Գլենդէյլում հրատարակուող օրաթերթ «Նոր Հայաստան»ում, մօտ երկու տարի է, որ ամէն Ուրբաթ տպւում է «Երեւանեան պատկերներ» վերնագրով յօդուածաշարը, քրոնիկագիր Եիսեբիոսի կողմից: Ի դէպ իմացայ, որ իր իսկական անունը Յարութիւն Պզտիկեան է եւ վարդապետ է:
Վերոյիշեալը իր գրուածքներում 90 տոկոսով շատ վատ ու սխալ է նկարագրում եղելութիւնը: Հայաստանի իշխանութիւնը որակում է ապիկար, նեխած, ամբարտաւան ու ոչ կարող ու անընդունակ՝ երկիրը կառավարելու: Ժողովրդին համարում է ծոյլ, ապազգային, անազնիւ ու անտեղեակ՝ իրենց պատմութեան եւ մշաթոյթին: Հայ գեղարուեստը կոչում է օտարամոլ եւ նրանց նուիրեալներին՝ անտաղանդ: Լրատուական տեղեկութիւնը եւ մամուլը համարում է անգրագէտ եւ մեծամասնութեամբ վարձկալ: Նրա համոզմամբ, հայ մտաւորականութիւնը եւ գիտնականները ոչ մի արդիւնաւէտ աշխատանք չեն տանում մեր հայրենիքի բարգաւաճման ի սպաս, այլ միայն անտեղի գովասանքներ են շռայլում օրուայ լպիրշ եւ երկիրը քայքայող իշխանութեան հանդէպ, որպէսզի շքանշանների արժանանան… Իսկ գալով կուսակցութիւնների, հասարակական միութիւնների՝ բոլորին է կոչում սխալ որակումներով եւ նրանց գաղափարախօսութիւնը շատ վարկաբեկիչ է անուանում, ու համոզուած է, որ նրանցից ոչ մէկը չունի ազգային հայրենասիրական յստակ ձգտում կամ նպատակ: Նրանք հետապնդում են միայն իրենց ղեկավարների անձնական շահը: «Բազէ»ների կուսակցութեան գաղափարախօսութիւնը անուանում «ֆաշիստական», մինչդեռ այդ կազմակերպութեան սկզբունքը եւ գաղափարը ազգային է եւ շատերի կողմից՝ գնահատուած եւ սիրուած: Շատ յարգուած եւ ճանաչուած նկարիչ, երեխաների առաջին դպրոցի հիմնադիր ու նաեւ նրանց պատկերազարդ Սուրբ գրքի հրատարակութիւնը առաջին անգամ աշխարհում հրատարակողին մեղադրել է, որ իբրեւ թէ նրանց ստեղծագործութիւնները ծախելով՝ գրպանել է իր օգտին: Նման զրպարտող օրինակներ է բերել: Յիշեցման կարգով ասեմ, որ ծպտուած վարդապետը տխրահռչակ եւ երկիրը քանդող Լեւոն Տէր Պետրոսեանի համակիրներից եւ պաշտողներից է: Նա իր գրուածքներում այդ երբեք չի թաքցնում ու կարօտով եւ յուզմունքով երանի է տալիս այն մութ ու ցուրտ տարիներին: Գուցէ դրանով կարելի է բացատրել իր ատելութիւնը Հայաստանի իշխանութեան հանդէպ:
Նկատի ունենալով, որ իր կոչումը կրօնական է, որը սովորեցնում է եւ քարոզում ճշմարտութիւն, ազնուութիւն, բարոյականութիւն, պարզապէս նա դաւաճանել է իր կրօնական սուրբ կոչումին: Եթէ նա շարունակի իր այդ զրպարտութիւնները, նա իրաւունք չունի այլեւս գրիչ շարժելու այդ ուղղութեամբ: Նա պէտք է կոտրի այդ գրիչը…
Յոյսով եմ, որ նա իր մէջ քաջութիւն գտնի եւ վերադառնայ իր իսկական կրօնական կոչումի սկզբունքներին: Ասում են աւելի լաւ է ուշ, քան երբեք:
Յարգանքով՝
ՎԱՐԴԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱՏԹԵՒՈՍԵԱՆ