Օրերս միմեանցից անկախ, բայց գրեթէ միաժամանակ, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պահանջով հանդէս եկած թուրք եւ հայ մտաւորականութեան ազդեցիկ ներկայացուցիչների յայտարարութիւնները լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում պաշտօնական Անգարային։
Թուրքիայի պետական շրջանակները կարծես արդէն սովոր էին այն իրողութեանը, երբ երկու երկրների միջեւ երկխօսութիւն սկսելու ու առանց նախապայմանների յարաբերութիւնները վերականգնելու մասին Երեւանից յղուող կոչերին իրենք շարունակաբար հակադարձում էին՝ նորանոր ֆանտաստիկ նախապայմաններով։ Այժմ, սակայն, ո՛չ թուրք, ո՛չ էլ հայ մտաւորականները միջպետական որեւէ կոնկրէտ խնդիր չեն առաջ քաշել, որ պաշտօնական Անգարային հնարաւորութիւն տար «պազարներ անել» (սակարկել-Խմբ.) դրանց շուրջ։
Ընդհակառակը, երկու կողմից էլ շեշտադրուել է երկու երկրներին ու ժողովուրդներին տարանջատող բուն վէրքի՝ Հայոց Ցեղասպանութեան անհերքելի փաստը։
Աւելին՝ թուրք մտաւորականները արդէն ճանաչել են այդ փաստը, ներում են հայցել հայերից եւ կոչ արել հայրենակիցներին միանալ իրենց։ Իսկ ահա հայ մտաւորականութիւնը իր պահանջն ուղղել է վերջերս միջազգային ասպարէզում որպէս հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւման առաջամարտիկներից մէկը հանդէս եկող Թուրքիայի նախագահ Ապտուլլահ Կիւլին։
Անշուշտ, Կիւլի հանդէպ չենք կարող յոյսեր, պատրանքներ ունենալ, քանի որ, արտայայտելով իր երկրի պաշտօնական տեսակէտը, Ա. Կիւլը պէտք է փորձի հանդէս գալ Հայոց Ցեղասպանութիւնը հերքողի խոցելի դիրքերից կամ էլ ուղղակի ստիպուած է լինելու լռել։ Երկու դէպքում էլ Թուրքիայի ղեկավարը յայտնուելու է «ոչ իր ափսէի մէջ», քանի որ նա սովոր է իրեն զարդարել «բարեկամութեան» ու «երկխօսութեան» ջատագովի կեղծ դափնիներով։
Աւելին՝ ի տարբերութիւն Հայաստանի եւ հայ հասարակայնութեան, որտեղ յստակ միասնութիւն է տիրում Հայոց Ցեղասպանութեան փաստի գնահատման հարցում, թուրքական հանրութիւնը յայտնուել է ներքին խմորումների ու բանավէճերի մէջ։ Ազգայնական շրջանակները դատապարտում են Պասքըն Օրանի նման մտաւորականների ձեռնարկած համարձակ քայլը, իսկ պաշտօնական Անգարան առայժմ լռութիւն է պահպանում։ Քանզի խօսել՝ նշանակում է հաւասարուել ազգայնական Տեւլեթ Բահչելիին ու «գորշ գայլերին», իսկ չխօսել՝ նշանակում է լուրջ կասկածներ առաջացնել վերջիններիս շրջանում։
Իսկ ժամանակն անցնում է եւ մօտենում են Միացեալ Նահանգների նախագահի երդմնակալութեան եւ Քոնկրէսի ձմեռային աշխատանքների վերսկսման ժամանակները։ Բնականաբար ամերիկացիները հայ-թուրքական բարեկամութեան մասին դատարկ խօսակցութիւնների փոխարէն Թուրքիայի նախագահից ակնկալում են կոնկրէտ քայլեր Հայաստանի ապաշրջափակման եւ մեր երկրի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման ուղղութեամբ։
Մինչդեռ հայկական կողմը շտապելու պատճառ չունի, հետեւաբար չի պատրաստւում համաձայնել Թուրքիայի առաջադրած նախապայմանների հետ։
Այդ պատճառով առաջիկայ Յունուարի սկզբներին Իսրայէլ կատարելիք այցի շրջանակներում Ապտուլլահ Կիւլը փորձելու է ստանալ Միացեալ Նահանգների հրէական լոպպիի աջակցութիւնը, որպէսզի հնարաւոր լինի կասեցնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը։ Նորընտիր նախագահ Պարաք Օպամային տարհամոզելու նման հաշուարկն անկասկած պայմանաւորուած է նրա աշխատակազմի ղեկավարի պաշտօնի յաւակնորդ Ռամ Էմմանուէլից եւ հրէական լոպպիի հետ կապուած այլ դէմքերից ունեցած ակնկալիքներով։
Կարծում ենք, ներկայումս խիստ կարեւոր նշանակութիւն կարող է ունենալ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու պահանջով Թուրքիային ուղղուող դիմումների ու յայտարարագրերի թուի աւելացումը։ Ժամանակն է, որ նման յայտարարութիւններով հանդէս գայ Սփիւռքի հայ մտաւորականութիւնը, ինչպէս նաեւ այս գործընթաց ներքաշուեն Եւրոպայի, ԱՄՆի ու Ռուսաստանի հայասէր գործիչները։ Առաջիկայ ամիսներին Թուրքիայի ղեկավարութիւնը պէտք է դրուի քարոզչական լուրջ մամլիչի տակ, որպէսզի չկարողանայ մտածել անգամ վերջին շրջանում Հայաստանի հանդէպ շարունակաբար կիրառուող իր պարզունակ քարոզչական հնարքները վերսկսելու մասին։
Ընդ որում՝ նման դիմումների կամ յայտարարագրերի մէջ ուղղակի պէտք է մոռանալ հայ-թուրքական սահմանը բացելու կամ էլ առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու խնդիրներն առաջադրելու մասին։ Դրանք միայն ու միայն երկու երկրների դիւանագէտների գործն են, որոնք քարոզչական դաշտ տեղափոխուելու դէպքում անթաքոյց շահարկւում են Թուրքիայի կողմից։ Հարկաւոր է խփել այն թիրախին, որը խոցելու վտանգն է միայն հարկադրելու Թուրքիային փոխել իր ներկայ թշնամական քաղաքականութիւնը Հայաստանի Հանրապետութեան հանդէպ։
Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը առաջիկայում պէտք է դուրս բերուի միջազգային բեմեր, տարբեր երկրների հրապարակներ, մամուլի էջեր եւ վերջապէս՝ պէտք է դառնայ ԱՄՆ նորընտիր նախագահի կողմից ամերիկահայութեանը տրուած խոստումների կատարումը պահանջող՝ դիմումների, յայտարարութիւնների, հանրահաւաքների ու քայլարշաւների կազմակերպման առիթ։
Հայ-թուրքական երկխօսութեան պատրանք ստեղծելու Թուրքիայի ղեկավարութեան յամառ փորձերը հարկաւոր է շրջել պաշտօնական Անգարայի դէմ՝ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու յստակ ու աներկբայ պահանջի ահագնացող ալիք բարձրացնելու միջոցով։
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»