Երէկ, Երեւանի մէջ, վրացական դեսպանատան առջեւ տեղի ունեցած հանրահաւաքի ընթացքին, ցոյցին մասնակիցներու կողմէ հրապարակուած է կոչ մը՝ Չաւախքի հայութեան վերաբերեալ: Ստորեւ կը հրապարակենք այս կոչը:
Հակառակ Վրաստանի կողմից ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեան գծով միջազգային պարտաւորութիւնների ստանձմանը, հակառակ ջաւախքահայութեան եւ վրացահայութեան շարունակական բողոքներին եւ դրանց արձագանգող տարբեր միջազգային ատեանների եւ իրաւապաշտպան կազմակերպութիւնների յանձնարարականներին՝ վրացական իշխանութիւնները շարունակում են անտեսել եւ արհամարհել հայ փոքրամասնութեանը յուզող խնդիրները, ինչը յարուցում է ջաւախքահայութեան արդարացի դժգոհութիւնը:
Դրա վկայութիւնն են Չաւախքի հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների բազմաթիւ յայտարարութիւններն ու պահանջները.
– Տեղական ինքնակառավարման մարմինները զրկուած են իրականացնել նոյնիսկ օրէնքով իրենց վերապահուած լիազօրութիւնները եւ փաստացի ղեկավարւում են վրաց իրաւապահ մարմինների եւ յատուկ ծառայութիւնների կողմից:
– Վրաստանի հայ փոքրամասնութիւնը, յատկապէս Սամցխէ-Չաւախք-Ծալկա տարածաշրջանում համախումբ բնակուող նրա հատուածը, թերի է ներկայացուած կառավարման եւ ինքնակառավարման մարմիններում:
– Հայերի համախումբ բնակութեան Սամցխէ-Չաւախք-Ծալկա տարածաշրջանում վարչական, կրթական եւ այլ մարմիններում պաշտօնների նշանակումը փոխկապակցուած է վրացերէնի իմացութեանը:
– Վրաստանի կենտրոնական իշխանութիւնները օրէնքներ են ընդունում, որոնք պարտաւորեցնում են հայերի համախումբ բնակութեան Սամցխէ-Չաւախք-Ծալկա տարածաշրջանում հանրային կեանքի բոլոր ոլորտներում (ինքնակառավարման մարմիններ, վարչարարութիւն, դատական, կրթական համակարգ եւ այլն) օգտագործել բացառապէս վրացերէնը, ինչին օբյեկտիւօրէն (առարկայական պայմաններու բերումով-Խմբ.) չեն տիրապետում ջաւախքահայերը:
– Վրացական իշխանութիւնները հայ-վրացական սահմանաներձ գիւղերում, մասնաւորապէս Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գիւղում եւ Ծալկայի տարածաշրջանի մի շարք գիւղերում բնակեցնում են աջարներ՝ փորձելով փոխել տարածաշրջանի ժողովրդագրական կազմը եւ Չաւախքը կտրել Հայաստանից:
– Հայ Առաքելական Եկեղեցին Վրաստանում չունի պաշտօնապէս գրանցուած իրաւաբանօրէն ձեւակերպուած կարգավիճակ, խորհրդային իշխանութեան տարիներին բռնագրաւուած հայկական տաճարները դեռեւս չեն վերադարձուել իրենց օրինական տէրերին:
Ի յաւելումն այս աւանդական խնդիրների՝ վերջին շրջանում վրացական իշխանութիւններն իրենց մի շարք քայլերով էլ աւելի սրեցին ջաւախքահայութեան եւ վրացահայութեան շրջանում լարուածութիւնն ու դժգոհութեան մթնոլորտը.
– անհիմն կերպով Վրաց ոստիկանութիւն են բերման ենթարկուել եւ ենթարկւում տասնեակ ջաւախքահայ հասարակական ակտիւիստներ (գործիչներ-Խմբ.), որոնց բաց են թողնում սպառնալուց եւ ահաբեկելուց յետոյ միայն:
– 2009թ. Յունուարին մտացածին մեղադրանքներով ձերբակալուեցին Ախալցխայի հասարակական գործիչներ՝ Գրիգոր Մինասեանը եւ Սարգիս Յակոբջանեանը, մինչ այդ՝ 2008թ. Յուլիսի 21ին ձերբակալուել էր ջաւախքահայ հասարակական ակտիւիստ Վահագն Չախալեանը, որին ներկայումս մեղադրում են 2005-06 թթ. ջաւախքահայութեան իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ իր ծաւալած գործունէութեան փաստերով:
– վրացական կողմն արհեստական դժուարութիւններ է ստեղծում հայ-վրացական սահմանը Ժդանովական-Բաւրա անցակէտով հատողների համար:
Այս բոլորի արդիւնքում ջաւախքահայութեան եւ վրացահայութեան շրջանում օր-օրի աւելանում է վախի եւ անվստահութեան մթնոլորտը, ինչը յանգեցնում է երկրամասից հայերի արտագաղթի տեմպերի աւելացմանը:
Վրացական իշխանութիւնների այս գործողութիւնների հիմնական նպատակն է ջաւախքահայութեան եւ վրացահայութեան հասարակական-քաղաքական կառոյցների ոչնչացման եւ հասարակական-քաղաքական գործիչների չէզոքացման միջոցով հասնել ջավախքահայութեան եւ վրացահայութեան լռեցմանն ու «ինտէգրման» (մերումին-Խմբ.) անուան տակ նրանց ձուլմանը կամ ժողովրդագրական կազմի փոփոխութեանը:
Արդ, հաշուի առնելով վերոնշեալը՝ մենք պահանջում ենք վրացական իշխանութիւններից՝
– Ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների օրէնքով վերապահուած լիազօրութիւնների իրականացումը:
– Դադարեցնել պետական սահմանի Բաւրայի անցակէտում արհեստական խոչընդոտների յարուցումը եւ սահմանը դարձնել թափանցիկ, ինչպէս բազմիցս յայտարարել են Վրաստանի եւ Հայաստանի նախագահները:
– Դադարեցնել Սամցխէ-Չաւախք-Ծալկայում ծայր առած ոստիկանական հալածանքները եւ անյապաղ դադարեցնելով դատական ու քրէական հետապնդումը՝ ազատ արձակել ձերբակալուած ջաւախքահայ գործիչներ՝ Գրիգոր Մինասեանին, Սարգիս Յակոբջանեանին եւ Վահագն Չախալեանին:
– Հայերի համախումբ բնակութեան Սամցխէ-Չաւախք-Ծալկա տարածաշրջանում հանրային կեանքի բոլոր ոլորտներում օրէնսդրօրէն արտօնել հայերէն լեզուի օգտագործումը:
– Չաւախքահայ երիտասարդութեան արտագաղթի նուազեցման եւ վրացերէնի ուսուցման ներդրման նպատակով արտօնել Չաւախքում հայ-վրացական պետական համալսարանի հիմնադրումը:
– Դադարեցնել Սամցխէ-Չաւախք-Ծալկա տարածաշրջանը այլազգիներով բնակեցնելու գործընթացը, ինչը վրաց իշխանութիւնների կողմից տարածաշրջանի ժողովրդագրական կազմը արհեստականօրէն փոխելու եւ Չաւախքը Հայաստանից կտրելու ակնյայտ քայլ է:
– Վրաստանում համապատասխան իրաւական կարգավիճակ տալ Հայ Առաքելական Եկեղեցուն եւ վերադարձնել բռնագրաւուած հայկական տաճարները:
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանութիւններին հայ-վրացական միջպետական յարաբերութիւնների օրակարգում զետեղել եւ առաջնահերթ կերպով հետապնդել վերոնշեալ խնդիրների լուծումը:
Մենք կոչ ենք անում միջազգային կառոյցներին եւ իրաւապաշտպան կազմակերպութիւններին իրենց բոլոր ներուժով կանխել Սամցխէ-Չաւախք-Ծալկայում վրաց իշխանութիւնների անպատասխանատու քայլերի հետեւանքով առաջացած ճգնաժամը: Միջազգային հանրութիւնը պարտաւոր է յստակ ուղերձ յղել Վրաստանի իշխանութիւններին առ այն, որ որեւէ այլընտրանք երկրում բնակուող հայ փոքրամասնութեան խնդիրների լուծմանը նրանք չունեն:
Մենք կոչ ենք անում Սփիւքում գործող կառոյցներին եւ անհատ անձանց միանալ սոյն յայտարարութիւն-հանրակոչին եւ բոլոր միջոցներով աջակցել ջաւախքահայութեան եւ վրացահայութեան օրինական իրաւունքների պաշտպանութեանը:
Չաւախքահայութեան եւ վրացահայութեան արդարացի պահանջների արհամարհման եւ լռեցման գործելաոճն այլեւս սպառել է իրեն, աւելին, այն կամայ թէ ակամայ կ’ազդի նաեւ հայ-վրացական յարաբերութիւնների վրայ:
Միայն իր էթնիկական բազմազանութիւնը յարգող ժողովրդավարական Վրաստանը հնարաւորութիւն կ’ունենայ խուսափել յետագայ ցնցումներից եւ ապահովել երաշխիքներ իր երկրի բնականոն զարգացման համար:
Երեւան,
25 Փետրուար 2009թ.