ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Անցեալ Կիրակի, Դեկտեմբերի 19ին, Ստեփանակերտի մէջ տեղի ունեցաւ իւրայատուկ կեդրոնի մը բացումը, կեդրոն մը, որ բազմաճիւղ ծառայութիւններ պիտի մատուցէ Արցախի մայրաքաղաքի բնակչութեան:
Այս կարեւոր նշանակութեամբ կեդրոնի բացման հանդիսութեան մասին մարամասնօրէն զեկուցած է «Ազատ Արցախ» օրաթերթը: Ստորեւ կը ներկայացնենք այդ տեղեկագրութիւնը ամբողջութեամբ.
Դեկտեմբերի 19ին Ստեփանակերտում տեղի ունեցաւ «Սոֆիա» կենտրոնի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որը ստեփանակերտցիների համար վերածուել էր համաքաղաքային մեծ տօնի։ Դա ստեփանակերտցիների համար ամանորեայ նուէր կարելի է համարել եւ պատահական չէ, որ հէնց այդ օրը լուսաւորուեց մայրաքաղաքի գլխաւոր տօնածառը եւ վառուեցին ամանորեայ լոյսերը։ Կենտրոնի վերակառուցումը սկսուել է գրեթէ մէկ տարի առաջ։ Այն ժամանակ մենք երեւի չէինք էլ պատկերացնում, որ կ՛ունենանք նման կարգի ժամանակակից յարմարաւէտ բազմաֆունկցիոնալ համալիր։ Բազմաթիւ տեղացի ու օտարերկրեայ հիւրերի շարքում կենտրոնի բացմանը ներկայ էին ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը, էքս (նախկին-Խմբ.) նախագահ Արկադի Ղուկասեանը, ԱԺ խօսնակ Աշոտ Ղուլեանը եւ կառավարութեան նախագահ Արա Յարութիւնեանը։ Կարմիր ժապաւէնի հատման պատիւն ու առաջին խօսքի իրաւունքը Սեյրան Կարապետեանինն ու Ստեփանակերտի քաղաքապետ Վազգէն Միքայէլեանինն էր։ Նշենք, որ կենտրոնը վերակառուցուել է «Ֆոր դիրեքշնս» ՍՊԸի կողմից, որը 3 տարի է, ինչ գործունէութիւն է ծաւալում Լեռնային Ղարաբաղում։ Կազմակերպութեան հիմնադիրը յայտնի բարերար եւ գործարար Սեյրան Կարապետեանն է։ Ինչպէս տեղեկացրեց ընկերութեան գործադիր տնօրէն Նուէր Միքայէլեանը, այն հիմնականում զբաղւում է շինարարութեամբ։ Այս ժամանակահատուածում «Ֆոր դիրեքշնսը» Ստեփանակերտի Թումանեան փողոցի վրայ կառուցել է մէկ եւ շուտով կը սկսի երկրորդ բազմաբնակարան էլիտար շէնքերի շինարարութիւնը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի պատուէրով հիմնովին կառուցում է հանրապետական հիւանդանոցը։ Բարեգործական ծրագրերով վերանորոգուել է երկրորդ դպրոցի սպորտդահլիճն ու ակումբը, վերանորոգուել է Խաչմաչի սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Ընկերութեան խոշոր ծրագրերից մէկը Ստեփանակերտի նախկին կենցաղի տան վերանորոգումն էր ժամանակակից ու յարմարաւէտ բազմաֆունկցիոնալ կենտրոնի։ Ընկերութիւնն այդ օրուան սկսել է պատրաստուել դեռեւս ամիսներ առաջ. տեղական կադրերին ուսուցանելու նպատակով դրսից հրաւիրուել են մասնագէտներ, որոնք սեմինարների, թրենինգների (մարզումներու-Խմբ.) ձեւով ընտրուածներին սովորեցրել են սպասարկման ժամանակակից եղանակներն ու աշխատանքի այլ նրբութիւններ։ Բացման խօսքում Ս. Կարապետեանը շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, ովքեր օժանդակել են այդ օբյեկտի (կեդրոնի-Խմբ.) կառուցմանն ու շահագործմանը, իսկ քաղաքապետը ստեփանակերտցիներին մաղթեց բազմաբովանդակ ժամանց ու շոպինգ (գնում-Խմբ.)։
Վերջին շրջանում աւանդական դարձած կարգի համաձայն՝ կենտրոնի բացումն ազդարարուեց քահանայի օրհնութեամբ, ներկայացուեց Ս.Կարապետեանի կողմից ԼՂՀում ծաւալած գործունէութեան վերաբերեալ ԱԺ հանրային հեռուստատեսութեան պատրաստած տեսաֆիլը, որից յետոյ ընկերութեան հիմնադիրը հիւրերին առաջնորդեց կենտրոնում տեղակայուած օբյեկտները (բաժինները-Խմբ.)։ Խոհարարների պրոֆէսիոնալիզմը եւ ընդհանուր սպասարկման մակարդակը հիւրերը գնահատելու հնարաւորութիւն ունեցան կազմակերպուած հիւրասիրութեան ժամանակ, որն ընթացաւ «Արցախի ձայներ» (երաժշտական ղեկավար՝ Իրա Քոչարեան) երաժշտական խմբի համերգային ծրագրի ջերմ մթնոլորտում։ Ֆուրշետի (հիւրասիրութեան-Խմբ.) ընթացքում եղաւ նաեւ նորաձեւ հագուստի ցուցադրում (մոդելների սանրուածքը եւ դիմայարդարումը իրականացուել է կենտրոնում տեղակայուած «Էլեգանտ» գեղեցկութեան սրահում)։ Մի խօսքով, բացման արարողութիւնն անցաւ ամենաբարձր մակարդակով։ Եւ սա նաեւ բազմաթիւ հիւրերի կարծիքն էր։ Կենտրոնի մեծ մասն արդէն պատրաստ եւ յանձնուած է շահագործման։ Բայց սա դեռ ամէնը չէ։ Կան կիսատ գործեր, որոնք ընկերութեան ղեկավարները խոստանում են աւարտին հասցնել ամենակարճ ժամանակահատուածում։ Կենտրոնի առաջին յարկն աւարտուն տեսք կ՛ունենայ գարնանը։ Այնտեղ նախատեսւում է բոուլինգի խաղասրահ, բար։ Երկրորդ յարկում տեղակայուած է «Ֆոր դիրեքշնս» ՍՊԸ կենտրոնական գրասենեակը իր բոլոր ատրիբուտներով (ճիւղերով-Խմբ.)։ Երրորդ յարկում կը գործի ժամանակակից սարքաւորումներով յագեցած խաղասրահ, գեղեցկութեան սրահ, դեղատուն, մի շարք յայտնի ընկերութիւնների սպասարկման կէտեր, կինոթատրոն։ Կենտրոնում տարածք են վարձակալել նաեւ «Ղարաբաղ Տելեկոմ», «Վարանդայ թրաւըլ», «Հայբիզնեսբանկ» ընկերութիւնները։ Կենտրոնում կը գործի նաեւ «Պեպիտոյ» խանութն իր մանկական տեսականիով, «Տէրանովայ» խանութ սրահի Ստեփանակերտի մասնաճիւղը, «Արայ» ֆիրմային խանութն իր էլեկտրօնային եւ կենցաղային տեխնիկայով։ Հինգերորդ յարկն ամբողջութեամբ կը զբաղեցնի «Ֆոր դիրեքշնսը» իր ամառային բար-սրճարանով, հիւրանոցային համալիրով։ Աւելորդ չենք համարում նշել, որ կենտրոնը յագեցած է ամենաժամանակակից սարքաւորումներով. վերելակ, շարժասանդուղք եւ այլն։ Մի խօսքով, տեղացիների ու մայրաքաղաքի հիւրերի համար ստեղծուած են հանգստանալու, տեղեկացուած լինելու եւ սպասարկուելու բոլոր պայմանները։
Մենք զրուցեցինք կենտրոնի տարբեր օբյեկտներում աշխատանքի տեղաւորուած մարդկանց ու պատասխանատուների հետ եւ նախնականօրէն նրանք գոհ են իրենց առաջարկող աշխատանքի պայմաններից ու վարձատրութիւնից։ Աշխատավարձերի չափը դեռեւս լրիւութեամբ յստակեցուած չէ, այն ամէն դէպքում կախուած կը լինի աշխատանքի ծաւալներից։ Ընկերութեան տնօրէն Ն. Միքայէլեանը դրանց վերաբերեալ մեր հարցին ի պատասխան նշեց, որ աշխատավարձերը հանրապետութիւնում սահմանուած միջին ամսականից ցածր չեն լինի, իսկ որոշ պաշտօնների ամսական վարձատրութիւնը կը հասնի 150-200 հազարի։ Ամէն դէպքում դրական է, որ ընկերութիւնը ( տարածք վարձակալած ընկերութիւնների աշխատողների թիւը չհաշուած) կապահովի մօտ 350 աշխատատեղ, որից մօտ 80ը «Սոֆիա» կենտրոնում։
Զրուցելով հիւրանոցի աշխատակիցների հետ՝ տեղեկացանք, որ հիւրանոցային համարները 15ն են (աւելի շուտ 14ը, քանի որ ինչպէս ընդունուած է 13 թուի յայտնի վարկանիշը հաշուի առնելով այդ թուանշանը հիւրանոցներում, նաւերում չի գործածւում։ Այդ թուի կիրառումը չկայ նաեւ «Սոֆիա» կենտրոնում)։ «Սոֆիա» կենտրոնի մենեջերը լիբանանահայ է՝ Կառլոս Սաաթճեան, որը Դուբայից հրաւիրուել է Ղարաբաղ կենտրոնի գործունէութիւնը ղեկավարելու համար։ Մեր հարցին, թէ ինչ կարգով են ընտրուել կադրերը եւ ինչպիսին է տպաւորութիւնները ղարաբաղցիների հետ աշխատանքից, նա պատասխանեց, որ մասնագէտները ընտրուել են հարցազրոյցների եղանակով, ինչը միջազգային պրակտիկայում վաղուց ընդունուած ձեւ է։ Ինչ վերաբերում է տպաւորութիւններին, ապա Կ. Սաաթճեանի խօսքերով՝ ելնելով տեղացիների մենթալիտետից (մտայնութենէն-Խմբ.), ի հարկէ, դժուարութիւններ ծագում են, բայց դրանք արդէն կամաց կամաց յաղթահարուել են, հաւաքուել է յարմար եւ գործունեայ աշխատանքային խումբ, որոնց միջոցով էլ կը փորձեն օգտակար լինել ստեփանակերտցիներին ու մայրաքաղաքի հիւրերին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.