ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆ
(Խորագրի մէջ նշուած պրագմատիզմը՝ գործնապաշտութիւնն է-խմբ.):
Ստորագրուած արձանագրութիւնները խարխլել են ազգային անվտանգութեան եւ ազգային ինքնութեան կարեւորագոյն խնդիրների շուրջ Հայաստանի դիրքերը:
Վատ ձեւակերպուած Արձանագրութիւնները, որոնք նախանշում են հայ-թուրքական պաշտօնական յարաբերութիւնների սկիզբը, Ցիւրիխում պսակուեցին անորոշ եւ անխոստումնալից ստորագրման արարողութեամբ: Ստորագրող կողմերը եւ արարողութեանը ներկայ համաշխարհային տէրութիւնների ներկայացուցիչները քար լռութեամբ ուղեկցեցին փաստաթղթերի ստորագրումը: Երբ նման «պատմական» պահին կողմերից եւ վկաներից որեւէ մէկն ի վիճակի չէ միւսների համար ընդունելի եւ համաձայնեցուած որեւէ բան ասել ո՛չ երկար սպասուած իրադարձութեան, ո՛չ էլ ստորագրուող փաստաթղթերի բովանդակութեան մասին, ակնյայտ է դառնում, որ այս փաստաթղթերը լի են հակասութիւններով եւ այնպիսի սպասելիքներով, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ երկրների միջեւ կայուն եւ յարգալից փոխյարաբերութիւնների համար անհրաժեշտ վստահութեան համար:
Հայաստանում եւ Հայաստանից դուրս այս գործընթացի ջատագովները ծայրահեղականի, ազգայնականի եւ Թուրքիայի հետ ցանկացած յարաբերութեան հակառակորդի պիտակ են կպցնում այս Արձանագրութիւնների բոլոր քննադատներին: Բայց ես եւ ինձ նման շատերը, ովքեր տասնամեակներ շարունակ ձգտել են եւ դեռեւս հաւատում են հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման կարեւորութեանը, ո՛չ ազգայնական են, ո՛չ էլ ծայրահեղական:
Մենք չենք խուսափում նոր յարաբերութիւններ կերտելու բարդ գործընթացի դժուարութիւններից՝ հսկայական քաղաքական, հոգեբանական եւ գործնական մարտահրաւէրների ենթատեքստում: Բայց այս Արձանագրութիւններին մենք դէմ ենք բոլորովին այլ՝ անվտանգութեան եւ քաղաքական սկզբունքային պատճառներով: Մենք ցանկանում ենք, որ մեր երկկողմ յարաբերութիւնները ձեւակերպող փաստաթղթերը հիմնուած լինեն յարգանքի ու հեռատեսութեան վրայ եւ, որ ամենակարեւորն է, կենսունակ լինեն: Այս Արձանագրութիւններն այդպիսին չեն: Մենք ցանկանում ենք, որ փաստաթղթերը սահմանեն 21րդ դարին յարիր յարաբերութիւններ, որոնք անկեղծ են թէ՛ անցեալի դժբախտութիւնների, թէ՛ այսօրուայ քաղաքական իրողութիւնների վերաբերեալ: Այս փաստաթղթերն այդպիսին չեն:
Մեզ բաժանող պատմական վէրքն ու փոխադարձ անվստահութիւնը ընդունելու կամ առնուազն այդ թեման շրջանցելու փոխարէն, փաստաթուղթը միակողմանի նախապայմաններ է դնում մեր առաջ եւ միակողմանի զիջումներ պարտադրում: Յարաբերութիւնների նորմալացումն (բնականոնացումը-խմբ.) այսպիսով սկիզբ է առնում հայկական կողմի կապիտուլեացիայով (անձնատուութեամբ-խմբ.):
Այս փաստաթղթերը, հազիւ ստորագրուած, եւ նոյնիսկ դեռ վաւերացուած չլինելու պայմաններում, արդէն իսկ, հնարաւոր է անվերադարձ, խարխլել են ազգային անվտանգութեան եւ ազգային ինքնութեան երեք կարեւորագոյն խնդիրների շուրջ Հայաստանի դիրքերը:
