ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերու նախարարութիւնը Պաքուի մէջ իրականցուած հայերու ջարդի քսաներորդ տարելիցի առթիւ երէկ յայտարարութիւնը մը հրապարակած է, ուր կ՛ըսուի.
«Այսօր լրանում է 20ամեակը Բաքւում հայերի ջարդերի, որոնք դարձան «ինտերնացիոնալ» համարուող ադրբեջանական մէկ այլ քաղաքում՝ Սումգայիթում 1988 թ. Փետրուարին հայերի կոտորածների անմիջական եւ տրամաբանական շարունակութիւնը:
«Անպատիժ չարիքը կրկնուեց՝ ընդլայնելով իր մասշտաբները: 1990 թ. Յունուարի 13-19ը, մարդկանց դէմ ամենադաժան պատժամիջոցների կիրառմամբ, Բաքուի կոտորածը վերջակէտ դրեց այդ երկրի պետականաստեղծ ազգերից մէկի ներկայացուցիչներից՝ Բաքուի փառք ու պարծանք հանդիսացող ժողովրդից՝ հայերից Ադրբեջանի մայրաքաղաքը էթնիկ զտելու հարցում:
Բաքուի հազարաւոր հայեր զոհուեցին, հաշմանդամ դարձան, հարիւր հազարաւորները՝ փախստական: Յիրաւի ֆաշիստական վայրագութիւնների զոհ գնացին հիմնականում երեխաներ, ծերեր, կանայք:
Խորհրդային կենտրոնական իշխանութիւնների թողտուութեամբ, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարութեան լուռ համաձայնութեամբ ու մասնակցութեամբ՝ Հայոց հարցը լուծուեց թուրքական փորձուած գործիքի՝ ցեղասպանութեան միջոցով: Եւ եթէ Սումգայիթում խոհրդային զօրքերը «ուշացան» 3 օրով, ապա Բաքւում՝ մի ամբողջ շաբաթով՝ քաղաք մտնելով միայն այն ժամանակ, երբ այնտեղ գրեթէ հայ չէր մնացել:
Բաքուի հրէշաւոր ոճրագործութեանը առայժմ ո՛չ քաղաքական, ո՛չ իրաւական, ո՛չ բարոյական գնահատական չի տրուել: Հայերի նկատմամբ իրականացուած վայրագութիւններն ադրբեջանական իշխանութիւնների կողմից լռութեան մատնելու փաստն ինքնին աղաղակող ցինիզմ է: Անգամ զղջումի որեւէ նշոյլի բացակայութիւնը, դեռ աւելին, հայ ժողովրդի հանդէպ աճող սպառնալիքները հաստատում են, որ «բաքուները», «սումգայիթները», «կիրովաբադները» դեռեւս մնում են Ադրբեջանի պաշտօնական քաղաքականութեան օրակարգում: Եւ այս ամէնը կատարւում է միջազգային հանրութեան աչքի առաջ, որը, ըստ ամենայնի, չի պատրաստւում դասեր քաղել անցեալից. չէ որ հէնց միջազգային հանրութեան թողտուութեամբ է հնարաւոր դարձել արիւնալի վաքխանալիան, որը համակել էր Խորհրդային Ադրբեջանի ամբողջ տարածքը եւ Բաքւում իր գագաթնակէտին էր հասել 1990 թ. Յունուարին:
Բաքուի հայկական ջարդերը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետութեան Ադրբեջանի կազմում գտնուելու անհնարինութեան օգտին ամենահամոզիչ փաստարկներից մէկն են հանդիսանում:
Հայերի հանդէպ վայրագութիւնները, որոնք կանոնաւոր կերպով կազմակերպւում էին Ադրբեջանի իշխանութիւնների կողմից ողջ 20րդ դարի ընթացքում, կրկին անգամ ընդգծում են Արցախի ժողովրդի իրաւացիութիւնը, որը պայքարի ելաւ իր վաղնջական իրաւունքների ազատութեան ու պաշտպանութեան համար: