ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Մեծարգոյ պարոն նախարար,
Հետաքրքրութեամբ կարդացի սոյն թուականի Հոկտեմբերի 21ին Թուրքիայի Հանրապետութեան խորհրդարանում Ձեր արտասանած ելոյթի տեքստը: Տպաւորութիւնները խառն էին: Սակայն հիմնական զգացումն այն էր, որ Դուք ուզում էք ցանկալին ներկայացնել իրականի տեղ:
Նախ զարմանալի էր, որ «բռնազաւթման» (occupation) մասին է խօսում մի երկրի արտգործնախարարը, որն արդէն աւելի քան երեք տասնամեակ բռնազաւթուած է պահում Կիպրոսի տարածքի 37%ը, եւ գրեթէ ինը տասնամեակ իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետութեան, տարածքի երեք-քառորդը: Ուզում եմ շեշտել, որ խօսքը չի գնում ինչ-որ վերացական «հայկական հողերի» մասին, այլ միայն միջազգային օրինական փաստաթղթով, այն է ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնի Իրաւարար վճռով (arbitral award) (22 Նոյեմբերի, 1920 թ.) Հայաստանի Հանրապետութեանը յատկացուած տարածքի: Իրաւարար վճռին ես կանդրադառնամ աւելի ուշ, պարզապէս առայժմ ուզում եմ նշել, որ համաձայն միջազգային իրաւունքի իրաւարար վճիռները «վերջնական են եւ անբեկանելի» (definitive and without appeal):
Մեծարգոյ պարոն նախարար,
Մեկնաբանելով Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութեան հինգերորդ պարբերութիւնը՝ Դուք հետեւութիւն էք անում, որ Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է «գոյութիւն ունեցող սահմանը» ըստ Մոսկուայի (16 Մարտի, 1921թ.) եւ Կարսի (13 Հոկտեմբերի, 1921 թ.) պայմանագրերի:
Խիստ կամայական մեկնաբանութիւն: Փաստաթուղթը չի վկայակոչում վերոյիշեալ, այսպէս ասած, պայմանագրերը: Արձանագրութիւնը յիշատակում է միայն «միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերը» (the relevant treaties of international law): Այսինքն, յստակ է, որ վկայակոչեալ պայմանագրերը պէտք է կառավարուեն միջազգային իրաւունքով (governed by international law), այսինքն՝ գոնէ չհակասեն միջազգային իրաւունքին:
Միեւնոյն ժամանակ, արձանագրութիւնը, վկայակոչելով «միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերը» (the relevant treaties of international law) եւ ոչ թէ պարզապէս «միջազգային պայմանագրերը» (international treaties), տալիս է աւելի ընդգրկուն սահմանում (inclusive definition), այսինքն՝ ներառում է «միջազգային իրաւունքի գործիքներն» (the instruments of international law) ընդհանրապէս, անկախ անուանումից: Ինչպէս ներկայ դէպքում ունենք «արձանագրութիւն» կոչուող փաստաթղթերի պարագային: Ըստ այդմ, «պայմանագիր» հասկացութիւնը պէտք է մեկնաբանել անկախ փաստաթղթի անուանումից, որպէս զուտ միջպետական օրինական գրաւոր համաձայնութիւն: [Treaty means an international agreement concluded between States in written form and governed by international law. Article 2.1(a), Vienna Convention on the Law of Treaties, 1969].
Ակնյայտ է, որ արձանագրութեան մէջ յիշատակուող «գոյութիւն ունեցող սահմանը» բոլշեւիկա-քեմալական գործարքի հետեւանքով առաջացած անօրինական բաժանարար գիծը չէ: Անօրինականութիւնը չի կարող առաջացնել օրինական հետեւանք՝ ex injuria non oritur jus: «գոյութիւն ունեցող սահման» նշանակում է միջազգային իրաւունքի մէջ գոյութիւն ունեցող եւ միջազգային իրաւունքին համապատասխանող սահման: Իսկ նման միայն մի սահման կայ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ՝ դա ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռով որոշուած սահմանն է:
Ձեր ելոյթում վկայակոչուած Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերը, միջազգային իրաւունքի տեսանկիւնից, ընդհանրապէս պայմանագրեր էլ չեն: Որպէսզի նշեալ գործարքները պայմանագիր համարուեն, նրանք պէտք է կնքուած լինէին ճանաչուած պետութիւնների օրինական իշխանութիւնների լիազօր ներկայացուցիչների կողմից: Ո՜չ քեմալականները եւ ո՜չ էլ բոլշեւիկները, առաւել եւս Հայաստանում իշխանութեան բերուած հայ բոլշեւիկները, 1921 թ. չեն եղել այդպիսին:
Այսինքն, պայմանագրերը կնքելու բուն գործողութիւնը կնքելու իսկ պահին հակասել է միջազգային իրաւունքի հիմնարար նորմերի՝ jus cogensների: Իսկ համաձայն Ձեր իսկ ելոյթում վկայակոչուած Վիեննայի Պայմանագրերի իրաւունքի մասին կոնվենցիայի (Vienna Convention on the Law of Treaties, 1969) 53 յօդուածի «պայմանագիրն անվաւեր է, եթէ կնքման պահին այն հակասել է միջազգային ընդհանուր իրաւունքի հիմնարար նորմի» (A treaty is void if, at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm of general international law):
Արդեօ՞ք Դուք իսկապէս կարծում էք, որ երկու չճանաչուած, հետեւաբար անօրինական վարչախմբեր, ինչպիսիք էին բոլշեւիկներն ու քեմալականները 1921 թ.ին, կարող էին երկկողմ պայմանագրով (Մոսկուայի պայմանագիր) չեղեալ յայտարարել օրինապէս բանակցուած եւ 18 ճանաչուած պետութիւնների կողմից ստորագրուած միջազգային փաստաթուղթը (Սեւրի պայմանագիրը): Միթէ՞ Դուք կարծում էք, որ Ռիբենտրոպ-մոլոտով պակտն օրինական փաստաթուղթ է: Ես կարծում եմ, որ ոչ, որովհետեւ երկու երկիր՝ տուեալ դէպքում ՍՍՀՄը եւ Գերմանիան, չէին կարող որոշել երրորդ երկրների սահմանները: Իսկ ինչու՞ էք կարծում, որ երկու խռովարարական շարժում, ինչպիսիք էին, կրկնում եմ, բոլշեւիկներն ու քեմալականները 1921 թ., իրաւասու էին Մոսկուայում որոշելու մէկ այլ երկրի՝ թէկուզեւ բռնազաւթուած Հայաստանի Հանրապետութեան, սահմանի հարցը:
Միթէ՞ Դուք կարծում էք, որ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւնը, ինչպէս նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւնները, երբեւէ, ըստ միջազգային իրաւունքի, ունեցել են պայմանագիր կնքելու կարողութիւն (capacity to make treaties under international law): Ի հարկէ ոչ: 1920 թ. Ապրիլից (Ադրբեջան), 1920 թ. Դեկտեմբերից (Հայաստան) եւ 1921թ. Փետրուարից (Վրաստան) ի վեր այս երկրները եղել են պարզապէս տարբեր վարչատարածքային միաւորների տեսքով ռուսական բոլշեւիզմի կողմից բռնազաւթուած տարածքներ: Հայաստանի պարագայում Միացեալ Նահանգների Սենատը 1924 թ. Յունիսի 3ին իր ընդունած #245 բանաձեւով միանշանակօրէն արձանագրել է դա. «հայկական պետութիւնը կործանուել է Սովետական Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ գործունէութեան արդիւնքում»: (Turkey joined with Soviet Russia in the destruction of the Armenian State): Եթէ 1920 թ. Դեկտեմբերի 2ից չկար Հայաստանի Հանրապետութիւնը, ինչպէ՞ս էր այն կարող 1921թ. Հոկտեմբերին Կարսում միջազգային պայմանագիր կնքել:
Միջազգային իրաւունքի անվիճելի նորմ է, որ զաւթիչների գործողութիւնները իրաւական հետեւանք չեն ստեղծում նուաճուած երկրների համար. «Բռնազաւթման ժամանակ երկրի տարածքի որեւէ մասի զիջում հետեւանազուրկ է» (a cession of territory during occupation is not effective):
Սրա մասին երկու կարծիք լինել չի կարող:
Այն, որ արձանագրութիւնները չեն օրինականացնում Հայոց ցեղասպանութեան հետեւանքով առաջացած իրավիճակը եւ չեն ճանաչում որեւէ սահման, միանշանակօրէն արձանագրուած է Հայաստանի Հանրապետութեան նախագահ պրն. Սերժ Սարգսեանի 2009 թ. Հոկտեմբերի 10ի ուղերձի մէջ: Նա յստակօրէն յայտարարում է. «ցանկացած յարաբերութիւն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանութեան իրողութիւնը», ինչպէս նաեւ. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկայ սահմանների հարցը ենթակայ է լուծման գերակայ միջազգային իրաւունքի համաձայն: Արձանագրութիւնները դրանից աւելի ոչինչ չեն ասում»:
Պարզ եւ յստակ:
Հիմա տեսնենք, թէ ո՞րն է այն «գերակայ միջազգային իրաւունքը», որի համաձայն «Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների հարցը ենթակայ է լուծման»:
Սա հասկանալու համար պէտք է վերադառնանք ոչ վաղ անցեալի այն կարճատեւ ժամանակահատուածին, երբ Հայաստանի Հանրապետութիւնը որպէս պետութիւն միջազգային հանրութեան կողմից ձեռք էր բերում իր ճանաչումը: Երբ Փարիզի խաղաղութեան վեհաժողովի Գերագոյն խորհուրդը (Supreme Council) 1920 թ. Յունուարի 19ին, յանձինս Բրիտանական կայսրութեան, Ֆրանսիայի եւ Իտալիայի, ճանաչեց Հայաստանի Հանրապետութիւնը, դա արեց որոշակի պայմանով Հայաստանի Հանրապետութեան սահմանները պէտք է որոշուէին յետագայում: Նոյն պայմանով 1920 թ. Ապրիլի 23ին Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչեց նաեւ ԱՄՆը:
Հայաստանի Հանրապետութեան սահմանների մէջ, բնականաբար, կարեւորագոյնը հայ-թուրքական սահմանի հարցն էր: Ուստի, Փարիզի վեհաժողովի Սան Ռեմոյի նիստը, ի շարս այլ հարցերի, 1920 թ. Ապրիլի 24-27ին քննութեան առաւ այդ հարցը եւ Ապրիլի 26ին պաշտօնապէս դիմեց ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնին, որպէսզի Միացեալ Նահանգների նախագահը իրաւարարութեամբ վճռի Հայաստանի սահմանները (to arbitrate the frontiers of Armenia): 1920 թ. Մայիսի 17ին նախագահ Վիլսոնը տուեց իր դրական պատասխանը եւ ստանձնեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը որոշող իրաւարարի պարտականութիւններն ու լիազօրութիւնը:
Յատուկ ուզում եմ շեշտել, որ սա Սեւրի պայմանագիրը ստորագրելուց (10 Օգոստոսի, 1920 թ.) գրեթէ երեք ամիս առաջ էր: Կը լինէր Սեւրի պայմանագիրը, թէ ոչ, իրաւարարութեան օրինական հայցադիմումը (compromis) կար, հետեւաբար Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը որոշող իրաւարար վճիռը կայացուելու էր: Ուրիշ բան, որ Սեւրի պայմանագիրը պարունակում է եւս մէկ՝ լրացուցիչ, հայցադիմում: Հարկ եմ համարում նշել, որ հայցադիմումների (compromis) վաւերականութեան (validity) համար բաւարար են միայն լիազօր ներկայացուցիչների ստորագրութիւնները, եւ հայցադիմումները վաւերացման (ratification) կարիք չունեն:
Ըստ այդմ, Սան Ռեմոյի (26 Ապրիլի, 1920 թ.), ինչպէս նաեւ Սեւրի (10 Օգոստոսի, 1920 թ.) հայցադիմումների (compromis) հիման վրայ, ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնը 1920 թ. Նոյեմբերի 22ին կայացրեց Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների վերաբերեալ իր իրաւարար վճիռը (Arbitral Award), որն ըստ պայմանաւորուածութեան՝ ուժի մէջ մտաւ անմիջապէս (thereupon) եւ անվերապահօրէն:
Երկու օր յետոյ՝ Նոյեմբերի 24ին, վճիռը պաշտօնական հեռագրով փոխանցւում է Փարիզ՝ Խաղաղութեան վեհաժողովի եւ Ազգերի լիգայի տնօրինմանը: Վճիռն ընդունւում է ի գիտութիւն, սակայն մնում է առկախ, քանի որ վճռի շահառուն՝ Հայաստանի Հանրապետութիւնը, 1920 թ. Դեկտեմբերի 2ին դադարում է գոյութիւն ունենալուց:
ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՒԱՐԱՐ ՎՃՌԻ ՆԵՐԿԱՅ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ.
Նախ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրաւարար վճիռ անվերապահօրէն պարտադիր է կատարման համար (binding document): Աւելին, իրաւարար վճիռները «վերջնական են եւ անբեկանելի» (final and without appeal): «իրաւարար վճիռն իրաւարարի վերջնական եւ կատարման համար պարտադիր որոշում է» (The arbitral award is the final and binding decision by an arbitrator):
Իրաւարար վճիռների վերջնական եւ անբեկանելի լինելը ամրագրուած է (codified) միջազգային իրաւունքի մէջ: Ի մասնաւորի՝ Միջազգային վէճերի խաղաղ կարգաւորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes), 1899 թ. խմբագրման #54 եւ 1907 թ. խմբագրման #81 յօդուածներում: Ըստ այդմ, Միացեալ Նահագների նախագահ Վուդրօ Վիլսոնը իր Իրաւարար վճռով մէկընդմիշտ որոշել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը, այն ուժի մէջ է առ այսօր եւ ենթակայ չէ բեկանման:
Հետեւաբար, երբ Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւներ հաստատելու մասին արձանագրութեան 5րդ պարբերութիւնը արձանագրում է «միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերով որոշուած գոյութիւն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը», ապա այն միանշանակօրէն նկատի ունի առ այսօր գոյութիւն ունեցող միակ օրինական փաստաթղթով՝ ԱՄՆ նաագահ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռով, որոշուած (defined) սահմանը: Ուրիշ մէկ այլ օրինական, ինչպէս արձանագրութեան տեքստում է՝ «միջազգային իրաւունքի», փաստաթուղթ չկայ:
Այստեղ կարեւոր է անդրադառնալ մի կարեւոր հարցի եւս. իսկ ԱՄՆ իշխանական եւ հանրային կառոյցները երբեւէ որեւէ դիրքորոշում արտայայտե՞լ են նախագահ Վիլսոնի՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը որոշող իրաւարար վճռի նկատմամբ:
ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ.
ԱՄՆի բարձրագոյն գործադիր իշխանութիւնը ոչ միայն ճանաչել է Վիլսոնի իրաւարար վճիռը, այլեւ վաւերացրել է այն եւ, ըստ այդմ, այն դարձրել ԱՄՆ ներքին օրէնսդրութեան մաս (the law of the land): ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնը եւ պետքարտուղար Բէյնբրիջ Քոլբին (Bainbridge Colby) իրենց ստորագրութիւններով եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներ պետութեան Մեծ կնիքով (The Great Seal of the United States) վաւերացրել են իրաւարար (Arbitrator) Վուդրօ Վիլսոնի վճիռը: Ըստ միջազգային իրաւունքի՝ իրաւարարի անձնական ստորագրութիւնը եւ կնիքը, եթէ կայ այդպիսին, միանգամայն բաւարար է Իրաւարար վճռի վաւերականութեան համար: Վուդրօ Վիլսոնը կարող էր բաւարարուել միայն իր ստորագրութեամբ կամ նաեւ իր՝ նախագահական, կնիքով: Այդ դէպքում վճիռը կը լինէր անհատական, թէկուզեւ նախագահական, պարտաւորութիւն: Սակայն Իրաւարար վճիռը վաւերացուած է պետութեան մեծ կնիքով եւ ամրագրուած է այդ կնիքի պահապան (keeper) պետքարտուղարի կողմից: Ըստ այդմ, Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճիռը Միացեալ Նահանգներ պետութեան անվերապահ պարտաւորութիւնն է:
ՕՐԷՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ.
Իրաւարար վճիռները ենթակայ չեն որեւէ օրէնսդրական հաւանութեան կամ վաւերացման: Նրանք ղեկավարւում են միջազգային հանրային իրաւունքով: Հետեւաբար, ԱՄՆ Սենատը, որին, ըստ ԱՄՆ սահմանադրութեան, վերապահուած է արտաքին քաղաքականութեան հարցերին անդրադառնալու իրաւունքը, երբեւէ ուղղակիօրէն քննութեան չի առել հայ-թուրքական սահմանը որոշող իրաւարար վճիռը: Այսուհանդերձ, այլ հարցերի քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատը միանշանակօրէն, առնուազն մէկ անգամ, արտայայտել է իր վերաբերմունքը նշեալ վճռի նկատմամբ:
Երբ 1927 թ. Յունուարի 18ին ԱՄՆ Սենատը մերժեց 1923 թ. Օգոստոսի 6ի թուրք-ամերիկեան պայմանագրին հաւանութիւն տալը, դա արեց երեք պատճառով: Պատճառներից մէկն այն էր, որ «Թուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը Հայաստանի հանդէպէ (failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia): Այդ առիթով սենատոր Ուիլեամ Քինգը պաշտօնական յայտարարութեան մէջ շատ աւելի յստակ է արտայայտուել. «Ակնյայտօրէն Միացեալ Նահանգների կողմից ոչ ճիշտ եւ անհիմն կը լինէր հաւատ եւ յարգանք ընծայել Քեմալի պնդումներին ու հաւաստիացումներին, քանի դեռ նա շարունակում է իր վերահսկողութեան ու ինքնիշխանութեան տակ պահել Վիլսոնեան Հայաստանը» (Obviously it would be unfair and unreasonable for the United States to recognize and respect the claims and professions of Kemal so long as he persist in holding control and sovereignty over Wilson Armenia): 1927 թ. Սենատի քուէարկութիւնը միանշանակօրէն վկայում է, որ Վիլսոնի իրաւարար վճիռը 1927 թ.ին վաւերական եւ իրաւական ուժ ունեցող վճիռ էր: Դրանից յետոյ իրաւական տեսանկիւնից ոչինչ չի փոխուել, հետեւաբար, այն շարունակում է ուժի մէջ մնալ առ այսօր:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌՈՅՑՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ.
Միացեալ Նահանգներում ամենակարեւոր հանրային կառոյցները կուսակցութիւններն են: Դրանց ծրագրային հիմնադրոյթներն ամփոփւում են Կուսակցութիւնների հիմնածրագրի (Party Platform) մէջ, որոնք հաստատւում են կուսակցութիւնների համագումարների կողմից:
Միացեալ Նահանգների Դեմոկրատական կուսակցութիւնը (ներկայ նախագահ Օբամայի եւ պետքարտուղար Քլինթօնի կուսակցութիւնը) երկու անգամ՝ 1924 թ. եւ 1928 թ., պաշտօնական դիրքորոշում է արտայայտել Վիլսոնի իրաւարար վճռի նկատմամբ:
Դեմոկրատական կուսակցութիւնը 1924 թ. իր ծրագրի մէջ առանձին տողով, որպէս հիմնադրոյթ-նպատակ, ամրագրել է «Հայաստանի նկատմամբ նախագահ Վիլսոնի իրաւարար վճռի իրականացումը» (Fulfillment of President Wilsons arbitral award respecting Armenia): Դեմոկրատական կուսակցութեան 1928 թ. ծրագիրը գնում է մի քայլ առաջ եւ խօսում է ԱՄՆի՝ որպէս պետութեան, եւ Դաշնակից պետութիւնների «խոստումների եւ պարտաւորութիւնների» մասին. «մենք զօրակցութիւն ենք յայտնում Միացեալ Նահանգների անկեղծ ջանքերին, որոնք նպատակամղուած են Առաջին համաշխարհային պատերազմի եւ դրան յաջորդող տարիներին Միացեալ Նահանգների եւ դաշնակից ուժերի կողմից Հայաստանին եւ հայ ժողովրդին տուած խոստումների եւ պարտաւորութիւնների իրականացումն ապահովելուն»: (We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people): Հայաստանի Հանրապետութեանը տուած Միացեալ Նահանգների միակ անկատար «խոստումն ու պարտաւորութիւնը» եղել եւ մնում է նախագահ Վուդրոօ Վիլսոնի իրաւարար վճիռը Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերեալ:
Մեծարգոյ պարոն նախարար,
Ի տարբերութիւն ամերիկացիների եւ եւրոպացիների ներկայ սերնդի, մենք թուրքերին լաւ ենք ճանաչում, ուստի պատրանքներ չունենք: Կարծում եմ՝ դուք էլ մեզ էք լաւ ճանաչում, հետեւաբար պատրանքներ պիտի չունենաք: Եթէ դուք՝ թուրքերդ, կարծում էք, որ Հայաստանի ձեռքերն ոլորելով՝ հայ ժողովրդին ինչ-որ բան կարելի է պարտադրել, չարաչար սխալւում էք: Մեր պատմութիւնը դրա հակառակի ապացոյցն է:
Մենք՝ հայերս եւ թուրքերը, դատապարտուած ենք միասնաբար, երկուստէք ընդունելի լուծումներ գտնելու: Լուծումները կարող են տարբեր դրսեւորումներ ունենալ, բայց մի բան յստակ պիտի լինի՝ այն պիտի նպաստի ողջ տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատմանը, տնտեսութեան բազմակողմանի զարգացմանը, գործակցական մթնոլորտի ձեւաւորմանը, ինչպէս նաեւ ծառայի համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի շահերի կենսագործմանն ու նրանց՝ տարածաշրջանի հարցերի մէջ աւելի լայն ներգրաւումանը: Ընդսմին, այդ ձեւը պիտի լինի այնպիսին, որ փարատի հայկական կողմի անվտանգութեան մտահոգութիւնները, հնարաւորութիւն ընձեռի Հայաստանի Հանրապետութեան տնտեսութեանը յարաճուն եւ շարունակական զարգանալու համար, ինչպէս նաեւ երաշխաւորի հայկական մշակութային արժէքների պահպանումը: Միեւնոյն ժամանակ, հարցի լուծումը չպիտի էականօրէն ոտնահարի Թուրքիայի շահերը եւ թուրքական կողմին պէտք է հնարաւորութիւն տայ զգալու, որ հարցի առաջարկուող լուծումը արժանապատիւ ելք է ստեղծուած իրավիճակից:
Մեծարգոյ պարոն նախարար,
Մենք պատրաստ ենք համագործակցութեան, սակայն մի ընկալէք դա որպէս թուլութեան նշան եւ մի փորձէք մեզ ստիպել, որ սպիտակ դրօշ պարզենք: Դա երբեք չի լինի:
Ընդունեցէք, պարոն նախարար, յարգանացս խորին հաւաստիքը:
Արա Պապեան «Մոդուս վիւենդի» կեդրոնի ղեկավարն է:
Ան 2000-2006 թթ. եղած է Գանատայի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան: