ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ
Դրանով են պայմանաւորուած Դամասկոսի հետ յարաբերութիւնները բարելաւելու նախագահ Օբամայի ձեռնարկումները:
Հետամուտ լինելով իսլամական աշխարհի նկատմամբ Բուշի վարչակազմի դիրքորոշումը վերանայելու եւ տարածաշրջանում ռազմաքաղաքական լարուածութիւնը թուլացնելու նախագահ Բարաք Օբամայի առաջադրանքին, պաշտօնական Վաշինգտօնը նախադրեալներ է ստեղծում, որ բարելաւի յարաբերութիւնները Իրանի եւ յատկապէս Սիրիայի հետ: Թերեւս այդ առումով պատահական չէին Մերձաւոր Արեւելքի գծով նախագահ Օբամայի յատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելի, ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ æոն Քերրիի եւ կոնգրէսականների այցելութիւնները Դամասկոս:
Ըստ երեւոյթին դրանք ծառայել են նպատակին, որ յունիսի սկզբին Սիրիայի արտգործնախարար Վալեդ ալ Մուալիմի հետ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հեռախօսազրոյցից յետոյ կողմերը որոշեցին ամերիկեան զինուորական եւ դիւանագիտական պատուիրակութիւնների, այդ թւում նաեւ՝ Միտչելի այցելութիւնը կազմակերպել Դամասկոս: Ամերիկեան պատուիրակութիւնների գործուղումը Սիրիա ոչ միայն իրողութիւն է դարձել, այլեւ՝ այցելութիւնները գերազանցել են ենթադրութիւնները:
Ենթադրութիւնների գերազանցման պարագայում խօսքն ԱՄՆ նախկին նախագահ æիմի Քարտերի Սիրիա այցելութեան մասին է: Յունիսի 10ին Դամասկոսում նա հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Մուալիմի հետ, իսկ յաջորդ օրը նրան ընդունել է երկրի նախագահ Բաշար Ասադը: Ենթադրւում էր, որ Քարտերը Դամասկոսում հանդիպէր նաեւ Իսլամական դիմադրութեան շարժման՝ «համասի» քաղբիւրոյի ղեկավար Խալէդ Մաշալին: Յամենայն դէպս, նախագահ Ասադի ընդունելութիւնից յետոյ Քարտերը յայտարարել է. «Սիրիան տարածաշրջանում առանցքային դերակատար է: Կարծում եմ, ԱՄՆը կը զարգացնի յարաբերութիւնները Սիրիայի հետ»:
Քարտերին հաստատել էր Օբամայի յատուկ ներկայացուցիչ Միտչելը: Յունիսի 13ին այցելելով Սիրիա, նա առանձնազրոյց էր ունեցել նախագահ Ասադի հետ, որի աւարտին յայտարարել էր. «Սիրիայի նախագահի հետ հանդիպմանը, բացի երկկողմ յարաբերութիւններից, քննարկել ենք տարածաշրջանի առանցքային խնդիրները: Այս նախաձեռնութիւնից յետոյ ցանկանում ենք ստեղծել փոխադարձ յարգանքի եւ խաղաղութեան սկզբունքի վրայ յենուող յարաբերութիւններ, ինչպէս նաեւ այս արժէքների շրջանակում երկխօսութիւն ծաւալել: Տարածաշրջանում մնայուն խաղաղութեան համար կարեւոր է Սիրիայի նշանակութիւնը»:
Օգտուելով առիթից նշենք, որ Միտչելի այցից մէկ օր առաջ՝ Յունիսի 12ին Դամասկոս է գործուղուել Իրաքում տեղակայուած ամերիկեան զօրքերի հրամանատարութեան պատուիրակութիւնը: Սիրիական «Ալ Վաթան» թերթի վկայութեամբ, ամերիկացի հրամանատարները սիրիական կողմից աջակցութիւն են խնդրել Իրաքում անվտանգութեան ապահովման առումով, եւ կողմերը միմեանց փոխօգնութիւն ցուցաբերելու որոշում են կայացրել: Չի բացառւում, որ առաջիկայում վերականգնուի Սիրիայում ԱՄՆ դեսպանութեան գործունէութիւնը:
ԱՄՆ-Սիրիա յարաբերութիւնների բարելաւումը կարեւոր է տարածաշրջանի լարուածութեան թուլացման տեսանկիւնից: Բարելաւման տեսանկիւնից էլ կարեւորը Վաշինգտոնի մերձաւորարեւելեան քաղաքականութիւնը վերանայելու նախագահ Օբամայի դիրքորոշումն է: Թերեւս դա կարելի է պայմանաւորել ԱՄՆ նորընտիր նախագահի նախընտրական խոստումներով կամ համարել նրա բարի կամքի դրսեւորումը:
Չպէտք է, սակայն, մոռանալ Մերձաւոր եւ Միջին Արեւելքում Բուշի վարչակարգի որդեգրած քաղաքականութեան ձախողման մասին: Այլ կերպ, անկախ նախագահ Օբամայի դիրքորոշումից կամ բարի կամքից, այս ձախողումը Վաշինգտոնին կանգնեցրել է տարածաշրջանային քաղաքականութիւնը վերանայելու փաստի առջեւ: Դա յատկապէս վերաբերում է Վաշինգտոնի սիրիական քաղաքականութեանը, քանի որ Սիրիան հակաիրաքեան պատերազմի հետեւանքով տարածաշրջանում ստեղծուած շատ բարդ իրավիճակում յայտնուելով հանդերձ միանգամայն անբարենպաստ պայմաններում, յաջողութեամբ չէզոքացրել է Արեւմուտքի եւ տարածաշրջանի արեւմտամէտ երկրների յարաճուն ճնշումներն ու ԱՄՆի ռազմական ներխուժման սպառնալիքները:
Աւելին, Իրանի հետ սերտ համագործակցութեան շնորհիւ Սիրիան Իրաքում խթանել է հակաամերիկեան դիմադրութիւնը: Նա շարունակում է տարածաշրջանում յաջողութեամբ մրցակցել Եգիպտոսի եւ Սաուդեան Արաբիայի հետ, ինչպէս նաեւ աջակցել Իսրայէլի դէմ պայքարող, հզբոլլահին եւ համասին: Թէեւ 2005ին նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանութիւնից յետոյ սիրիական զօրքերը դուրս են բերուել Լիբանանից, այսինքն՝ վերջ է դրուել Սիրիայի ռազմական ներկայութեանը, սակայն փոխարէնը երկրում աննախադէպ ուժեղացել են Դամասկոսի աջակցութիւնը վայելող «Հզբոլլահի» դիրքերը: Առ այսօր Դամասկոսում է ապաստանում «Համասի» քաղբիւրոյի ղեկավար Մաշալը:
Այս փաստերը վկայում են Լիբանանում եւ Պաղեստինում Սիրիայի «Հզբոլլահով» ու «Համասով» պայմանաւորուած ազդեցութեան մասին, որը տարածաշրջանի եւ յատկապէս Իսրայէլի խաղաղութեան եւ կայունութեան առումով առանցքային է դարձնում նրա դերը, իսկ պաշտօնական Վաշինգտոնը հաշուի է նստում այդ դերի հետ: Այլապէս ռազմական ներխուժման երկարամեայ սպառնալիքներից յետոյ Օբաման Դամասկոսի հետ յարաբերութիւններ զարգացնելու դիրքորոշում չէր որդեգրի:
Մինչդեռ ԽՍՀՄի փլուզումը Սիրիային զրկել էր Մոսկուայի ռազմաքաղաքական աջակցութիւնից: Այս ամէնը նշանակում է, որ տարածաշրջանում Սիրիայի առանցքային դերը, հակառակ ենթադրութիւններին, պայմանաւորուած չի եղել ԽՍՀՄի աջակցութեամբ: Թերեւս այդ առումով յատկանշական է Հենրի Քիսինջերի հանրայայտ հետեւութիւնը. «տարածաշրջանում չի կարելի պատերազմը պատկերացնել առանց Եգիպտոսի, իսկ խաղաղութիւնը՝ առանց Սիրիայի»:
«Ազգ»
——————————————————————————————————————-
Սուրիական Արաբական Հանրապետութիւն
Տարածութիւն- 185,170 քառակուսի քիլոմեթր
Մայրաքաղաք- Դամասկոս, Բնակչութիւն- 19 միլիոն
Անկախացած- 17 Ապրիլ, 1946ին
Բնակչութեան ազգային կազմ- արաբ, քիւրտ, հայ, չէրքէզ, թիւրքմէն
Կրօնական համայնքներ- Սիւննի Իսլամ, Ալաուի, քրիստոնիա, տիւրզի
Պաշտօնական լեզու- արաբերէն
Իշխանութեան գլուխ է արաբական ընկերվարական Պաաս կուսակցութիւնը՝ Մարտ 1963էն ի վեր:
Նախագահ՝ Պաշար Ալ-Ասատ: