«ԱՍՊԱՐԷԶ»
«Լրագիր» համացանցային ծառայութիւնը Հայաստանի նախկին արտաքին գործոց նախարարին հետ հարցազրոյց մը ըրած է, որմէ կը ներկայացնենք հատուածներ: Վարդան Օսկանեան նախ կը պատասխանէ հետեւեալ հարցումին. «Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրութիւնն այժմ կարծես թէ սեւեռուած է հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման փուլին: Բայց արդեօք այդ ուշադրութիւնն այլեւս աւելորդ չէ եւ արդեօք արդէն ինչ որ բաներ կանխորոշուած չեն, եւ դրանց վրայ ուշադրութիւնն ընդամէնը նպաստում է այլ, առաւել կարեւոր խնդիրներն անուշադրութեան մատնելուն»:
Օսկանեանի պատասխանը.
«Այս արձանագրութունների ստորագրումից յետոյ, մնացածն ինձ համար արդէն տեխնիկական խնդիր է, որի քննարկումն ինքնին գրեթէ իմաստազուրկ է: Ինձ համար դեռեւս անընդունելի, անհասկանալի եւ անբացատրելի է, թէ ինչպէ՞ս է անկախ Հայաստանի Հանրապետութիւնը, որը որպէս միջազգային իրաւունքի լիիրաւ սուբյեկտ պարտաւոր է պաշտպանել սեփական շահերը, առանց երկար մտածելու ստորագրում մի փաստաթղթի տակ, որն աներկբայօրէն հակասում է մեր ազգային շահերին: Իսկապէս, ինչպէս ձեր հարցում էք նշում, անհեթեթ է ստեղծուած իրավիճակը, երբ այսպիսի ակնյայտ կապիտուլեացիայից (անձնատուութենէ-Խմբ.) յետոյ մենք դեռ ազգովի սպասում եւ քննարկում ենք, թէ ինչ կ՛անի Թուրքիան, կը բացի սահմանը, թէ չի բացի: Գնդակն իրօք Թուրքիայի դաշտում է, բայց դրանով հպարտանալու առիթ չեմ տեսնում: Այսքան զիջումներից յետոյ գոնէ գնդակը մեր դաշտում պէտք է լինէր: Մենք մեր ողջ ռեսուրսն ու էներգիան (ուժն ու միջոցները-Խմբ.) վատնում ենք մեր հսկողութիւնից դուրս եկած այս գործընթացի վրայ, որի հետեւանքները չէզոքացնելու համար ապագայում յայտնի չէ, թէ որքան ուժ ու ժամանակ է պահանջուելու»:
«Լրագիր»ի հարցերէն էր նաեւ տնտեսութեան վերաբերող խնդիրները ու անոնց հանդէպ Հայաստանի իշխանութեանց դիրքորոշումը.
Հարցումը բանաձեւուած է հետեւեալ կերպով. «իշխանութիւնը տնտեսական շատ հիմնարար խնդիրների լուծումը տեսնում է, յամենայն դէպս յայտարարում է այդպէս, որ տեսնում է հէնց հայ-թուրքական յարաբերութեան կարգաւորման եւ սահմանի բացման մէջ: Օրինակ, յայտարարւում է, որ դա կը նպաստի Հայաստանում ձեւաւորուած մոնոպոլ (մենաշնորհեալ-խմբ.) տնտեսական համակարգի վերացմանը: Արդեօք իրատեսական էք համարում հայ-թուրքական սահմանի բացման այդ «հրաշագործ» ազդեցութիւնը Հայաստանի տնտեսութեան վրայ:
Օսկանեան կը պատասխանէ.
«Ինձ համար անհասկանալի տրամաբանութիւն է: Մենաշնորհների խնդրի լուծումը սահմանների քանակով եւ երկայնքով չի որոշւում: Այլապէս դժուար է բացատրել, թէ ինչու Վրաստանի հետ բաց սահմանով ներմուծուող ապրանքատեսակների մի զգալի մասը մենաշնորհային են: Ինչ է, դրա մեղաւորը Վրաստա՞նն է: Մենաշնորհները ձեւաւորւում են Հայաստանի ներսում մաքսազերծման եւ ընդհանրապէս բազմաթիւ այլ համակարգային, օրէնքի եւ արդարութեան հետ կապուած խնդիրների պատճառով: Մենաշնորհների վերացումը կախուած է իշխանութեան քաղաքական կամքից, իշխանութիւն-բիզնես սերտաճման բացառումից, օրէնքի հաւասար կիրառումից»:
«Լրագիր»ի թղթակիցի միւս հարցը կը վերաբերի Հայաստանի ներքին քաղաքական դաշտին.
«Ըստ Ձեզ, Հայաստանի քաղաքական դաշտի համար որ խնդիրներն են աւելի մեծ մոբիլիզացիոն պոտենցիալ (ժողովուրդը ոտքի հանելու-խմբ.) պարունակում՝ արտաքին, ազգային հարցերը, թէ ժողովրդավարական, իրաւական պետութեան կառուցման խնդիրները: Արդեօք ճիշտ է այդ առումով կատարել ազգային կամ, ոչ ազգայինէ հարցերի բաժանում: Արդեօք ներքին կեանքում առկայ ժողովրդավարական եւ իրաւական բարեփոխումների խնդիրները, արդար կառավարման խնդիրները ազգային առաջնահերթութիւն չեն կամ չպէ՞տք է համարուեն»:
Օսկանեան կը պատասխանէ.
«Տարանջատումը իսկապէս տեղին չէ: Ազգային խնդիրները մէկ ամբողջութիւն են: Եթէ մրցակցութեան խնդիր դրուի, թէ ում կը յաջողուի մոբիլիզացիայ ապահովել այն ուժի՞ն, որը շեշտը կը դնի միայն ներքին խնդիրների վրայ, թէ՞ այն ուժին, որը շեշտը կը դնի միայն արտաքին խնդիրների վրայ, ապա մոբիլիզացիայ պարզապէս չի լինի: Մէկը միւսին այնքան փոխկապակցուած է, որ տարանջատումը նպաստում է թէ մէկ, թէ միւս ոլորտում կիսատ լուծումներին: Հնարաւոր չէ որոշել մոբիլիզացիայ իրականացնել արտաքին քաղաքականութեան շուրջ, հանրութեան ուշադրութիւնը սեւեռել այդ հարցի վրայ, յետոյ փորձել ազդել կառավարութեան վրայ, երբ չկայ խօսքի ազատութիւն, երբ խորհրդարանը ներկայացուցչական չէ, երբ արդարադատութեան համակարգը չի գործում»:
«Լրագիր»ի թղթակիցը կը հետաքրքրուի, թէ ըստ Օսկանեանի
«որն է ներկայում Հայաստանի հասարակութեան, շարքային քաղաքացու համար մէկ խնդիրը, համար մէկ մարտահրաւէրը, որին անհրաժեշտ է դիմագրաւել, եւ քաղաքական համակարգի դերակատարներից ով ինչ դեր պէտք է ստանձնի քաղաքացու շահը սպասարկելու հարցում»:
Օսկանեան կը պատասխանէ.
«Գիտէք, նուաստացուցիչ է, երբ մենք ասում ենք, որ հասարակութիւնն անտարբեր է եւ միայն օրուայ հացի խնդրով է մտահոգուած: Բոլոր քաղաքացիների շահը, անկախ քաղաքական նախասիրութիւններից, այսօր մէկն է՝ ապրել ազատ հասարակութիւնում, ունենալ արդար ընտրութիւններով իշխանութիւն ձեւաւորելու հնարաւորութիւն, ի վերջոյ ապրել բարգաւաճ երկրում, որի իշխանութիւնը յոյսը դնում է սեփական երկրի, սեփական հասարակութեան ռեսուրսների ճիշտ կառավարման եւ ոչ թէ այլ երկրների բարեգթութեան վրայ: Մարդիկ անտարբեր չեն: Ինչպէս կարող են նրանք անտարբեր լինել, երբ ամէն որոշում ազդում է նրանց եւ նրանց երեխաների կեանքի վրայ: Իշխանութիւնը ժողովրդից խլել է իրենց կեանքի վրայ ազդող գործընթացների հանդէպ իրենց հետաքրքրութիւնն արտայայտելու, դրանց մասնակցելու եւ դրանց վրայ ազդելու բոլոր լծակները: Որպէս արդիւնք, նրանք իրենց անզօր են զգում: Խնդիրն այսօր ուժերի ներածին չափով այդ լծակներից իւրաքանչիւրի համար պայքարելն է, լինի դա խօսքի ազատութիւնը, արդարադատութիւնը, քաղաքացիական ամէն տեսակի ազատութիւնները եւ վերջապէս արդար ընտրութիւնները»: