Յիշատակելի Նուիրատուութիւն
Մենք անկեղծ զինւոր ենք, առանձին, վիճակ,
Ուխտել ենք ծառայել երկար ժամանակ,
Պարսկաստանի խորքից եկել է նամակ,
Գնում ենք բարով, կ՛ուշանանք դարով…
ԺՈՒԼԻԷԹ ԴԱՒԹԵԱՆ
– «Բարեւ ձեզ, ես Հայ Դատի Դրամահաւաքի գրասենեակի կողմից եմ եկել։ Դուք մեզ զանգել ու խնդրել էիք, որ գանք ձեր նուիրատուութիւնը անձամբ վերցնենք։ Ասել էիք դուք չէք կարող գրասենեակ գալ։»
– «Վայ, այ՛ո, այ՛ո։ Ներս համեցէք խնդրեմ։ Վայ, ինչ լաւ էք արել եկել էք։ Մենք քանի օր է սպասոմ ենք ձեզ։ Եկէ՛ք նստէք»։
– «Չէ, չեմ ուզում խանգարել։ Հէնց այստեղ դռան մօտ կը սպասեմ։ Շատ շնորհակալ եմ։»
– «Վայ չէ, ինչ էք ասում։ Այստեղ դռա՞ն մօտ, ինչպէ՞ս կը լինի։ Նստէ՛ք, ես գնամ կնոջս էլ կանչեմ։»
Յարգարժան պարոնը դանդաղաշրժ քայլերով ներսի սենեակն է անցնում։ Ես նստում եմ դռան մօտ գտնուող ամենմօտ աթոռին ու երեւի լրագրողի հետաքրքրութեամբ աչք եմ գցում սենեակի չորս կողմը։
Համեստ ու կոկիկ կահաւորումով նստասենեակ, ճաշասենեակ ու խոհանոց։ Գազօճախի վրայ ցածր կրակով եռում է թէյնիկը։ Պատերի վրայ կախուած են երիտասարդ զոյգերի եւ մանուկների նկարներ։ Եւ աւելին բոլոր սեղանների, հեռուստացոցի ու պահարանների վրայ եւս հին ու նոր նկարներ կան։ Որքան շատ նկարներ կան, մտածում եմ ինքս ինձ։
– «Սպասիր տեսնեմ։ Ուզում եմ ձեզ 50 տոլար նուիրել։ Մենք թոշակառու ենք, աւելին չենք կարող տալ, երանի կարողանայինք… Ետ սենեակ է մտնում պապիկը իր դրամապանակը, կնոջ պայուսակը եւ իր ու իր կնոջ անձնաթուղթերը ձեռքին։ – «Խնդրեմ գրիր մեր անունները սրանց (անձնաթուղթերի) վրայից։ 25 տոլար իմ անունից, 25 տոլար էլ իր։»
Գլուխս թուղթերի վրայից բարձրացնում եմ։ Սենեակ է մտնում տիկինը։
– «Բարե՛ւ»։
– «Բարե՛ւ ձեզ։ Կը ներէք արթնացրեցի։» Ոտքի եմ կանգնում անյարմար զգալով:»
– «Վայ չէ մամա ջան, ոչինչ, ինչ ես ասում։ Անհանգիստ էի զգում, լողացել էի, դուրս եկայ, ասեցի մի քիչ պառկեմ։ Քնած չէի։ Նստի՛ր, նստի՛ր։»
Շարունակում եմ լրացնել թուղթերը։ Ամուսինը նորէն ոտքի է կանգնում ու նոյն դանդաղաշարժ քայլերով ետ ննջասենեակ վերադառնում։
– «Իր ծնողների յիշատակի համար է ուզում նուիրատուութիւն անել» կամացուկ փսփսում է տիկինը։
– «Թէյ բերե՞մ։ Երեխաներն այստեղ էին, ճաշեցինք ու գնացին։ Շատ լաւ երեխաներ ունեմ։ Այնպէս ինչպէս մենք ենք իրենց պահել, մեծացրել, իրենք հիմա նոյնը մեզ ետ են փոխարինում։ Շատ-շատ ուշադիր են։ Այս նկարները բոլորը նրանք են», ու ցոյց է տալիս պատերի, սեղանների ու պահարանների վրայ դրուած նկարները, «Թէյ բերե՞մ։»
Յարգալից ժպտում եմ։ «Չէ, շատ շնորհակալ եմ»։
Պապիկը կամաց-կամաց քայլերով ետ սենեակ է մտնում այս անգամ ձեռքին երկու նկարի շրջանակներ։
«Տե՛ս, սա հայրս է։ Հայրս զինուոր էր։ Ես մէկ տարեկան էի, ինքը երեսուն։ Պատերազմում մահացաւ։ Ես հօրս չեմ տեսել։ Մայրս 27 տարեկան էր։ Մայրս է մեզ մեծացրել։ Սա էլ մօրս նկարն է։ Ես իրենց յիշատակին եմ այս նուիրատուութիւնը անում։ Երանի կարողանայինք շատ աւելին տալ։ Երանի կարողանայինք շատ աւելին անել։ Կարողանայնք այս աշխատանքներին մասնակցել, բայց ես ձեզ վստահում եմ։ Ես տեսնում եմ ձեր գործերը, ձեր պայքարը։ Ես հաւատում եմ ձեզ։
Մի ակնթարթ յուզւում եմ։ Բառերը անհետանում են մտքումս։ Նոյնիսկ աչքերս լցւում են, սակայն ամենայն քաջութեամբ զսպում եմ ինձ, ժպտում եմ ու պատասխանում.
«Անչափ շնոհակալ ենք այդ վստահութեան համար։ Մեր համար ամեն մի սենթ արժէք ունի։ Իսկ ձեր 50 տոլարը հարկաւ շատ աւելի։ Մեզ համար ձեր հաւատքը շատ աւելին արժէք ունի, ձեր մասնակցութիւնը։ Անչափ շնորհակալ ենք։»
«Լաւ, մէկ հատ թէյ բերենք։» Այս անգամ առաջարկում է պապիկը։
Ես արդէն չգիտեմ այսքան ջերմութեանը ինչպէս փոխադարձել։ Արդէն ամաչում եմ։ Կարծէք փոքրացած եմ զգում ինձ, հալում եմ։ Միայն ժպտում եմ ջերմօրէն, նորէն մերժում եմ մի բաժակ թէյի առաջարկը պատճառաբանելով ուրիշ ժամադրութիւն, ձեռնւում եմ, մէկ անգամ եւս յիշեցնում եմ որ Կիրակի, Մայիս 31ին Թելեթոնին հետեւեն, շնորհակալութիւն եմ յայտնում ու դուրս գալիս։
Ամբողջ ճամբան մինչեւ ինքնաշարժ հասնելս խորը շնչում եմ, փորձում զգացումներիցս ձերբազատուել։ Ապա լայն ու գոհունակ ժպիտով նստում եմ ինքնաշարժ ու գրասենեակ վերադառնում։
Այսօր իմ աշխատանքը յաջողութեամբ իր աւարտին էր հասել։