ԿԻՄ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Շառլ Ազնաւուրի այցը Ղարաբաղ կարելի է համեմատել համաժողովրդական տօնի հետ: Յամենայն դէպս, Կիրակի օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազար ստեփանակերտցիների անափ խանդավառութիւնը մեծ շանսոնիէին դիմաւորելիս իսկական տօնակատարութեան էր վերածուել:
Աշխարհահռչակ երգչի այցը արժանայիշատակ է ոչ միայն նրանով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն է այցելել համաշխարհային մշակոյթի գերաստղերից մէկը: Ղարաբաղում մեծ կարեւորութիւն են տալիս նաեւ այն հանգամանքին, որ մեծանուն այրերի այցելութիւններն Արցախ աւելի ճանաչելի են դարձնում չճանաչուած երկիրը:
Նախքան Ազնաւուրի ներկայանալը, հրապարակում ծովացած բազմահազար երկրպագուները նմանատիպ դատողութիւններ էին անում: Մեր կողքին կանգնած միջին տարիքի մի տղամարդ, օրինակ, իր շուրջը համախմբուածներին ոգեւորուած համոզում էր, որ շանսոնյէի այցը ոչ միայն մշակութային, այլեւ քաղաքական նշանակութիւն ունի:
,թող աշխարհն իմանայ, որ Շառլ Ազնաւուրի համար Ղարաբաղը հայկական երկիր է, եւ այստեղ գալը նման է ուխտագնացութեանէ: Զարմանալի զուգադիպութեամբ, ժամեր անց մեծանուն երգիչը լինելով Գանձասարում, մօտաւորապէս նոյն բանն է ասել, մասնաւորապէս շեշտելով, որ որտեղ վանք ու եկեղեցի կայ, այնտեղ իր համար Հայաստան է:
Շառլ Ազնաւուրի համար յուզումնալից պահեր իրօք շատ կային: Թէ՛ Ստեփանակերտում նրա անունը կրող մշակոյթի կենտրոնի բացման ժամանակ, թէ՛ ԼՂՀ նախագահ Բակոյ Սահակեանի ձեռամբ Արցախի բարձրագոյն պարգեւը` «Գրիգոր Լուսաւորի»չ շքանշանն ստանալիս Ազնաւուրի յուզմունքն ակնյայտ էր: «սա իմ առաջին այցն է Ղարաբաղ, բայց յուսով եմ` վերջինը չի լինի», յոյս յայտնեց նա:
«Երբ Ձեր դէմքին նայում ենք, Ձեր աչքերի մէջ կարծես թէ դաջուած է ամբողջ հայոց պատմութիւնը»: Սրանք Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի խօսքերն են, որոնք նա արտասանել է Վերածննդի հրապարակում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Սրբազանի այս բնութագրական խօսքերը ծափերի փոթորիկ առաջացրին հրապարակում:
Նոյն օրը Վերածննդի հրապարակում, Շառլ Ազնաւուրի աղջկայ` Սեդա Ազնաւուրի եւ Լիզ Սարեանի կատարմամբ տեղի է ունեցել համերգ` ազնաւուրեան տօնին նոր իմաստ տալով: Ֆրանսահայ յայտնի երգչուհիների կատարումները հիացմունքի բազմաթիւ պահեր պարգեւեցին ներկաներին:
Իրականացաւ արցախցիների վաղեմի երազանքը` արցախեան հողը զօրեղացաւ եւս մի մեծ հայի հպարտ քայլքով: Ղարաբաղում ասում են` սփիւռքից եկող ամէն մի հայ անպայման «հիւանդանում» է Արցախով, որը նրան աւելի ամուր է կապում այս ազատատենչ երկրին: Հաւատանք, որ Շառլ Ազնաւուրը եւս համակուել է Արցախի հանդէպ անտրոհելի սիրով` նրան կրկին Ղարաբաղ բերելու ազնիւ պարտադրանքով:
«Ազգ»ի Համար
Ստեփանակերտ