ԵՐԵՒԱՆ.- ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեան, երէկ, մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսեանի Թուրքիոյ նախագահին յղած ուղերձը՝ յայտնած է. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի՝ իր թուրք պաշտօնակցին յղուած նամակում, որոշ մարդիկ պարզապէս տարրական էթիկա (քաղաքավարութիւն-Խմբ.) են տեսնում, բայց դա այնքան էլ այդպէս չէ: Հայաստանի նախագահը թուրքական կողմին յիշեցրեց այն մասին, որ այժմ արձանագրութիւնների վաւերացման վերաբերեալ քայլեր նախաձեռնելու՝ Թուրքիայի հերթն է»:
Ըստ Յովհաննիսեանին, իր ուղերձով Հայաստանի նախագահը թրքական կողմին փոխանցեց նաեւ հայ-թրքական մերձեցման գործընթացի հնարաւոր ձախողութեան կապակցութեամբ մտավախութիւնները, եւ այն, որ Հայաստանը գործընթացի ձախողութեան համար պատասխանատուութիւն պիտի չկրէ:
Այլ հարցի մը անցնելով, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը, գնահատելով պատերազմի հաւանականութիւնը Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ՝ յայտնած է, թէ պատերազմի վտանգ միշտ ալ կայ, այնքան ատեն, որ Հայաստանի ու Ատրպէյճանի միջեւ չկայ խաղաղութեան պայմանագիր:
«Խնդիրն այն է, որ ի հեճուկս Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաների կողմից արուած ռազմատենչ յայտարարութիւններին, ադրբեջանական բանակն ու հասարակութիւնը պատրաստ չեն պատերազմի: Չնայած առկայ էթնիկ ճնշումներին, Ադրբեջանը բազմազգ պետութիւն է եւ, օրինակ՝ լեզգիները կամ թալիշները, չեն ցանկանայ իրենց զաւակներին ուղարկել Ղարաբաղ մեռնելու: Չեմ կարծում, որ նման ձգտում ունի նաեւ բուն ադրբեջանցի ժողովուրդը», նշած է Վահան Յովհաննիսեանը:
Այս առումով, Վահան Յովհաննիսեան աւելցուցած է. «Մենք լուրջ տեղեկութիւններ ունենք, որ ներկայում Ռուսաստանի, Ուկրաինայի շատ քաղաքներում ադրբեջանցի երիտասարդների նոր հոսք է սկսւում: Սա նշանակում է, որ Ալիեւի իւրաքանչիւր ռազմատենչ յայտարարութեան հետեւանքով, ադրբեջանցի երիտասարդների մի ստուար զանգուած այլ երկրներ մեկնելու միջոցներ է որոնում, որովհետեւ ոչ ոք չի ցանկանայ պատերազմի ժամանակ ծառայել այնպիսի բանակում, որտեղ սպաները սպանում են զինուորներին եւ հակառակը»: