ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Արցախի Ծմակահող գիւղի մէջ վերջերս տեղի ունեցաւ բացումը Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքին հայկական շրջաններու պաշտպանութեան պատասխանատուներէն հերոս խաչիկ Արապեանի անունով կոչուած կեդրոնի մը, որու կառուցման ծախսերը ստանձնած էր Լոս Անճելըսէն Հայաստան ներգաղթած Վիգէն Արապեան: Ստորեւ կը հրատարակենք սոյն յօդուածը՝ Ծմակահողի դիմագրաւած դժուարութիւններու մասին:
18րդ դարի վերջին, երբ Խամսայի մելիքութիւնը փլուզուեց, Արցախի միակ վաճառական գիւղաքաղաքը Վաճառը, աւերուեց, բնակչութեան մի մասը գաղթեց æաւախք, միւս մասը Արցախի թաւ անտառների մի հատուածում, որ ծմակ էր, բնակութիւն հաստատեց, հիմք դրեց նոր գիւղի՝ տալով նրան դժուարահունչ Ծմակահող անունը հող ծմակի մէջ: ԼՂՀ Մարտակերտի շրջանի մի փոքրիկ հատուածը զբաղեցնող Ծմակահողը արտացոլում է Մարտակերտի ողջ գեղեցկութիւնը: Փոքրիկ է գիւղը, ունի ընդամէնը 230 բնակիչ:
Եկամտի աղբիւրը, բոլոր գիւղերի պէս, հողագործութիւնն է ու անասնապահութիւնը, իսկ մթերքը սպառւում է Ստեփանակերտի շուկայում: Գիւղացիները դժգոհում են. դէպի Ստեփանակերտ ճանապարհը երկար է, վառելիքը՝ թանկ: Հողը թէեւ բերրի է, սակայն ունի պարարտացման կարիք, իսկ պարարտանիւթը թանկ է:
Վառելանիւթը եւս թանկ է, բացի այդ՝ մեքենաներ չկան: Սրանց գումարուել է նաեւ իրացման խնդիրը, ուստի գիւղացիների մի մասը ցանում է այնքան, որքան կը բաւականացնի սեփական խնդիրները հոգալու համար: Այսպէս աստիճանաբար յոգնում են, հեռանում հողից: Ծանր է նաեւ երիտասարդութեան վիճակը: Չունենալով հիմնարկներում աշխատելու հնարաւորութիւն եւ չկամենալով զբաղուել անասնապահութեամբ երիտասարդների մի մասը աշխատանքի է անցնում զինուած ուժերում, միւս մասը՝ մտածում գիւղից հեռանալու մասին: Գիւղի համար ամենածանր տարիներին անգամ գիւղը ոչ ոք չլքեց, իսկ այսօր, ահա, ծերանում է Ծմակահողը:
Գիւղի բուժկէտն ունի մէկ աշխատող՝ առաջին բուժօգնութիւն իրականացնելու համար: Բուժկէտը չունի մեքենայ, կարիքի դէպքում հիւանդին հարեւաններն են մեքենայով տեղափոխում 50 քմ հեռաւորութեամբ գտնուող Ստեփանակերտ:
300 աշակերտի համար նախատեսուած երկյարկանի դպրոցը վերանորոգուած է, ապահովուած՝ համապատասխան մասնագէտներով, մարզադահլիճով: Պակասում են միայն աշակերտները… Նրանք ընդամէնը 27ն են: Դպրոցը 9ամեայ է, բարձր դասարաններում սովորելու համար երեխաները յաճախում են երկու քմ հեռաւորութեամբ գտնուող Առաջաձոր գիւղի միջնակարգ դպրոցը:
Ունեն նաեւ ակումբ, որը բարեկարգուել է դաշնակցական գործիչ Վիգէն Արապեանի միջոցներով եւ կոչուել Լիբանանի քաղաքացիական կռիւներում հայերի ինքնապաշտպանութեան ղեկավար Խաչիկ Արապեանի անուամբ:
Մի խօսքով, գիւղն ունի բազում լուծուած ու չլուծուած խնդիրներ, ինչպէս՝ հայաստանեան եւ Արցախի բոլոր գիւղերը, բայց գիւղապետ Սուրէն Աւանէսեանը երկու ամենամեծ խնդիր է նշում գիւղ մտնող 3 քիլոմեթրանոց մայր ճանապարհի վերանորոգումը եւ խմելու ջրի յիսնամեայ խողովակները փոխելը: Երկու հարցով էլ դիմել են կառավարութիւն, բայց…
Երբ քանատահայ դաշնակցական գործիչ Րաֆֆի Պէքմէզեանը այցելում է Ծմակահող՝ ընկերոջը տեսութեան, հարցին, թէ ինչո՛վ կարող է օգնել գիւղի բնակիչներին, մեծ է լինում զարմանքը, երբ, ընկերային բազմաթիւ խնդիրների լուծմանն օժանդակելու փոխարէն, Վահրամ Գէորգեանը նրանից խնդրում է ընդամէնը դպրոցի բակում տեղադրել արցախեան պատերազմում զոհուած 10 ծմակահողցի քաջերին նուիրուած յուշարձան: Յուլիսի 12ին Ծմակահողի Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, թեքնիք գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր Անդրանիկ Իոսիֆեանի անուան դպրոցի բակում տեղի ունեցաւ արցախեան պայքարում զոհուած ծմակահողցիների յիշատակին կառուցուած յուշարձան-յուշաղբիւրի բացումը:
Ղարաբաղեան շարժման կրքերը թէժ են եղել նաեւ փոքրիկ այս գիւղում: 88 թուականին, երբ սկսուեց Շարժումը, բոլոր գիւղերի հետ միասին պայքարին մասնակցութիւն բերեց նաեւ Ծմակահողը: 36 ծմակահողցի ամենատարբեր ճակատներում մասնակցել է գոյամարտին, նրանցից 10ը ընկել են մարտի դաշտում:
Երբ սկսուեց արցախեան շարժումը, Աբովեան քաղաքի ելեկտրագիտութեան ուսումնարանում ուսանող Նելսոն Մկրտումեանը վերադարձաւ գիւղ պաշտպանելու հայրենիքի պատիւը: Նա զոհուեց մաքառման այդ ճանապարհին: Խօսում է հերոսի մայրը՝ տիկին Վալեան, շնորհակալութիւն յայտնում, որ չեն մոռացել քաջերի սխրանքները… Այլեւս չի կարողանում շարունակել խօսքը…
Անցել է 15 տարի, բայց արցունքները դեռ չեն չորացել մօր աչքերից: Եւ այժմ ընդամէնը մէկ ցանկութիւն ունի՝ խաղաղութիւն, որպէսզի այլեւս ոչ մի մայր որդու կորուստ չսգայ: Իսկ միակ սփոփանքն այն է, որ թաւ անտառներն ու լեռներն այսօր խաղաղ են, դպրոցում թեւածում է երգն ու ծիծաղը, երեխաները միշտ յիշում են գիւղի կտրիճներին, իսկ դպրոցի կողքով անցնող իւրաքանչիւր անցորդ խոնարհւում ու ծարաւն է յագեցնում գիւղը փրկած հերոսների պատուին կառուցած յուշաղբիւրից:
ԼՂՀ զոհուած ազատամարտիկների ծնողների միութեան նախագահ Կալեա Առուստամեանն էլ կոչ է անում թիկունք թիկունքի կանգնել, որպէսզի թուրքը չկարողանայ մօտենալ, իսկ մօտենալուց էլ հակահարուած տանք, ինչպէս 92, 94 թուականներին: Նա վստահ է, որ Արցախի եւ Հայաստանի ժողովուրդը արիւնով սրբացած այս հողից ոչ մի թիզ չի զիջելու Ազրպէյճանին:
Նրանք ոտքի կանգնեցին, երբ դրուած էր Արցախի լինել-չլինելու հարցը, ամէն քայլափոխի գնդակ ու արիւն տեսնելով՝ պայքարեցին մինչեւ վերջին շունչ, եւ Ծմակահող թուրքը չմտաւ…
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.