ԵՐԵՒԱՆ.- Մայիս 25ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին կողմէ, «Արմէնփրէս»ին փոխանցուած է նշեալ հիմնադրամի Հոգաբարձուներու խորհուրդի նախագահութեան կազմէն դուրս եկած՝ յայտնի բարերար Լուիզ Սիմոն Մանուկեանի նամակը` ուղղուած ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի նախագահ Սերժ Սարգսեանին:
Բարերարը՝ նշեալ նամակով, շնորհակալութիւն կը յայտնէ իր խնդրանքի ընդունման եւ իրեն՝ հիմնադրամի Հոգաբարձուներու խորհուրդի պատուաւոր անդամ առաջադրելուն համար:
«Ինձ համար մեծ պատիւ է եղել ծառայել հիմնադրամին վերջինիս ստեղծման օրուանից սկսած` Հայաստանի անկախութիւնից քիչ ժամանակ անց: Հաշուի առնելով այն, որ վերջին տարիներին ես կրճատել եմ ինչպէս ճանապարհորդութիւններիս քանակը, այնպէս էլ ակտիւ մասնակցութիւնը շատ միջոցառումների եւ կազմակերպութիւններում, կարծում եմ, որ Պատուաւոր անդամի կոչումը շատ աւելի է համապատասխանում կեանքիս այս տարիների թելադրանքներին», կը նշէ Լ.Ս. Մանուկեան եւ կ՛աւելցնէ՝ «Մենք բոլորս շատ հպարտ ենք Հայաստան համահայկական հիմնադրամի բազում ձեռքբերոմներով: Այն էապէս գերազանցեց բոլորիս նախնական ակնկալիքները: Ինձ համար յատկապէս հաճելի էր տեղեկանալ, որ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասեանը նշանակուել է հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալ: Կարեւոր ծրագրեր նախաձեռնելու եւ կեանքի կոչելու նրա ունակութիւնը հիմնադրամի համար եւս մէկ էական ձեռքբերում է»: