ԵՐԵՒԱՆ.- Հայ Յեղափոխական դաշնակցութիւնը երէկ հանդէս եկաւ յայտարարութեամբ մը, ուր կը մատնանշուին հայ-թուրք յարաբերութիւններու զարգացման ուղղուած փաստաթուղթին մէջ առկայ վտանգաւոր կէտերը՝ հայութեան եւ Հայաստանի կենսական շահերու տեսակէտէն: Ստորեւ կը հրատարակենք սոյն յայտարարութիւնը՝ ամբողջութեամբ.
2009թ. Օգոստոսի 31ին պաշտօնապէս հրապարակուեց Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացմանն ուղղուած փաստաթղթերի փաթեթը:
Հայաստանն ու հայութիւնը մտան մի նոր շրջափուլ, որը յղի է բազմաթիւ վտանգներով:
Այս մասին էր ահազանգում ՀՅ Դաշնակցութիւնը, երբ քաղաքական այս գործընթացի հէնց սկզբից պարբերաբար արտայայտում էր իր սկզբունքային հետեւեալ դիրքորոշումները.
ա. Իբրեւ հարեւան պետութիւններ՝ Հայաստանն ու Թուրքիան ի վերջոյ պէտք է քայլեր ձեռնարկեն յարաբերութիւնների բնականոնացման ուղղութեամբ: Սակայն երկու երկրների միջեւ բարիդրացիական յարաբերութիւններ կարող են հաստատուել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրաւունքների վերականգմամբ միայն: Առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը եւ շրջափակման վերացումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերն են:
բ. ՀՀ կողմից առանց նախապայմանների յարաբերութիւնների հաստատման առաջարկն արդէն իսկ մեծագոյն զիջում է:
գ. Անընդունելի է Թուրքիայի հետ յարաբերութիւնների բնականոնացումը մեր պետութեան ինքնիշխան եւ կենսունակ լինելիութեան ու սերունդների՝ ազգային-պետական իրաւունքների հաշուին:
Այս սկզբունքներից մեկնելով՝ ՀՅ Դաշնակցութիւնը բազմիցս զգուշացրել է, որ Թուրքիան ողջ գործընթացը իր քաղաքական շահերին է ծառայեցնում (Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի կասեցում, ԼՂՀ հիմնահարցում ադրբեջանամէտ արդիւնքների ապահովում) եւ Հայաստանի Հանրապետութեան հետ խօսում է բացայայտ ու քօղարկուած նախապայմաններով:
Այժմ արդէն ակնյայտ է, որ հրապարակուած փաստաթղթերը բովանդակում են թուրքական կողմի յայտնի նախապայմանները։ Այն է՝ Հայոց Ցեղասպանութեան փաստը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքները ի չիք դարձնել: Առաւել, յիշեալ փաստաթղթերի հրապարակումից անմիջապէս յետոյ Թուրքիան պաշտօնական յայտարարութեամբ կրկնում է իր երրորդ նախապայմանը՝ որ երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կը հակասեն Ադրբեջանի շահերին: Այսինքն շարունակում է հայ-թուրքական գործընթացը պայմանաւորել Ղարաբաղեան խնդրով:
ՀՅ Դաշնակցութիւնը շարունակում է պնդել, որ ՀՀ արտաքին քաղաքականութիւնը շեղուել է ազգային-պետական ուղեգծից, եւ կանխատեսելի զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:
Ելնելով այս ամէնից՝ ՀՅ Դաշնակցութիւնը ներքաղաքական քննարկումների այս փուլում բոլոր հնարաւորութիւններն օգտագործելու է փաստաթղթերում առկայ վտանգները բացայայտելու եւ չէզոքացնելու նպատակով:
Մենք կոչ ենք անում հայ հանրութեանը, ՀՀ քաղաքական ուժերին ճիշդ գնահատել հայ-թուրքական յարաբերութիւնների ընթացքը, հնարաւոր բացասական արդիւնքները եւ առաւելագոյն համախմբուածութեամբ բացառել անշրջելի կորուստների հաւանականութիւնը:
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
01 սեպտեմբեր 2009թ.
ք. Երեւան