«ԱՍՊԱՐԷԶ».- Վրաստանի մէջ անարդարօրէն օրինական գրանցումէ զրկուած «Վիրք» կուսակցութիւնը տարածած է յայտարարութիւն մը՝ Չաւախքի մէջ վրացական իշխանութեանց կողմէ ձեռնարկուած հակահայկական գործողութիւններու վերաբերեալ: Ձայնակցելով սոյն յայտարարութեան մէջ տեղ գտած դիրքորոշումներուն ու քաղաքական գնահատականներուն, ամբողջութեամբ կը ներկայացնենք զայն ընթերցողներու ուշադրութեան:
«Ընդամէնը օրեր առաջ՝ Յունուարի 22ին, Վրաստանի ներքին գործերի նախարարութեան աշխատակիցները, պարզապէս աբսուրդի հասնող զաւեշտական մեղադրանքներ առաջադրելով, ձերբակալել են Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրէն Գրիգոր Մինասեանին եւ «Շարլ Ազնաւուր» բարեգործական կազմակերպութեան նախագահ Սերգէյ Յակոբջանեանին: Վրացական իշխանութիւնները կալանաւորելով վիրահայ հասարակական գործիչներին՝ առանց ամօթի յայտարարել են, որ վերջիններիս կասկածում են յանցագործութեան նախապատրաստման, անօրինական զինուած խմբաւորման ստեղծման եւ լրտեսութեան (Վրաստանի Քրէական օրէնսգրքի 18րդ, ինչպէս նաեւ 223 եւ 314 յօդուածների առաջին մասի համաձայն) մէջ:
Ասուածը հաշուի առնելով՝ պէտք է արձանագրել, որ նման դէպքերն առաջին անգամը չէ, որ տեղի են ունենում Չաւախքում եւ բացայայտօրէն հակահայկական ենթատեքստ ունեն: Հետաքրքիրն այն է, որ նման մեղադրանքներ են «կպցւում» հիմնականում այն ջաւախահայ գործիչներին, ովքեր ակտիւ քաղաքական գործունէութիւն են ծաւալում եւ բարձրաձայնելով տարածաշրջանին յուզող խն-դիրների մասին՝ դրանց կարգաւորման ուղղութեամբ էական քայլեր են տանում: Նոյնը վերաբերում է Գրիգոր Մինասեանին եւ Սերգէյ Յակոբջանեանին, ովքեր միայն հայրենանուէր եւ ազգասիրական գործունէութեամբ տարուած լինելով՝ պայքարում էին ջաւախահայութեանը յուզող հիմնախնդիրների կարգաւորման համար:
Եւ ասուածն, ի հարկէ, չէր բխում Վրաստանի կառավարութեան շահերից, քանզի այս երիտասարդների մտածելակերպն ու ակտիւ գործունէութիւնը բնաւ էլ ձեռնտու չէ իրեն: Չնայած այս պետութեան՝ արդէն ամէնուր հնչող ժողովրդավարական ու հումանիստական արժէքների քարոզչութեանն ու երկրի ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած հռետորական ճառերին, միեւնոյնն է, նա շարունակում է ասուածի ճիշտ հակառակն անել: Սա բացայայտօրէն երեւում է հէնց նման գործողութիւնների արդիւնքում, երբ Վրաստանի իշխանութիւնները ամէն կերպ փորձում են կուլ տալ հիմնականում այն ջաւախահայ երիտասարդ ուժերին, որոնք վաղը կարող են սպառնալ նրա «անբասիր» հեղինակութեանն եւ նպաստել Չաւախքի հայութեան ամրապնդմանն ու զօրացմանը: «Վիրք» կուսակցութիւնը կարծում է, որ նման գործողութիւնները կարող են եւ Վրաստանում սպասուող կայանալիք նախագահական ընտրութիւնների հետ անմիջականօրէն կապ ունենալ: Խօսքը, մասնաւորապէս առնչւում է Նինօ Բուրջանաձէի՝ երկրի նախագահի պաշտօնում յայտնուելու յաւակնութիւններին:
Սա ի նկատի ունենալով՝ կոչ ենք անում, ինչու չէ, նաեւ զգուշացնում ենք վրացական իշխանութիւններին, ջաւախահայութեանը չներքաշել իրենց կեղտոտ քաղաքական խժդժութիւնների յորձանուտում: Զգուշացնում ենք, որ ձեր ստեղծած «թատրոնն» իր վատ դերասաններով հանդերձ, պարզապէս զզուեցրել է նորմալ բանականութիւն ունեցող եւ գաղափարապէս դեռեւս կայուն անհատներին: Այս իսկ պատճառով, վերջ տուէք այս աբսուրդի թատրոն յիշեցնող գործողութիւններին, որոնք ակնյայտօրէն ուղղուած են Չաւախքի հայաթափմանն ու երիտասարդ մտածող ուղեղների սպանմանը:
Մենք պահանջում ենք անյապաղ ազատ արձակել Գրիգոր Մինասեանին եւ Սերգէյ Յակոբջանեանին: Եւ սա պէտք չէ ընդունել, որպէս «վատ ջաւախահայերին բարի Վրաստանի կողմից» անելիք լաւութիւն, այլ՝ անհրաժեշտութիւն, քանզի միայն այս կերպ է հնարաւոր գոնէ ինչ-որ չափով մեղմացնել յանցաւոր նպատակներ հետապնդող ձեր նողկալի գործողութիւնները…
Մենք կոչ ենք անում՝ դադարեցնե՛լ հայատեաց քաղաքականութեան դրսեւորումները, հակառակ դէպքում՝ դրանք մի օր կարող են ափերից հանել՝ առանց այն էլ դաժան հոգսեր, զրկանքներ, ճնշումներ տեսած եւ մի կերպ գոյատեւող Սամցխէ-Չաւախքի բնակչութեանը… Ի նկատի ունեցէք, այդ օրը կարող է լինել հէնց վաղը:
«Վիրք» կուսակցութիւն