ԱՐՑԱԽ, «Հետք».- Հայաստանի յատուկ յանձնարարութիւններով դեսպան, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասեան, պատասխանելով «Ռիա Նովոսթի» գործակալութեան հարցումին՝ մեկնաբանած է Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս կատարած հերթական կոշտ յայտարարութիւնը, ըստ որուն Ատրպէյճան Լեռնային Ղարաբաղի գոյատեւման հնարաւորութիւն չի տեսներ իր սահմաններէն դուրս։ Ա. Ղուկասեան մասնաւորապէս նշած է. «Ալիեւ կրտսերը, ժառանգութիւն ստանալով Ատրպէյճանը՝ ձեւացնում է, թէ շատ բան չի տեսնում, չի յիշում ու չի լսում: Նա չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնը, իր պոտենցիալ անփոխարինելի բռնատիրական իշխանութեան բարձունքից նա առաւել եւս չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան ժողովրդավարական զարգացումը, չի տեսնում Ատրպէյճանի կողմից բռնազաւթուած Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան տարածքները, չի տեսնում հարիւր հազարաւոր հայ փախստականներին Ատրպէյճանից եւ ԼՂՀ որոշ շրջաններից, որտեղ իր նախորդներին յաջողուել էր իրականացնել էթնիկ զտումներ:
Ալիեւը չի յիշում, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնը կայացել է միջազգային իրաւունքի բոլոր նորմերին լիովին համապատասխան: Նա չի յիշում Ատրպէյճանի ամբողջ տարածքում (Սումգայիթ, Կիրովաբադ, Շամխոր, Պաքու…) իրականացուած հայերի ջարդերը: Չի յիշում, որ, միջազգային ահաբեկչական կառոյցների գրոհայինների ներգրաւմամբ, Ատրպէյճանը Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան դէմ սանձազերծեց լայնածաւալ ռազմական ագրեսիա, ինչի արդիւնքում երկու կողմերն էլ ունեցան մարդկային ու նիւթական հսկայական կորուստներ: Չի յիշում, թէ Ատրպէյճանի համար որքա՛ն անփառունակ վախճան ունեցաւ ուժային այդ արկածախնդրութիւնը եւ ում հետ, վերջիվերջոյ, նա ստիպուած եղաւ 1994 թ. Մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրել:
«Ալիեւը չի լսում միջազգային հանրութեան կոչերը՝ վերջ տալու ռազմաշունչ հռետորաբանութեանը, շփման գօտուց դուրս բերելու դիպուկահարներին, դադարեցնելու թշնամական քարոզչութիւնը: Նա լսում է միայն ինքն իրեն, բայց խօսել փորձում է միջնորդների, Հայաստանի, եւ որ ամենացինիկն է՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան ժողովրդի շահերի դիտակէտից:
«Անգամ խաղաղութեան մասին խօսելիս, Ալիեւը սպառնում է պատերազմով: Մէկ անգամ Ատրպէյճանն արդէն պատերազմ սանձնազերծել է: Ու տրամաբանական կը լինէր, եթէ այսօրուայ չափից աւելի ռազմատենչ Ալիեւը հարցնէր ինքը իր երէկուայ «ես»ին, թէ որտե՞ղ էր ինք թաքնուած այն տարիներին, երբ իր հասակակիցներին որպէս թնդանօթային միս՝ ուղարկում էին ռազմաճակատ:
Ատրպէյճանի ղեկավարների յայտարարութիւնները հաւաստում են փոխզիջումների իրենց անպատրաստ լինելը: Ապրելով պատրանքների աշխարհում՝ Ալիեւն, ըստ էութեան, խափանում է բանակցային գործընթացը»: