Շաբաթ, Ապրիլի 10ի առաւօտեան տեղի ունեցաւ «Շամլեան» Ազգային վարժարանի քայլարշաւը, որն ամէն տարի Ապրիլ ամսին կազմակերպւում է վարժարանի տնօրէնութեան, ուսուցչական կազմի եւ ծնողա-օժանդակ մարմնի համատեղ ջանքերով՝ ի նշանաւորումն Հայոց Ցեղասպանութեան տարելիցի:
Այս տարի եւս վարժարանի բազմաթիւ աշակերտներ իրենց ուսուցիչների եւ ծնողների ընկերակցութեամբ, առաւօտեան ժամը 8:30ից միչեւ ճաշից յետոյ ժամը 1:30ը շուրջ 10 մղոն տարածքով եւ ամենայն կարգապահութեամբ ու երկիւղածութեամբ քայլեցին վարժարանի շրջափակից մինչեւ Գլենդէլի Ս. Աստուածածին եկեղեցի, ուր ծաղիկներ դնելով Հայոց Ցեղասպանութեան խաչքար-յուշակոթողի շուրջը՝ իրենց յարգանքը մատուցեցին մեր մէկ ու կէս միլիոն նահատակների անմոռաց յիշատակին եւ վերահաստատեցին իրենց ուխտը՝ պահանջատիրական աննկուն կամքով շարունակելու պայքարը՝ ի խնդիր մեր նահատակների արդար իրաւունքների վերականգնման: Խաչքար-յուշակոթողի առջեւ համախմբուած աշակերտներին դրուատանքի եւ քաջալերանքի խօսքեր ասացին վարժարանի տնօրէն Վազգէն Մատէնլեանը եւ վարժարանի նախկին աշակերտներից եւ ներկայիս ծնողներից Ստեփան Պոյաճեանը, յիշեցնելով նրանց այն կարեւոր դերը, որ նրանք պէտք է ստանձնեն ապագայում՝ իբրեւ մեր համայնքի յանձնառու անդամներ ու ղեկավարներ:
Նախքան քայլարշաւը սկսելը, առաւօտեան ժամը 8:00ին վարժարանի սրահում տեղի ունեցաւ հակիրճ ծրագիր, որի ընթացքում Տէրունական Աղօթքից եւ ամերիկեան ու հայկական դրօշների առջեւ երդման արարողութիւնից յետոյ, ելոյթ ունեցան վարժարանի փոխտնօրէնուհի Ռիթա Գաբրիէլեանը եւ հայերէնի դասատու Սարօ Նազարեանը, շեշտելով, որ ամենամեայ սոյն քայլարշաւը կատարւում է Հայոց Ցեղապանութեան զոհերի յիշատակութեան եւ պահանջատիրութեան նպատակներով: Ծրագրի ընթացքում ելոյթ ունեցաւ հիւրաբար վարժարան այցելած Լոս Անջելոսի քաղախապետական խորհրդի անդամ Փոլ Գրիգորեանը, որը յիշելով Հայոց Ցեղասպանութեանը զոհ դարձած իր ընտանիքի անդամներին, նշեց, որ Թուրքիան չկարողացաւ հասնել հայութեանը բնաջնջելու իր հրէշային նպատակներին եւ որ ահա ինքը, որպէս շառաւիղը իր վերապրած ընտանիքի, հպարտ է, որ ներկայացնում է հայութիւնը ամերիկեան պետական շրջանակներում:
ՎԱՐԺԱՐԱՆԻ ԹՂԹԱԿԻՑ