ՄՈՍԿՈՒԱ, «Նոյեան Տապան».- Հայկական «Արարատ» մշակութային-լուսաւորական ընկերութեան նախաձեռնութեամբ, Դեկտեմբերի վերջաւորութեան, Մոսկուայի Ազգութիւններու տան մէջ կայացած է հայազգի ականաւոր գիտնական Սամուէլ Գրիգոր Քոչարեանցի (1909-1993) ծննդեան 100ամեակին նուիրուած հանդիսաւոր երեկոյ մը:
Սամուէլ Քոչարեանց ծնած է 1909ին, Նոր Բայազետի մէջ (Գաւառ): 1937ին աւարտած է Մոսկուայի ելեկտրո-տեխնիկական հիմնարկը (ՄԷԻ): Հայրենական մեծ պատերազմի աւարտէն ետք ան ներգրաւուած է միջուկային զէնքի ստեղծման աշխատանքներուն մէջ, խստօրէն գաղտնի պահուող «Արզամաս-16» գիտաւանի (այժմ՝ Նիժնի Նովկորոտի մարզի Սարով քաղաքը) «Փորձարարական ֆիզիկայի համամիութենական գիտահետազօտական ինստիտուտ»էն (ՓՖՀԳԻ) ներս:
Ան Կէս դար աշխատած է այնտեղ եւ եղած է Խորհրդային Միութեան գաղտնի մնացած դէմքերէն մէկը: Իր աշակերտներն ու յաջորդները, որոնք այսօր կ՛աշխատին վերոյիշեալ հիմնարկէն ներս, հետեւեալ խօսքերով կ՛արտայայտուին անոր մասին.
«Յունուարի 7ին լրացաւ ականաւոր գիտնական, Ռուսաստանի դաշնապետական միջուկային կենտրոնի՝ Փորձարարական ֆիզիկայի համառուսական գիտահետազօտական ինստիտուտի գլխաւոր կոնստրուկտոր (1959-1990 թթ.), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինեան մրցանակի, երեք Ստալինեան մրցանակների, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, ՌԽՖՍՀ գիտութեան եւ տեխնիկայի վաստակաւոր գործիչ, Լենինի վեց շքանշանների եւ Հոկտեմբերեան յեղափոխութեան շքանշանի ասպետ, Սարով եւ Նոր Բայազետ քաղաքների պատուաւոր քաղաքացի, տեխնիկական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր Սամուէլ Գրիգորի Քոչարեանցի ծննդեան 100 տարին:
«Ս. Գ. Քոչարեանցի անուան հետ է կապուած Խորհրդային բանակի տարբեր զօրատեսակների զէնքի գործնականում բոլոր համալիրների համար միջուկային մարտական սարքաւորման ստեղծումը, իսկ ըստ էութեան՝ իսկական միջուկային զէնքի (ՄԶ) ստեղծումը:
«Ս. Գ. Քոչարեանցի ղեկավարութեամբ եւ անմիջական մասնակցութեամբ մարտական հերթապահութեան դրուեցին մի քանի սերնդի միջուկային զինամթերքներ, որոնք փուլ առ փուլ կատարելագործւում էին կրիչների, դրանց կառավարման համակարգերի զարգացմանը զուգընթաց, այդ թւում հաւանական հակառակորդի ՀՀՊ համակարգերի յաղթահարման եւ հրթիռամիջուկային յարձակումից սեփական տարածքի պաշտպանութեան նպատակով: Ներկայումս եւս Ս. Գ. Քոչարեանցի մշակած միջուկային զինամթերքներով հանդերձուած ՄԶի համալիրները Ռուսաստանի բանակի սպառազինութեան մաս են կազմում եւ իսկական մարտական հերթապահութիւն են իրականացնում՝ ապահովելով մեր հայրենիքի անվտանգութիւնը»:
«Արարատ» ընկերութեան խորհուրդի նախագահ Էմանուիլ Դոլբակեանի խօսքով. «Այդ երեկոյին նախապատրաստուելիս կապուել ենք ՓՖՀԳԻի ղեկավարութեան հետ եւ հրաւիրել մասնակցելու երեկոյին: Ժամանել է 8 հոգանոց ազդեցիկ պատուիրակութիւն, այդ թւում եւ Ս. Գ. Քոչարեանցի աշակերտն ու յետնորդը՝ ներկայիս գլխաւոր կոնստրուկտորը: Նրանք բերել էին մի քանի լուսանկարչական վահանակներ եւ կէս ժամանոց տեսաֆիլմ Ս. Գ. Քոչարեանցի կեանքի եւ գործունէութեան մասին»:
Երեկոյին ներկայ եղած են նաեւ Քոչարեանցի հարազատները, զարմուհին՝ «Արարատ» ընկերութեան խորհուրդի անդամ Կոզետա Սօսի Քոչարեանց, թոռները՝ Լիւբով եւ Սերգէյ Քոչարեանց, նաեւ ծոռնուհին՝ Ելենա Սերգէյ Քոչարեանց:
Երեկոն աւարտած է համերգային ծրագիրով մը: