Հայաստանի վերանկախացումից յետոյ, 12րդ տարին է, որ «Շամլեան» Ազգային վարժարանի 8րդ դասարանների աշակերտները իրենց աւարտական շրջանի այցելութիւնը կատարում են Հայաստան, ուր վերաթարմացնում են հայրենիքով ապրելու եւ հայրենիքին նուիրուելու իրենց ուխտը:
Այս տարի, վարժարանի տնօրէն Վազգէն Մատէնլեանի եւ երեք ուսուցիչների գլխաւորութեամբ, մէկ շաբաթեայ այցով Հայաստան են ուղեւորւում Ը. դասարանների 48 աշակերտ-ուհիներ, որոնց ուղեկցում են նաեւ նրանց ծնողները, կազմելով շուրջ 93 հոգիանոց խոշոր խումբ:
Նրանք Հայաստան են ժամանելու Շաբաթ, Մարտի 27ին, իսկ յաջորդ օրը լինելու են Սբ. Էջմիածնում, ուր մասնակցելու են Ծաղկազարդի հոգեպարար արարողութեանը: Հայրենիքում աշակերտները այցելելու են նաեւ պատմամշակութային այնպիսի վայրեր, որոնց մասին բազմիցս կարդացել եւ սովորել են հայոց պատմութեան եւ գրականութեան դասագրքերում: Աւանդաբար այդ տեսարժան վայրերի թւում են լինում մեր հինաւուրց վանքերը, Սարդարապատը, Ծիծեռնակաբերդը, Խոր Վիրապը, Օշականը, Մատենադարանը, Սեւանը եւ անշուշտ, գերութեան մէջ գոյապայքարող, ազատատենչ Արարատը:
Ինչպէս նախորդ տարիները, այս տարի եւս Արցախի Աշան գիւղի «Անիթա Յովսէփեան»ի անուան դպրոցի աշակերտները Երեւան գալով միանալու են «Շամլեան» վարժարանի աշակերտների հայաստանեան շրջապտոյտներին, ինչը հոյակապ առիթ կը հանդիսանայ քոյր դպրոցների կարգավիճակ ունեցող երկու վարժարանների աշակերտների համար ծանօթանալու եւ բարեկամանալու միմեանց հետ:
«Շամլեան» վարժարանի աշակերտները այցելելու են նաեւ Նորքի եւ Խոր Վիրապի դպրոցները, ուր ծանօթանալու եւ ընկերական հաճելի ժամանց են ունենալու սոյն դպրոցների աշակերտութեան հետ:
Այս տարի աշակերտները առաւելապէս այցելելու են Հայաստանի խորհրդարանն ու զինուորակայանը, ուր հանդիպելու են պատասխանատուների հետ:
Հայրենիք այցելելու աշակերտների խանդավառութիւնը աննկարագրելի է: Նրանց հարազատ զգացումների արտացոլումը կարելի է գտնել վարժարանի «Մեր Ձայնը» պարբերականում, ուր ինչպէս գրել է Ը. դասարանի աշակերտներից մէկը,- մէջբերում ենք,- «ամենից կարեւոր ու պարզ պատճառը, որ ես ուզում եմ այցելել Հայաստան այն է, որ Հայաստանը մեր հայրենիքն է: Ես երեք անգամ եղել եմ Հայաստանում: Այս կը լինի չորրորդ անգամը: Հայաստանում շատ հանգիստ եմ զգում ինձ, որովհետեւ շրջապատուած եմ մարդկանցով, ովքեր իմ ազգակիցներն են ու նոյն լեզուով են խօսում»: Իսկ մի ուրիշ աշակերտուհի գրել է. «ես միշտ լսել եմ, որ Հայաստանը շատ գեղեցիկ է եւ հայ մշակոյթի տաճարն է: Այս տարի, մեր ութերորդ կարգի աշակերտներին տանում են Հայաստան: Ես շատ ուրախ եմ, որ մեր մայր հայրենիքն ենք գնալու: Իմ ընկերուհիները եւ ես միշտ խօսում ենք մեր ճամբորդութեան մասին: Ես գիտեմ, որ այս ճամբորդութիւնը շատ հետաքրքիր կը լինի»:
ՎԱՐԺԱՐԱՆԻ ԹՂԹԱԿԻՑ