Նախ այս Արձանագրութիւնները կը խոչընդոտեն Լեռնային Ղարաբաղի կարգաւորման բնականոն ընթացքը: Պատճառներն ակնյայտ են: Հայկական կողմի բոլոր պնդումները, որ հայ-թուրքական գործընթացը չի առնչւում հայ-ադրբեջանական խնդիրներին, առնուազն անարժանահաւատ են: Հայ-թուրքական սահմանի բացման եւ ղարաբաղեան խնդրի միջեւ կապն ակնյայտ էր հէնց սկզբից: Այժմ դա արդէն անվիճելի փաստ է: Եթէ նոյնիսկ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայութիւնը ստորագրման արարողութեանը բաւարար չէր, ապա ստորագրման արարողութեան վերջին պահին Թուրքիայի կողմից այդ կապի մասին յայտարարութեան փորձը կանխելու լարուած ջանքերը աւելի քան խօսուն էին: Վերջին հարուածը, սակայն, յաջորդ օրը Թուրքիայի վարչապետի միանշանակ պայմաններ ներառող յայտարարութիւնն էր, որն ամրապնդուեց իր՝ իշխող կուսակցութեան զօրակցութեամբ, որի հետ հանդիպման աւարտին վարչապետը յայտարարեց, որ Թուրքիայի խորհրդարանը չի վաւերացնի Արձանագրութիւնները՝ առանց տարածքների վերադարձի:
Ցանկացած ընդունելի բանակցային լուծում պահանջելու է որոշակի զիջումներ հայկական կողմից, մասնաւորապէս՝ ԼՂՀ յարակից տարածքների հետ կապուած զիջումներ: Շատերը կ՛ասեն, որ այդ զիջումները խնդրի կարգաւորման դէպքում պէտք է արուէին՝ անկախ հայ-թուրքական յարաբերութիւններից: Ճիշտ է: Բայց այսօր ստեղծուած մթնոլորտում, երբ Թուրքիան ամէն առիթով ակնարկում է առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման «տարածքների վերադարձի» մասին, նոյնիսկ ամենատրամաբանական զիջումները, որ հայկական կողմը կարող էր պատրաստ լինել անելու, գրեթէ անհնար կը դառնան այս կամ որեւէ այլ վարչակազմի համար, քանի որ դրանք կ՛ընկալուեն որպէս ճնշման տակ պարտադրուած զիջումներ՝ բաց սահմանի եւ ոչ թէ Ղարաբաղի անկախութեան դիմաց: Նոյնիսկ եթէ Թուրքիայի խորհրդարանը վաւերացնի Արձանագրութիւնները եւ բացի սահմանը բացառապէս այն ակնկալիքով, որ հայերը կը զիջեն տարածքները մօտ ապագայում, միեւնոյն է՝ Թուրքիայի ղեկավարութեան շարունակական եւ պարտադրող պնդումների համատեքստում նման սպասումներն ինքնին կը վերածուեն պայմանի, որ սահմանի բացումը իրականացւում է ապագայ զիջումների դիմաց:
Երկրորդ՝ ցեղասպանութեան խնդրի շուրջ բանավէճի բնոյթը կտրուկ փոփոխութեան ենթարկուեց: Արձանագրութիւնների թանաքը դեռ չէր էլ չորացել, երբ միջազգային լրատուամիջոցներն ու փորձագէտները սկսեցին բարձրաձայնել իրենց ձեւակերպումները, խուսափելով «ցեղասպանութիւն» բառից, վկայակոչելով Արձանագրութեան համապատասխան դրոյթն ու խօսելով այն մասին, որ ենթայանձնաժողովը պէտք է որոշի, թէ ինչ է տեղի ունեցել 1915 թուականին: Այլ կերպ ասած, մենք Թուրքիայի դիրքորոշման ֆորմալացումն (պաշտօնականացում-խմբ) ենք հրամցրել միջազգային հանրութեանը: Եթէ նախկինում հայերը, միջազգային փորձագէտները եւ տասնեակ երկրներ քաղաքական եւ պատմական այդ իրողութիւններն արդէն որակել էին որպէս ցեղասպանութիւն, իսկ թուրքական կողմը շարունակում էր հերքել պատմութիւնն ու ցեղասպանութեան փաստը, այսօր պաշտօնական Թուրքիայի «կասկածները» լեգիտիմացուել (օրինականացած-խմբ.) են եւ դրանք կը միջազգայնացնեն այդ իրադարձութիւնների, դրանց պատճառների եւ հետեւանքների հերքումը՝ այդպիսով ամրապնդելով պատմական եւ ազգագրական ստատուս քուոն (ներկայ կարգավիճակը-խմբ.): Հայերը կը ներքաշուեն հերքման նոր շրջանի մէջ, պայքարելով հզօր պետութեան մեքենայի դէմ, որը շարունակում է իւրովի վերաշարադրել պատմութիւնը՝ ամրապնդելով ցեղասպանութեան հետեւանքները:
Ի վերջոյ, այս փաստաթուղթը անզգուշօրէն ու կոպտօրէն դիպչում է ամենացաւոտ խնդիրներից մէկին՝ սահմանների եւ հողային պահանջների խնդրին: Հայաստանի ոչ մի վարչակազմ չի յայտարարել, որ նման պահանջներ ունի Թուրքիայից: Այսօր, սակայն, այս նուրբ հարցը դարձել է հիմնական խնդիրներից մէկը: Երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դաւութօղլուն յայտարարում է, որ այս Արձանագրութիւնները վերահաստատում են Լօզանի համաձայնագրի դրոյթները, դա նշանակում է, որ սեղանի վրայ են նաեւ ռեպարացիայի եւ փոխհատուցման խնդիրները: Ես այսօր չեմ պահանջում Մարաշում իմ նախնիների տունը: Բայց եթէ այդ պահանջն այդքան վերացական է, ինչո՞ւ է Թուրքիան ստիպում, որ ես հրաժարուեմ այդ տան հետ իմ պատմական կապից:
Կարեւոր է հասկանալ, որ հողային պահանջը 100 տարի առաջ Թուրքիայում հայկական սեփականութեան հետ կապուած պարզունակ զգացական խնդիր չէ: Հողային խնդիրը նաեւ ղարաբաղեան հակամարտութեան կարեւորագոյն բաղկացուցիչ է: Եթէ ընդամէնը 100 տարի անց Թուրքիան կարողանում է պաշտօնականացնել եւ օրինականացնել ուժով վերցրած հողերի հանդէպ իր հսկողութիւնը, ինչու պէտք է հայերը չընտրեն սպասելու ճանապարհը, եթէ դա նրանց կարող է հնարաւորութիւն տալ օրինականացնել ԼՂՀն շրջապատող տարածքների վերահսկողութիւնը:
Շաբաթ օրը Հայաստանի նախագահը հանդէս եկաւ ուղերձով, որը հրապարակուեց Արձանագրութիւնների ստորագրման ծրագրուած պահից մի քանի ժամ առաջ: Ուղերձի բովանդակութիւնն ուղղակիօրէն հակասում էր Արձանագրութիւնների բովանդակութեանը: Կարելի է նոյնիսկ ասել, որ նախագահի ուղերձում բերուած փաստարկները այդ Արձանագրութիւնները մերժելու լաւագոյն հիմնաւորումներն էին: Ուղերձը փաստում էր, որ գոյութիւն ունեն անհերքելի իրողութիւններ եւ մենք ունենք անքակտելի իրաւունքներ: Մինչդեռ Արձանագրութիւնները կասկածի տակ են դնում մէկը եւ մերժում են միւսը: Հայաստանն առանց որեւէ պատճառի եւ առանց անհրաժեշտութեան զիջեց իր պատմական իրաւունքները թէ՛ ցեղասպանութեան ճանաչման, թէ՛, ինչպէս ուղերձում էր ձեւակերպուած՝ «հայրենազրկման» խնդիրներում:
Հայաստանի վարչակազմը մի բան ասաց, մի այլ բան ստորագրեց: Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գաղափարն արժէզրկուեց:
Գործընթացը գնալով բարդանալու է եւ խորանալու մեզ համար անբարենպաստ ուղղութեամբ՝ թէ՛ հայ-թուրքական, թէ՛ ղարաբաղեան գործընթացի մասով: Այս ճանապարհից անմիջապէս չհրաժարուելու եւ գործընթացը զրոյական դիրքերի չբերելու դէպքում այս սխալների հետեւանքները ծանր կը լինեն ոչ միայն այս վարչակազմի, այլեւ ողջ հայ ժողովրդի համար: