, հնարաւոր դարձրեց Թուրքիայի աւելի լուրջ ներգրաւումը: Եթէ նախկինում Թուրքիայի փորձերը՝ աւելի լուրջ դերակատարութիւն ունենալու ղարաբաղեան հարցում, բախւում էին ռուսական կամ արեւմտեան հակազդեցութեանը, ապա այսօր ե՛ւ Մոսկուան, ե՛ւ Ուաշինկթընը կարծես աւելի հանդուրժող են Թուրքիայի նկրտումները գոնէ մասամբ բաւարարելու հարցում: Իրաւամբ, Թուրքիան կարողացաւ միջազգային հանրութեանը հասու դարձնել, որ Հայաստանի հետ սահմանը կը բացի միայն այն դէպքում, երբ կը բացուեն նաեւ հայ-ատրպէյճանական սահմանները, այսինքն ղարաբաղեան հակամարտութիւնը ինչ-որ կարգաւորում կը ստանայ, որը կը բաւարարի Ատրպէյճանի յաւակնութիւններն ու ակնկալիքները:
Ահա սա էր Հայաստանի համար ամենամեծ վնասը, որ տուեց «ֆութպոլային դիւանագիտութիւնը»: Այսօր Թուրքիան միջազգային հանրութեան առաջ պարզերես է: Եթէ նախկինում նրա վրայ կային ճնշումներ ե՛ւ Միացեալ Նահանգներից, ե՛ւ Եւրոպական Միութիւնից, որպէսզի վերջ տայ Հայաստանի շրջափակմանը, ապա այժմ Հայաստանի սահմանը ապաշրջափակելու պարտաւորութիւնը Թուրքիայի վրայից գրեթէ հանուած է, քանի դեռ առաջընթաց չկայ ղարաբաղեան հարցում:
Ահա այս իրավիճակում, երբ Ատրպէյճանը յայտարարում է, թէ ընդունում է ղարաբաղեան կարգաւորման Մատրիտեան նորացուած առաջարկները, իսկ Հայաստանը, յստակ չյայտարարելով, սակայն իրականում մերժում է բանակցութիւնների սեղանին դրուած փաստաթուղթը, միջազգային հանրութեան կողմից կարող է առաջ գալ լուծում պարտադրելու կամ Հայաստանի վրայ ճնշումներ բանեցնելու գայթակղութիւնը:
Հայ ժողովրդի ոչ վաղ անցեալի պատմութիւնը վկայում է, որ նրա շահերը կարող են ուղղակի ոտնատակ տրուել յանուն ռուս-թուրքական ու ռուս-ատրպէյճանական յարաբերութիւնների: 1921 թ. Մարտին ռուսներն ու թուրքերը վճռեցին Նախիջեւանի հարցը, իսկ մի քանի ամիս անց, Ստալինի անմիջական մասնակցութեամբ, Լեռնային Ղարաբաղը եւս մտցուեց Խորհրդային Ատրպէյճանի կազմ:
Անկասկած, իննսուն տարուայ վաղեմութեան դէպքերը չեն կարող ուղենիշ լինել այսօրուայ զարգացումներում, բայց վտանգն առկայ է: Ռուսաստանը այլեւս չի թաքցնում, որ ղարաբաղեան կարգաւորման հարցում հաշուի է առնուելու նաեւ Թուրքիայի տեսակէտը: Մայիսի 11-12ին այցելելով Թուրքիա, Ռուսաստանի նախագահ Տմիթրի Մետվետեւը յայտարարել է. «Օգտագործելով բոլոր հնարաւորութիւնները՝ Ռուսաստանի հեղինակութիւնն ու ազդեցութիւնը, առաջ ենք մղելու ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը, միեւնոյն ժամանակ խորհրդակցելով նաեւ մեր թուրք գործընկերների հետ»: «Ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան շահագրգռուած են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման հարցում», ասել է Մետվետեւը:
Այսպիսով, Ռուսաստանը եւ Թուրքիան իրենց երկկողմ յարաբերութիւնների օրակարգում առաջնային են համարում ղարաբաղեան հակամարտութիւնը, մինչդեռ ոչ մի խօսք չի հնչում Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը վերջ տալու մասին: Աւելի՛ն. Ռուսաստանի նախագահը Թուրքիայի մայրաքաղաքում, թէեւ անուղղակի, խօսում է հայկական կողմից Ատրպէյճանին տարածքներ զիջելու հնարաւորութեան մասին: «Ղարաբաղեան գործընթացում աւելորդ լարուածութիւն չստեղծելու նպատակով չէի ցանկանայ այժմ մեկնաբանել առանձին շրջաններին (նկատի ունի ԼՂին յարակից եւ պատերազմի տարիներին ազատագրուած շրջանները – Թ. Յ.), հակամարտութեան առանձին կէտերին վերաբերող հարցեր, որովհետեւ յատուկ նրբանկատութիւն է անհրաժեշտ ցուցաբերել՝ հաշուի առնելով նաեւ Ռուսաստանի յատուկ դերը, որը այս հարցում ոչ թէ հակամարտութեան կողմ է, այլ՝ միջնորդ», ասել է Մետվետեւը:
Իսկ արդէն Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի հետ հանդիպումից յետոյ Մետվետեւը յայտարարել է, որ՝ «Թուրքիան եւ Ռուսաստանն իրականում ռազմավարական գործընկերներ են», յաւելելով, որ Էրտողանի հետ նոյնպէս քննարկել է ղարաբաղեան բանակցային գործընթացը: Թուրքական կողմը՝ արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուի շուրթերով, Մետվետեւի այցի նախօրէին յայտարարեց, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների բանակցութիւնների հիմնական թեման լինելու է ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորումը:
Ռուսաստան-Թուրքիա յարաբերութիւնների հետ համատեղ վերջին տարիներին աննախադէպ վերելք են ապրում նաեւ Ռուսաստան-Ատրպէյճան յարաբերութիւնները: Սրանք զարգացումներ են, որոնք կարող են տհաճ անակնկալների յանգեցնել ղարաբաղեան հարցում: Ռուսաստանը անցեալում ապացուցել է, որ թուրքերի ու ատրպէյճանցիների հետ բարեկամութիւնն ամրապնդելու հարցում կարող է զոհաբերել հայկական շահը:
Թաթուլ Յակոբեան «Սիվիլիթաս»ի վերլուծաբան է: Այս յօդուածը լոյս տեսած է «Ազդակ»ի մէջ: