ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հայաստանի հիւպատոսարանի մամուլի հետ կապի բաժնէն ստացած ենք հաղորդագրութիւն մը, ուր կը փոխանցուի հետեւեալ տեղեկագրութիւնը.
Յունուարի 28ին Լոս Անջելեսում կայացաւ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հաւատարմագրուած դիւանագէտների հերթական հաւաքը, որի հիւրընկալութիւնն առաջին անգամ ստանձնել էր ՀՀ Գլխաւոր հիւպատոսութիւնը: Պարբերական հաւաքը դիւանագէտներին հնարաւորութիւն է տալիս շփուել միմեանց հետ եւ խօսել ընդհանուր խնդիրների, ինչպէս նաեւ երկկողմ համագործակցութեան մասին:
Հաւաքին մասնակցեցին վեց տասնեակից աւելի երկրների գլխաւոր հիւպատոսներ: Նրանք քննարկեցին 2010 թուականի ծրագրերը եւ առաջիկայ միասնական անելիքները: Հիւպատոսները ողջունեցին նաեւ Լոս Անջելեսի դիւանագիտական կորպուսին նոր միացած անդամներին:
Ներկայացուցչական հաւաքի մասնակիցները ողջունեցին Հայաստանի գլխաւոր հիւպատոսի նախաձեռնութիւնը, որը, նրանց խօսքով, հնարաւորութիւն տուեց ջերմ մթնոլորտում քննարկել Լոս Անջելեսի դիւանագիտական համայնքի առաջիկայ ծրագրերը: ՀՀ Գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը, ողջունելով հիւրերին, ներկայացրեց դիւանագէտների հաւաքի պատուաւոր հիւրին Կալիֆորնիայի 35րդ նահանգապետ æորջ Դուքմէջեանին, ով ԱՄՆ խոշորագոյն նահանգի առաջին եւ առայժմ միակ՝ ազգութեամբ հայ նահանգապետն է եղել: Պրն. Դուքմէջեանը ողջունեց ՀՀ հովանու ներքոյ կազմակերպուած ձեռնարկը: Նշեց, որ անցած դարասկզբին, ցեղասպանութիւնից առաջ, Թուրքիայից գաղթած ծնողների զաւակ է: Զբաղեցրել է պատասխանատու պաշտօններ եւ հպարտ է, որ ղեկավարել է Կալիֆորնիայի պէս բազմազգ մի նահանգ, որն աշխարհի համար լաւ օրինակ է, թէ ինչպէս կարող են 100ից աւելի ազգութիւններ կողք-կողքի ապրել եւ ստեղծել աշխարհի 5րդ տնտեսութիւնը: Պրն. Դուքմէջեանը պատասխանեց նաեւ օտարերկրեայ դիւանագէտների հարցերին:
Դիւանագէտների ներկայացուցչական հաւաքին ներկայ էր նաեւ հայազգի գործող բարձրաստիճան պաշտօնեայ՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կազմում ընտրուած առաջին հայ գործիչ, Փոլ Կրեկորեանը:
Լոս Անջելեսի հիւպատոսական հաւաքի աւարտին հիւրերը ճաշակեցին հայկական խոհանոցի ուտեստներ՝ հայկական երաժշտութեան՝ դուդուկի եւ դաշնամուրի կատարումների ներքոյ: