ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
«Հայոց ցեղասպանութեան 95-ամեակին ընդառաջ» ենթախորագիրն ու «Պայքարի շեշտադրումները փոխելու անհրաժեշտութիւնը» խորագիրը կրող Արա Պապեանի այս յօդուածը կը ներկայացնենք մեր ընթերցողներու ուշադրութեան:

Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը նպատա՞կ է, թէ միջոց: Վստահաբար մեծամասնութիւնն անվարան կը պատասխանի՝ միջոց: Հետեւաբար, քանի որ ցեղասպանութեան ճանաչումն ինքնանպատակ չէ, ուստի ցանկացած ցեղասպանութեան ժխտման հակառակը ցեղասպանութեան պարզ ճանաչումը չէ, այլ՝ ճանաչման միջոցով յանցագործի պատիժը (մեր դէպքում թէկուզեւ բարոյական) եւ զոհի իրաւունքների (այդ թւում նաեւ գոյքային) հնարաւորինս վերականգնումը: Կարող է արդեօ՞ք ցեղասպանութեան ճանաչումը վերահաստատել արդարութիւնը, քանի դեռ յանցագործը կամ նրա սերունդները շարունակելու են վայելել յանցագործութեան պտուղները: Ընդ որում, յանցագործութեան պտուղները վայելող սերունդները ոչ թէ յանցագործների պարզ յետնորդներ են, այլեւ յանցակիցները: Այսու, անհրաժեշտութիւն է առաջանում անդրադառնալ որոշ հարցերի. 1. Արդեօ՞ք Հայաստանի Հանրապետութեան տարածքային եւ հայերի գոյքային իրաւունքները, ինչպէս նաեւ բարոյական կորուստները, կարող են վերականգնուել միայն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ճանապարհով, թէ՞ կայ այլ ուղի եւս: 2. Ի՞նչ ծաւալի իրաւունքների եւ գոյքի մասին է խօսքը:
1. Ցեղասպանութիւնը մարդկայնութեան դէմ ուղղուած յանցագործութեան տարատեսակ է: Թերեւս ամենածանր տարատեսակն է, բայցեւայնպէս, պատասխանատուութեան առումով այն համարժէք է նմանաբնոյթ միւս յանցագործութիւններին: Միջազգային իրաւունքը յստակօրէն ամրագրել է, որ «բնաջնջումը, ստրկացումը, աքսորը, եւ որեւէ քաղաքացիական բնակչութեան դէմ իրականացուած այլ անմարդկային արարքները պատերազմից առաջ կամ ընթացքում» հանդիսանում են յանցագործութիւններ մարդկայնութեան դէմ: Անվիճելի իրողութիւն է. թուրքերը ժխտելով Հայոց Ցեղասպանութիւնը, ընդունում են, որ իրենց նախնիներն Օսմանեան կայսրութեան հայազգի քաղաքացիական բնակչութեանն աքսորել են:
Պահպանուել է Օսմանեան կայսրութեան այն օրէնքը (Tehcir Law), որի հիման վրայ իրականացուել է հայերի աքսորը: Օրէնքն ընդունուել է Օսմանեան խորհրդարանի կողմից 1915թ. Մայիսի 27ին եւ ուժի մէջ է մտել Թաքվիմ-ի վեքայի պաշտօնաթերթում 1915թ. Յունիսի 1ին տպագրուելուց յետոյ: Օրէնքի ամբողջական անուանում է. «պատերազմական իրավիճակի եւ հրատապ քաղաքական անհրաժեշտութեան պատճառով այլ վայրեր աքսորուող հայերի տարաբնակեցման կարգ»:
Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ որեւէ պատճառաբանութիւն կամ պատրուակ աքսորն իրականցրած պետութեանը, որը գործել է յանցագործ իշխանութեան միջոցով, չի ազատում պատասխանատուութիւնից եւ տուժողներին համարժէք հատուցում տալու պարտաւորութիւնից: Հայերի պարագային թուրքական պետութեան յանցանքը բարդանում է նաեւ նրանով, որ աքսորի ժամանակ պետութիւնը յստակ քաղաքականութիւն է իրականացրել աքսորեալների մէջ մահացու ելքերը շատացնելու համար:
2. Հայութեան իրաւունքների եւ սեփականութեան հարցն ունի երեք մակարդակ. ազգային կամ պետական, համայնքային կամ կազմակերպուած խմբերի, անհատական կամ մասնաւոր: Առաջին դէպքում ամէն ինչ յստակ՝ կայ կատարման համար պարտադիր միջազգային վճիռ, որով յստակեցուած է Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի սահմանը: Հայաստանի Հանրապետութեան հողային իրաւունքների մասին, որոնք խարսխուած են առաջին հերթին ԱՄՆ նախագահ Վուդրոյ Վիլսոնի 1920թ. Նոյեմբերի 22ի իրաւարար վճռի վրայ, առիթներ ունեցել եմ հանդէս գալու, ուստի դրան այսօր չեմ անդրադառնայ:
Առանց ժխտելու Հայոց Ցեղասպանութեան հնարաւորինս լայն ճանաչման քաղաքական անհրաժեշտութիւնը, հարկ է նշել, որ իրաւական տեսանկիւնից Հայաստանի Հանրապետութեան տիտղոսի, այն է հողային իրաւունքների վերականգնման, տեսանկիւնից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը բնաւ նախապայման չէ: Հայաստանի Հանրապետութեան տարածքային իրաւունքները ճանաչուած են ցեղասպանութեան իրողութիւնից անկախաբար: Հայութեան համայնքային եւ անհատական գոյքային իրաւունքների վերականգնման համար ցեղասպանութեան ճանաչման հարցը նոյնպէս բնաւ նախապայման չէ: Այս հարցի կապակցութեամբ անհրաժեշտ է անել մի յստակեցում. հայերից ապօրինի բռնագրաւուած գոյքի հարցում չի գործում որեւէ ժամանակային սահմանափակում, քանի որ օրինախախտումն ունի շարունակական բնոյթ: Բոլոր այն դէպքերում, երբ գոյքը բռնագրաւուել է առանց համարժէք հատուցման, այսինքն՝ օրինախախտմամբ, ապա ներկայ տնօրինումը չի կարող օրինական իրաւատիրութեան հիմք հանդիսանալ:
Հայերից ապօրինի բռնագրաւուած գոյքի գնահատման հարցը բարդ խնդիր է: Չնայած կատարուած որոշակի աշխատանքին, մեր պատկերացումները տուեալ հարցի վերաբերեալ դեռեւս խիստ հատուածական են: Օրինակ, միայն 1916թ. Բեռլինի Ռեյսխբանկին (ReichsBank) Օսմանեան կայսրութիւնից փոխանցած 33 տոննա ոսկու (ներկայ գներով աւելի քան մէկ միլիարդ ԱՄՆ դոլար) մեծ մասը, թերեւս ամբողջութեամբ, ապօրինի բռնագրաւուել էր հայերից: Առ այսօր Թուրքիան չի բացայայտել Օսմանեան կայսրութեան զանազան բանկերում, ինչպէս նաեւ օտարերկրեայ բանկերի թուրքական մասնաճիւղերում, պահուող հայկական հաշիւների անուանացանկերը եւ գումաների չափը:
Որքան այսօր դժուար է փաստել սեփականութեան իրաւունքը, յստակեցնել անհատական գոյքի գինը եւ հետամտել կորուստը, նոյնքան էլ դիւրին է դա անել համայնքային սեփականութեան հարցում: Քանի որ Օսմանեան կայսրութիւնը կառուցուած էր ազգային/կրօնական սկզբունքով եւ լուսաւորչական հայերը ներառուած էին մէկ՝ էրմենի մլիեթի մէջ, ապա նրանց եկեղեցիները, վանքերն ու դպրոցները հաշուառուած էին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանում: Մինչ այժմ կան տարբեր հաշուարկներ, ներառեալ 1919թ. Փարիզի վեհաժողովին հայկական պատուիրակութիւնների ներկայացրած տեղեկանքները: Թերեւս ամենաամբողջականը Ռայմոն Գէորգեանի եւ Փոլ Փապուճեանի հաշուարկներն են, քանի որ դրանք հիմնուած են պատրիարքարի չհրատարակուած արխիւների վրայ: Ըստ այդ հաշուարկների 1913-14թթ. առաքելական հայերն ունէին 2538 գործող եկեղեցի, 451 վանք եւ գրեթէ 2000 դպրոց: Այս հաշուարկի մէջ չեն մտնում Օսմանեան կայսրութեան հայ կաթողիկէ համայնքի եւ հայ աւետարանականների հոգեւոր հաստատութիւններն ու դպրեցները, ինչպէս նաեւ Ռուսական կայսրութեան Կարսի, Սուրմալուի եւ Բաթումի վարչական միաւորների հայապատկան գոյքը:
Ամփոփելով վերոշարադրեալը կարելի է անել հետեւեալ եզրակացութիւնները.
Հայոց իրաւունքներին տէր կանգնելու համար բնաւ պարտադիր չէ, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը լինի համընդհանուր: Հայազգի քաղաքացիական բնակչութեան աքսորը նոյնքան պատասխանատուութիւն է դնում թուրքական պետութեան վրայ եւ պարտաւորեցնում հատուցել աքսորեալների կամ նրանց ժառանգների կորուստները, որքան ցեղասպանութեան փաստը:
Օսմանեան կայսրութեան հայ համայքի իրաւունքները ամրագրուած են եղել ըստ երկրի գործող օրէնսդրութեան, եւ թուրքական պետութեան կողմից յետագայ բոլոր անօրինական զաւթումները չեն զրկում նրան իր իրաւունքից: Անօրինական բռնագրաւումները սեփականութեան իրաւունքի փոխանցման օրինական հիմք չեն կարող հանդիսանալ: Թուրքիայի Հանրապետութեան 1926-27 թթ. օրէնքներն ու հրամանագրերը՝ ուղղուած կրօնական փոքրամասնութիւնների գոյքի բռնագրաւմանը, չեն կարող օրինական հիմք հանդիսանալ, քանի որ հակասում են Թուրքիայի Հանրապետութեան ստանձնած միջազգային պարատաւորութիւններին՝ Լոզանի պայմանագրի 38-45 յօդուածներին: Նշեալ պարտաւորութիւնները ենթակայ չէին եւ ենթակայ չեն փոփոխութեան կամ անտեսման, քանի որ նրանց, ըստ նոյն պայմանագրի 37րդ յօդուածի, տրուած է հիմնական օրէնքի (սահմանադրութեան) կարգավիճակ:
Եթէ Թուրքիան իր ապագան տեսնում է Եւրոմիութեան կազմում, ինչպէս բազմիցս է յայտարարել, ապա պիտի ընդունի Եւրոմիութեան արժէքները: Ի շարս այլ բաների, պիտի պատրաստ լինի պատասխանատուութիւն կրել սեփական պետութեան եւ նրա իրաւանախորդի արարքների համար: Պիտի օրինական տէրերին վերադարձնի ապօրինի բռնագրաւուած գոյքը, պիտի դադարեցնի այլ պետութիւնների տարածքների բռնազաւթումը, պիտի դադարի խօսել ուժի դիրքերից եւ սպառնալիքի լեզուով:
Արա Պապեան
«Մոդուս վիվենդի» կեդրոնի
տնօրէնն է:
5 ապրիլի 2010թ.