ԱՐՄԷՆ ԴԻԼԱՆԵԱՆ
ԳԼԵՆԴԵՅԼ,»Ռադիօլուր«.- Վերջին ամիսներին Կալիֆորնիայի հայկական հեռուստաալիքները անընդհատ գովազդում են «American Global» ընկերութեան ծառայութիւնները։ Ընկերութիւնը զբաղւում է բեռնափոխադրումներով, իսկ գովազդում էլ ասւում է, թէ Հայաստան մշտական բնակութեան մեկնողները Հայաստանում ազատւում են իրենց անձնական իրերի, կահոյքի ու աւտոմեքենաների համար մաքսատուրքի վճարումից։
Արդեօ՞ք գովազդի առկայութիւնը նշանակում է, որ աճել է այդ ծառայութեան պահանջարկը եւ սկսուել է հայրենադարձութեան մի նոր ալիք։
Ասել, թէ հայրենադարձութիւնը կրում է զանգուածային բնոյթ, դեռ չի կարելի, սակայն փաստն այն է, որ այս տարուայ առաջին ութ ամսուայ ընթացքում միայն «American Global»ի միջոցով Հայաստան ուղարկուել են շուրջ 100 ընտանիքների իրերն ու աւտոմեքենաները, ինչը նախորդ տարուայ ցուցանիշի գրեթէ կրկնակին է։
Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնող բաժնի տնօրէն Էդգարդ Կոտոյեանի փոխանցմամբ՝ մարդիկ մեկնում են Հայաստան ու անգամ Արցախ։
Մեկնողները եւս նախկին հայաստանցիներ են եւ նոր- նոր Հայաստանի քաղաքացիութիւն ստացած սփիւռքահայեր, հիմնականում՝ Իրանից, Լիբանանից կամ Սիրիայից ԱՄՆ ներգաղթածներ։
Կոտոյեանի փոխանցմամբ՝ նրանց որոշակի մասը չի դիմանում այստեղի տնտեսական իրավիճակին ու մեկնում է Հայաստան՝ հաւատալով, որ այնտեղ կը կարողանայ աւելի լաւ ապրել ու ակնկալելով, որ Ամերիկայում կուտակած գումարներով ինչ որ մի գործ կը կարողանայ սկսել։
Այդուհանդերձ՝ «Ռադոլուր» ի զրուցակցի դիտարկմամբ՝ այդ 100ից 20ը որոշ ժամանակ անց չեն յարմարւում եւ վերադառնում են ԱՄՆ։ Ընդ որում՝ ոմանց, մասնաւորապէս նախկին հայաստանցիների դժգոհութիւնն սկսւում է հէնց առաջին պահից, երբ պարզւում է, որ նրանք, այնուամենայնիւ, պէտք է Հայաստանում մաքսատուրք վճարեն։
Բանն այն է, որ օրէնքը յստակ սահմանում է, թէ ովքեր են ազատւում մաքսատուրքի վճարումից։ Երբ խօսքը վերաբերում է նախկինում Հայաստանից մշտական բնակութեան մեկնածներին, օրէնքը պահանջում է, որպէսզի նրանք սահմանուած կարգով դուրս գրուած լինեն Հայաստանի հաշուառումից եւ արտասահմանում բնակութեան տարիներին էլ հաշուառուած լինեն համապատասխան հիւպատոսական ծառայութիւնում։ Մի բան, որ հայաստանցիների մեծ մասը պարզապէս չի անում։
Այստեղ հարկ է նշել, որ ի տարբերութիւն եւրոպական պետութիւնների, ԱՄՆ չի պահանջում, որպէսզի մարդիկ հրաժարուեն իրենց նախկին քաղաքացիութիւնից ԱՄՆ քաղաքացի դառնալու համար։ Նախկին հայաստանաբնակներին յաճախ թւում է, թէ ԱՄՆ քաղաքացիութիւն ստանալուց յետոյ նրանց պարտաւորութիւնները որպէս Հայաստանի քաղաքացի, աւարտւում են, մինչդեռ՝ անգամ ԱՄՆ քաղաքացի դառնալուց յետոյ, եթէ նրանք ցանկանում են վերադառնալ Հայաստան, ապա վերադառնում են որպէս Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ, իսկ այս դէպքում մաքսային օրէնսդրութեան պահանջները շատ խիստ են։
Ինչեւէ՝ փաստն այն է, որ Հայաստան վերադարձողներ կան, եւ նախորդ տարիների համեմատ նրանց թիւն աւելացել է։ Յաւելենք, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնում ասացին, որ վերջին ամիսներին նկատելիօրէն աւելացել են նաեւ երկքաղաքացիութիւն ունենալ ցանկացողները, սակայն այս կապակցութեամբ թուային տուեալներ հրաժարուեցին հրապարակել։
Միեւնոյն ժամանակ՝ հիւպատոսութիւնը տեղեկացրեց, որ վերջին ամիսներին Հայաստանի անձնագիր կորցրած քաղաքացիները յաճախ են դիմում վերադարձի վկայական ստանալու խնդրանքով։ Սակայն, ըստ պաշտօնեաների, դա դեռ չի նշանակում, թէ նրանք ընդմիշտ են վերադառնում։ Հայաստանում նոր անձնագիր ստանալն աւելի արագ ու էժան է, եւ մարդկանց մի մասը գերադասում է Հայաստան այցելութեան ընթացքում վերականգնել անձնագիրն ու նորից վերադառնալ ԱՄՆ։