ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ.- Հայ-ամերիկեան Առեւտրի Պալատի Լոս Անջելեսի կենտրոնը յայտարարեց իր 11րդ Բիզնես Գալայի մրցանակակիրներին հետեւեալ երեք անուանակարգերում.
Տարուայ բիզնես՝ ARTN/Shant-հայ-ռուսական հեռուստատեսային ցանցի տնօրէն Ռոբերտ Օղլաքչեան:
Տարուայ Գործարար կին՝ Լարա Երեցեան- Yeretsian Lawի հիմնադիր-տնօրէն:
Տարուայ Գործարար տղամարդ` Կարօ Գասապեան, FACS, մաշկի գեղագիտական վիրահատութեան կենտրոնի տնօրէն:

Ըստ կազմակերպիչների, յաղթողները տարուայ ընթացքում առանձնացել են համայնքային կեանքում գործուն ներգրաւուածութեամբ եւ որպէս յաջողակ գործարարներ:
Մարտի 20ին Գլենդելի Հիլթոն Հոթել հիւրանոցում կայացած միջոցառմանը ներկայ էին 350ից աւելի հիւրեր, որոնց շարքին առաջնորդներ՝ Մուշեղ արք. Մարտիրոսեանը, Յովնան արք. Տէրտէրեանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը, Գլենդելի քաղաքապետ Ֆրանկ Կինտերոն, համայնքի այլ ներկայացուցիչներ: Երեկոն համեմուեց համերգային ծրագրով:
Հայ-ամերիկեան Առեւտրի պալատն իր 11ամեայ գործունէութեան ընթացքում աջակցել է իր անդամներին ու համայնքին տրամադրելով իր փորձն ու հնարաւորութիւնները:
Հայ-ամերիկեան Առեւտրի Պալատի մրցանակի արժանացած ARTN/Shant հեռուստաընկերութեան տնօրէն Ռոբերտ Օղլաքչեանը նշեց, որ իրենց յաջողութեան գրաւականներից է ազգային ուղղուածութիւնն ու 24 ժամեայ աշխատանքը. «մեր հիմնական սկզբունքն այն է, որ բացի բիզնես լինելուց մենք մտածում ենք նաեւ մեր հայրենիքի կայացման, հայրենքի-սփիւռք յարաբերութիւնների համակարգման ուղղութեամբ», ասեց Օղլաքչեան:
Միւս մրցանակակիր Կարօ Գասապեանն էլ ներկայացրեց իր յաջողութեան բանաձեւը, նշելով, որ «ամէն ինչ սկսւում է երազանքից եւ հետեւողական աշխատանքի արդիւնքում հասնում ես յաջողութեան»: Միակ կին մրցանակակիր Լարա Երեցեանն էլ համոզուած է, որ կինը շատ աւելի մեծ հնարաւորութիւններ ունի ու թէեւ քրէական իրաւունքի ոլորտում երկարամեայ գործունէութեան ընթացքում հիմնականում շրջապատուած է եղել տղամարդկանցով, յաջողութեամբ կարողացել է յաղթահարել դժուարութիւնները ու հասել է սպասուած արդիւնքին:
Ն.Ա.