ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
ՀԱՌԱՉԱՆՔ
Մայրամուտին, երբ արեւն է խոնարհւում հորիզոնի մանուշագոյն ծփանքում, երբ գետափին գիշերուայ հովը համբակ աշնան խաշամ է հաւաքում ծառի տակ, պատանութեան մի խենթ քմայք է փրթում իմ տենչերի ծիածանից գունաւոր, որ հասնեմ քեզ, որ բռնեմ քեզ այս մթում, գտնեմ գուցէ այն, որ կորաւ հեռաւոր ճամբաների ոլորներում յանցաւոր։ Եւ մեղեդին այն մտերիմ, սիրային էլի հնչում է կարկաչով տենչերիս, բայց ինչ որ հին, տրտում մի լար սրտային թպրտում է ու առկախւում շուրթերիս…
Օրերի հետքն է ճմոխուել իմ դէմքին, նայուածքս էլ մթագունած է կարծես, էլ չունի արեւի շողն այն վերին, որ ցոլում էր աչքերիս մէջ մշտապէս. պատմութիւնը, որ գաղտնի էր ու սուրբ էր, չի բարբառում իմ շուրթերով հեշտասէր…
Խորհրդաւոր ստուերներն են կուտակւում այս խոտորուած ճամբէքում ու իմ սրտում. կաղկանձում է մթնշաղի հովը թաց մայրամուտի ծմակներում անթափանց… Լուռ մեռնում է խենթ քմայքը անցեալի իմ սրտաբեկ հառաչի մէջ անձկալի…
ՄԻՇՏ ԷԼ ՉԷ
Միշտ չէ, որ խօսում եմ իմ սրտի խօսքերով, մեղքն իմ մտքինն է, դատում եմ խորհելով, չափելով, կշռելով փորձոյթով իմ կեանքի, որ բերքն է ցանածիս ու արտն է իմ հունձքի: Արդարեւ, միշտ էլ չեմ ճոխանում հասոյթով իմ մտքի:
ՄԱՐԳԵՐ
Իմ պարտէզի մարգի վրայ եղնիկների ոտնահետքեր կան դալար։ Իմ մանկութեան եղնիկներն են, արեւին նո՛ր համբուրած, նո՛ր կեանք առած, գարնան շնչով թարմացած…
Իմ պարտէզի մարգի վրայ մի պատանու ոտնահետքեր կան լքուած… Մի պատանո՞ւ… Դա ես էի, իմ ծաղկահոտ տենչերով, որ այս պարտէզը մտայ թիթեռներին հալածելով, որ բռնեմ. ամենագեղ այն թիթեռին ես բռնեմ, որ գոյներով շողաւէտ ծակծակում էր աչքերս, որ գունաւոր թեւերով խուտուտում էր իմ սիրտը, թպրտում էր, ես էլ էի թպրտում տրոփ-տրոփ, սրտատրոփ ու սէրերով խենթացած…
Իմ պարտէզի մարգի վրայ ի՜նչ շողեր են ճաճանչում, ճաճանչում են համ ու բոյրով, համբոյրով… Ծաւալում են հորիզոններ կեանքի, սիրոյ, նուիրումի աներեր… որ կեանքին՝ շունչ են պարգեւում ստեղծագործ ծնունդով… Հեկեկոցով ու ծիծաղով իղձերի ու հասութեան, երանութեան ու վայելքի անաղարտ… Կարելութեամբ դեռ անաւարտ…
Մուգագունում է մարգը իմ պարտէզի ամառային հասունութեամբ, յուռթիութեամբ օրհնուած, արուարձային տարածքներով ծաւալուած, նոր մարգերի նոր մարզերով լրացած… Ի՜նչ փափուկ ու գեղեցիկ է իմ պարտէզի շքեղանքը զմրուխտէ, մարգագետինս թաւշային բլուրն ի վեր մագլցող, առատութեան իր օրհնութիւնը բաշխող ամենեցուն հարազատ…
Իմ պարտէզի մարգի վրայ աշնան հետքեր կան ոսկէ, ոսկէգունակ տերեւների մի խաշա՜մ…
Իւրաքանչիւր խշըրտուքում՝ ճգնաժամ… Որ չուշանայ, որ տեղ հասնի ապաժամ, ուշացումով նոյնիսկ, թէկուզ… Բայց վաստակիս ընդգրկումով լիարժան… Ափսո՜ս, սակայն, որ բեկանուեց անհատոյց… Յուշերս են յորդ, ոսկէմանած, կուտակուած…
Իմ պարտէզի մարգը հիմա ձմրան շնչով ցրտահար, խոզան եղած, տեղ-տեղ ծղնոտ, լերկացած, ցաքուցրիւ հետքերով է տրոհուած… Երաշտել է իմ պարտէզի մարգը հին, ու էլ չունի իմ երեկուայ զմրուխտը, որ թաւիշով էր ողողում հետքերս, պատումներով հեքիաթային, սոսափիւնով հովասուն, որ ալիքւում էր ծփանքից առ ծփանք ծովագունակ խորքերով… Այժմ ո՛չ զմրուխտ… Ո՛չ թաւշահետք… Ո՛չ սոսափիւն հովերի… Ո՛չ ալիքները ծփացող ծուփերի…
Իմ պարտէզի մարգի վրայ ծաւալուել է հասունութեան զառամութիւնը ճերմակ, լիութիւնը անփութութեան, սպասումը, չսպասումը խոստացուած կամ չխոստացուած բերկրութեան։
Իմ պարտէզի մարգի վրայ… այսքա՜ն… այսքա՜ն… առասպել…
ԿԵԱՆՔ ՈՒ ԱՇԽԱՐՀ
Ճերմակել եմ սարի նման, հնացել եմ գինու պէս, ժեռ փէշերիս յուշեր վառման ու գաւիս մէջ՝ համ ու ծես… Որ անցել եմ փոշոտ ճամբայ, թափել կեանքի տաք քրտինք, խինդ ու արցունք, վնաս ու շահ, աշխարհ, վայելք ու երկինք… Մի՛ հավատա սուտ խօսքերի, որ աշխարհը երազ է, այդ երազը՝ կեանք է բերրի, շահած, պահած գրազ է… Հիռ կապոյտում մի աստղ ցոլաց, սուրաց պայծառ մի ասուպ. ո՞վ է՝ մնա՜ց, ո՞վ է՝ գնա՜ց, մտքով, յոյզով խոր, անզուսպ… Պտտւում է տիեզերքը, զենիթ ու ալք են դառնում. աշխարհ-կեանքի հասուն բերքը ո՜վ հաւաքում, ո՜վ թափում… ճերմակում են սար ու գագաթ, նոր բլուրներ են կոփւում, կեանքի երգն է, որ անվհատ զրնգում է, անհատնում…
ԱՊԱՒԷՆ
Ինձ կը տանես քո թեւերին, ձմեռոտին դեռ չհասած, խայտաբղէտ քո գոյներին իմ էլ կեանքի ոսկին խառնած։ Երեկոյեան մանուշագոյն թրթիռների անուրջներով, ծով դաշտերի բերքի յանգոյն, բնութեան խենթ բռնկումով… Տիեզերքին կը ձուլես իմ աշխատանքի զմուռսը պերճ, վաստակածս սուրբ ու անսին, հաւատամքիս տարերքն անշէջ։ Ու կ՛ամբարես քո սրտի մէջ հին օրերի սիրոյ յուշով, գալիքների երթով անվերջ, կեանքի լոյսով ու մշուշով… Արեան ձայնս կ՛արձագանգի ազգուտակիս նոր ղօղանջով, որպէս ողջոյն զուարճանքի, որպէս մաղթանք վեհ, կենսաթով։ Ու արեւը ու լուսինը հերթական նոյն պարը կ՛անեն, լոյսից սերած լուսածինը կեանքի ոգի ու ապաւէն…
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՊԱՐՏԷԶՈՒՄ
Դու եկել ու ղօղանջում ես տերեւաթափ իմ աշնային պարտէզում. սիրտս է զնգում ու զրնգում իմ յուշերի այն թաւշային երազում… Որ վազում եմ, որ քեզ բռնեմ հին թթենու շուաքում, ու աչքերիդ ցոլքի վրայ թափեմ պէծերս ալքրքում…
Երեկոյ է մեղմ, վարդագոյն, մթնշաղում դեռ ցոլում են լոյսի բեկուող երիզներ, բայց պատկերը, որ խուսափում ու փախչում ես հեւիհեւ, որ ուզում ես դեռ բռնեմ քեզ մի ոսկեգեղմ թիթեռի պէս, դեռ թեւում է իմ աչքերի երազում…
Բոյր ու համի ջերմ ու քաղցրով իմ շուրթերն են սեղմւում, տրոփում է սիրտս… Սի՜րտս… Որ եկել ու ղօղանջում ես տերեւաթա՜փ իմ աշնային պարտէզում…
ՄՈԼՈՐ
(Անմտապատկեր)
Շուքերը մտնում են մտքիս մէջ, մտքերս երեկոյ են դառնում. թախծութեան խուժանը անընդմէջ լցւում է իմ սրտի անօթում։ Երանգը մթնում է եթերում, մտքիցս մի յուշ է թառ ընկել, ինչքան էլ չւում է, թափառում, չի հասնում կարօտին իր անել։ Ուզում է կախ ընկնել ճաճանչին, բայց ցոլքը միջոցում բեկւում է. միրաժ է ալիքւում առաջին, որպէս յոյս, որ հեռւում այրւում է: Թէ ամպէր ու տեղար անձրեւը, այն մուրը միգուցէ մաքրուէր. թէ մի նոր ձեւ առնէր անձրեւը, մտքումս կը բացուէր լուրթ եթեր։ Կը բացուի՜… Չի բացուի՜… Չգիտեմ… Թխպում է մի ստուեր անհունում. մնու՜մ է… Չի մնու՜մ… Չգիտեմ… Ոլորն ու մոլորն են թլորւում…